Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպումներ Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագրի մասին

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը կազմակերպում է հանդիպումների շարք Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագրի մասին: Հանդիպումների ընթացքում ծրագրի համակարգող Ալեքսեյ Խարլամովը կներկայացնի ծրագիրը, դրան դիմելու պայմանները, ինչպես նաև կպատասխանի հետաքրքրող հարցերին:

Հանդիպումները տեղի կունենան`

Մարտի 17, 18:30՝  Ամերիկյան խորհուրդների գրասենյակ (ք. Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ)
Մարտի 18, 11:30՝  Երևանի պետական համալսարան (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1)
Մարտի 18, 14:00՝  Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան (ք. Երևան, Թումանյան 42)
Մարտի 19, 11:30՝ Գյումրու «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարան (ք. Գյումրի, Սայաթ-Նովա 1)
Մարտի 20, 16:00՝ Երևանի հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ք. Երևան, Չարենցի 15)
Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետներին  անհատական, գիտական աստիճան չտվող հետազոտական աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-ի համալսարաններում և ինստիտուտներում: Ծրագրի մասնակիցները 4 ամսվա ընթացքում պետք է հետազոտություններ իրականացնեն նախապես ընտրված թեմայով և  վերադարձից հետո ներկայացնեն 15-ից 30 էջի սահմաններում ակադեմիական աշխատանք, կարդան դասախոսություններ՝ խթանելու բարձրագույն կրթության զարգացումը: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝http://www.nceeer.org և այստեղ http://armacad.blogspot.com/2014/02/carnegie-research-fellowship-program.html
Հանդիպումների մասին մանրամասն տեղեկատվության համար զանգահարել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ՝ (010) 544012, 544015, 560045;http://www.americancouncils.am/ 
Աղբյուրը` armacad.blogspot.com

Գիտաժողով. Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի


Երիտասարդ առաջնորդների դպրոցը` համագործակցելով Ամերիկայի հայկական համագումարի և Տարածաշրջանային իրադարձությունների գիտա-վերլուծական կենտրոնի հետ, կազմակերպում է համաժողով, որտեղ քննարկվելու են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության տարաբնույթ ասպեկտները: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Նախագիծն իրականացվում է Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Հասցեն. Հանրապետության 37, Հովնանյան հիմնադրամ, 2-րդ հարկ   /  Հեռախոսահամար. 010 56 06 74

Գրանցվելու համար այցելեք այստեղ:

Առցանց գրանցում

ՕՐԱԿԱՐԳ

Մարտ 21, ուրբաթ

13.30   Մասնակիցների գրանցում

14.00   Համաժողովի բացում`

Ողջույնի խոսքեր`Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյան և Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյան

14.15   Հայերի և ասորիների ցեղասպանությունների համեմատական վերլուծություն

Անահիտ Խոսրոևա (Չիկագոյի համալսարան, ԱՄՆ)

14.45   Հարց ու պատասխան

15.15   Ազգային պատկանելիություն, գաղափարախոսություն և ցեղասպանություն. այս հասկացությունների փոխկապակցումը և դրանց արտացոլանքը հայերի ցեղասպանության գործում

Սոֆյա Մանուկյան (Էսեքսի համալսարան, Մեծ Բրիտանիա)

15.45   Հարց ու պատասխան

16.15   Յոզղատի և Տրապիզոնի հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունհներում Հայոց ցեղասպանության անհերքելի վկայություններ

Մելինե Անումյան (Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն)

16.45   Հարց ու պատասխան

17.15   Օրվա քննարկում

18.00   Առաջին օրվա ավարտ

Մարտ 22, շաբաթ

14.00   Մասնակիցների գրանցում

14.15   Հայերի ունեցվածքի կողոպուտը 1918-1923թթ. և ունեզրկման վերջին փուլը

Անահիտ Աստոյան (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, Հայաստան)

14.45   Հարց ու պատասխան

15.15  Գենդերային խնդիր. Կանանց հետ-հայկականացման երկընտրանքը Ցեղասպանությունից հետո

Աննա Ալեքսանյան

15.45   Հարց ու պատասխան

16.15   Նոր մարտավարություններ ցեղասպանության ճանաչման ճանապարհին

Արտակ Շաքարյան (Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն, Հայաստան)

16.45   Հարց ու պատասխան

17.15   Օրվա քննարկում

18.00   Երկրորդ օրվա փակումը

Աղբյուրը` youngleaders.am

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏՈՒՐԻԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ Լ. ԼԱՃԻԿՅԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ


2014թ. մարտի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Լևոն Լաճիկյանի «Խաչվող ճանապարհներ» գրքի  անգլերեն թարգմանության և նրա կազմած «Հայաստան» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:

Լ.Լաճիկյանը մեզանում հայտնի գեղագետ, արվեստաբան և մշակութային մեկնաբան է: Ծնվել է Գյումրիում, սովորել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա ավարտել տեղի ասպիրանտուրան` «Գեղագիտություն» մասնագիտությամբ: Արդեն մի քանի տասնամյակ նա իր գրիչն ու ջանքերը ծառայեցնում է ժամանակակից հայ մշակութային կյանքի լուսաբանման ու մեկնաբանման հույժ կարևոր գործին: Ավելին` նա նաև մասնակիցն է գրական-մշակութային այդ ընթացքի` իր բազմաթիվ հոդվածներով, գրքերով, իսկ վերջին տարիներին` նաև գծանկարներով:

Լաճիկյանի հարյուրավոր արվեստաբանական հոդվածների ընտրանին 2004թ. ամփոփվեց «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» գրքում, որն իրավամբ գնահատվեց որպես անցյալ դարավերջի հայ մշակութային կյանքի հանրագիտարան: Դրան հաջորդեցին Նյու Յորքում և Երևանում լույս տեսած նրա 2 գեղազարդ հատորները` նվիրված հայ գրերի գյուտին:

Նրա շուրջ 2 տասնյակ գիտական հոդվածները` նվիրված հայ միջնադարյան գեղագիտությանը, հրատարակվել են Հայաստանի և արտերկրի հայագիտական հանդեսներում («Բազմավէպ», «Հանդես ամսօրյա»  և այլն) և հանրագիտարաններում («Քրիստոնյա Հայաստան», «Հայ Սփյուռք»  և այլն): Այժմ նա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս է:

2006թ. Երևանում լույս տեսած «Խաչվող ճանապարհներ» ժողովածուն մեծ հաջողություն բերեց հեղինակին: Ընթերցողին այն գրավեց ոչ միայն բովանդակալից ու գեղեցիկ հայերենով շարադրված ուղեգրություններով, այլև ուշագրավ գծանկարներով: Դրանց միջոցով ընթերցողը մտովի կարողանում է «լինել» պատմական Հայաստանում, Լիբանանում, «շրջել» եվրոպական մի շարք երկրներով, ապա «այցելել» Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Գիրքն ընդգրկում է Լևոն Լաճիկյանի` տարբեր տարիների և տարբեր երկրներ կատարած այցելություններից հետո գրած շուրջ 2 տասնյակ ուղեգրությունները, որոնք յուրատեսակ խոհագրություններ և քնարական մտորումներ են Հայաստանի անցյալի ու ներկա պատմության, ինչպես նաև արտերկրում սփռված հայկական գաղթօջախների վերաբերյալ: Գրքի շարադրանքից երևում է հեղինակի հետաքրքրությունների լայն շրջանակը: Միաժամանակ պարզորոշ զգացվում է, որ այն պատկանում է գեղագետի և արվեստի տեսաբանի գրչին. հիմնականում այդ տեսանկյունից են քննված երկրներն ու բնակավայրերը:

Օտար ընթերցողին ներկայացնելու նպատակով անցած տարի «Խաչվող ճանապարհներ» գիրքը պետական պատվերի շրջանակներում Երևանում հրատարակվեց նաև անգլերեն` թարգմանությամբ Մարինա Բազաևայի և խմբագրությամբ Ռուզան Ավետիսյանի:  Իսկ անցած տարեվերջին «Տիգրան Մեծ»  հրատարակչությունը լույս ընծայեց Լևոն Լաճիկյանի կազմած «Հայաստան»  բանաստեղծական ժողովածուն, որն ամփոփում է մեր հին ու նորօրյա, դասական ու ժամանակակից բանաստեղծների քերթվածները Հայաստան աշխարհի և, ընդհանրապես, հող հայրենիի մասին:

Լևոն Լաճիկյանը նաև վավերագրական 8 ֆիլմերի սցենարի հեղինակ է, որոնցից մեկը 2004թ. մոսկովյան միջազգային կինոփառատոնում արժանացավ դիպլոմի: Նա Հայաստանի լրագրողների և նկարիչների միությունների անդամ է, փոխնախագահն է «Հայաստան-Լիբանան» բարեկամության ընկերության: Մինչև օրս կազմակերպել է անհատական 8 ցուցահանդես Երևանում, Գյումրիում, Գորիսում, Ստամբուլում և Նյու Յորքում: Արդի հայ մշակույթին մատուցած ծառայությունների համար 2010թ. նա արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Մասնաճյուղում անցկացված շնորհանդեսի ժամանակ Լ.Լաճիկյանի վաստակն արժևորեցին, նրա անձնական ու մասնագիտական բարձր հատկանիշները վերհանեցին գրադարանի վարիչ Նելլի Ստեփանյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Վարդան Ալեքսանյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս,  «Խաչվող ճանապարհներ» գրքի անգլերեն տարբերակի խմբագիր Ռուզաննա Ավետիսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկն. Վահան Աղաբաբյանը:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները ներկայացրին գրական-գեղարվեստական կոմպոզիցիա` կազմված «Հայաստան» բանաստեղծական ժողովածուից:

Ընտրվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ

2014թ. մարտի 11-ին տեղի ունեցան Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահի ընտրությունները:

Մասնակցում էին ֆակուլտետի դեկան Կ. Բ. Այվազյանը, ամբիոնի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և ուսանողներ:

Առաջադրվել էր երեք թեկնածու` «Կիրառական արվեստ» մասնագիտության  առաջին կուրսի ուսանողներ Նարեկ Ղազարյանը, Մերի Գաբրիելյանը, Սեդա Այվազյանը:

Ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությամբ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ ընտրվեց Նարեկ Ղազարյանը:

Փետրվարի 27-ի տնօրենության նիստում

  2014թ. փետրվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները` ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ամբիոնների աշխատանքների համակարգման և միջազգային կապերի գծով տնօրենի  խորհրդական Գ.Անանյանը, տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, ֆակուլտետների դեկաններ Վ.Ալեքսանյանը, Ն.Խուդավերդյանը, Ա.Ցուցուլյանը, Կ.Այվազյանը, հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը, ՄԿՈԱ բաժնի վարիչ, մասնաճյուղի արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանը,  անձնակազմի կառավարման բաժնի վարիչ, իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, գիտական խորհրդի քարտուղար Մ.Աթոյանը, ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Չոբանյանը, ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի ավագ դիսպետչեր, տնօրենության նիստերի քարտուղար Յու.Բեկնազարյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը, հրավիրված էին ամբիոնների վարիչներ Մ.Զաքարյանը, Ա.Ալավերդյանը, Ա.Միրզոյանը, Ռ.Բուղդարյանը, Վ.Պողոսյանը, ֆակուլտետների և ամբիոնների գործավարներ, դասախոսներ:

Քննարկվեցին 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանի  ամփոփման, ԵՊՀ  Իջևանի  մասնաճյուղի  ուսումնաօժանդակ  աշխատողների կատարած աշխատանքների և նրանց գործառույթների  մասին մի շարք հարցեր:

2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանի արդյունքները գնահատվեցին բավարար: Լուծարքային շրջանն անցել է կազմակերպված: 21 ուսանողներ քննաշրջանը փակել են պարտքերով: Ըստ կանոնակարգի՝ նրանց կթույլատրվի ակադեմիական պարտքերը հանձնել մինչև ավարտական կուրսի առաջին կիսամյակի սկիզբը: Ընթացիկ կիսամյակում ֆակուլտետների դեկանները, ամբիոնների դասախոսները պետք է ուշադիր լինեն առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների թե´ կարգապահության, և թե´ առաջադիմության նկատմամբ, որպեսզի երրորդ և չորրորդ կուրսերում նրանք ապահովեն բարձր առաջադիմություն:

Հաջորդ հարցի կապակցությամբ նշվեց, որ վերջերս մասնաճյուղի ուսումնաօժանդակ աշխատողների շրջանում ամբիոնային աշխատանքների բարելավման ուղղությամբ անցկացվեց քննություն, և ամբիոնային աշխատանքները դեռևս բարելավման կարիք ունեն: Մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց նպատակային օգտագործել համակարգչային ռեսուրսները, հետևել աշխատողների աշխատաժամանակի ռացիոնալ օգտագործմանը և նրանց գործառույթների ճշգրիտ իրականացմանը: