Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ սեղանի թենիսի բաց առաջնությունը

2013թ. հոկտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որին մասնակցում էին 20 մարզիկներ:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով:

Եզրափակիչ դուրս եկան Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը և ավագ դպրոցի աշակերտ Սարգիս Խուդավերդյանը:

Հաղթող ճանաչվեց Սարգիս Խուդավերդյանը:

Մասնաճյուղը հյուրընկալեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներին

2013թ. հոկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «21-րդ դարի հայ մանկավարժական միտքը» վերնագրով միջոցառումը, որը նախաձեռնել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, Երևանից հրավիրված էին ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը,

մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Գառնիկ Հովակիմյանը և ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Մնացական Մանուկյանը:

«21-րդ դարի հայ մանկավարժական միտքը» վերնագրով միջոցառումը կրում էր գիտագործնական բնույթ և ուներ երկու ուղղվածություն՝ մ.գ. դոկտոր, պրոֆեսորների մասնակցությամբ ուսումնական պլաններում դասընթացների ժամաքանակի արդյունավետ պլանավորում մասնաճյուղի դասախոսների հետ և ակնարկային դասախոսությունների անցկացում ուսանողների հետ:

Գիտագործնական հանդիպումը կրելու է շարունակական բնույթ. հաջորդ այցը կլինի դեկտեմբերի սկզբին՝ լրացուցիչ մասնագիտությունների (հոգեբանություն, սոցիոլոգիա) գծով:

Ձեռք բերվեց համաձայնություն՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների պրակտիկան Մարսելում կազմակերպելու վերաբերյալ

2013թ. հոկտեմբերի 25-26-ը Երևանում տեղի ունեցավ Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի գործարար համաժողով, որի շրջանակներում ձեռք բերվեցին տնտեսական-մշակութային և կրթական համաձայնություններ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից համաժողովին մասնակցում էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը:  Համաժողովի կրթության բաժնի պատասխանատուի հետ Վ.Ալեքսանյանը քննարկեց ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտություններին և ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր:

Ձեռք բերվեց նախնական համաձայնություն՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների պրակտիկան Ֆրանսիայի Մարսել քաղաքի բանկերում և արդյունաբերական ձեռնարկություններում անցկացնելու վերաբերյալ: Ուսանողների պրակտիկայի կազմակերպման պարտադիր պայմաններից են ֆրանսերեն լեզվին տիրապետումը և մասնագիտական բարձր պատրաստվածությունը:

Մեր ուսանողների աշխատանքները զարդարեցին արվեստի փառատոնը

2013թ. հոկտեմբերի 25-ին Իջևանում բացվեց արվեստի փառատոն, որը  1985-1991թթ. Իջևանում կայացած քանդակի միջազգային սիմպոզիումի շարունակությունն է:

Իջևանի կենտրոնում տեղադրվել էին բացօթյա տաղավարներ, որտեղ ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ գործող Տավուշի մարզի սնունդ, գեղարվեստական իրեր թողարկող ձեռնարկությունները ներկայացրին իրենց արտադրանքը:

Արվեստի փառատոնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին հատկացվել էր առանձին տաղավար, որտեղ ցուցադրվեցին կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների կուրսային և ավարտական բազմաժանր աշխատանքների նմուշներ (գոբելեն, մետաքսանկարչություն, կերամիկական աշխատանք, փայտի գեղարվեստական մշակում, ասեղնագործություն և այլն):

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ուղեկցությամբ տաղավարներ այցելեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Անուշ Չիբուխչյանը վարչապետին, մշակույթի նախարարին և փառատոնի այցելուներին ներկայացրին ցուցադրված աշխատանքների թեմատիկան, կիրառական արվեստի ֆակուլտետի անփոխարինելի դերն ու ներդրումը մարզի արվեստների զարգացման գործում:

Վարչապետն իր խորին հիացմունքն արտահայտեց ներկայացված աշխատանքների կապակցությամբ:

Տնօրենության նիստում

2013թ. հոկտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հերթական նիստը` մասնաճյուղի տնօեն Ս.Առաքելյանի նախագահությամբ:

 

Ներկա էին տնօրենության անդամները, հրավիրված էին  ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի, կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի աշխատակիցները:

 

Նիստում քննարկվեցին մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի գործառույթներին, մասնաճյուղի աշխատակիցների պարգևատրման կարգին վերաբերող մի շարք հարցեր:

Ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի վարիչ Ն.Առուշանյանը ներկայացրեց բաժնի ավագ տեսուչներ Գ.Գյոզալյանի, Ա.Մինասյանի, պրակտիկաների համակարգող-ղեկավար Ա.Սարիբեկյանի, վիճակագիր Ն.Ալթունյանի, գործավար Ա.Ղալթախչյանի գործառույթները և մասնաճյուղի ուսանողների թվի ու ընթացիկ ուստարվա սկզբից նրանց շարժի վերաբերյալ տեղեկատվություն:

Բաժնի կատարած աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի:

Մասնաճյուղի աշխատակիցների պարգևատրման հարցի կապակցությամբ առաջարկվեց տվյալ ամսվա պարգևատրվողների  ցուցակը քննարկել և հաստատել տնօրենության նիստում: