Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կփոխանցի մասնաճյուղի 6 ուսանողների ուսման վարձավճարները

2013թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ  Իջևանի  մասնաճյուղի վեց ուսանող և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը հյուրընկալվեցին  «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունում:

Նպատակը ընկերության կողմից ուսանողների ուսման վարձավճարները փոխանցելու ավանդական դարձած նախաձեռնությունն էր:

Մասնաճյուղից ներկայացվել էր ընկերության սահմանած պահանջները բավարարող 40 ուսանող, որոնցից ընտրվել էին 6-ը (3 ուսանող Հումանիտար գիտությունների ֆակուլտետից, իսկ մնացած  ֆակուլտետներից` մեկական ուսանող): Ընտրված ուսանողների ուսուման վարձավճարները փոխանցելու է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Կ.Այվազյանը մասնաճյուղի անունից շնորհակալություն հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին`    ընկերության հայրենանվեր նախաձեռնությունների համար և նրան նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողուհի Հերմինե Մինասյանի «Ծաղիկներ» գոբելենը:

ՀԵՀ-ը հայտարարում է ֆեյսբուքյան գրառումների մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային  և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարում է երիտասարդական հիմնախնդիրներ արծարծող ֆեյսբուքյան գրառումների մրցույթ:

Ֆեյսբուքյան գրառումների հղումները հոկտեմբերի 1-30-ը պետք է ուղարկել  press@heh.am էլ. հասցեին` նշելով հեղինակի հեռախոսահամարը:
Ստացված ֆեյսբուքյան գրառումներից լավագույնը կընտրի մեդիա ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Լավագույն գրառումները հետագայում կհրապարակվեն ՀԵՀ-ի պաշտոնական կայքում` heh.am: Լավագույն գրառման հեղինակը ՀԵՀ-ի կողմից կստանա Samsung Tab:

Ընտրություն կատարելիս ժյուրին (ժյուրիի կազմում են  մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Անտինյանը) հիմնվելու է հետևյալ կետերի վրա.

  • թեմայի արդիականություն և հրատապություն,
  • ֆեյսբուքյան գրառման գրագիտություն,
  • հիմնախնդրի ներկայացման օբյեկտիվություն,
  • ֆեյսբուքյան գրառման սրություն:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային օրերին (նշվում է նոյեմբերի 17-ին) նվիրված տոնական միջոցառումների ընթացքում: Մանրամասների համար զանգահարել՝ 010 54 58 02 (ներքին՝ 16)։

Հայագետների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով եռօրյա միջազգային 2-րդ համաժողովին մասնակցած մի խումբ անվանի հայագետներ` Բուրաստան Զուլումյանը (Մոսկվա), Աշոտ Ավետիսյանը (Մոսկվա), Դոնի Ռոստովի հայկական համայնքի ղեկավար Սերգեյ Սայադովը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և ուրիշներ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Հայագետները հյուրընկալվեցին մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահում, ուր նրանք ծանոթացան ֆակուլտետի շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) ստեղծագործություններին:

Հյուրերն անչափ տպավորված էին շրջանավարտների կոմպոզիցիոն աշխատանքներով և իրենց ստացած ջերմ տպավորությունները գրառեցին պատկերասրահի տպավորությունների գրքում:

Կքննարկվեն ընթերցանության, գրականության ու կամավորական աշխատանքի վերաբերյալ հարցեր

Հարգելի՛ ուսանողներ, 2013թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում «Էրեբունի-Երևան Lions» բարեգործական ակումբի և «Leo» ակումբի մի քանի անդամների հետ տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ընթերցանության, գրականության ու կամավորական աշխատանքի վերաբերյալ հարցեր:

Սիրով հրավիրում ենք:

Սեղանի թենիսի և բասկետբոլի բաց առաջնություն

Հարգելի’ ուսանողներ, 2013թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի և բասկետբոլի բաց առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. հոկտեմբերի 26-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: