Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ֆուտբոլի հավաքականը մասնակցեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը

2013թ. մայիսի 14-16-ը Իջևանում անցկացվեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հանրապետական սիրողական 2-րդ մրցաշարը, որին մասնակցում էին 8 թիմ («Երևան», «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ», «Չարենցավան», «Արթիկ-Մարալիկ», «Ալավերդի», «Նոյեմբերյան», «Ալաշկերտ-Մարտունի» և «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի պատանիների թիմը): ԵՊՀ ԻՄ-ի ֆուտբոլի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Մայիսի 16-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը` «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ» – «Երևան»:

Խաղն ավարտվեց Երևանի թիմի հաղթանակով:

Հաջորդեց պարգևատրման արարողությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմին գավաթն ու արծաթե մեդալները հանձնեցին հայկական ֆուտբոլի լեգենդներ Սամվել Պետրոսյանն ու Լևոն Յաբլուկյանը:

Երևանի թիմին պարգևատրեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը և «Նիկարմ»  ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը:

Մրցաշարում լավագույններ ճանաչված դարպասապահ Կարեն Մելիքբեկյանը («Նիկարմ»-97), պաշտպան Գարիկ Զիլաբյանը («ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ»), կիսապաշտպան Աշոտ Գասպարյանը («Չարենցավան»), հարձակվող Նարեկ Մակարյանը, ռմբարկու Մաթևոս Երեմյանը, մարզիչ Լևոն Յաբլուկյանը («Երևան») պարգևատրվեցին պատվոգրերով, հուշանվերներով ու գրքերով:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը մրցաշարի անցկացմանն աջակցելու համար պարգևատրվեցին «Նիկարմ»  ֆուտբոլային ակումբի շնորհակալագրերով:

Բնական գիտությունների ֆակուլտետում անցկացվեց մաթեմատիկայի օլիմպիադա

  2013թ. մայիսի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ անցկացվեց մաթեմատիկայի օլիմպիադա:

Օլիմպիադային մասնակցեցին մասնաճյուղի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությունների առաջին կուրսերի շուրջ 10 ուսանողներ:

Խնդիրները վերաբերում էին գլխավորապես առաջին կուրսում նախատեսված «Մաթեմատիկական անալիզ», «Վերլուծական երկրաչափություն և գծային հանրահաշիվ»  դասընթացներին, ինչպես նաև կային տրամաբանության վրա հիմնված առաջադրանքներ:

Ուսանողներն առաջին անգամ էին մասնակցում բուհական օլիմպիադայի և ծանոթ չէին խնդիրների բարդությանը և լուծման տրամաբանաությանը. դրանով է պայմանավորված միավորների ոչ այնքան գոհացուցիչ լինելը: Սակայն այս օլիմպիադան հիմք կդառնա հետագայում կազմակերպվելիք օլիմպիադաներին ավելի լավ հանդես գալու համար:

Մրցույթ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական
/10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:
Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

  • դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
  • դիմում-հարցաթերթիկ,
  • վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկը,
  • ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
  • դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված:
  • անձնագրի պատճենը,
  • բժշկական տեղեկանք /հավերված/ անգլերեն լեզվով,
  • 3×4 չափի 4 լուսանկար,
  • արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.

  • ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
  •  օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/:
Մրցույթն անցկացվում է.

  • Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
  • Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 31.05.2013թ. /ներառյալ/, ժամը 1500-1700-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ասպիրանտուրայի մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ հունիսի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:

Աղբյուրը` www.edu.am

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի և աշխատանքային օրենսդրության դրույթների կիրարկման վերաբերյալ սեմինար-խորհրդատվություն

2013թ. մայիսի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի և աշխատանքային օրենսդրության դրույթների կիրարկման վերաբերյալ սեմինար-խորհրդատվություն:

Սեմինարը վարում էին «Աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոն»-ի գլխավոր և առաջատար մասնագետներ Մեսրոպ Մխիթարյանը և Դավիթ Վիրաբյանը:

Մասնակցում էին Հաշվապահության ու Պետական գնումների, նյութամատակարարման և պահեստավորման բաժինների աշխատակիցները:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի բովանդակության, աշխատանքային պայմանագրի կնքման կարգի, արձակուրդների տրամադրման և վճարման կարգի, հավելյալ վճարների մասին հարցեր:

Երկօրյա քաղաքացիական սեմինար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

2013թ. մայիսի 13-14-ին «Հասարակություն առանց Բռնության» ՀԿ-ի կողմից անցկացվեց երկօրյա քաղաքացիական սեմինար` «Կին-խաղաղարարների դերի բարձացումը կոնֆլիկտային իրավիճակներում. Սևազգեստ կանանց շարժման հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

 

Սեմինարը վարում էր «Հասարակություն առանց Բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչ Անուշ Խաչատրյանը, մասնակցում էին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողուհիներ:

Քաղաքացիական սեմինարի նպատակը մարզի երիտասարդ կանանց ու աղջիկների տեղեկացվածության մակարդակի բարձրացումն էր խաղաղության, կոնֆլիկտի տեսակների, դրա լուծման տարբերակների, ինչպես նաև այդ գործընթացներում կնոջ դերի բարձրացման մասին:

Մասնակիցները ձեռք բերեցին ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ` դերային խաղեր, խմբային աշխատանքներ կազմակերպելու համար:

Սեմինարի ընթացքում ծավալվեց բուռն քննարկում, մասնակից ուսանողուհիները փոքրիկ ներկայացումների միջոցով դրսևորեցին ստացած գիտելիքներն ու հմտությունները:

Նմանատիպ դասընթացները նպաստում են հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմանը: