Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստում

2014թ. մարտի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական կրթամասերի դասընթացների դասավանդման հիմնական ուղղությունների, ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման ուսումնական աշխատանքների հաշվարկի նորմերի, հեռակա ուսուցման բաժնի 2014-2015 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկի, ԵՊՀ ԻՄ-ի 2014-2018 ուսումնական տարիների (առկա ուսուցման) և 2014-2019 ուսումնական տարիների (հեռակա ուսուցման) ուսումնական պլանների կատարման ընթացքի, ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին մի շարք հարցեր:

Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական կրթամասերի դասընթացների դասավանդման հիմնական ուղղություններին վերաբերող հարցի կապակցությամբ որոշվեց Ս.Առաքելյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որի անդամներ նշանակվեցին Ա.Ցուցուլյանը, Մ.Զաքարյանը (բնագիտական ուղղություն), Ն.Խուդավերդյանը, Հ.Մարզպանյանը (տնտեսագիտություն), Վ.Բրուտյանը (մանկավարժություն և հոգեբանություն), Ս.Առաքելյանը, Վ.Ալեքսանյանը (պատմություն), Ա.Սարհատյանը, Վ.Ավագյանը (հայոց լեզու), Լ.Հարությունյանը (ռուսաց լեզու), Ա.Մարդանյանը, Մ.Աղբալյանը (ֆրանսերեն), Ք.Հարությունյանը, Ա.Սիմոնյանը (անգլերեն): Խումբը կզբաղվի առարկայական ծրագրերով, որպեսզի դրանք լիովին համապատասխանեն տվյալ մասնագիտության պահանջներին, օժանդակեն այն ավելի խորը յուրացնելուն:

ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքում փոփոխություն կատարելու հետ կապված` քննարկվեց մասնաճյուղում Վարչատնտեսական վարչություն և Արտաքին կապերի ու գիտական քաղաքականության բաժին ստեղծելու հարցը:

Միջազգային ամառային ակադեմիա Քոբլենց-Լանդաու համալսարանում

Քոբլենց-Լանդաու համալսարանը 2014թ․ սեպտեմբերի 8-ից 21-ը կազմակերպում է «Spatial Ecotoxicology and Ecotoxicological Risk Assessment» թեմայով Միջազգային ամառային ակադեմիա։ Դասընթացը նախատեսված է երիտասարդ գիտնականների համար։

Ամառային ակադեմիան հիմնվել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական օժանդակությամբ։

Դիմելու վերջնաժամկետը 2014թ․ ապրիլի 15-ն։

Մանրամասն տեղեկություններ անգլերենով կարող եք ստանալ նշված հղումներով․

Աղբյուրը` eriwan.diplo.de

ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ` ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և  շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:

ԵՊՀ-ից պետական մրացանակների են արժանացել՝ հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանը, «Ազատագրական պայքարի ուղիներում» հինգհատորյա աշխատության համար, իսկ ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար։

Հրաչիկ Սիմոնյանը հեղինակ է ավելի քան 20 մենագրության և շուրջ 400 գիտական հոդվածների։ Նրա մի քանի աշխատություններ լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Իրանում, Հունաստանում և Ճապոնիայում։ Առանձնապես կարևոր են «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» (Եր.,1968), «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը» (Եր., 1980), «Գիտատեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական հետևանքները» (Եր., 1982), «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (Եր.,1991), «Անդրանիկի ժամանակը» (հ. I, հ. II, Եր., 1996) մենագրությունները, «Ազատագրական պայքարի ուղիներում» բազմահատոր ուսումնասիրության առաջին հինգ գրքերը (Եր., 2003, 2009,2010,2013)։ Կիլիկիայի հայերի 1909թ. ջարդերի 100-ամյակի առթիվ հրատարակվել է նրա «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ)» (Եր., 2009) աշխատությունը, որը 2012թ. հրատարակվել է նաև անգլերեն լեզվով «The destruction of Armenians in Cilicia, April 1909» (Gomidas Institute,London,2012)։ 1964-ից նա դասավանդել է ԵՊՀ-ում, 1999- 2003թթ. եղել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը, 2004-ից` նույն ամբիոնի պրոֆեսոր է: Ղեկավարել է նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը։

Սամվել Շուքուրյանը ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավարն է։ Շուքուրյանի հետազոտությունների բնագավառում է եղել Հաշվողական համակարգերի ճարտարապետություն, էլեկտրոնային սարքերի և համակարգերի տեստավորում, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, բաշխված հաշվողական համակարգերի և ծրագրերի ֆորմալ մոդելները։ 2000թվականից հանդիսանում է Virage Logic Corp.-ի ներդրված հիշողության սարքերի տեստավորման և վերանորոգման ծրագրի տնօրենը:

Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

Աղբյուրը` ysu.ampresident.am

Երևակայության գավաթ Հայաստան 2014

Գրանցվե՛ք հիմա, մասնակցե՛ք Երևակայության գավաթ  2014 մրցույթին


Մայքրոսոֆթ ընկերության գլխավոր ուսանողական միջոցառումը՝ Երևակայության գավաթը այս տարի տեղի կունենա 12-րդ անգամ՝ իր 3 հիմնական անվանակարգերով՝ Խաղեր, Նորարարություն, Համաշխարհային համագործակցություն: Այս տարի համաշխարհային եզրափակիչը տեղի կունենա Մայքրոսոֆթի հայրենի քաղաքում՝ Սիեթլում, որտեղ դուք կարող եք մրցել ողջ աշխարհից ժամանած այլ երիտասարդների հետ և շահել Երևակայության գավաթը, ինչպես նաև 50.000 ԱՄՆ դոլար մրցանակ:

Հավաքե՛ք Ձեր թիմը, ծանոթացե՛ք մանրամասներին և  գրանցվե՛ք այստեղ

Լրացված հարցաթերթիկի կրկնօրինակը ուղարկե՛ք apply@mic.am հասցեին մինչև 2014թ ապրիլի 15-ը՝ նամակի վերնագրի հատվածում նշելով << Imagine cup>>:

 Լրացուցիչ հնարավորություն
 2014 թվականի նորույթը՝ վիդեո ներկայացման հնարավորություն
 

Պատկերացրե՛ք, որ Դուք ունեք ընդամենը 5 րոպե՝ Ձեր կյանքը փոխելու համար: Այս լրացուցիչ  առցանց մրցույթին մասնակցելու համար՝ ձայնագրե՛ք վիդեո հոլովակ՝ ոչ ավել, քան 3 րոպե տևողությամբ՝ Ձեր թիմի հետ միասին ներկայացրե՛ք Ձեր նախագիծը՝ առանց սլայդերի, գրաֆիկների և նկարների. պարզապես պատմե՛ք: Երեք անվանակարգերից յուրաքանչյուրում հաղթող թիմը կստանա 3.000 ԱՄՆ դոլար մրցանակ:

Գրանցվե՛ք   հիմա և սկսե՛ք ձայնագրել վիդեո հոլովակը:
Մրցույթի հաղթողները

2013թ հուլիսին 71 երկրներ ներկայացնող 81 թիմեր հավաքվել էին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում՝ մասնակցելու Երևակայության գավաթ 2013 մրցույթի համաշխարհային եզրափակչին: Այստեղ էր նաև Հայաստանը ներկայացնող Lionsharp թիմը՝ իր Voiceboard նախագծով:

Ծանոթացե՛ք  նախորդ   տարվա    հաղթող թիմերին    և դարձե՛ք այս վառ միջոցառման մասնիկը:

Աղբյուրը` micarmenia.am

Երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ»



Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մրցութային հիմուքներով տրամադրում է ֆինանսական աջակցություն` երիտասարդ գիտնականներին գիտական սարք և/կամ նյութ ձեռքբերելու համար:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, ինչպես նաև` նպաստել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրմանը:

Մրցույթն իրականացվելու է ըստ «Երիտասարդ գիտնականներին գիտական սարքև/կամ նյութ ձեռքբերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման» կարգի (կցվում է):
Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով`egac2012@gmail.com էլ. փոստով, վերնագրված` “equipment”: Հայտատուն նշված էլ.փոստին հայտն ուղարկելուն զուգահեռ պետք է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆեյսբուքյան խմբում` http://www.facebook.com/groups/321785487875421, տվյալ մրցույթի հայտարարության գրառման տակ թողնի հաղորդագրություն հեևյալ բովանդակությամբ`անուն, ազգանուն, հայտի ներկայացման ամսաթիվ:

Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր։ Այլ բնույթի մեկնաբանությունները կջնջվեն:

Հայտերը ընդունվում են 2014թ. մարտի 15-ից մինչև 2014թ. մայիսի 1-ը:
Կից ներկայացվում են.
«Երիտասարդգիտնականներին գիտական սարքև/կամ նյութ ձեռքբերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման» կարգը, անհրաժեշտ հավելվածներով

Աղբյուրը` armacad.blogspot.com