Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացան Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները

2014 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցան Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները:

Առաջադրվել էին «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Անդրեյ Սաֆարյանի և Հռիփսիմե Ասատրյանի թեկնածությունները:

Ընտրություններին մասնակցում էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, ուսումնական խորհրդատու Ք.Օթարյանը, Ուսանողական խորհրդի անդամներ, ֆակուլտետի ուսանողներ:

Թափանցիկ ընտրությունների արդյունքում Անդրեյ Սաֆարյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ:

«ՎԵԲՈՄԵՏՐԻՔՍՈՒՄ» ԵՊՀ-Ն ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է

«Վեբոմետրիքս» վարկանշային համակարգի 2014 թ-ի հունվար ամսվա արդյունքների համաձայն` 22.000 համալսարանների  շարքում ԵՊՀ-ն զբաղեցնում է 2994-րդ տեղը (վեց ամիս առաջ ԵՊՀ-ն զբաղեցնում էր 3152-րդ հորիզոնականը): Առաջին երեք հորիզոնականներում են Հարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը և Սթենֆորդի համալսարանը:

ԱՊՀ տարածաշրջանի բուհերից ամենաբարձր դիրքում Մոսկվայի պետական համալսարանն է՝ 113-րդ տեղ: Մեր տարածաշրջանում որոշ ցուցանիշներով առավելություն ունեն վրացական 2 համալսարաններ, իսկ ադրբեջանական բոլոր բուհերը զգալիորեն զիջում են իրենց դիրքերը: 2009 թ-ից մինչ այսօր ԵՊՀ-ն գրանցել է բավականին մեծ առաջընթաց, և մի քանի տարի է` հայաստանյան բուհերի առաջատարն է:

Բուհերի վարկանիշը ձևավորվում է 4 չափորոշիչներով՝ ազդեցությունը (այս չափանիշը այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակն է), ներկայությունը (վերաբերում է «Google»-ի կողմից համալսարանի պաշտոնական կայքի ինդեքսավորված էջերի քանակին), բացությունը (արտահայտում է կայքում «Adobe Acrobat» (pdf), «Microsoft World» (doc, docx) և «Microsoft Power point» (ppt) ձևաչափերով առկա փաստաթղթերի քանակը՝ ակադեմիական որոնող «Google Scholar» գործիքի տվյալների համաձայն) և գերազանցությունը (արտահայտում է գիտական այն աշխատությունների քանակը, որոնք հրատարակվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում):

Աղբյուրը`  www.ysu.am:

Գիտական զեկուցում` «Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակը» թեմայով

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 79-ամյակի կապակցությամբ  սույն թվականի մարտի 3-ին` ժամը 13-30-ին,  «Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակը» թեմայով գիտական զեկուցում  կկարդա Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Վահան Աղաբաբյանը:

Մանրամասների համար դիմել Հայոց լեզվի և գրականության ամբիոն:

Մեր ուսանողը հաղթել է «Beeline Scholarship» ծրագրում

2014թ. փետրվարի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Beeline Scholarship» ծրագրի փակման արարողությունը:

Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական բուհերի վճարովի համակարգում սովորող ուսանողներին:

«Beeline Scholarship» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 568 ուսանող: Ծրագրի երկրորդ փուլում 178 ուսանողից ընտրվել է  95 հաղթող:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից  երկրորդ փուլ է անցել Բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Ասատրյանը: Մեր ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձը կտրամադրի «Beeline» ընկերությունը:

Ամառային դասընթացներ Հունաստանում

2014թ. հուլիսի 12-ից 23-ը Օլիմպիայում (Հունաստանի Հանրապետություն) կազմակերպվելու են Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների միջազգային ամառային դասընթացներ, որոնց մասնակցելու համար հրավիրվում են նաև ՀՀ քաղաքացիները:

Մասնակցության վարձավճարներին և պայմաններին կարելի է ծանոթանալ այցելով` http://olympiasummeracademy.org կայքէջը:

Աղբյուրը` edu.am