Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Միացե՛ք Ջահերով երթին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Կոչ ենք անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։

Երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակից ապրիլի 23-ին՝ ժամը 19:30-ին։

Փետրագնդակի բաց առաջնություն

2014թ. ապրիլի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ փետրագնդակի բաց առաջնություն, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Նպատակն էր ընտրել լավագույններին, որոնք ապրիլի 28-29-ին կմասնակցեն Երևան քաղաքի բաց առաջնությանը և մայիսի 7-9-ին` Հայաստանի պատանեկան առաջնությանը:

Փետրագնդակի բաց առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և մարզադպրոցի սաներ:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական կարգով:

16 մասնակիցներից իրենց գեղեցիկ խաղով աչքի ընկան մարզադպրոցի սաներ Աննա Մանուչարյանը, Սվետա Բախչագյուլյանը, Էմիլիա Փայտյանը, «Սերվիս» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը:

I տեղ գրավեց Աննա Մանուչարյանը:

II տեղ գրավեց Անի Դավթյանը:

III տեղը զբաղեցրեց Էմիլիա Փայտյանը:

Ուսումնական պրակտիկա Դիլիջանում

Օրերս Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները   ուսումնական պրակտիկայի  ծրագրի շրջանակներում ուղևորվեցին  Դիլիջան և Հաղարծնի վանք:

Առաջին այցը եղավ հայտնի հայ գործարար Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրած «Հին Դիլիջան» («Old Dilijan») հյուրանոցառեստորանային համալիր։ Հայ-վրացական հին Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով այս համալիրը գտնվում է Շարամբեյան փողոցում (նախկինում՝ Քյարամի քուչա)։ Վայրը նախկինում  կոչվել է ոմն Քյարամա  կույր ծերունու  անունով, որը ոտնաձայներով է  ճանաչել  տեղի բոլոր  բնակիչներին։

Մեր ուսանողները ծանոթացան համալիրում մատուցվող սոցիալ-մշակութային ծառայություններին: «Հին Դիլիջան» հյուրանոցառեստորանային համալիրը բաղկացած է բազմաթիվ կառույցներից՝ հացատուն, գինետուն, «Հայկանուշ» ռեստորան, հյուրանոցային համարներ, երեքից ավելի հուշանվերների վաճառասրահներ` փայտամշակման, բրուտագործական  անկյուններով  և այլն։ Ուսանողները մեծապես տպավորված էին Եսայան թանգարանում ներկայացված հին հայկական ու վրացական կենցաղը բնութագրող ցուցանմուշներով` հատկապես գորգերով։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդ  օրը  համալիր էր այցելել  նաև համալիրի  հիմնադիր, մեծ գործարար Ջեյմս Թուֆենկյանը։

Հաջորդ այցը նախատեսված էր Հաղարծնի վանական համալիր։ Վերակառուցված վանական համալիր շրջայցի ընթացքում մեր ուսանողները ծանոթացան ճարտարապետության նորամուծություններին։

Ուղևորությունը բավականին տպավորիչ էր, հետաքրքիր և ուսանելի։

Հավաք-քննարկում` «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով

«Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով 2014թ. ապրիլի 22-ին ժամը 14:00 -ին կազմակերպում է հավաք-քննարկում: Միջոցառմանը մասնակցելու են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողությունը, ՀՀ ՊՆ սպաներ, ժամկետային զինծառայողներ և ազատամարտիկներ:

Զեկուցումների թեմաները`

  • Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն.
  •  Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում.
  •  Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց.
  •  Թուրքիայի դերակատարությունը հայ -ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում.

Հավաք-քննարկումը անց է կացվելու մասնաճյուղի մեծ դահլիճում`  դասախոսության և հարց ու պատասխանի ձևով:

Մասնակցել ցանկացողներն իրենց տվյալները կարող են ուղարկել acdp.ngo@yandex.com էլ. փոստին:

ԿԱԶՄ. ԽՈՒՄԲ

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է գրադարանի վարիչ Նելլի Ստեփանյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով քաջառողջություն, հաջողություն և անսպառ եռանդ: