Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը ուսխորհրդի անդամների հետ

 

 

2014թ. սեպտեմբերի 9-ին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպում ունեցավ ուսխորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև իրավախորհրդատու, Ուսանողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ա.Հովհաննիսյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը, Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

Տնօրենը բարի գալուստ մաղթեց ուսխորհրդի շարքերը նոր համալրած առաջին կուրսեցիներին, ուսանողներին կոչ արեց լինել ավելի ակտիվ, նախաձեռնող, նպատակասլաց, հաճախակի կազմակերպել միջոցառումներ, գիտաժողովներ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր:

Պարոն Առաքելյանն իր խոսքում ընդգծեց, որ համալսարանը ուսանողներին ինքնադրսևորվելու մեծ հնարավորություն է տալիս, ուսանողական ինքնակառավարման կառույցները յուրօրինակ փորձաքար են մեծ կյանքում լիարժեքորեն դրսևորվելու համար:

Հանդիպման ընթացքում նաև ուսանողներն առաջադրեցին իրենց հուզող հարցերը, ներկայացրին ուսանողական կյանքին, դասերին առնչվող խնդիրներն ու առաջարկները:

«Արդիականության մարտահրավերները. փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողով

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու «Արդիականության մարտահրավերները. փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին և կկայանա 2014թ. հոկտեմբերի 10-12-ը Երևանում:

Գիտաժողովի հետաքրքրության շրջանակում ընդգրկված են հետևյալ հիմնախնդիրները.

  • Գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության հարցեր
  • Սոցիալական կառուցարկում և կյանքի մշակույթ
  • Արդիականության պարադոքսները փիլիսոփայական անդրադարձներում
  • Փիլիսոփայության պատմության հետազոտության արդի խնդիրներ
  • Սոցիալ-հոգեբանական և ախտահոգեբանական արդի մարտահրավերներ
  • Անձը սոցիոմշակութային դաշտում. արժեքային կողմնորոշումներ
  • Տարիքային ճգնաժամեր և հոգեբանական խորհրդատվության մոտեցումներ
  • Հոգեբանական տեխնոլոգիաների մշակման և ներդրման ժամանակակից միտումներ
  • Ցեղասպանություն. հոգեբանական և փիլիսոփայական անդրադարձեր

Հավելյալ տեղեկատվություն

Աղբյուրը` http://armscoop.com

Հոգեբանության դոկտոր Անի Քալայջյանը դասընթաց անցկացրեց մասնաճյուղում

2014թ. սեպտեմբերի 2-ին մասնաճյուղում «Տագնապների հաղթահարում, վերափոխում և կանխարգելում խորագիտության և զգայական բանականության ինտեգրմամբ» թեմայով դասընթաց վարեց Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում ՀՍԻԿ ներկայացուցիչ, Տագնապների և ցեղասպանության ուսումնասիրությունների հայ-ամերիկյան ընկերության նախագահ, Տագնապների հաղթահարման և կանխարգելման միության հիմնադիր-նախագահ, դոկտոր Անի Քալայջյանը, որին ուղեկցում էր Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Մարիան Ուեսբերգին:

Մասնաճյուղում դասընթացի անցկացումը կազմակերպել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը` նույն մասնագիտության ուսանողների և դասախոսների համար:

Դոկտոր Քալայջյանը հեղինակն է «Աղետն ու զանգվածային տրավման» (Վիստա, 1995), «Կոնֆլիկտների փոխակերպման ու հաշտեցման հոգեբանական ուղիներ» (Սպրինեգեր, 2010) գրքերի ու գլխավոր խմբագիրն է «Զանգվածային տրավման և զգացմունքային առողջացումը ամբողջ աշխարհում: Բուժման և իմաստավորման ծիսակարգեր և պրակտիկա» գրքի II հատորի (Պրայեգոր, 2010):

Նա դասընթացներ է վարել աշխարհի 45 երկրներում` հատկապես այն երկրներում, որտեղ երկրաշարժերի, ցունամիների, ցեղասպանություններիի հետևանքով մարդիկ հոգեբանական ցնցումներ են կրել:

Դասընթացն անցկացվեց «Իմաստալից աշխարհ Մարդասիրական Նպաստամատույց Ծրագրի» շրջանակներում, որի հիմնական կորիզը 7-քայլանի բուժական մոդելն է:

Այն ներառում է հետևյալ քայլերը.
1. Տագնապի, անհամաձայնության կամ կոնֆլիկտի մակարդակների գնահատում:
2. Ապրումների արտահայտման խրախուսում:
3. Փոխադարձ համակրանք ու գնահատում:
4. Իմաստի հայտնագործման ու արտահայտման խրախուսում:
5. Ուսուցողական ինֆորմացիայի տրամադրում:
6. Բնակենտրոն հոգատարության սերմանում:
7. Մարմնական, շնչառական և շարժունակության միջոցով առողջացման ցուցադրում:

Հետաքրքիր և բովանդակալից դասընթացի ժամանակ ուսանողները թեստերի, քննարկումների, ֆիզիկական վարժությունների միջոցով ձեռք բերեցին տագնապների հաղթահարման, վերափոխման ու կանխարգելման վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ:

Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ

2014 թ. օգոստոսի 1-ից 2015 թ. փետրվարի 1-ը հայտարարվում է գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումների շուրջ:

Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող, մինչև 40 տարեկան ստեղծագործողները: Նախագիծը պատրաստ է համագործակցել ավագ սերնդի արվեստագետների հետ` մրցույթից դուրս:

Կարող եք ստեղծագործել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ձեր ազգականի վկայության հիման վրա` մասնակցության հայտի հետ ներկայացնելով այն` ավարտուն շարադրված և ճշգրիտ վավերագրված:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս/թ. սեպտեմբերի 15-ըyearslater100@gmail.com էլեկտրոնային հասցեով /նույն հասցեից դուք կստանաք Ձեր հայտը հաստատող պատասխան/: Հայտերի ամփոփումից հետո` մինչև սթ. հոկտեմբերի 15-ը, պետք է ներկայացվեն թեմատիկ աշխատանքների էսքիզային տարբերակները:

Լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից 11-ը /յուրաքանչյուր թեմայով մեկական աշխատանք/ կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` նույնանուն ցուցադրության մեջ: Որոշ հեղինակների հետ անհատական հիմունքներով կկնքվեն պայմանագրեր` նրանց աշխատանքների հանրահռչակման վերաբերյալ:

Մանրամասների համար զանգահարել` 094 801606, 58 08 12 (127):

Աղբյուրը՝ http://kamartert.am

Գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀՌՀ – 2015» մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը (ՌԴ) հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀՌՀ – 2015» մրցույթ՝ գիտության հետևյալ բնագավառներով. բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական գիտություններ: Մրցույթին մասնակցելու հայտերը պետք է ներկայացվեն և՛ էլեկտրոնային և՛ տպագիր եղանակներով:

Հայտի էլեկտրոնային տարբերակը լրացվում և ներկայացվում է grants.scs.am հասցեում, 2014 թ. օգոստոսի 4-ից մինչև 2014 թ. հոկտեմբերի 14-ը ներառյալ, իսկ տպագիրը Գիտության պետական կոմիտե է ներկայացվում գիտական խմբի ղեկավարի կողմից անձամբ՝ մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ը, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 210 140 +112, +115 կամ +108:

 

Մրցույթի հրավերի փաթեթ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե