Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հավելավճար՝ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին

2014թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:

Մրցույթի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծախսային ծրագրի ֆինանսական միջոցներից:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթի արդյունքում` առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատողների մեկ տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 դրամ հավելավճար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, ինչպես նաև Հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանի Հանրապետությունում:

Աղբյուրը` www.edu.am

Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում

2014թ. հոկտեմբերի 27-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Հասանյանը:

Միջոցառմանը ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառումը հայ մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին հարգանքի փոքր տուրք էր:

Միջոցառումը բացեց Ա.Հասանյանը` արժևորելով Հ.Սահյանի քնարերգությունը, ներկայացնելով հիմնական մոտիվները (բնապաշտություն, հայրենապաշտություն, սեր և այլն), ընդգծելով բանաստեղծի գրական ժառանգության արդիականությունը:

Այնուհետև «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողները ներկայացրին Համո Սահյանի բանաստեղծություններից` համեմված ինքնատիպ վերլուծություններով, կատարեցին Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Բավականին տպավորիչ էր ոչ միայն դասախոսի` Ա.Հասանյանի, այլև ուսանողների` մասնավորապես Նառա Մնացականյանի, Արամայիս Օհանյանի, Հակոբ Դավթյանի ասմունքը:

Միջոցառումն ուղեկցվում էր համապատասխան շնորհանդեսով:

Ունկնդիրներին հուզեցին Համո Սահյանի ձայնը, Օֆելյա Համբարձումյանի, Սիլվա Յուզբաշյանի կատարումները:

Հետաքրքիր է, որ Բնական գիտությունների ֆակուլտետում առկա էր քնարերգության` մասնավորապես սահյանական պոեզիայի այդպիսի նուրբ ընկալում:

Վերջում իրենց հիացմունքն արտահայտեցին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, ֆակուլտետի դասախոսներ:

 

Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

2014թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին տասնվեց տղա, ութ աղջիկ:

Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Խաչատուր Ղուշչյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:

Հաղթեց Շավարշ Կիրակոսյանը:


Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Էսմա Խոսրովյանը և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը:

Հաղթեց Աննա Մանուչարյանը:


Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերով և պատվոգրով:

Նարեկը եկավ ու անցավ լուսաստղի պես

Նարեկ Հովսեփյան. «Որպես մահկանացու` ես վախենում եմ պատերազմից, որպես հայրենիքի զինվոր` պատրաստ եմ պատերազմի: Անմահությունն սկսվում է հայրենիքի սիրուց…»:

Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ վաղամեռիկ ուսանող Նարեկ Հովսեփյանի  «Նոյյան աղավնու վերադարձը» և Հասմիկ Գուլակյանի «Նարեկ Հովսեփյան. առեղծվածային ակնթարթ» գրքերի շնորհանդեսը:

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող Նարեկ Հովսեփյանն ընդամենը 17 տարեկան էր, երբ հեռացավ կյանքից: Հարազատ բուհի բեմում միջոցառման ընթացքում նա լուռ նստեց համակուրսեցու կողքին և փակեց աչքերը. սրտի կաթված էր ստացել: Սակայն նա թողել է ծավալով ոչ մեծ, բայց անասելի խորությամբ մտքեր, որոնք երբեմն անբացատրելի են ու առեղծվածային:

«Վաղամեռիկ փիլիսոփա, ով 20-րդ դարի սկզբի մեր մյուս երկու հանճարեղ պատանիների` Պետրոս Դուրյանի ու Միսաք Մեծարենցի հետ, նրանցից 100 տարի անց կազմեց մի հրաշք եռյակ». ահա Նարեկին այսպես բնորոշեցին շնորհանդեսին ներկա գրականագետները, մշակույթի գործիչներն ու ակադեմիկոսները, մտավորականները, որոնց կյանքը բաժանվել էր երկու մասի՝ մինչև Նարեկը և Նարեկից հետո:

Հրապարակախոս, լրագրող Հասմիկ Գուլակյանը նշեց, որ 17-ամյա պատանու մտքերը՝ արձակ բանաստեղծությունները և փիլիսոփայական մաքսիմներն այնքան խորիմաստ են և միաժամանակ պարզ, որ դրանք վերլուծելն ու մեկնաբանելը երբեմն ուղղակի անհնարին են:

«Մարդկության պատմության մեջ եղել են հրաշամանուկ բանաստեղծներ, մաթեմատիկոսներ, շախմատիստներ, բայց ինձ հայտնի չէ գեթ մեկ մանուկ-փիլիսոփայի անուն: Եվ դա բնական է, քանի որ մարդ իր շրջապատում տեղի ունեցող երևույթների ընդհանրացման հատկությամբ օժտվում է միայն տասնամյակների ընթացքում: Սակայն հանճարեղ 17-ամյա պատանյակը եկավ հերքելու այդ աքսիոմատիկ ճշմարտությունը»,- հուզմունքը խեղդելով` ասաց գրքի հեղինակը:

Բանախոսներից յուրաքանչյուրն ուղղակի բառեր չէր գտնում նկարագրելու այն զգացողությունները, որոնք պատում են Նարեկի ստեղծագործությունները կարդալիս: Նրանք, ի վերջո, իրենց խոսքն ամփոփում էին մեկ արտահայտությամբ՝ նա հանճար էր:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ով Հասմիկ Գուլակյանի գրքի խմբագիրն է, հատուկ շնորհակալություն հայտնեց լրագրողուհուն` անձնազոհ աշխատանք կատարելու և հրաշամանուկի գործերը հասարակությանը հասանելի դարձնելու համար:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանը հայ հասարակությանը և մասնավորապես երիտասարդությանը Նարեկ Հովսեփյանի մտքերը հասցնելու համար «Ես գալիս եմ…» վերտառությամբ պիես է գրել, որը նախատեսվում է բեմադրել:

Դահլիճում ներկա էին նաև Նարեկի հարազատները և ծնողները: Հայրը՝ բանաստեղծ, նկարիչ Սաշա Հովսեփյանը, ով առաջիններից էր, որ հանրության դատին է հանձնել որդու մտքերը, ջերմ խոսքերի համար շնորհակալություն հայտնեց ներկաներին:

«Երբ հետադարձ հայացք եմ նետում անցյալին, հասկանում եմ, որ շատ բաներում սխալվել եմ: Սակայն, ցավոք, ոչինչ վերադարձնել չեմ կարող և ստիպված եմ ապրել հիշողություններով: Անկասկած, շարունակելու եմ հրապարակել Նարեկի գործերը, ինչը կօգնի անմահացնել նրա հիշատակը»,- ասաց Սաշա Հովսեփյանը և հավելեց, որ մահվան նախօրեին Նարեկը նրան հորդորել էր, որ չհավատա մահվանը, քանի որ մահն ավարտ չէ, այլ նոր բանի սկիզբ:

Աղբյուրը` ysu.am

 

Գիտական խորհրդի նիստում

2014թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Կ. Գրիգորյանը:

Նիստում քննարկվեցին Հեռակա ուսուցման համակարգում դասավանդման արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների, ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի 2011-2015թթ. կատարման ընթացքի, մասնաճյուղում Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն ստեղծելու վերաբերյալ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց զեկուցում և Հեռակա ուսուցման բաժնի կրթության որակի բարելավմանն ուղղված առաջարկների նախագիծ:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնի կրթության որակի բարելավմանն ուղղված առաջարկների նախագիծը:

ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի 2011-2015թթ. կատարման ընթացքի մասին հարցի կապակցությամբ Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Մ.Ճաղարյանը հանդես եկավ զեկուցումով:

Որոշվեց հանձնարարել ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին 2014թ. դեկտեմբերի Գիտխորհրդի նիստին ներկայացնել 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի կատարողականը:

Հաջորդ հարցի վերաբերյալ զեկուցեց տնօրեն Ս.Առաքելյանը:

Որոշվեց մասնաճյուղում ստեղծել Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն: