Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի մշակութային արժեքներին հաղորդակցվեցին ֆրանսահայ աշակերտները

2013թ. օգոստոսի 26-ին «Բարև՛, Իջևան» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Ֆրանսիայում գործող Հայ օգնության միության (ՀՕՄ) աշակերտները՝ ՀՕՄ-ի ատենապետուհի ու դպրոցի պատասխանատու  Էլիզաբեթ Ալաշյանի և ուսուցչուհի Թամար Ստեփանյանի ուղեկցությամբ:

Ծրագրի նպատակն է փոխադարձ այցերի միջոցով ամրապնդել Հայաստանի և սփյուռքի միջև կապը՝ մասնավորապես մշակույթի ոլորտում: Իջևանը պատահական չի ընտրված, քանի որ Տավուշի մարզկենտրոնը և ֆրանսիայի Վալանս քաղաքը քույր քաղաքներ են:

Հյուրերը եղան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահում, որտեղ ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը նրանց մանրամասն ներկայացրեց այս և նախորդ տարիների շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) աշխատանքները:

Հյուրերը շատ տպավորված էին նրբաճաշակ ստեղծագործություններով և իջևանյան ջերմ ընդունելությամբ: «Տաս օրով մի խումբ աշակերտների բերել ենք Իջևան, որ ծանոթանան տեղվույն կյանքին և մշակույթին: Թե՛ հասարակական, թե՛ ընտանեկան միջավայրի իմաստով իրենց համար մեծ փոփոխություն է գտնվիլ հոս: Մեծապես շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար և հուսով ենք, որ այցելությունները կլինեն շարունակական»,-նշեց տիկին Էլիզաբեթը: