Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրեա գիտնական Յաիր Աուրոնի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. հուլիսի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահում տեղի ունեցավ հանդիպում իսրայելցի պատմաբան Յաիր Աուրոնի, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի, արտասահմանցի հյուրերի հետ:


Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլք:


Արդեն հայերեն է թարգմանվել հրեա գիտնական և պատմաբան, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր, Սորբոնի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, պատմաբանների ու ցեղասպանագետների միջազգային մի շարք կազմակերպությունների անդամ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գիրքը, որի համար նա 2000 թվականին ներկայացվել է կանադական «Լիոնալ Գելբեր» մրցանակին:

Արխիվային հետազոտությունների վրա հիմնված այդ գրքում Հայոց եղեռնը դիտարկվում է որպես նախորդողը 20-րդ դարի ցեղասպան բոլոր գործողությունների, հանգամանորեն ներկայացվում Օսմանյան կայսրության երկու ազգային փոքրամասնությունների` հրեաների ու հայերի այդ ժամանակվա վիճակը և քաղաքական ուժերի վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ:


Հանդիպման սկզբում մեծարգո հյուրին ողջունեցին Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը և մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` նրան շնորհակալություն հայտնելով նվիրյալ գործունեության համար:

«Ես համոզված եմ, որ Ձեր գիրքը կարդացող որևէ մեկը ձեռքը չի մեկնի դեպի զենքը: Խաղաղությու՛ն բոլոր ազգերին և կրկին շնորհակալություն Ձեզ»,- նշեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը:


Այնուհետև Յաիր Աուրոնը ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետը` ընդգծելով նրա ճանաչման անհրաժեշտությունը նման նախճիրները կանխելու նպատակով. «Չճանաչելով, չքննարկելով այլ ազգերի ցեղասպանությունը` մենք նվաստացնում ենք նաև Հոլոքոստը… Մենք պարտավոր ենք հարգելու նաև այլ ժողովուրդների հիշողությունը, պարտավոր ենք խորհրդարանական մակարդակով առաջ տանել Հայոց ցեղասպանության քննարկումը:

Մենք` իսրայելցիներս, պետք է առաջինը ճանաչեինք այդ ցեղասպանությունը: Սրտիս խորքում հայերն ինձ համար իմ եղբայրներն են»,- նշեց հրեա պատմաբանը:


Վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից հյուրերին տրվեցին նվերներ:

Տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2013թ. հունիսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

 

Ներկա էին Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Ա. Գրիգորյանը և Գ. Գևորգյանը, մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, շրջանավարտները, ծնողները և այլք:

 

Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում, որի ընթացքում ուսանողները երգեցին հայրենասիրական երգեր, ասմունքեցին մասնաճյուղին նվիրված ձոն: Այն գրել էր մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ա.Սարհատյանը:

 

Շրջանավարտներին շնորհավորեցին մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ա. Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը՝ նրանց մաղթելով կանաչ ճանապարհ, շնորհակալություն հայտնելով ծնողներին:

 

Մասնաճյուղի տնօրենը խոսեց ուսանողների առաջադիմության, նոր մասնագիտությունների, Կիրառական արվեստի ֆակուլտետում մագիստրատուրայի բացման մասին:

 

Հաշվի առնելով մարզպետի ներդրումը այդ մասնագիտության զարգացման գործում՝ տնօրենը նվիրեց նրան Կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրանտերի աշխատանքներից մեկը:

Ելույթ ունեցավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության շրջանավարտ Մարիամ Բուդուրյանի հայրը, շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին:
Շրջանավարտ Սլավիկ Ալավերդյանը առաջին կուրսեցիներին փոխանցեց մասնաճյուղի բացման բանալին և կոչ արեց լինել ուսումնատենչ, ակտիվ, ձգտող և ինքնավստահ:

 

Այնուհետև պաշտոնատար անձինք հանձնեցին դիպլոմները: Գերազանցության դիպլոմ ստացողները կրում էին եռագույն թիկնոցներ ու գլխարկներ: Դա ավելի տոնական տեսք էր հաղորդում միջոցառմանը և շրջանավարտներին պարտավորեցնում շարունակել իրենց հաջողությունները:

 

Իրականացվեցին մեր ուսանողների դրամաշնորհային ծրագրերը

            2013թ. հունիսի 27-ին և 28-ին կյանքի կոչվեցին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի 2012-2013 թթ. ուստարվա 2-րդ կիսամյակում նախատեսված ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների փոքր դրամաշնորհային երկու ծրագրերը:

            Առաջին ծրագիրը կոչվում էր «Սպորտլանդիա», և նրա նպատակն էր նպաստել հասարակության խոցելի խավերի ներկայացուցիչների ինտեգրմանը հասարակություն, խորացնել Իջևանում գործող, նրանց խնամքով զբաղվող կազմակերպությունների միջև կապը, հետաքրքիր դարձնել նրանց առօրյան:

Առաջին օրը «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնի և Իջևանի «ՍՈՍ մանկական գյուղի» սաների մասնակցությամբ տեղի ունեցան մրցումներ տարբեր մարզաձևերից:

Յուրաքանչյուր հաստատությունից մասնակցում էր 10 երեխա: Մրցանակային տեղ զբաղեցնողները ստացան մրցանակներ, իսկ մյուս մասնակիցները՝ խրախուսական նվերներ:

Երկրորդ օրը մասնակիցներին ու հաղթողներին տրվեցին հավաստագրեր և պատվոգրեր:

Դրան հաջորդեց Տավուշի մարզպետարանից Իջևանի քաղաքապետարան խաղաղ երթը, որն ուղեկցվեց հավասարության կոչերով և ծրագրի մասին տեղեկատվական թերթիկների բաժանումով:

Մյուս ծրագիրը կոչվում էր «Մկրտություն» և նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների կողմից քրիստոնեական խորհուրդների վերաբերյալ գիտելիքների իմացության մակարդակի բարձրացմանը:

Ս.թ. հուլիսի 3-ին տեղի ունեցավ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի փոխառաջնորդ  հայր Սամվելի հանդիպումը «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնի սաների  և նրանց ծնողների հետ:

Նա ներկայացրեց մկրտության խորհուրդը, պատասխանեց երեխաների և ծնողների հարցերին: Երեխաների կնքման արարողության հետ կապված՝ տեղի ունեցան նախապատրաստական զրույցներ:

Հուլիսի 11-ին Մակարավանքում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող 10 երեխաների մկրտություն:

 Կնքահայրերն էին Իջևանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը, ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Արտակ Ցուցուլյանը, մասնաճյուղի շրջանավարտներ Ալբերտ Գաբրիելյանը, Հովհաննես Խաչատրյանը, Արտակ Նիազյանը:

Հուլիսի 14-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնում տեղի ունեցավ մյուռոնի հանման առարողությունը:

Առաջիկա գագաթաժողովի ժամանակ իրականացված ծրագրերը կներկայացվեն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ղեկավարությանը և ՀՀ այն 6 բուհերի (ՀՊՃՀ, ԳՊՄԻ, ՎՊՄԻ, ՀՊՃՀ ԿՄ, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան) ուսանողներին, որտեղ իրականցվում է «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրը:

Ի գիտություն արական սեռի դիմորդների

Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ:
Մասնավորապես, ուսանողներին առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով:
Աղբյուրը` www.edu.am

Ի գիտություն վճարովի համակարգում սովորող ուսանողների

Վճարովի համակարգում սովորող և իրենց ուսման վարձը անկանխիկ վճարել ցանկացող ուսանողներին հայտնում ենք, որ կարող են ուսման վճարները փոխանցել «Արդշինինվեստբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինինվեստբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ուսուցման համակարգը, ֆակուլտետը, մասնագիտությունը և կուրսը:

Բանկի տրամադրած փաստաթուղթը հաշվապահություն ներկայացնելու հարկ չկա, քանի որ մասնաճյուղը բանկից ստանում է վճարումների քաղվածքները: Բանկում կատարած վճարման անդորրագիրը, սակայն, պետք է պահել և ներկայացնել փոխանցման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում: