Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

“Քրիստոնեական բարոյականության արժեքային համակարգը” թեմայով բաց դաս

2014թ. ապրիլի 11-ին` ժամը 14:20-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի կունենա բաց դաս` “Քրիստոնեական բարոյականության արժեքային համակարգը” թեմայով:

Բաց դասը կվարի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Ազատի Զորոյանը:

2014 թվականի III եռամսյակի դրամաշնորհային ծրագերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ

Հարգելի գործընկերներ,

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2014 թվականի երրորդ եռամսյակի հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ:

Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Ա», «Բ» «Գ» և «Դ» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ Ձեր ծրագրի բնույթին համապատասխան:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի մայիսի 4-ը ներառյալ:
Ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան ներկայացման վերջնաժամկետից 65 օր հետո, իսկ ավարտը ոչ ուշ քան 2014 թվականի դեկտեմբերի 15-ը:

Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ինչպես նաև ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ ներկայացված ծրագրերը հետ կվերադարձվեն հայտատուներին:
Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից: 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք Սիսիան քաղաքում կազմակերպվող ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ ևս կկիրառվի 1.1 գործակից:
Ծրագրի նախահաշիվը կազմելիս անհրաժեշտ է ոչ միայն լրացնել առցանց բաժինը, այլ նաև կցել ներկայացվող ձևը` լրացնելով unicode տառատեսակով:

Նախահաշիվը կազմելիս պետք է առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարի 13 հուլիսի 2013 թվականի N 573-Ա հրամանով (http://gnumner.am/download/50810.html) սահմանված նորմերով:

Հատուկ հիշեցում՝ ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ ծախսեր:
Ծրագրի ֆինանսական հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն սահմանված ձևի (կցվում է):

Ուշադրություն՝
Դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի 2014 թ. փետրվարի 24-ին կայացած նիստի որոշմամբ՝

1.Յուրաքանչյուր եռամսյակում միևնույն կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման նպատակով կարող է ներկայացվել միայն մեկ ծրագիր:

2. Յուրաքանչյուր եռամսյակում ֆիզիկական անձը կարող է հանդիսանալ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ներկայացրած միայն մեկ ծրագրի պատասխանատու կամ համակարգող:

3. Սկսած 2014 թվականի 2-րդ եռամսյակից, յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ծրագիր ներկայացնել ոչ շուտ, քան նախորդ եռամսյակում իր ծրագրի ֆինանսավորվելուց 12 ամիս հետո:

Ծրագրային հայտերի լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, հեռ. (077) 10-45-47:

ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.

1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:

2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Ուղևորության» և «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:

3. Հատուկ ծրագեր. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարող է հայտարարել հատուկ դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ, ելնելով ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության գերակայություններից, ֆինանսավորման չափը` մինչև 3,5 մլն. դրամ:

Աղբյուրը` www.cragrer.am

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքն ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:
Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ` շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին:
Յուրաքանչյուրիս համար  մայրական աղոթքով ու օրհնանքով է  սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը:
Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը:
Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի  հմայք ու գեղեցկություն:
Եղեք սիրված և միշտ ժպտացեք:

Եվրոպական միության պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2014թ. մարտի 28-ին Եվրոպական միության պատվիրակության մարզային այցելությունների շրջանակում մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպեցին պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսը, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքը, ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը և պատվիրակության աշխատակից Բեն Քենարդը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Վարդան Ալեքսանյանը:  Նա միջազգային պատվիրակներին համառոտ ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը, խոսեց գործող մասնագիտությունների մասին, ընդգծեց մասնաճյուղի դերը ինչպես կրթության, այնպես էլ ժողովրդագրության տեսանկյունից: Վ.Ալեքսանյանը կարևորեց նաև պատվիրակության այցը մասնաճյուղ` շեշտելով, որ ՀՀ-ի համար կարևոր  է բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը, իսկ Եվրոպան շարունակում է մնալ որպես դեմոկրատական արժեքների ջահակիր:

Հանդիպման ընթացքում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ փոքրածավալ դասախոսությամբ, խոսեց ԵՄ Արևելյան գործընկերության մասին: Դեսպանը նշեց, որ ԵՄ և ՀՀ միջև հարաբերությունները սկսվել են կայուն կերպով զարգանալ 1990-ական թվականների սկզբից: ԵՄ-Հայաստան համագործակցությունն ակնհայտ կերպով  ամրապնդվեց 2006թ. նոյեմբերին հաստատված ԵՀՔ Գործողությունների ծրագրի ընդունումից հետո: Հիշեցրեց, որ  ԵՄ-Հայասատան հարաբերությունների հիմքում  ընկած է Գործընկերության և համագործակցության համաձայնագրով նախանշված ժողովրդավարության, շուկայական տնտեսության, միջազգային իրավունքի սկզբունքների ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Տրայան Հրիսթեան համառոտ ներկայացրեց Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունը, գործնական ձեռքբերումները:

Վերջում դեսպանը պատասխանեց ուսանողների  և դասախոսների հարցերին, շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակությանը հյուրընկալելու համար:

Մասնաճյուղից հյուրերը հեռացան նորից հանդիպելու ակնկալիքով:

«Սասունցի Դավիթ էպոսը որպես հայ մարդու հոգեվիճակ` արտացոլված հեղինակի նկարազարդումներում» թեմայով բաց դաս

2014թ. ապրիլի 9-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի կունենա բաց դաս` «Սասունցի Դավիթ էպոսը որպես հայ մարդու հոգեվիճակ` արտացոլված հեղինակի նկարազարդումներում» թեմայով:  Դասը կվարի Գծանկար, գունանկարի ամբիոնի ասիստենտ,  ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանը: