Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բանավեճի տեխնիկայի ուսուցումը որպես դասավանդման մեթոդ

«Սոցիո ակումբ» սոցիալ-տեղեկատվական հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու 7-օրյա վերապատրաստման ծրագրի, որը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 12-18-ը Ծաղկաձորի «Գրողների տուն» հանգստյան տանը: Վերապատրաստումը նվիրված է բանավեճի տեխնիկայի ուսուցմանը որպես դասավանդման մեթոդ: Դասընթացը կվարի Վերմունտի համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդ Շնայդերը, որը նաև Բանավեճի համաշխարհային ինստիտուտի տնօրենն է: Դասընթացը կուղեկցվի հայերեն թարգմանությամբ:

Դասընթացի ծախսերը հոգում է «Սոցիո ակումբ» ՀԿ-ն՝ «Բանավեճի ուսուցման հարթակ» ծրագրի շրջանակում:

Անվճար կտրամադրվեն՝

  • տրանսպորտ
  • սնունդ և գիշերավարձ
  • անհրաժեշտ գրականություն:

Դասընթացին մասնակցելու համար ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն:

Նախապատվությունը կտրվի ԲՈՒՀ-երի դասախոսներին և դպրոցների/վարժարանների ուսուցիչներին, որոնք դասավանդում են հումանիտար առարկաներ:

Մասնակիցներին տրվելու է վկայագրեր:

Դիմումները (ինքնակենսագրություն) խնդրում ենք ներկայացնել մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը socioclubNGO@gmail.com էլեկտրոնային փոստով:

Տեղերը սահմանափակ են:

Աղբյուրը` http://armacad.blogspot.com

Նոյեմբերի 19-ի տնօրենության նիստում

2013թ. նոյեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը վարում էր տնօրեն Ս. Առաքելյանը:

Նիստում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես` 1991-2008 թթ. ընթացքում կուտակված փաստաթղթերն ու գործերը արխիվ հանձնելու վերաբերյալ հարցը:

Կենտրոնական արխիվի տնօրենի հետ պայմանավորվածության համաձայն` Հայաստանի ազգային արխիվի ՊՈԱԿ Տավուշի մարզային մասնաճյուղ են հանձնվելու հետևյալ փաստաթղթերը.

  • ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության նիստերի արձանագրությունները,
  • գիտական խորհրդի նիստերի արձանագրությունները,
  • աշխատանքի ընդունվելու և ազատվելու մասին, հիմնական գործունեության, սովորողների շարժի վերաբերյալ հրամանները,
  • ուսումնական պլանները,
  • ուսումնական ծրագրերը,
  • ընդունելության քննությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն,
  • ֆակուլտետների և ամբիոնների հաշվետվությունները, պլանները,
  • ֆակուլտետների և ամբիոնների նիստերի արձանագրությունները,
  • բալանսներ,
  • ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ,
  • աշխատավարձերի վճարման ցուցակներ, քարտեր, տեղեկագրեր:

Մասնաճյուղի փաստաթղթերի և գործերի արխիվացման համար որոշվեց ստեղծել հանձնաժողով, որի նախագահ նշանակվեց ԱԿ բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը, անդամներ` ԿՈԱԳ բաժնի ավագ մասնագետ Յու.Բեկնազարյանը, գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը, ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊԾ բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, գրադարանի վարիչ Ն.Ստեփանյանը, արխիվավար Գ.Մարությանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը, քաղպաշտպանության շտաբի պետ Ռ.Քամալյանը:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

2013թ. նոյեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային օրվան, որը նախաձեռնել և կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, ուսանողներ:

 Մասնաճյուղի շնորհաշատ և տաղանդավոր ուսանողները հանդես եկան երգերի, բանաստեղծությունների, կատակ-պարի գեղեցիկ կատարումներով:

Մեր ուսանողուհի Գոհար Պետրոսյանը` «ԵՊՀ լավագույն ուսանող-2013» մրցանակաբաշխության հաղթողների շարքում

Ս.թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԵՊՀ լավագույն ուսանող-2013» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

Մրցույթին  մասնակցելու իրավունք են ունեցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և Իջևանի մասնաճյուղի այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ հանդիսացել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 66 ուսանող:

Հաղթող 15 ուսանողների շարքում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Պետրոսյանը:

Հաղթող ուսանողների մրցանակները՝ հաղթանակի հավաստագրերն ու ԵՊՀ բրոնզե մեդալները հանձնել են ԵՊՀ պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ:

Մանկավարժության բաց դասը համալրվեց վաստակավոր մանկավարժի փորձով

2013թ. նոյեմբերի16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց հերթական բաց դաս, որը վարում էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը:

Բաց դասի թեման էր «Շարունակական կրթության համակարգում մանկավարժի մասնագիտական-անձնային ինքնազարգացումը»:

Դասի թեման արդիական էր և հետաքրքիր, այն ուղեկցվեց շնորհանդեսով, բանաստեղծությունների և երգերի կատարումներով, հիմնական հարցերի շուրջ դասախոսի և ուսանողների միջև ակտիվ քննարկումներով:

Մանկավարժության բաց դասին հրավիրված էր վաստակավոր մանկավարժ տիկին Նինա Մեսրոպյանը: Նա իր հիսուն տարիների մանկավարժական փորձը կիսեց մեր մատաղ սերնդի ներկայացուցիչների` ապագա մանկավարժների հետ:

Թեմային առնչվող տեսական հիմնադրույթներն ուսանողների մեջ ավելի ամրապնդվեցին կյանքի փորձով իմաստնացած մանկավարժի թանկ և ուսանելի խորհուրդներով: