Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ջուրը կյանք է» լուսանկարների ցուցահանդես-մրցույթ

ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
 20 մարտ, 2014թ.

«Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում SPRING PR-ընկերությունը, «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը հայտարարում են «Ջուրը կյանք է» թեմայով լուսանկարների ցուցահանդես մրցույթ:

Նկարների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է: Արդյունքները կամփոփվեն մարտի 20-ին Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում: Մրցույթի արդյունքների հայտարարման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին, «Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում կայանալիք ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում:

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լուսանկարներն ուղարկել erkrabanakantangaran@mail.ru էլ. հասցեին` նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Լուսանկարների բարձր որակը ցանկալի է:

Մրցույթի լավագույն հինգ լուսանկարները կպարգևատրվեն նախագծի կազմակերպիչների և աջակիցների կողմից:

Մրցույթի պահանջները`
– Չլինեն համացանցից վերցված նկարներ,
– Փոքրիկ ինֆորմացիա նկարի և հեղինակի մասին՝ որտեղ և ում կողմից է արված,
– Նկարները կարող են արտահայտել ջրի բոլոր վիճակները (հեղուկ, պինդ և գազային):

Մանրամասների համար դիմել Երկրաբանական թանգարան` ք. Երևան, Բաղրամյան 24ա հասցեով:
Հեռ.՝ (010) 58-29-36,
Էլ. հասցե՝ erkrabanakantangaran@mail.ru
Աղբյուրը` youthcanal.do.am

Քշիշտոֆ Սկուբիշևսկու անվան կրթաթոշակ և գիտական դրամաշնորհ 2014/2015 ուստարում

Քշիշտոֆ Սկուբիշևսկու անվան կրթաթոշակը և գիտական դրամաշնորհները նախատեսված են Կենտրոնական Եվրոպայի, Բալկանների, Մերձբալթյան երկրների, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի և Կովկասի երկրների թեկնածուների համար:

Կրթաթոշակի շրջանակներում 2014/2015 ուսումնական տարում դիմորդներին հնարավորություն է ընձեռվում անցնելու մեկ ուսումնական տարի տևողությամբ անհատական գիտական վերապատրաստում Վարշավայի համալսարանում (կամ Լեհաստանում այլ ուսումնական հաստատությունուն)` իրավունքի, քաղաքագիտության և նորագույն պատմության բնագավառներում:

Գիտական դրամաշնորհի շրջանակներում թեկնածուին հնարավորություն է ընձեռվում անցնելու եռամսյա կամ ավելի կարճ վերապատրաստում` կրթաթոշակային ծրագրում առաջարկված նպատակներով և հիմունքներով:

Ծրագրին ծանոթանալու և դիմում հայտերի ներկայացման մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կգտնեք Քշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հիմանդրամի պաշտոնական կայքէջում:

Դիմում հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2014թ. ապրիլի 7-ն է:

Աղբյուրը` youthcanal.do.am

Ընտրվեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նոր նախագահ

2014թ. մարտի 4-ին տեղի ունեցան Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները:

Մասնակցում էին Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վահագն Չոբանյանը, ՈՒԽ-ի նախագահ Վարդան Եգանյանը, Ուսանողական խորհրդի անդամներ:

Ընտրություններին հայտագրված էր 21 ուսանող, որոնցից ներկա էին 19-ը:

Առաջադրվել էր միայն մեկ թեկնածու՝ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրսի ուսանող Ռազմիկ Հովսեփյանը:

Ընտրությունների արդյունքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Ռազմիկ Հովսեփյանը:

«ՏԱՎՈՒՇ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2014թ. մարտի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի առաջին հանդիպումը, որին հրավիրված էր նաև Մակարավանքի հոգևոր հովիվ Հայր Սամվել Մխիթարյանը:

Նախ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց ակումբի անդամներին, ևս մեկ անգամ շեշտեց ռազմահայրենասիրական ակումբի կարևորությունը` ուսանողների մեջ հայրենասիրական ոգին բարձր պահելու իմաստով: Նա նշեց, որ այսուհետև մասնաճյուղի «Վազգեն Սարգսյան» և «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակները կտրվեն ակումբի բարձր առաջադիմություն ունեցող անդամներին:

 Տնօրենն ասաց, որ ակումբը պետք է մեծ տեղ հատկացնի ուսանողների քրիստոնյա դաստիարակությանը, հայոց եկեղեցուն, որը մեր պետականության բացակայության պայմաններում անփոխարինելի դեր է ունեցել ազգապահպանման գործում:

Ապա ելույթ ունեցավ Հայր Սամվելը` մասնավորապես նշելով, որ շատ ողջունելի է ռազմահայրենասիրական ակումբի ստեղծումը մասնաճյուղում, կարևորեց ակումբում աղջիկների` որպես մեր ապագա մայրերի առկայության փաստը, տվեց իր օրհնությունը:

Ակումբի առաջին հանդիպումն ավարտվեց տերունական աղոթքով:

Զեկուցում կարդաց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը

2014թ. մարտի 3-ին` Հր. Մաթևոսյանի ծննդյան 79-ամյակի կապակցությամբ,    ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում գիտական զեկուցում կարդաց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը:

Ներկա էին ամբիոնի դասախոսներ, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Ա.Մարգարյանը, գիտական քարտուղար Մ.Աթոյանը, Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակը»: Ներկայացված թեման հետաքրքիր էր և արդիական:

Զեկուցումն ուղեկցվեց «Աշնան արև» ֆիլմի բնորոշ դրվագների ցուցադրությամբ:

Վերջում իր տպավորություններն արտահայտեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը` ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը: