Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար»

«Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները համատեղ իրականացնում են «Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար» նախագիծը, որը տեղի կունենա 2014 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում:

Ճամբարը նախատեսված է 13-17 տարեկան տղաների համար: Ճամբարի ընթացքում տղաները հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացների և քննարկումների հետևյալ թեմաներով՝
1. Մարդու իրավունքներ,
2. Առողջ ապրելակերպ,
3. Կին- տղամարդ փոխհարաբերություններ,
4. Առաջնորդություն
ինչպես նաև կծանոթանան իրենց համայնքների խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի մշակման և իրականացման հմտություններին:
«Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար» նախագծի ամբողջ ընթացքում մասնակիցների հետ աշխատելու են 12 ջոկատավար (6 հայ,6 ամերիկացի), որոնք ճամբարի ավարտից հետո մասնակիցների հետ շարունակելու են աշխատել նրանց անհատական ծրագրերի իրականացման ուղղությամբ:


Եթե ցանկանում եք մասնակցել նախագծին, որպես ՋՈԿԱՏԱՎԱՐ, ապա լրացրե՛ք վերոնշյալ հայտաձևը(սեղմե՛ք «Հայտաձև» կոճակը) և ուղարկե՛ք այն tobe@yff.am էլ. փոստի հասցեին:
Աղբյուրը` armacad.blogspot.com

Ի գիտություն

Հարգելի՛ համալսարանականներ, հայտնում ենք ձեզ, որ «Ակունք» հոդվածների ժողովածուն ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում` իբրև գիտական ժողովածու և հրատարակվելու է տարին մեկ անգամ:

Աղբյուրը` www.boh.am

Բուհերի ինքնավարության և ֆինանսական կայունության հեռանկարները

2014թ. մարտի 6-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ATHENA»-«Աջակցություն բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունությանն ու ինքնավարությանը» ծրագրի հայաստանյան աշխատաժողովը, որին մասնաճյուղից մասնակցեցին տնօրեն Ս.Առաքելյանը, տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Ա.Մարգարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ Հ.Մարզպանյանը:

Ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և շնորհակալություն հայտնեց հյուրերին փորձի փոխանակման և Մայր բուհի հետ համագործակցության սերտ կապեր հաստատելու համար. «ԵՊՀ-ի և գործընկերների անունից պետք է նշեմ, որ հայաստանյան կրթական համակարգում կարևորվում է բուհերի ֆինանսական կայունության և ինքնավարության գործընթացը: ՀՀ բարձրագույն կրթական համակարգում այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել. մենք շատ խնդիրներ ենք հաղթահարել, բարդ, հետաքրքիր, բայց և միաժամանակ կորուստներով ու ձեռբերումներով լի ճանապարհ ենք անցել: Այսօր արդեն այդ ձեռքբերումներն ամրապնդելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է իրականացնենք»:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նույնպես կարևորեց միջոցառումը և նշեց, որ աշխատաժողովը թույլ կտա համալսարանական ինքնավարության և ֆինանսական կայունության նոր համակարգը Հայաստանում ճիշտ նախագծել ու արդյունավետ դարձնել:

«Ցավոք, մեր երկրում պետական ֆինանսավորումը կրթական, ինչպես նաև այլ բնագավառերնում մեծ թիվ չի կազմում, և հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս վիճակը՝ անիրատեսական է մոտ ապագայում սպասել այդ ցուցանիշների էական բարձրացմանը: Ուստի շատ կարևոր է այլընտրանքային տարբերակներ գտնել բուհերի ֆինանսական կայունության և ինքնավարության կայացմանը նպաստելու համար»,- ասաց Կարինե Հարությունյանը:

Ինքնավարությունն ու ֆինանսական կայունությունն անհրաժեշտ նախապայմաններ են համալսարանների առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու հարցում, ուստի բուհական կառավարման և ֆինանսավորման ոլորտներում բարեփոխումները բարձրագույն կրթական համակարգի արդիականացման կարևոր բաղադրիչներ են:

Եվրոպական համալսարանների ասոցիացիան, որը հանդիսանում է նախագծի ընդհանուր համակարգողը, ընդգրկուն գործունեություն է ծավալում բուհական ինքնավարության և ֆինանսավորման բնագավառներում՝ եվրոպական տարածաշրջանի բուհերի՝ նշված ոլորտներում առկա իրավիճակը բնութագրող տվյալների հավաքագրմամբ, վերլուծմամբ և հաջողված մոդելների նախանշմամբ: «ATHENA» նախագիծը նշված գործունեության բաղկացուցիչ մասն է՝ միտված Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում բարձրագույն կրթական համակարգերի բարեփոխմանը, զարգացմանն ու արդիականացմանը: Նախագծի նպատակն է եվրոպական առաջատար փորձի ներկայացմամբ աջակցել նշված ոլորտի բարեփոխման համակարգային քաղաքականության մշակմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

«ATHENA» հայաստանյան աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում մեկտեղելու բարձրագույն կրթության ոլորտի հայաստանյան շահառուներին (մասնավորապես բուհերի և ոլորտով զբաղվող պետական մարմինների ներկայացուցիչներին) և քննարկելու հանրապետությունում համալսարանական ինքնավարությանն ու ֆինանսավորմանն առնչվող խնդիրները:

Հաշվի առնելով Հայաստանում բուհական ինքնավարության ու ֆինանսավորման ներկա վիճակը՝ աշխատաժողովը նպատակ ունի նաև շահառուների միջև երկխոսության միջոցով ձևակերպել կառավարման, ինքնավարության և ֆինանսավորման բարեփոխումների հնարավոր ուղենիշները:

«ATHENA» ծրագիրն իրականացվում է «TEMPUS»-ի ֆինանսավորմամբ, Եվրոպական համալսարանների ընկերակցության (EUA-European Universties Association) ընդհանուր համակարգմամբ և Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի բուհերի մասնակցությամբ:

Եվրոպական համալսարանների ընկերակցության (EUA) կառավարման, ֆինանսավորման և հանրային քաղաքականության բաժնի վարիչ Թոմաս Էսթերմանն իր խոսքում նախ կարևորեց «TEMPUS» ծրագրի դերը Հայաստանի կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու գործում, որից հետո ներկայացրեց EUA-ի կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված եվրոպական բուհերին ինքնավարության և ֆինանսավորման հարցերում աջակցությանը:

«Նմանաբնույթ միջոցառումների միջոցով փորձում ենք զարգացնել դասավանդման և հետազոտական աշխատանքների ուղղությունները, որպեսզի համալսարանները կարողանան լավագույնս իրականացնել իրենց դերը հենց այս ճյուղերում: Կարևոր է ուսումնասիրել և նախանշել նաև այն ճանապարհներն ու մեթոդները, որոնց միջոցով բուհերը կկարողանան իրականացնել իրենց առաքելությունը»,- նշեց Թոմաս Էսթերմանը և հավելեց՝ քանի որ «ATHENA» ծրագիրը նախատեսված է 2012-2015 թթ. համար, ուստի պետք է անել հնարավորինը տվյալ ժամանակահատվածում հեռանկարային ծրագրեր ունենալու և ցանկալի արդյունքներ գրանցելու համար:

Աշխատաժողովի մասնակից միջազգային փորձագետները հայաստանյան մասնակիցների հետ քննարկեցին բարձրագույն կրթության արդիականացման ճանապարհին առկա մարտահրավերները և հնարավորությունները: Նրանք ներկայացնում էին Ավստիրայի հետազոտության և գիտության նախարարությունը, Գրացցի տեխնոլոգիական համալսարանը, Իտալիայի Տրենտոյի համալսարանը և Նորվեգիայի բուհերի ընկերակցությունը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ԿԳՆ բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ՀՀ այլ բուհերի և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովում ելույթներով հանդես եկան նաև Նորվեգիայի բուհերի ընկերակցության գլխավոր քարտուղար Օլա Սթեյվը, Ավստրիայի գիտության և հետազոտության հարցերի նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Էլիզաբեթ Ֆրայսմութը, Ավստրիայի Գրացցի տեխնոլոգիական համալսարանի ֆինանսների, հաշվապահական հաշվառման և վերահսկման վարչության պետ Մանուելա Գրոսսը և Իտալիայի Տրենտոյի համալսարանի ֆինանսական վարչության պետ Ալեքս Պելլականին:

Փորձագետներից յուրաքանչյուրը ներկայացրեց ինքնավարության և ֆինանսավորման բարելավման ուղղությամբ իրենց երկրների և հաստատությունների անցած ճանապարհը:

Բանախոսներն իրենց երկրների համալսարաններում ներդրած բարեփոխումների համակարգի հաջողված օրինակներով ներկայացրին ինքնավարության և ֆինանսավորման գործընթացները:

EUA-ի կառավարման, ֆինանսավորման և հանրային քաղաքականության բաժնի վարիչ Թոմաս Էսթերմանը հանդես եկավ ծավալուն զեկույցով հայաստանյան բուհերի կողմից նախապես իրականացված հետազոտության հիման վրա՝ գնահատելով մեր երկրի բուհական համակարգի ինքնավարությունը կազմակերպչական, ֆինանսական, ակադեմիական և աշխատակազմի համալրման ոլորտում:

Ծրագրի հայաստանյան համակարգողն է ԵՊՀ-ն, գործընկերներն են ԿԳՆ-ն, ՀՊՃՀ-ն, ԳՊՀ-ն, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը:

Աղբյուրը` www.ysu.am

Ուսանողական սպորտլանդիա` նվիրված Կանանց միջազգային օրվան

2014թ. մարտի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում կայացավ ուսանողական սպորտլանդիա, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվան:

Սպորտլանդիային մասնակցում էր 8 թիմ:

Խաղերն ընթացան համառ պայքարում:

Կիսաեզրափակիչ դուրս եկան «Կիրառական արվեստ I», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա I», «Անգլերեն լեզու և գրականություն I», « Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա II» թիմերը:

1-ին տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն I» թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց պատվոգրով և հուշանվերով:

2-րդ տեղը գրավեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա I» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ «Կիրառական արվեստ I» թիմը, որոնք պարգևատրվեցին պատվոգրերով:

Տեղի ունեցավ մասնաճյուղի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Նահապետյանի գրքերի շնորհանդեսը

2014թ. մարտի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ մասնաճյուղի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Ասքանազի Նահապետյանի գրքերի շնորհանդեսը:

Ռ.Նահապետյանը ծնվել է 1943թ. սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Գեղասար գյուղում: 1960թ. ավարտել է Նալբանդի (Շիրակամուտ) միջնակարգ դպրոցը: 1960-1962թթ. սովորել է Վանաձորի շինարարական տեխնիկումում: 1963-1967թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1970-1973թթ.` ԵՊՀ ասպիրանտուրան` «Ազգագրություն» մասնագիտացմամբ: 1986թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 2008թ.` դոկտորական ատենախոսություն: 2010թ. ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1967 թվականից աշխատում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, համատեղության կարգով` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: 1998-ից մինչև այսօր մասնաճյուղի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչն է, 2000-2004թթ. եղել է նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան: Հրատարակել է երեք բուհական ձեռնարկ` 2008թ. «Ազգագրություն. Ուսումնամեթոդական ուղեցույց», 2009թ.` «Հայոց սոցիոնորմատիվ մշակույթ». մաս 1, 2010թ.` «Հայ ազգագրության պատմություն. Հնագույն և հին սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները հայերի և Հայաստանի մասին». Մաս 1` ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված:

Հրատարակել է շուրջ 100 ուսումնական և գիտական ուսումնասիրություններ: 2004թ. հիմնել է «Արևմտահայերի էթնոմշակութային բնութագիրը» խորագրով գիտական հրապարկումների շարք: Հրատարակել է  «Աղձնիքահայերի ընտանիքը և ընտանեկան ծիսակարգը» (2004), «Աղձնիքահայերի ամուսնահարսանեկան սովորույթներն ու ծեսերը» (2007), 2011թ.` «Աղձնիքահայերի մանկածնության և մանկան խնամքի սովորույթներն ու ծեսերը», 2012թ.` «Հայոց ազգակցական համակարգը` (XIX դ. երկրորդ կես – XX դ. սկիզբ)» պատմաազգագրական ուսումնասիրությունները: 2013թ. «Հայ մատենագիրը» շարքից հրատարակել է «Ազգագրական տեղեկությունները Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» երկում» ուսումնասիրությունը:

Ավելի քան 45 տարվա գիտամանկավարժական և գիտամասսայական մշակութային բեղմնավոր գործունեության համար պարգևատրվել է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության (1967), ԵՊՀ ռեկտորատի կողմից (2009) պատվոգրերով, ՀՀ նախագահի շնորհակալագրով (2009թ. դեկտեմբերի 10, Երևան, թիվ 423), 2011թ. ՀՀ Տավուշի մարզպետի շնորհակալագրով` Տավուշի մարզի կրթական համակարգում ցուցաբերած անգնահատելի ծառայությունների համար: Պարգևատրվել  է նաև Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով,  ծննդյան 70-ամյակի և գիտամանկավարժական գործունեության 45-ամյակի առթիվ` ԵՊՀ հուշամեդալով (2013):

Մասնաճյուղում պրոֆեսոր Նահապետյանի գրքերի շնորհանդեսի ժամանակ երախտիքի և արժևորման խոսք ասացին մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Վ.Ալեքսանյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, տեխն. գիտ. թեկն., դոցենտ Կ.Այվազյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկն. Ա.Սարհատյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ա.Հովակիմյանը:

Ի պատասխան` Ռ.Նահապետյանը նշեց. «Մասնաճյուղում անցկացրած 16 տարիները իմ կյանքի ամենաերջանիկ, բայց միևնույն ժամանակ ամենատքնաջան տարիներն են: Իջևանը Հայաստանի ամենագողտրիկ, ամենաինտելեկտուալ տարածքն է: Ես պարտական եմ այս հողին. այն կենարար ազդեցություն է ունեցել իմ գիտամանկավարժական գործունեության վրա»:

Դիմելով մասնաճյուղի ուսանողությանը` վաստակաշատ ազգագրագետը շեշտեց, որ նրանց մեջ կա այն պոտենցիալը, որը պատիվ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև Հայաստանի Հանրապետությանը: