Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում բացվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը

2014թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը, որի նախագահ նշանակվեց Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վահագն Էդիկի Չոբանյանը:

Նպատակը երիտասարդության, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին բարձրացնելը, արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելն ու ազգային մտածողությամբ երիտասարդներ դաստիարակելն է:

Բացման արարողությանը հրավիրված էին Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը, Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրեն Ս.Առաքելյանը` կարևորելով երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը մեր երկրի անվտանգության, խաղաղության և հզորացման կարևոր երաշխիքն ու գրավականն է:

Ապա ելույթ ունեցան զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը և Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, փոխգնդապետ Հ.Սահակյանը` շնորհավորելով ակումբի բացման կապակցությամբ և մաղթելով բեղուն գործունեություն:

Ակումբի գործունեությունն ընդգրկելու է մեր ուսանողների կողմից տարբեր տոնական միջոցառումների կազմակերպում, այցեր սահմանային գյուղեր, հանդիպումներ վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ, այցելություններ զոհված ազատամարտիկների շիրիմներին և այլն:

Ըստ այդմ` հուշագիր կնքվեց Տավուշի մարզի սահմանային Բերքաբեր գյուղի գյուղապետ Ա.Մադաթյանի հետ:

Այնուհետև մասնակիցները հավաքվեցին Իջևանում գտնվող` զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանի մոտ, որտեղ  տեղի ունեցավ երիտասարդ ակումբականների երդման արարողությունը:

Նրանք նախ ծաղիկներ դրեցին ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին, ապա երդվեցին սիրել հայրենիքը, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր և ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Փոխշահավետ համագործակցության առաջարկ գործատուներին

Հարգելի՛ գործատուներ, 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է աջակցել  ձեզ՝  մեր լավագույն ուսանողներից և շրջանավարտներից  ընտրելու  ձեր կազմակերպությանն անհրաժեշտ մասնագետներ:

Ձեր կազմակերպության թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը մասնաճյուղի կայքում և տեղեկատվական անկյուններում զետեղելու համար անհրաժեշտ տվյալները, կից ներկայացվող ձևաչափով, ուղարկել  ԵՊՀ ԻՄ մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժնի էլ.հասցեին՝ koag.ysuib@gmail.com:

Միջբուհական գիտաժողով

ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Սոցիալական հոգեբանության ամբիոնի կողմից մարտի 24-ին կազմակերպվելու է միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ՝ ՀՀ տարբեր բուհերից:

Հոդվածներն անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը տպագիր և էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, ՈւԳԸ սենյակ կամ ուղղարկել phipsyug@gmail.com հասցեով:

Հոդվածների համար առաջարվող թեմաների շրջանակն է՝

  • Ինտերնետ կախվածություն
  • Ինտերնետային խաղեր
  • Հեռուստատեսությունից կախվածություն
  • Թմրամոլություն, խաղամոլություն
  • Սեռական կախվածություն
  • Հուզական կախվածություն
  • Կախվածություն սոցիալական դերերից, պաշտոններից
  • Կախվածություն ապրանքանիշերից, գնումներից
  • Ներքին դատարկություն, ներքին դատարկությունը լցնող եղանակներ և այլն:

Հոդվածի ներկայացման պահանջները`

  • «ՈւԳԸ Գիտական հոդվածների ժողովածու»-ին հոդված կարող է ներկայացնել ՀՀ բուհերից կամ գիտահետազոտական կենտրոններից որևէ մեկում սովորող մինչև 35  տարեկան անհատը: Ներկայացված գիտական հոդվածն իր բովանդակությամբ պետք է  արտացոլի հեղինակ(ներ)ի կողմից ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ:
  • Հոդվածի համակարգչային շարվածքը` «Word-97-2003» ծրագրով:
  • Ծավալը` 3 ամբողջական էջից մինչև 6 էջ:
  • Տեքստի տառատեսակը. հայերեն` Arial Armenian, KDWin` Armenian Phonetic, ռուսերեն` Arial LatRus, KDWin` Russian Phonetic, անգլերեն` Times New Roman, KDWin` US:
  • Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը,
  • ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա ևն), կուրսը:
  • Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում են գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անունն ու ազգանունը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում են հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը: Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել հոդվածի հիմնական տեքստը:
  • Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1, էջի ֆորմատը` A4 (210 x 297 մմ), լուսանցքները. ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 15 մմ, ներքևից` 20 մմ: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify):
  • Պարբերությունները սկսել 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:
  • Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում` 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած ինֆորմացիայի էջը:
  • Ռուսերեն և անգլերեն սեղմագրերը պարտադիր են. հոդվածի տեքստից մեկ տող հետո մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) ռուսերենով գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը,
  • ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա ևն), կուրսը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում են գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անունն ու ազգանունը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում են հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:
  • Այնուհետև 5-15 տողի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի էությունը:

Ընտրված լավագույն հոդվածները կտպագրվեն:

Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում

2014թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում: Այն նախաձեռնել և կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Աիդա Սարհատյանը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության  ամբիոնի դասախոսները, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ա.Սարհատյանը` մասնավորապես նշելով. «Ընթերցողի առաջ սիրո բազմախորհուրդ ապրումների հարուստ մի աշխարհ է բացում մեր ժամանակների լավագույն քնարերգու Համո Սահյանը: Իր բնաշխարհի կանաչ ու կարմիր, սև ու սպիտակ գույները, արթնացող ամպի տագնապն ու հառաչը, անտառի շուրթի շշուկն ու խորհուրդն ունեն նրա սիրո երգերը: …Մերթ պատանեկան սիրո թրթիռներ են դրանք` նման նոր բողբոջած ոստերի, մերթ սիրո հեքիաթի անրջային պատկերներ են` կանաչ գարնան պես ծաղկափթիթ ու խոստումնալից, մերթ արդեն ապրածի մշուշոտ հուշեր` նման կապտավուն, անձրևաբեր ամպերի…»:

Այնուհետև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի շնորհալի ուսանողները հանդես եկան ասմունքով, կատարեցին հայ անվանի բանաստեղծ Համո Սահյանի գողտրիկ բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Միջոցառման վերջում իրենց հիացմունքն արտահայտեցին ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա. Հասանյանը` բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար հատուկ շնորհակալություն հայտնելով Ա.Սարհատյանին:

«Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում լավագույնը ճանաչվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն

2014թ․ փետրվարի 21-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2013» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԵՀ համակարգող Կարեն Ավագյանը, տարբեր միությունների նախագահներ, բուհերի ներկայացուցիչներ, հյուրեր։

Ամենամյա այս մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նպատակն է խրախուսել երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին՝ երիտասարդության շրջանում իրականացված աշխատանքերի համար։

Մրցանաբաշխությունը անց է կացվում մի շարք անվանակարգերով։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը ևս հայտ էր ներկայացրել։ Հաղթողների անունները պարզ դարձան միայն մրցանակաբաշխության ժամանակ։

Մասնաճյուղի ՈՒԳԸն հաղթող ճանաչվեց «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում։ Մրցանակաբաշխությանը ներկա էին մասնաճյուղի  ՈՒԳԸ-ի ներկայիս նախագահ Արա Հովսեփյանը և նախկին նախագահ Սլավիկ Ալավերդյանը։

Մրցանակը ստանալու համար բեմ բարձրացավ Սլավիկ Ալավերդյանը: Նա ողջունեց ՀՀ նախագահին, ներկաներին, շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են կառույցին՝ հաջողության հասնելու համար։

Բացի նախապես որոշված անվանակարգերից` տրվեցին նաև հատուկ մրցանակներ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ մրցանակ հանձնեց Կոթի գյուղի դպրոցի «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչ, ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտ Գևորգ Գրիգորյանին՝ սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար։


Մրցանկակիրները ստացան խորհրդանշական արձանիկներ և հայկական «ԱրմԹաբ» պլանշետներ։

Աղբյուրը` president.am, heh.am: