Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ և Երևանի կոնյակի գործարան

2014 թ. ապրիլի 15-ին Տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները ճանաչողական պրակտիկայի շրջանակներում այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ և Երևանի կոնյակի գործարան:

Ուսանողները  հետաքրքրված էին դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ։

Շրջայցի ընթացքում բանկի մասնագետները ներկայացրին ԿԲ-ի հիմնադրման և զարգացման պատմությունը, ՀՀ ԿԲ-ի և ՀՀ առևտրային բանկերի միջև առկա հարաբերությունները, բանկային համակարգում Կենտրոնական բանկի դերը, դրամի պատմությունը, ԿԲ-ում շրջանառվող պարտատոմսերը, մուրհակները, չեկերը և այլ արժեթղթեր:

Ուսանողները ծանոթացան դրամի ստեղծման փուլերին, տեխնոլոգիային, կատարեցին փորձեր դրամանիշերի ստուգման լաբորատորիայում, դիտեցին ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմ:

Այցելությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով: Ճիշտ պատասխանների համար ուսանողները ստացան անվանական տետրեր, իսկ այցելության վերջում բոլոր ուսանողներին տրվեցին նվերներ:

Հաջորդ այցելությունը Հայաստանի կարևոր խորհրդանիշներից և մշակութային արժեքներից մեկն էր` Երևանի կոնյակի գործարանը:

 

Շրջայցի ընթացքում ժամանակակից տեխնիկական միջոցներով պատրաստված առանձին ցուցասրահներում ուսանողներին 3D լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութերով ներկայացվեց «ArArAt» կոնյակի պատմությունը, արտադրության գործընթացը և այլն:

Մասնակիցները  ծանոթացան հնեցման գործընթացին, դիտեցին տարբեր երկրների նախագահների անվանական տակառները:

Ուսանողները կանգ առան նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին` ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Որոշված է Խաղաղության տակառը բացել այն ժամանակ, երբ կկարգավորվի Արցախյան հակամարտությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից ուսանողները գրառում կատարեցին  Խաղաղության տակառի մոտ:

Մասնակիցները ծանթոցան նաև թանգարանում պահվող պատմական մեծ արժեք ունեցող ցուցանմուշներին (սկսած 1887 թվականից), տարբեր ժամանակներում հայկական կոնյակի ստացած մեդալներին, պատմական լուսանկարներին:

«Օրանժ» հիմնադրամը մասնաճյուղի մի քանի ուսանողների տրամադրեց կրթաթոշակներ

2014թ. ապրիլի 14-ին ԵՊՀ  Իջևանի  մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Օրանժ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի և հիմնադրամի մի քանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակը Հայաստանի համալսարանների հետ համագործակցության շրջանակներում «Օրանժ» հիմնադրամի կողմից մասնաճյուղի մի քանի ուսանողների կրթաթոշակներ հանձնելն էր: 2013-2014  ուսումնական տարվա ընթացքում Orange-ը նախատեսել էր աջակցել Երևանի և մարզերի 9 համալսարանների 96 ուսանողի՝ այս նպատակին հատկացնելով 10 000 000 ՀՀ դրամ:

Կրթաթոշակ ստանալու համար ուսանողներն ընտրվել էին մասնաճյուղի առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա՝ ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ:

«Օրանժ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ԵՊՀ ԻՄ-ի 12 ուսանողների հանձնեց կրթաթոշակներ` շնորհավորելով նրանց:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը,  շնորհակալություն հայտնելով «Օրանժ» հիմնադրամին, հույս հայտնեց վերջինիս հետ մասնաճյուղի հետագա համագործակցության մասին:

Հանդիպման վերջում տնօրենը ուսանողներին կոչ արեց լավ սովորել` մատնանշելով, որ բարձր առաջադիմության ձգտումը խրախուսվում է:

Սեղանի թենիսի բաց առաջնություն

2014թ. ապրիլի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որին մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ավագ դպրոցի և մարզադպրոցի սաներ:

Այն կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական կարգով:

Գեղեցիկ խաղով աչքի ընկան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանող Հայկազ Ստեփանյանը, «Սերվիս» մասնագիտության II կուրսի ուսանող Սամվել Ոսկանյանը, Հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության II կուրսի ուսանող Վրեժ Սարհատյանը և «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության III կուրսի ուսանող Կարեն Աթոյանը:

Եզրափակիչում հանդիպեցին Հայկազ Ստեփանյանը և Վրեժ Սարհատյանը:

I տեղ գրավեց Վրեժ Սարհատյանը:

II տեղ գրավեց Հայկազ Ստեփանյանը:

III տեղի համար մրցեցին Կարեն Աթոյանը և Սամվել Ոսկանյանը: Հաղթեց Կարեն Աթոյանը` գրավելով III տեղը:

Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, I տեղ գրաված Վրեժ Սարհատյանը` նաև հուշանվերով:

Անցկացվեց «Քրիստոնեական բարոյականության արժեքային համակարգը» թեմայով բաց դաս

2014թ. ապրիլի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ «Քրիստոնեական բարոյականության արժեքային համակարգը» թեմայով բաց դաս, որը վարեց Պատմության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Ազատի Զորոյանը:

Ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հյուրեր:

Բաց դասի թեման շատ հետաքրքիր էր և արդիական, ներառում էր այսպիսի ենթաթեմաներ` «Տաբու (արգելք)», «Իրավունք թե՞ բարոյականություն», «Տասը պատվիրաններ», «Ոսկե կանոն» և այլն:

Դասի վերջում ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց Հ.Զորոյանը հանգամանորեն պատասխանեց: Այն հարցի կապակցությամբ, թե ինչու է կինն արարչագործության պսակի վերնապսակը, Հ.Զորոյանը մասնավորապես նշեց. «Եթե Ադամի արարման համար իբրև նյութ օգտագործվեց չմշակված հողը, ապա կնոջ պարագայում որպես նյութ ծառայում է արդեն արարված, ընդ որում` արարման պսակ հանդիսացող մարդը: Եվան քնքուշ է ու նրբին, առանց այդ քնքշության, նրբության և գեղեցկության, սերը, որով պիտի լցվեր ողջ իրականությունը, միանգամից ավարտուն ձևով չէր ստացվի: Գորշ հողն անբավարար էր արտահայտելու այն ամենայն գեղեցկությունն ու նրբությունը, որը կոչվելու էր կին քնքշանքի, սիրո և ոգեշնչման աղբյուր: Ասել կուզի` բուն աստվածաշնչական վարդապետության համաձայն` կինն արարչագործության պսակի վերնապսակն է»:

Պատմության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Զորոյանի կողմից նախատեսված բաց դասերի շարքի առաջին դասը հաջողությամբ կայացավ:

Ընտրվեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ

 2014թ. ապրիլի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ  մասնաճյուղային ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն:

Առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Գրիգորյանի թեկնածությունը:

Ընտրությանը մասնակցում էին մասնաճուղի Ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահները, ուսանողներ:

Ձայների 21 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ ընտրվեց Գոհար Գրիգորյանը: