Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ցուցահանդես` ավարտական աշխատանքների ներկայացմամբ

Հունիսի 19-ին Իջևանի մասնաճյուղը ԵՊՀ պատմության թանգարանում կազմակերպել էր ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ավարտական աշխատանքները:

«Մենք պարբերաբար ավարտական աշխատանքների ցուցադրություններ անում ենք` թեմատիկան անընդհատ թարմացնելով: Նմանաբնույթ միջոցառումներն ավելի են սերտացնում մեր համագործակցությունը Մայր բուհի հետ: Հուսով եմ, որ այս ամենը շարունակական է լինելու»,- նշում է Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը:

Աշխատանքները բազմաժանր էին: Ներկայացված էին փայտի գեղարվեստական մշակման նմուշներ, դեկորատիվ ծաղկաման, փայտից ծաղկազարդ սկուտեղ, գոբելեններ, հայկական կարպետ` պատմական նախշազարդերով, գեղանկարներ և այլ աշխատանքներ:

Ֆակուլտետի ուսանողները Հայաստանի մի շարք քաղաքներում և մարզերում պարբերաբար մասնակցում են տարբեր մրցույթների, ցուցահանդեսների: Նրանց մի մասն էլ արդեն ունեցել է իր անհատական ցուցահանդեսը:

Կամո Այվազյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն էր համալսարանականներին մասնաճյուղի ուսանողների անհատական աշխատանքներին ծանոթացնելը և հավելեց, որ ֆակուլտետն ունի մի շարք կիրառական մասնագիտացումներ, որոնցից են գորգագործությունը, կարպետագործությունը, գոբելենագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը, փայտի գեղարվեստական մշակումը:

Փորձագիտական խմբի ԵՊՀ այցի ժամանակացույցը

2013 թ. հունիսի 16-19-ը տեղի կունենա փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խմբի այցը Երևանի պետական համալսարան:

Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա ԵՊՀ կառավարման և ղեկավար մարմինների, դասախոսական և ուսանողական համակազմերի, համալսարանական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Ստորև ներկայացվում է այցի ժամանակացույցը:

Ոստիկանություն-ուսանողություն համագործակցության բարելավում

2013թ. հունիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Երանոսյանը, փոխնախագահ Վիրաբ Խաչատրյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Սուսաննա Նալթակյանը և Լաուրա Հայրունին, Տավուշի մարզային ոստիկանության ներկայացուցիչները:

Այցի նպատակը ոստիկանություն-ուսանողություն համագործակցության բարելավումն էր, համայնքային ոստիկանության մոդելի ներկայացումը:

Հանդիպմանը ներկա էին տնօրեն Ս.Առաքելյանը, տնօրենի իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, գրադարանի վարիչ Կ.Ուլիխանյանը, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Տնօրենը ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց մարզային ոստիկանությանը` պարոն Գևորգյանի գլխավորությամբ` և´ այս նախաձեռնության, և´ տարածաշրջանում հասարակակական կարգը առավելագույնս ապահովելու համար: «Մասնաճյուղի և մարզային ոստիկանության միջև կապը բավականին խորն է. հետևողական ենք, որ  մեր կողմից չլինի որևէ խախտում»,-նշեց նա:

Այնուհետև «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձան օրակարգով նախատեսված հարցերին:

Ծրագրի օրակարգը տե´ս այստեղ:

Գիտաժողով – Հայկական հանգույց․ գորգարվեստի ավանդույթները

ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ը 2013թ. նոյեմբերի 20-22-ին Երևանում կազմակերպում են հայկական գորգագործականմշակույթի ուսումնասիրման հիմնահար­ցերին նվիրված «Հայկական հանգույց․ գորգարվեստի ավանդույթները» խորագրով գիտաժողով:|

Գիտաժողովի հիմնական թեմաներն են.
1. Հայկական գորգի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները. դրա տեղը առաջավորասիական գորգարվեստում
2. Հայկական գորգերը արտերկրի թանգարաններում: Հայկական գոր­գերի մասնավոր հավաքածուներիմասին
3. Հայկական գորգի և դեկորատիվ կիրառական արվեստի մյուս ոլորտների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին
4. Ավանդական և ժամանակակից գորգը
5. Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին
6. Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման և ուսումնասիրմանհիմնախնդիրները

Գիտաժողովին մասնակցության համար խնդրում ենք հայերեն (միայն Unicode տառատեսակով), ռուսերեն(միայն Unicode տառատեսակով) կամ անգլերեն լեզուներով 1-1,5էջ ծավալով զեկուցումների թեզերն ուղարկել մինչև 2013թ․ հուլիսի 10-ը:

Թեզերը կհրատարակվեն նախապես, իսկ զեկուցումները` գիտաժողովից հետո:
Զեկույցի առավել չափը` յոթ էջ /առանց լուսանկարների/:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտաժողովի կազմկոմիտե.

Էլ. հասցե-armeniangorg@gmail.com /+374 10569380/
Կարինե Բազեյան էլ.հասցե- bazeyan60@mail.ru /+374 55668845/
Աշխունջ Պողոսյան – ashxung@rambler.ru /+374 77602012/

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց ՄԱԿ-ի անկյուն

2013թ. հունիսի 10-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անկյունի հանդիսավոր բացումը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

Բացմանը մաասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, տնօրենի իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, գրադարանի տնօրեն Կ.Ուլիխանյանը, Իջևանի փոխքաղաքապետ Ս.Մանուկյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Լ.Ղալումյանը,  մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Նախաձեռնության նպատակը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մարզերում երիտասարդության հնարավորությունների ընդլայնումն է: Ուսանողները, դասախոսները, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներն այժմ ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ:

Մասնաճյուղի գրադարանին ՄԱԿ ՀՏՎ կողմից տրամադրվեց ավելի քան 800 միավոր գրականություն, պաստառներ, գրքույկներ և այլ հրատարակումներ՝ թողարկված Նյու Յորքում, Վիեննայում և Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների, ինչպես նաև Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի կողմից:

«Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Ձեր համայնքների ներկայացուցիչները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են և մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների զարգացման առաջմղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»,-նշեց  ՄԱԿ-ի ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ողջունեցին այս համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կրելու է շարունակական բնույթ: