Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի հետ` ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգի վերաբերյալ

ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը հարցազրույց ունեցավ  մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի հետ:

 

-Պարո՛ն Դավթյան,  ԵՊՀ գիտական խորհրդի 2014թ. սեպտեմբերի 25-ի նիստում հաստատվել է Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգը: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել, հատկապես ո՞ր ենթակետերին կցանկանայիք անդրադառնալ:

– Նոր կանոնակարգում փոփոխություններ են կատարվել գլխավորապես 10-րդ կետի դրույթներում: Այսպես` նախկին կանոնակարգից հանվել է մեկ ենթակետ, և ավելացվել են մի շարք նոր ենթակետեր: Հանվել է նախկին կանոնակարգի 10.4 ենթակետը, այն է` մասնակի փոխհատուցում տրվում է վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին:

Ավելացել  են 10.2, 10.7, 10.10 ենթակետերը, որոնց համաձայն` մասնակի փոխհատուցում տրվում է.

  • 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը (10.2),
  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (համապատասխան տեղեկանքի ներկայացման դեպքում) (10.7),
  • մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների) երեխա ուսանողներին (համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում) (10.10):

Կատարված փոփոխություններից հատկանշական է և այն, որ նոր կանոնակարգում ըստ կետերի նշված են զեղչերի տոկոսները:

-Պարո՛ն Դավթյան, հայտնի է, որ եթե նախկինում մասնակի փոխհատուցում տրվում էր վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին (10.4), ապա այժմ երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին (10.5): Ի՞նչ եք կարծում` արդյոք այդ փոփոխությունը բացասաբար չի՞ անդրադառնա դիմորդների թվի վրա:

-Կարծում եմ, որ բացասաբար չի ազդի, քանի որ այսօր կրթական համակարգը բավականին ճկուն է. այն լավ սովորողին թույլ է տալիս վճարովի ուսուցման համակարգից անցնել անվճարի: Ինչու՞ օգտվել մասնակի փոխհատուցումից, եթե մրցույթով կարելի է անցնել անվճար համակարգ:

-Սույն կանոնակարգով, պարո՛ն Դավթյան, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն ի՞նչ առավելություններ ունեն:

-Այդ առումով ուշագրավ է 10.9 ենթակետում կատարված փոփոխությունը. եթե նախկինում մասնակի փոխհատուցում տրվում էր ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը բարձր է 18-ից) ունեցող ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով, ապա այժմ երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:

Մարդու ծագման նոր գյուտ Հայաստանում

Մարդաբանությունը Հայկական լեռնաշխարհում սենսացիոն հայտնագործություն է արել: 2008-ից Հրազդանի կիրճում՝ Նոր Գեղիի տարածքում, հայ-ամերիկյան արշավախումբը պեղումներ է իրականացրել: Տևական ուսումնասիրությունների ու արտասահմանյան լաբորատորիաներում անցկացված անալիզի արդյունքում հաստատվել է այն, ինչ մասնագետները ենթադրում էին, բայց դեռ չէին հրապարակում. Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրան է:

Հնագիտական հուշարձանը հայտնաբերվել է շատ պատահական: Հայկական բանակի զինվորները Նոր Գեղիի տարածքում դեպի աղբյուր ճանապարհ գցելու ժամանակ տրակտորով հողը փորել են ու բազալտի շերտեր բացել:

Երկու շերտերի արանքում եղել է հրաբխային մոխիր, որի տարիքը 330 հազար տարվա միջակայքն է: Հենց այդ շերտում էլ հայտնաբերվել են քարե գործիքներ և առարկաներ, որոնք էլ հենց սենսացիոն գյուտի հիմքն են:

Նոր Գեղիում հայտնաբերված հնավայրը ստիպում է գիտնականներին մարդկության ծագման մասին մինչև այժմ եղած տեղեկությունների կողքին դնել ավելի հիմնավոր ու հստակ թվագրումով հայտնագործություն:

Այն մարդագոյացման ամբողջ մեխնիզմների ընկալման ու տեսական հիմնավորման մեջ նոր ուղի է բացում:

Մինչ այդ միանշանակ էր, որ մարդը ձևավորվել է Աֆրիկայում, հետո Միջերկրական ծովի արևելյան ափերից անցել այսօրվա Առաջավոր Ասիայի տարածք, այնտեղից էլ՝ Եվրասիա:

Մարդկային պոպուլյացիայի վկայություններ ՝քարե գործիքներ են հայտնաբերվել Պաղեստինի, Իսրայելի, Սիրիայի տարածքներում: Սակայն այդ գործիքներն ավելի երիտասարդ են, քան Նոր Գեղիի տարածքում հայտաբերված առարկաները:

Ոչ ոք չի ժխտում, որ Աֆրիկայում կենսաբանական էակ է ձևավորվել, բայց այսուհետև դրա կողքին դրվելու է ևս մի ապացույց, որ Հայկական լեռնաշխարհը նույնպես մարդագոյացման օջախ է: Հայտնաբերված օբսիդիանե գործիքներից մի քանիսը պատմում են, որ 1 մլն 700 հազար տարի առաջ նախամարդը քարի կողքերը տաշել է, ծլեպները հեռացրել՝ որպես աղբ, ու քարը դարձրել գործիք: Իսկ մյուս առարկաները վկայում են, որ նախամարդը քարից միջուկ է սարքել, միջուկից՝ ծլեպներ է տաշել ու այն դարձրել հատիչ, իսկ քարը դեն գցել՝ որպես աղբ: Առաջին դեպքում ծլեպն էր աղբը, երկրորդում՝ քարը:

Մինչև նախամարդն առաջինից հասել է երկրորդին, այսինքն՝ հասկացել, որ քարն ավելի ծանր է՝ որպես հատիչ օգտագործելու և տեղից տեղ տանելու համար, քան ծլեպը, տևել է 1մլն 300 հազար տարի: Հնագետները դա անվանում են քարի դարի շախմատ: Այսինքն՝ նախամարդը գիտակցել է իր քայլերի հաջորդականությունը, ինչպես շախմատում, որպեսզի օգտակար արդյունք ստանա:

Մասնագիտական լեզվով քարի մշակման երկրորդ մեթոդը կոչվում է «լևալուազյան» տեխնիկա: Նոր Գեղիի գյուտի արժեքներից մեկն այն է, որ քարի մշակման երկու մեթոդներն էլ միաժամանակ են հայտնաբերվել:

Շերտերի հստակ թվագրությունն ապացուցում է, որ քարի մշակման երկրորդ մեթոդը հիմնված է առաջինի վրա, ոչ թե մեկը փոխարինվել է մյուսով, ինչպես Աֆրիկայի դեպքում գիտնականներն են կարծում: Այսինքն՝ ժամանակի ընթացքում տեղի է ունեցել մարդկային բանականության ու գիտակցության բնականոն զարգացում՝ ծանր ու կոշտ քարից դեպի թեթև ու հարմար ծլեպից հատիչ:

Սենսացիայի բացառիկությունն այն է, որ առաջին անգամ է քարի կիրառման երկու մեթոդները միաժամանակ ու նույն տեղում հայտնաբերվում: Մարդկության ինդուստրիայի օրրան համարվող Աֆրիկայում թվագրումները շատ վիճելի են ու ոչ հստակ, և հայտնաբերվել են քարի մշակման կա՛մ առաջին կա՛մ երկրորդ մեթոդները. երկուսը միասին ու միաժամանակ դեռ երբեք չի հայտնաբերվել ոչ՛ Աֆրիկայում, ոչ՛ այլ տեղ:Ընդ որում՝ գիտնականներին հաջողվել է նաև ապացուցել, որ վաղագույն շրջանի մարդն օգտագործել է նաև իրենից 130 կմ շառավղով լանդշաֆտը:

Ապացուցվել է, որ գործիքներ են պատրաստվել նաև Սյունիքի օբսիդիանից: Սա նշանակում է, որ մարդը գիտակցական զարգացում է ապրել ու ընտրել լավագույն որակի օբսիդիան:Եթե մինչ այժմ գիտնականները համոզմունք ունեին, թե նախամարդը քարե գործիքների մշակման մեթոդներով զինված՝ Աֆրիկայից տեղաշարժվել է դեպի Եվրասիա և այլ տարածքներ, ապա Նոր Գեղիի հայտնագործության դեպքում հստակ է, որ նախամարդը տեղաբնակ է ու հենց տեղում, տեղական հումքից էլ պատրաստել է իր գործիքները, ոչ թե ներմուծել այլ վայրից:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ու գիտաշխատող Բորիս Գասպարյանը սենսացիոն գյուտերի առանցքը հենց այս առավելությունն են համարում:

Այսպիսով, հայ-ամերիկյան արշավախմբի գյուտը փոխում է գիտական պատկերացումները մարդու ծագումնաբանության, զարգացման ու մարդագոյացման մասին: Մեր հնագետները ձեռնպահ են մնում պնդել, թե Հայկական լեռնաշխարհից է վաղագույն շրջանի մարդը տեղաշարժվել այլ վայրեր, այսինքն՝ թե մարդ արարածի սկզբնական ծագումը կապված է նախ և առաջ Հայկական լեռնաշխարհի հետ:

Հրազդանի կիրճի պեղումները դեռ շատ ուսումնասիրություններ են պահանջում, որոնք նոր եզրակացությունների կհանգեցնեն:Բազալտի ստորին շերտի տակը դեռ ուսումնասիրված չէ և նոր բացահայտումների գանձարան է:

Իսկ բազալտի վերին շերտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան դարերը մոտեցել են մեր ժամանակներին, այնքան մարդկային գործոնի առկայությունը պակասել է: Այդ տարածքում ապրող մարդը, որի պատրաստած գործիքները մնացել են հրաբխային մոխրի շերտի տակ, հեռացել է այդտեղից: Նա ապրելիս է եղել ջրերին մոտ, սական տեսել է ժայթքող հրաբուխ. Գութանասարն է հրաբխել, ու մարդն այդ վայրից հեռացել է ավելի անվտանգ բնակավայր:

Սա ենթադրություն չէ, այլ ապացույց: Սակայն մեր հնագետները մինչև վերջ հրաժարվեցին անգամ ենթադրություն անել, որ միգուցե հենց Հայկական լեռնաշխարհի մարդն է Առաջավոր Ասիա կամ հենց Աֆրիկա տեղաշարժված հոմո էրեկտուսը կամ հոմո սափիենսը:

Science ամսագիրը, որը գիտական ուսումնասիրությունների և գյուտերի հայտարարաման ամենահեղինակաոր ամբիոններից մեկն է, սեպտեմբերի 29-ին հրապարակեց Նոր Գեղիի պեղումների արդյունքներն ու ապացույցները:

Աղբյուրը` imyerevan.com

Հայալեզու էլեկտրոնային գրադարաններ համացանցում

Հարգելի’ ուսանողներ և դասախոսներ,  ներկայացնում ենք Գրքագավաք բլոգի կողմից կազմված հայալեզու էլեկտրոնային գրադարանների և շտեմարանների համահավաք ցուցակը` armscoop.com -ի կողմից արված պարբերաբական լրացումներով:

«Գրապահարանում» կան էլեկտրոնային ձևաչափերով (հիմնականում epub) գրքեր՝ ներբեռնման համար։
Այս հրատարակչությունը նույնպես տրամադրում է էլ. հարմար ձևաչափերով գրքեր, որոնց մի մասը կարելի է անվճար ներբեռնել։
Ovanitas բլոգերի ստեղծած գրադարանն է, որտեղից նույնպես էլ. հարմար ձևաչափերով գրքեր կարող եք բեռնել։

Վիքիդարան

Շատ լավ գրադարան է։  Նյութերի մի մասը սրբագրված է, շատերը՝ առայժմ ոչ։
Այս գրադարանում ավելի մեծաթիվ են այլալեզու գրքերը (հիմնականում՝ ռուսերեն), որոնք վերաբերում են հայերին ու Հայաստանին կամ հայ հեղինակների գործերի թարգմանություններ են։ Սակայն կարելի է գտնել նաև հայերեն գրքեր։ Ափսոս, որ 2010 թ.-ից ի վեր կայքը չի թարմացվում։
Արևելահայերենի ազգային կորպուսի գրադարանը, ուր կարելի է հայ դասականների գործերը գտնել, սակայն միայն html-ային տարբերակով և ժողովածուներում առկա առանձին միավորների անցանկ դասավորությամբ, որը թույլ չի տալիս արագ գտնել անհրաժեշտ գործը։ Գրադարանում դրված գործերը նաև չեն սրբագրվել OCR փոխարկման ենթարկվելուց հետո։ Բա՛յց։ «Արևակն» ունի բառերի որոնման շատ հզոր հարմարանք։ Եթե, օրինակ, ուզում եք իմանալ, թե այս կամ այն հայերեն բառը կամ արտահայտությունն ինչպես է գործածվել հայ հեղինակների կողմից, սա անփոխարինելի կայք է։ «Արևակն» անփոխարինելի է նաև մեկ այլ առումով. նրա գրադարանում տեղ գտած հայերեն բնագրերը ներկայացնում են նաև բառերի մեծամասնության անգլերեն թարգմանությունները՝ քերականական նշումներով, երբ մկնիկով սեղմում ես անհրաժեշտ բառի վրա։ Սա անփոխարինելի կարող է լինել հայերենին ոչ այնքան լավ տիրապետող անգլախոս մեր հայրենակիցների համար, ովքեր փորձում են հայերեն կարդալ։ Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։
Այստեղ հիմնականում գրաբարյան բնագրեր և հայագիտական աշխատություններ են հավաքված։ Էլ. գրքեր երբեմն տրամադրվում են, նաև pdf ձևաչափով, սակայն ծառայությունը վճարովի է, իսկ էլ. գրքերի ներբեռնման և գործածության համար էլ պահանջվում է կայքում գրանցված լինել և հատուկ ընթերցիչ ծրագիր տեղակայել համակարգչում, ապա այդ ծրագրով գրքերը կարդալու համար դարձյալ մուտքագրել կայքում ունեցած  մուտքանունն ու գաղտնաբառը։

Nayiri.com

«Նայիրի» կայքը հայերենի էլեկտրոնային բառարանների գրադարան է։ Այն ունի 45 բառարան և մեկ գիրք:

hayeren.hayastan.com-ի գրադարանը

Կայքեր, որոնցից կարելի է pdf կամ djvu ձևաչափով հայերեն գրքեր ներբեռնել անվճար կամ, ներբեռնման հնարավորության բացակայության դեպքում, ընթերցել դրանք առցանց։
Բավականին հարուստ գրադարան է, սակայն հեղինակների ցանկը բացթողումներով է ներկայացված։ Օրինակ՝ գրադարանում կա Ավետիս Ահարոնյանի մի քանի գործ, սակայն նրա անունը բացակայում է գրադարանի հեղինակների ցանկում։ Այնպես որ որևէ հեղինակ կամ ստեղծագործություն փնտրելիս օգտվեք նաև կայքի փնտրման տողից։
Բավական հարուստ գրադարան է։
Այստեղ գտնվող գրքերը ցանկի տեսքով չեն ներկայացված. պետք է փնտրել և հայերենի ավանդական ուղղագրությամբ։ Մենք վերոբերյալ հղումը տվել ենք փնտրման ամենամեծ արդյունք տվող բառով (Պոլիս) էջին։ Այս գրադարանի հայերեն հավաքածուից օգտվելու մասին ավելին կարդացեք այստեղ։
 Այստեղ որոնման տողում գրել Armenian և նշել texts ընտրանքը, կբերի բազմաթիվ հայերեն հին գրքեր, որոնց մի մասը կարելի է ներբեռնել։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգում կարելի է գտնել թյուրքագիտական ակադեմիական աշխատությունների հավաքածու՝ իրենց գրախոսականներով: Բլոգը պարբերաբար թարմացվում է:
 Մի հսկայական հավաքածու հետևյալ մատենաշարների՝
  • Դիւան հայոց պատմութեան (խմբ. Գիւտ քահանայ Աղանեանց)
  • Օտար աղբյուրները հայերի և Հայաստանի մասին
  • Հայ ազգագրություն եվ բանահյուսություն
  • Հնագիտական պեղումները Հայաստանում
  • Հայաստանի հնագիտական հուշարձանները
  • Դիվան հայ վիմագրության
  • Հայ ժողովրդական հեքիաթներ
  • Նյութեր հայ ժողովրդի պատմության
  • Հայոց պատմության հարցեր
  • Արևելագիտական ժողովածու
  • Մերձավոր Արևելք
  • Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ
  • Ազգային մատենադարան
  • Կոմիտաս
  • Ալեքսանդր ՍպենդիարյանՎերոնշյալ հավաքածուներում որոշ գրքեր ներբեռնելի են, որոշներ՝ ոչ։ Սա պարզելու համար սեղմեք բացված գրքի վերին աջ անկյունում գտնվող i տառի վրա։
 
 
 
 
 
 
 
 Այստեղ կգտնեք նաև գրքեր՝ տպագրված 1512-1920 թթ.։ Դժբախտաբար, դրանք կարելի է միայն առցանց կարդալ, թեև որևէ pdf printer ծրագիր տեղակայելով ձեր համակարգչում՝ կարող եք նաև Ձեզ հետաքրքրող էջերը տպել որպես pdf գիրք։
 
 
 
 Այստեղից կարող եք ներբեռնել բուհերի համար նախատեսված բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ և աշխատություններ։
Այստեղից և հաջորդ էլ. գրադարանից բազմաթիվ դասագրքեր և ուսումնական այլ նյութեր կարող եք ներբեռնել, հիմնականում դպրոցական տարիքի երեխաների համար։
 Այստեղ ներբեռնման ենթակա ոչ միայն կրոնական գրականություն կա, այլև բառարաններ, բանասիրական և պատմական գրականություն, ինչպես նաև Եկմալյանի և Կոմիտասի մշակմամբ պատարագների՝ երաժշտական նոտագրմամբ հրատարակությունները (վերջիններս «Կրօնական» բաժնում են)։ Բոլոր գրքերը տեսնելու համար օգտվեք ընտրացանկի Books բաժնի ստորաբաժանումներից։
Դեռևս աղքատիկ է, բայց, հնարավոր է, Ձեզ անհրաժեշտ գիրքը հենց այնտեղ գտնեք։
 

Ջավախքի գրադարակ

Հայկական հեքիաթները համացանցում  

Այստեղ հավաքված են համացանցում տեղադրված հայկական/հայերեն հեքիաթների տեքստային և աուդիո տարբերակները:

http://www.gevorgyan.info/index.php/hy/gradaran

Աղբյուրը`  armscoop.com

ՀԱՆԴԻՊՈՒՄ – Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթ ծրագրին

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան»
Ֆուլբրայթ ծրագրով ԱՄՆում վերապատրաստվել ցանկացողներին սիրով հրավիրում է մասնակցելու
«Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթ ծրագրին» թեմայով հանդիպմանը:
Հանդիպումը կվարեն Ֆուլբրայթ ծրագրի շրջանավարտներ
Ռուբեն Միրաքյանը և Գաբրիել Բալայանը ինչպես նաև այս ծրագրով այս տարի Հայաստանը ներկայացնող Լիլիթ Վարդանյանը
Հանդիպմանը կմասնակցեն նաև Ֆուլբրայթ ծրագրի այլ շրջանավարտներ
Ժամ. 18:50
Ամսաթիվ. հոկտեմբերի 20, 2014
Երկիր. Հայաստան
Քաղաք. Երևան
Վայր. Կհայտարարվի գրանցված մասնակիցներին

Գրանցվելու վերջնաժամկետ. հոկտեմբերի 15

 

Այս հանդիպմանը հրավիրվում են առնվազն գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիներն, ովքեր ցանկանում են դիմել Ֆուլբրայթ գիտահետազոտական կրթաթոշակային ծրագրին: Հանդիպմանը ներկա կգտնվեն նախկինում այս կրթաթոշակի շահառուները, ովքեր անմիջական շփման ընթացքում կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:
Ինչպե՞ս գրանցվել

Այս հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 15-ը “fulbright” վերնագրով անգլերեն կամ հայերեն լեզուներով նամակ ուղարկել meetings@usaaa.am էլ. փոստի հասցեին անպայման նշելով հեռախոսի համարը։
Աղբյուրը` armacad.blogspot.com

Սեպտեմբերի 26-ի տնօրենության նիստում

2014թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տ.Խաչատրյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի երկրորդ լուծարքային շրջանի ամփոփման, մասնաճյուղում դասընթացների փաթեթների իրականացման ընթացքի, Կիրառական արվեստի ֆակուլտետում նախապատրաստական դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Ամփոփելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի երկրորդ լուծարքային շրջանը` նշվեց, որ երկրորդ լուծարքային շրջանից հետո մասնաճյուղում 20 ուսանող ունեն առարկայական պարտքեր:

Մասնաճյուղում դասընթացների փաթեթների իրականացման ընթացքի մասին հարցի կապակցությամբ ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց.

• 10 օրվա ընթացքում դասախոսներից պահանջել ներկայացնելու դասընթացի փաթեթները: Չներկայացնողները կենթարկվեն համապատասխան տույժի:

• Պահանջել ՄԿՈԱ բաժնից հոկտեմբերի 1-15-ը ուսումնասիրելու դասախոսների դասընթացի փաթեթների համապատասխանությունը ներկայացված պահանջներին, արդյունքները տրամադրել ամբիոնների վարիչներին:

Կիրառական արվեստի ֆակուլտետում նախապատրաստական դասընթացներ կազմակերպելու մասին հարցի կապակցությամբ որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչությանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանին անհրաժեշտ աշխատանք տանելու 2014թ. հոկտեմբերի 15-ից «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների գծով ֆակուլտետում նախապատրաստական դասընթացներ կազմակերպելու համար: