Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացան Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի ընտրությունները

2014 թ. փետրվարի 14-ին տեղի ունեցան Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրությունները:

Առաջադրվել էր «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Ղևոնդյանի թեկնածությունը:  Ընտրությանը մասնակցում էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, ուսումնական խորհրդատու Ք.Օթարյանը, ֆակուլտետի ուսանողներ, ՈՒԳԸ անդամներ:

Ընտրությունների արդյունքում Սոնա Ղևոնդյանը ընտրվեց ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ՝ ձայների 19 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:

Փետրվարի 1-ի տնօրենության նիստում

2014թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր տնօրեն Ս. Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, տնօրենությանը կից տեղեկատվական տեխնոլոգիաների գծով խորհրդական Մ.Ճաղարյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Վ.Աղաբաբյանը:

Քննարկվեցին 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման ծրագիր իրականացնելու մասին մի շարք հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ նշվեց, որ այս կիսամյակի դասատախտակները կազմված, կնքված են և տեղադրված մասնաճյուղի պաշտոնական էլ.կայքում: Դասախոսական կազմի մեջ կատարվել են որոշակի փոփոխություններ:

Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարվեց մշտական հսկողություն իրականացնել դասախոսական մուտքերի ապահովման գործում:

Վ.Բրուտյանին հանձնարարվեց մշակել և ներկայացնել «Մանկավարժական վարպետություն և էթիկա» առարկայի առարկայական ծրագիրը, իսկ Վ.Աղաբաբյանին` մասնաճյուղի աշխատակիցների համար մշակել վարվեցողության ընդհանուր նորմեր:

2014 թվականի II եռամսյակի դրամաշնորհային ծրագերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2014 թվականի երկրորդ եռամսյակի հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ:

Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Ա», «Բ» «Գ» և «Դ» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ Ձեր ծրագրի բնույթին համապատասխան:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի մարտի 9-ը ներառյալ:

Ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան ներկայացման վերջնաժամկետից 40 օր հետո:

Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ինչպես նաև ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ ներկայացված ծրագրերը հետ կվերադարձվեն հայտատուներին:

Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից: 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք Սիսիան քաղաքում կազմակերպվող ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ ևս կկիրառվի 1.1 գործակից:

Ծրագրի նախահաշիվը կազմելիս անհրաժեշտ է ոչ միայն լրացնել առցանց բաժինը, այլ նաև կցել ներկայացվող ձևը` լրացնելով unicode տառատեսակով:

Նախահաշիվը կազմելիս պետք է առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարի 13 հուլիսի 2013 թվականի N 573-Ա հրամանով (http://gnumner.am/download/50810.html)  սահմանված նորմերով:

Հատուկ հիշեցում՝ ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ ծախսեր
Ծրագրի ֆինանսական հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն սահմանված ձևի (կցվում է):

Ծրագրային հայտերի լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, հեռ. (077) 10-45-47:

ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.

1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:

2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Ուղևորության» և «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:

3. Հատուկ ծրագեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու, ինչպես նաև մեծածավալ ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 2 միլիոն դրամից մինչև 15 միլիոն դրամ:

Հաստատվել է ԵՊՀ-ի ուսանողների ուսման վարձավճարների չափի պահպանման, փոփոխման և վճարված վարձավճարների վերադարձման կարգը

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ա.Հ.Սիմոնյանի` 2014թ. փետրվարի 4-ի N 18 § 25 հրամանով հաստատվել է Երևանի պետական համալսարանի ուսանողների ուսման վարձավճարների չափի պահպանման, փոփոխման և վճարված վարձավճարների վերադարձման կարգը:

Աղբյուրը` documentation.ysu.am

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների խնդիրները արտաքին շահակիցների ուշադրության կենտրոնում

2014թ. փետրվարի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  հանդիպում արտաքին շահակիցների` Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների, մարզպետարանի ներկայացուցիչների, բարձրաստիճան զինվորականների, համայնքների ղեկավարների, գործարարների, դպրոցների տնօրենների, լրագրողների, ծնողների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարները և Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, խնդիրները և ակնկալիքները:

 

Նա կարևորեց արտաքին շահակիցների դերը և ներդրումը մասնաճյուղի գործունեության տարբեր ոլորտներում` կրթական ծրագրերի համատեղ իրականացում, նեղ մասնագիտական դասընթացների վարում, մանկավարժական և արտադրական պրակտիկաների արդյունավետ անցկացում, շրջանավարտների աշխատանքի տեղավորում և այլն:

Տնօրենը ներկաներին առաջարկեց միավորվել մասնաճյուղի արտաքին շահակիցների խորհրդում` հետագա արդյունավետ համագործակցության նպատակով:

Մասնակիցները ներկայացրին  համագործակցության ձևերի վերաբերյալ իրենց առաջարկությունները, որոնք հետաքրքիր էին, իրատեսական և արժեքավոր:

 

Զինվորականները, կարևորելով սահմանամերձ մարզում մասնաճյուղի առկայությունը, առաջարկեցին սերտացնել բանակ-բուհ կապը` փոխադարձ այցելությունների, օլիմպիադաների անցկացման, ռազմահայրենասիրական ակումբի ստեղծման ճանապարհով:

Ներկայացնելով մարզի դպրոցներում “Հայ եկեղեցու պատմություն” առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական համապատասխան կրթություն չունենալու փաստը` Հայր Սամվել Մխիթարյանը առաջարկեց մասնաճյուղում բացել նոր մասնագիտություն, որի շրջանավարտները կունենան համապատասխան որակավորում և աշխատանք:

 

 Տնօրենն առաջարկեց գործատուներին իրենց ապագա կադրերին ընտրել դեռևս ցածր կուրսերի ուսանողներից. հետևել նրանց ուսումնառությանը, տրամադրել անհրաժեշտ աջակցություն, կուրսային և ավարտական աշխատանքների համար առաջարկել համապատասխան թեմաներ, պրակտիկաներն անցկացնել իրենց կազմակերպություններում` ուսանողների տեսական գիտելիքները խորացնելու և նեղ մասնագիտացում ձեռք բերելու համար:

Քննարկվեցին նաև երիտասարդներին վերաբերող համընդհնուր խնդիրներ, առաջարկվեցին հնարավոր լուծումներ: