Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում

2014թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Խաչատուր Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ Խ. Վարդանյանը` ընդհանուր գծերով անդրադառնալով Համո Սահյանի բանաստեղծական ժողովածուներին («Որոտանի եզերքին» (1946), «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» ժողովածուն (1972), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986), «Ինձ բացակա չդնեք» (1998), նրանցում արտահայտված հիմնական մոտիվներին:

Այնուհետև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները ներկայացրին Հայաստանի, հայրենի բնաշխարհի, սիրո, մարդկային դրամատիկ ապրումների թեմաներով Համո Սահյանի խորունկ բանաստեղծությունները («Հայաստան ասելիս», «Անունդ տալիս», «Մեր լեզուն», «Օրը մթնեց», «Քեզ մեղա», «Դու իմ կյանքն էիր», «Աշխարհի ցավը քո մեջ», «Այս ի՞նչ է կատարվել աշխարհում», «Ինձ բացակա չդնեք» …):

Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Խ.Վարդանյանը, բ.գ.թ., ասիստենտ Ա.Հասանյանը` ընդծգելով, որ երբևէ առիթը բաց չպիտի թողնել հիշելու և մեծարելու դարերի իմաստությունն իրենց մեջ ամբարած մեր մեծ փլիսոփա-բանաստեղծներին` մասնավորապես Համո Սահյանին:

 

Կայացավ «Լեզվի իմացության սահմաններն են որոշում մեր աշխարհի սահմանները» խորագրով միջոցառումը

2014թ. սեպտեմբերի 26-ին` Եվրոպական լեզուների միջազգային օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Լեզվի իմացության սահմաններն են որոշում մեր աշխարհի սահմանները» խորագրով միջոցառում:

Այն կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Շուշանիկ Գրիգորյանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողները:

«Լեզվի իմացության սահմաններն են որոշում մեր աշխարհի սահմանները» խորագրով միջոցառման ընթացքում ներկայացվեցին աշխարհի տարբեր լեզվաընտանիքներին պատկանող 13 լեզուներ (լատիներեն, չինարեն, կորեերեն, հնդկերեն, ռուսերեն, ուկրաիներեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, հունարեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն):

Ուսանողները ներկայացրին տարբեր լեզվամշակութային խորհրդանիշներ, որոնք ամփոփված էին տվյալ երկրների օրհներգերում, դասականների գրական ստեղծագործություններում: Ելույթներն ուղեկցվում էին համապատասխան շնորհանդեսներով:

Միջոցառումը բավականին հետաքրքիր էր և ուսանելի: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ. Ալեքսանյանը, Օտար լեզուների, հայոց լեզվի և գրականության ամբիոնների դասախոսներ:

ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությունը  վերանվանվեց «Հոգեբանություն»


2014թ. սեպտեմբերի 25-ին Մայր բուհում կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս ուստարվա անդրանիկ նիստը՝ օրակարգային 7 հարցերով:

2014-2015 ուստարվա 1-ին կիսամյակի ժամանակացույցի հաստատումից հետո գիտխորհուրդն անցավ հաջորդ ուստարվա բակալավրիատի ընդունելության մասնագիտությունների ցանկի հաստատմանը: Հաջորդ տարի ընդունելությունն իրականացվելու է 53 մասնագիտությունների գծով՝ ի տարբերություն այս տարվա 55-ի:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էլ թեպետ թափուր տեղեր են մնացել, այնուամենայնիվ բոլոր մասնագիտությունները լրացվել են, և հաջորդ ուստարվա ընդունելության համար մասնագիտությունների ցանկը մնում է անփոփոխ: Գիտխորհրդի որոշմամբ՝ միայն մասնագիտություններից մեկը՝ «Մանկավարժություն և հոգեբանություն»-ը վերանվանվեց «Հոգեբանություն»:

«Մենք պետք է հարցին իրատեսորեն մոտենանք: Տեսնելով, որ մրցակցությունն ուժեղանում է վերջին տարիներին, պետք է լուրջ ուշադրություն դարձնենք նաև ավագ դպրոցների հետ աշխատանքին»,- այս ուստարվա ընդունելությունն ամփոփեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

ԵՊՀ գիտխորհուրդը որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարեց ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում: Դրանք պայմանավորված էին «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում հունիս ամսին կատարված փոփոխություններով: Ըստ այդմ՝ ուսանողական վարձերի ընդհանուր գումարի 7%-ի չափով բուհը պարտավոր է կատարել զեղչեր: Ընդհանուր առմամբ համալսարանական կանոնակարգը համապատասխանեցվել է օրենքին: Այն քննարկվել և հավանության է արժանացել նաև գիտխորհրդի կանոնակարգային հանձնաժողովում:

Նիստի ընթացքում հաստատվեց նաև ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի կանոնադրությունը: Ի դեպ, կենտրոնի ստեղծման մասին որոշումը գիտխորհուրդը կայացրել է բոլորովին վերջերս:

Օրակարգային հարցերից մեկն էլ ԵՊՀ ասպիրանտի/հետազոտողի և գիտական ղեկավարի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևանմուշի հաստատումն էր: Դա անհրաժեշտ է ամբիոն-ասպիրանտ-Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին հարաբերությունները կանոնակարգելու համար: Քննարկումից հետո, սակայն, գիտխորհուրդը որոշեց այդ հարաբերությունները կարգավորել ոչ թե պայմանագրի, այլ  ռեկտորի հրամանի միջոցով, որում հստակ ձևակերպված կլինեն բոլոր կողմերի պարտականությունները:

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի իրականացման՝ 2013-2014 ուստարվա 2-րդ կիսամյակի և 2011-2014 թթ. արդյունքների մասին հաղորդումը ներկայացրեց Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:

Այս կիսամյակում պարտադիր դասընթացներին մասնակցել է 1047 ունկնդիր, ովքեր ընդհանուր առմամբ հավաքել են 2312 կրեդիտ: Ընդհանուր կրթական կառուցամասում ունկնդիրների թիվը եղել է 2023, ովքեր հավաքել են 3993 կրեդիտ, իսկ հետազոտական-մեթոդական կառուցամասին մասնակցել են 397 դասախոսներ, ովքեր ներկայացրել են 1685 աշխատանք և հավաքել 3642 կրեդիտ: Հիշեցնենք, որ դասախոսների որակավորման բարձրացման ծրագրին մասնակցում  է ԵՊՀ հիմնական դասախոսական կազմը:

Գիտխորհուրդը հաստատեց նաև անվանական կրթաթոշակ ստացող 46 ուսանողների ցանկը:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեց և հավանության արժանացավ ԵՊՀ-ում ձեռներեցության զարգացման կենտրոն ստեղծելու առաջարկը, որը խթանելու է ուսանողների ձեռներեցությունը:

«Հատկապես բնագիտական թևի ֆակուլտետներում ուսանողները կարող են ունենալ հետաքրքիր գաղափարներ, որոնք որոշակի շղթա անցնելուց հետո կարող են դառնալ բիզնես նախագծեր՝ Start up-ներ: Այսօր ՏՏ ոլորտում գործող հսկաներից շատերը եղել են ուսանողական նախագծեր»,- ասում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Աղբյուրը` ysu.am

«Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա» առարկաների նախապատրաստական դասընթացներ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետը կազմակերպում է նախապատրաստական  դասընթացներ` երեք առարկաների գծով («Գունանկար», «Գծանկար», «Կոմպոզիցիա»):

Դասընթացներն սկսվում են հոկտեմբերի 15-ից:

Նախապատրաստական դասընթացները վարում են մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի առաջնակարգ և փորձառու դասախոսները:

Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները պատրաստ կլինեն դիմելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ` «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտություններով:

Մինչև նոյեմբերի 1-ը դասընթացները կլինեն անվճար, իսկ այնուհետև յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը կլինի ընդամենը 5000 (հինգ հազար) դրամ:

Մասնակցության համար կարող եք մինչև հոկտեմբերի 13-ը` ժամը 10:00-17:00-ն, դիմել ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետ:

Հեռախոս` 093557199, 093206505

Սեմինար-դասընթաց` «ՎԱՃԱՌՔԻ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» թեմայով

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Ayvazyan & Partners» բիզնեսի կառավարման ընկերության հետ համագործակցության շրջանակներում 2015թ. փետրվարի 26-ից 28-ը կազմակերպում է 3-օրյա անվճար սեմինար-դասընթաց` «Վաճառքի պրակտիկ հմտությունները Հայաստանում» թեմայով:

Սեմինարի ընդհանուր նկարագիրը

  • Գրագետ վաճառքի տեխնիկայի կիրառումը ՀՀ-ում
  • Ինչպես հասնել զգալի վաճառքի աճի
  • Ինչպես հաղթահարել մերժումները
  • Վաճառքի պրակտիկ հնարքներ Հայաստանում
  • Ինչպես է կազմակերպվում վաճառքը հայկական ընկերություններում
  • 7 հաջողակ վաճառքի մեթոդ Հայաստանում

Սեմինարի նպատակը

Սեմինարի նպատակն է ապահովել պրակտիկ, տեխնիկական գիտելիքներ
վաճառքների վերաբերյալ:

Սեմինարի ձևաչափը

Սեմինարն ինտերակտիվ է, իր մեջ ներառում է պրակտիկ օրինակներ նաև դերային

խաղեր: Մասնակիցների թիվը` 30 :

 

Մասնակցության կարգը

Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեով` acc@ysu.am:
Սեմինարը կվարի «Ayvazyan & Partners» բիզնեսի կառավարման ընկերության կառավարող գործընկեր, բիզնես փորձագետ Վահե Այվազյանը:

Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Լրացուցիչ տեղեկություններ

Տևողությունը 3 օր` (1 դասաժամ տևողությամբ): Սեմինարը տեղի կունենա ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկի միջոցառումների դահլիճում, ժամը՝ 14:30-ից 15:30-ին: Դասընթացի լեզուն` հայերեն:

Դիմում հայտերի վերջնաժամկետն է 2014 թ-ի փետրվարի 25-ը: