Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ա. Աշոտյան. «Կստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը»

Ս.թ. հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ բուհերի վարկանիշավորման  ազգային համակարգի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով  բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ դրա նպատակը բուհերի միջև մրցակցության և դրանց հաշվետվողականության բարձրացումն է, բուհական համակարգի շահառուների՝ բուհերի մասին բաց և թափանցիկ  տեղեկատվություն ստանալու հնարավորության ընդլայնումը, ինչպես նաև հասարակության  իրազեկվածության բարձրացումը` կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ:

«Աբողջ աշխարհում ընդունված է, որ այն երկրները, որոնց բուհերը հասկանալի պատճառներով չեն ընդգրկվում համաշխարհային բուհական վարկանիշավորման համակարգերում, մշակում են սեփական վարկանիշավորման համակարգերը: Եվ այս առումով Հայաստանը բացառություն չէ: Նշեմ, որ ազգային համակարգը մշակվել է`  հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը. ավելին` համակարգի մշակման գործընթացում ներգրավված են  եղել մարդիկ, ովքեր եղել են, օրինակ, Շանհայի և այլ միջազգային վարկանիշային համակարգերի հեղինակներ: Այսինքն` մենք ներկայացնում ենք տեղայնացված, ազգային առանձնահատկությունները հաշվի առնող, մեր կրթական միջավայրին հարմարեցված, բայց միջազգային փորձի վրա խարսխված տեղեկատվություն, որը կրում է փորձնական բնույթ: Այն մեթոդաբանությունը, որն ընդգրկում է տասնյակ չափանիշներ, մեկ տարվա ընթացքում լրամշակման կարիք ունի, որպեսզի արդյունքում ստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ նախարարությունը շնորհակալ կլինի բոլոր մասնագիտական կարծիքների համար: Նախարարը հավելել է նաև, որ վարկանիշավորման մշակման գործընթացի վրա մեծ ազդեցություն  է ունեցել սոցիոլոգիական հարցումը, որն արվել է` պարզելու հատկապես գործատուների շրջանում երիտասարդ կադրերի ներգրավվածության աստիճանը:
Նշենք, որ բացի Բոլոնիայի գործընթացի նոր տասնամյա ծրագրի գործողություններից, ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի մշակումը ներառված է եղել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի գերակա խնդիրների  և միջոցառումների ցանկում: ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը նպատակ ունի Հայաստանյան բուհերի խմբավորումը իրականացվել է երկու հիմնական չափանիշների հիման վրա: Դրանք են` բուհում առկա կրթական ծրագրերը՝ բակալավրի, մագիստրոսի, հետբուհակա, բուհում առկա մասնագիտական ոլորտների թիվը՝ մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթություն իրականացնող բուհեր և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթություն իրականացնող բուհեր, ինչպես նաև արվեստի բուհեր:
ՀՀ  բուհերի վարկանիշավորման  ազգային համակարգը հանրությանը հասանելի կլինի հունվարի 24-ից, ranking.armedu.am կայքում:

Աղբյուրը` edu.am

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Արվեստ հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը երիտասարդ ստեղծագործողների համար հայտարարում է լավագույն սցենարի մրցույթ:

Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր սցենարիստների և օգտագործել նրանց ստեղծագործական ներուժը երիտասարդության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և հնարավոր լուծումներ առաջարկելու գործում:

Մրցույթի խնդիրներն են՝

  • բացահայտել տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողների,
  • խթանել նրանց ստեղծագործական գործունեությունը,
  • զարգացնել կինոարտադրությունը,
  • վեր հանել երիտասարդներին հուզող խնդիրները:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի 16-30 տարեկան այն երիտասարդ ստեղծագործողները, ովքեր տարրական գիտելիքներ ունեն ֆիլմարտադրության ոլորտում, ունեն ստեղծագործական երևակայություն և ցանկություն՝ իրենց ներկայացրած սցենարը կյանքի կոչելու:

Մրցույթին մասնակցելու հայտադիմումը մինչև սույն թվականի փետրվարի  20 ուղարկել artforpeace12@gmail.com էլ. հասցեով:

Մրցույթի մասնակցության պայմանները

Աղբյուրը՝ afpint.jimdo.com

Նիդերլանդական կրթաթոշակ լրագրողների համար

Նիդերլանդների արտգործնախարարության կողմից տրամադրվում է կրթաթոշակ Ռադիո Նիդերլանդների ուսումնական կենտրոնում (RNTC) սովորելու համար: Այն ներառում է բոլոր ծախսերը՝ դեպի Նիդերլանդներ երկկողմանի ավիատոմս, ուսման վարձ, ապրելու վայր, սնունդ, ապահովագրություն և տեղական տրանսպորտ։

Այս պահին դիմումների համար բաց են հինգ ծրագրեր՝

Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 4:

Մանրամասների համար այցելել www.rntc.nl էլ. հասցեով:

Աղբյուրը՝ www.media.am 

ՀՀ Կառավարության ս.թ. հունվարի 16-ի նիստում հավանության է արժանացել «Ուսանողների և երիտասարդների օր» նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

Մայիսի 16-ը «Ուսանողների և երիտասարդների օր» նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Կառավարության ս.թ. հունվարի 16-ի նիստում հավանության է արժանացել:

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվելու է որպես ուսանողների և երիտասարդների օր: Հարցը ՀՀ Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կառավարության կայքում տեղադրված է որոշման նախագիծն ու տեղեկանք-հիմնավորումը, որում մասնավորապես նշվում է, որ ՀՀ օրենքում ուսանողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկը նոր չէ: Դեռևս 2010 թ-ի ապրիլին ԵՊՀ ուսանողական խորհուրդը դիմել է ՀՀ Կառավարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ուսանողության օր ունենալու առաջարկությամբ:

Կարևորելով պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես ուսանողների` պետականորեն նշվող տոն` ևս մեկ անգամ կարժևորվի Մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Համալսարանական ավանդույթներ ունեցող մեր երկրում  Մայր բուհի հիմնադրմամբ սկիզբ է առել նաև ուսանողական կյանքը, ձևավորվել են ուսանողական ավանդույթներ:

ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջարկությունում նշվել է նաև, որ բացի այն ավանդից, որ ունեցել է և ունի ԵՊՀ-ն մեր պետության զարգացման տարբեր ոլորտներում, մայիսի 16-ը նաև նպատակահարմար է` իբրև գարնան գեղեցիկ ժամանակահատված: Մայիսը` իբրև հաղթանակների, ազգային զարթոնքի ամիս, ինքնին խրախուսելի է հայ ուսանողի օրն այս ամսում նշելու համար:

Բացի այդ` մայիսը համընկնում է նաև ուսանողների համար կարևոր մի շրջանի` ուստարվա ավարտի հետ, երբ գալիս է պահն ապացուցելու ու հիմնավորելու ստացած գիտելիքները, ու տոնն էլ, կարծես, լրացուցիչ խթան է դառնում ուսանողին` իր դերն ու ստացած ուսումը կարևորելու համար: Գարնանային այս տոների շարքում իր ուրույն տեղը կունենա ուսանողների և երիտասարդների օրը: Այն կդառնա տոնական գեղեցիկ հանդիսությունների առիթ հանրապետության բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Տոնը ևս մեկ անգամ հնարավորություն կընձեռի մեծացնելու հետաքրքրությունը հանրության լայն շերտերում ուսանողների, երիտասարդների, կրթական հաստատությունների, նրանց դերի և, ինչու չէ, նաև խնդիրների հանդեպ` սևեռելով հասարակության ու պետության ուշադրությունն ուսանողի ու նրա խնդիրների վրա:

Աղբյուրը` www.ysu.am

Հաստատվել են մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման 2013-2014 ուստարվա II կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցերը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի 2014 թ. հունվարի 10-ի № 3 հրամանով հաստատվել են մասնաճյուղի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցերը.


1. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն սկսել փետրվարի 3-ից:

2. 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն ավարտել`
ա) բակալավրիատի I և II կուրսերը` մայիսի 24-ին, IV կուրսերը` մարտի 29-ին,
բ) մագիստրատուրայի I կուրսը` մայիսի 24-ին, II կուրսը` մարտի 29-ին:

3. 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի պարտք ունեցող ուսանողներին արգելել մասնակցել ստուգարքներին և քննություններին:

4. Առաջին ընթացիկ ստուգումներն ու քննություններն անցկացնել`
ա) բակալավրիատի I և II կուրսերում` ս/թ մարտի 17-29-ը, IV կուրսերում` փետրվարի 24-ից մինչև մարտի 1-ը,
բ) մագիստրատուրայի I կուրսում` մարտի 17-29-ը, II կուրսում` փետրվարի 24-ից մինչև մարտի 1-ը:

5. Երկրորդ ընթացիկ ստուգումներն ու քննություններն անցկացնել`
ա) բակալավրիատի I և II կուրսերում` մայիսի 19-31-ը, IV կուրսերում` մարտի 24-29-ը,
բ) մագիստրատուրայի I կուրսում` մայիսի 19- 31-ը, II կուրսում` մարտի 24-29-ը:

6. Կուրսային աշխատանքների և ստուգարքների հանձնումն իրականացնել`
ա) բակալավրիատի I և II կուրսերը` մայիսի 19-31-ը, IV կուրսերը` մարտի 31-ից մինչև ապրիլի 5-ը,
բ) մագիստրատուրայի I կուրսը` մայիսի 19-31-ը, II կուրսը` մարտի 31-ից մինչև ապրիլի 5-ը:

7. 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանն անցկացնել`
ա) բակալավրիատի I և II կուրսերինը` հունիսի 2-ից մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ IV կուրսերինը` ապրիլի 1-26-ը,
բ) մագիստրատուրայի I կուրս` հունիսի 2-ից մինչև սեպտեմբերի 20-ը, II կուրս` ապրիլի
1-26-ը:

8. Մնացորդային գիտելիքների ստուգումներն անցկացնել մարտի 3-15-ը:

9. Ամփոփիչ ատեստավորումն ավարտել մինչև ս/թ մայիսի 31-ը:

10. Յուրաքանչյուր շաբաթվա վերջում ներկայացնել ուսանողների հաճախումների ամփոփ տվյալները:

11. Պրոֆեսորադասախոսական կազմի ամառային արձակուրդի ժամկետը նախատեսել ս/թ հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 23-ը:

 

Հեռակա ուսուցման 2013-2014 ուստարվա երկրորդ
կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման
ժամանակացույց

1. Հեռակա ուսուցմամբ I-IV կուրսերի 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն սկսել ս.թ. մարտի 3-ից և ավարտել մարտի 29-ին, իսկ V կուրսերինը` մարտի 3-15-ը:

2. Հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համար ս/թ մայիսի 12-ից մինչև 24-ն անցկացնել ուսումնական կոնսուլտացիաներ և ավարտական աշխատանքների նախապաշտպանություն:

3. 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ ստուգումներն ու քննություններն անցկացնել.
ա) I-IV կուրսերի 1-ին ընթացիկ ստուգումներն ու քննությունները` ապրիլի 1-12-ը, իսկ V կուրսերինը` մարտի 17-22-ը,
բ) I-IV կուրսերի 2-րդ ընթացիկ ստուգումներն ու քննությունները` մայիսի 19-31-ը, իսկ V կուրսերինը` ապրիլի 1-5-ը:
I-IV կուրսերի 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանն անցկացնել ս/թ հունիսի 2-ից մինչև սեպտեմբերի 27-ը, իսկ V կուրսերինը` ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ը:

4. Մինչև ս.թ. հուլիսի 1-ը ներկայացնել շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները: