Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2014-2015 ուսումնական տարում  Բուլղարիայի,  Ռումինիայի,  Լեհաստանի,  Վրաստանի,  Հորդանանի,   Չինաստանի,  Ռուսաստանի Դաշնության  բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

Աղբյուրը` edu.am

Ինտելեկտուալ մրցույթ

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, կազմակերպում է «Ինտելեկտուալ մրցույթ»: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է կազմեն 5 հոգուց բաղկացած խմբեր և լրացնեն հայտը: Մրցույթին մասնակցել կարող են 14-30 տարեկան անձինք:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերի անդամները կստանան պատվոգրեր, իսկ առավելագույն միավորները հավաքած թիմի անդամները՝ պատվոգրեր և «Գիտելիքների շտեմարաններ»:

Հայտերն ընդունվում են ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում (հասցե՝ ք. Իջևան, Անկախության 9 (նախկին Ջրմուղկոյուղու հարևանությամբ) կամ էլ. փոստով՝ hehtavush@gmail.com:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 30-ը:

Բացվեց «Գարնանային գույներ» ցուցահանդեսը` նվիրված կանանց տոնին

2014թ. մարտի 17-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այն կրում է «Գարնանային գույներ» խորագիրը ու նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին:

Կանանց տոնին նվիրված ցուցահանդեսի բացումը, որ յուրօրինակ հարգանքի և մեծարանքի տուրք է սիրելի մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին,  ֆակուլտետում դարձել է գեղեցիկ ավանդույթ:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցում էին Իջևանի քաղաքային իշխանությունները, ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունը, արվեստագետներ, դասախոսներ, ուսանողներ, քաղաքացիներ: Հատուկ հրավիրված էին մարզի զոհված ազատամարտիկների հարգարժան մայրերը:

Բացման խոսքով հանդես եկան մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Լ.Ղալումյանը, Հայր Սամվել Մխիթարյանը:

Իր բնույթով ցուցահանդեսը բազմաժանր է, ընդգրկում է Կիրառական արվեստի ֆակուլտետի 14 դասախոսների շուրջ 40 աշխատանք: Ցուցադրված են մասնաճյուղի դասախոսներ Ա. Միրզոյանի, Ռ. Բուղդարյանի, Ս. Հովհաննիսյանի, Գ. Ջավրուշյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Չիբուխչյանի, Դ. Չիբուխչյանի, Ռ. Պողոսյանի, Ք. Մխիթարյանի, Ա. Աբազյանի, Մ. Ստեփանյանի, Լ. Լաճիկյանի, Իջևանի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ս. Մելքումյանի, պատկերասրահի աշխատակցուհի Հ. Էդիլյանի ստեղծագործությունները:

Պայծառ ու վառ գույներով աչքի ընկնող աշխատանքները պատկերասրահը համակել են գարնան թարմ շնչով:

«Գարնանային գույներ» ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 7-ը:

«Գնահատում և վարձատրություն. փոփոխման ռազմավարություն» խորագրով ուսումնական ծրագիր

Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը հրավիրում է մասնակցելու 2014 թվականի սեպտեմբերի 15-ից 26-ը Լոնդոնում կայանալիք «Գնահատում և վարձատրություն. փոփոխման ռազմավարություն» խորագրով ուսումնական ծրագրին:

Ծրագրին կարող են մասնակցել կենտրոնական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահության, սոցիալական, կրթական կամ արդարադատության ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող անձինք:

Ծրագրի մասնակցության արժեքի, ժամանակացույցի, և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:

Դպրոցական օլիմպիադան անցկացվեց մասնաճյուղի կողմից

2014թ. մարտի 15-ին ԵՊՀ ՄԿՄԿ վարչության կողմից հանրակրթական բոլոր առարկաներից կազմակերպվեց օլիմպիադա, որի նպատակն էր շնորհալի և ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:

Տավուշի մարզի  ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանների  աշակերտները օլիմպիադային մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, որտեղ այդ աշխատանքներն իրականացրեց Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման  բաժինը:

Ժամը 10:00-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանի հանդիպումը օլիմպիադայի մասնակիցների հետ: Խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը և ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Չոբանյանը: Տնօրենը կարևորեց օլիմպիադայի անցկացումը մասնաճյուղում, ողջունեց աշակերտներին, որ եկել են գիտելիքների ստուգատեսի, նրանց մաղթեց հաջողություններ:

Օլիմպիադան տևեց 4 ժամ: Հանրակրթական 12 առարկաներից օլիմպիադային Տավուշի մարզի 54 միջնակարգ և 4 ավագ դպրոցներից  մասնակցեցին 23 միջնակարգ և 4 ավագ դպրոցներ՝ 257 աշակերտներով:

Օլիմպիադայի  փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին՝ ժամը 15.00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում ( կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Արդյունքների մասին կարող եք տեղեկանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կայքի (ijevan.ysu.am) միջոցով: