Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն

2014թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և Իջևանի մարզադպրոցի մարզիկ-մարզուհիներ:

Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը և Իջևանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սարգիս Խուդավերդյանը:

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Հրաչ Ներսիսյանը:

Երրորդ տեղը գրավեց ավագ դպրոցի սան Վազգեն Փայտյանը:

Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Իջևանի մարզադպրոցի մարզուհիներ Աննա Մանուչարյանը և Սվետա Բախչագյուլյանը:

2:0 հաշվով հաղթեց Աննա Մանուչարյանը:

Երրորդ տեղը գրավեց «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով և պատվոգրերով:

Փետրագնդակի բաց առաջնությունում գեղեցիկ ցուցադրական խաղով հանդես եկան մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը և Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը:

Չիվնինգ կրթաթոշակային ծրագիր

 

2015-2016 ուսումնական տարում Չիվնինգ կրթաթոշակային ծրագրի հայտերը ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.chevening.org  կայքէջը:

Չիվնինգ կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունն է` ՄԹ առաջատար համալսարաններում մեկամյա մագիստրոսական ծրագիր իրականացնելու նպատակով:

Աղբյուրը` www.edu.am

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի թիմը

2014թ. նոյեմբերի 11-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Խաղն ընթացավ 2 փուլով, որին մասնակցում էր 4 թիմ` «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի առաջին և երկրորդ և նույն մասնագիտության 2-րդ կուրսի թիմերը:

Առաջին փուլում ԻԿՄ 1-ին կուրսի առաջին թիմը ստացավ նկատողություն և որակազրկվեց:

Երկրորդ փուլ անցան ԿՄՖ 3-րդ և ԻԿՄ 2-րդ կուրսերի թիմերը:

Երկրորդ փուլում հնչեց 10 հարց, և միավորների 4:5 հարաբերակցությամբ հաղթեց ԻԿՄ 2-րդ կուրսի թիմը:

Հոկտեմբերի 27-ի տնօրենության նիստում

2014թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմին խրախուսելու կարգ սահմանելու, մասնաճյուղում 2014թ. նոյեմբերի 3-ից մինչև 30-ը ուսումնական ժամատախտակը ժամանակավոր փոխելու մասին մի շարք հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ մասնաճյուղի աշխատակիցներին խրախուսելիս պետք է հաշվի առնվեն նրանց աշխատանքային կարգապահությունը, բարեխղճությունը, նոր մեթոդների կիրառումը, լրացուցիչ աշխատանքի կատարումը և այլն:

Իրենց գործառութային պարտականությունների օրինակելի կատարման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, շարունակական անբասիր աշխատանքի, նորամուծությունների, գիտահետազոտական և հասարակական ակտիվ աշխատանքների համար ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին խրախուսելու նպատակով որոշվեց`
1. Մասնաճյուղում ստեղծել համապատասխան կարգ մշակող հանձնաժողով` հետևյալ կազմով.

• Արկադի Ցոլակի Դավթյան – Ուսումնամեթոդական վարչության պետ,

• Ալբերտ Սարգսի Հովհաննիսյան – ԱԿ բաժնի վարիչ, իրավախորհրդատու,

• Կամո Բենիկի Այվազյան – Վարչատնտեսական վարչության պետ,

• Ալեքսան Շամիլի Մարգարյան – Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ժ/պ, արհբյուրոյի նախագահ, ՄԿՈԱ բաժնի վարիչ,

• Մելանյա Մեսրոպի Մխիթարյան – գլխավոր հաշվապահ,

• Մարիետա Ալբերտի Ճաղարյան – ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ:

2. Հանձնաժողովի նախագահ Ա.Դավթյանին հանձնարարել մինչև նոյեմբերի 10-ը ավարտել և հաստատման ներկայացնել մասնաճյուղի աշխատակիցներին խրախուսելու կարգը` առաջնորդվելով ՀՀ Աշխատանքային օրենսդրության և մասնաճյուղի կանոնադրության ու ներքին կարգապահական կանոնների համապատասխան դրույթներով և հոդվածներով:

3. Մինչև խրախուսելու կարգի մշակումը լիազորել տնօրենությանը` որոշելու տվյալ ամսում պարգևատրման ներկայացվող աշխատակիցների ցանկն ու չափորոշիչները:

Երկրորդ հարցի կապակցությամբ որոշվեց.

1. 2014թ. նոյեմբերի 3-ից մինչև 30-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպել 75 րոպեանոց դասաժամեր` հետևյալ ժամատախտակով.

I դաս – 9:15 – 10:30
II դաս – 10:40 –11:55
III դաս – 12:15 – 13:30
IV դաս – 13:40 – 14:55
V դաս – 15:05 – 16:20
VI դաս – 16:30 –17:45:

2. Հանձնարարել Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին, ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին և Հեռակա ուսուցման բաժնի վարիչին` ներկայացված ժամանակահատվածում կազմակերպել ուսումնական գործընթացը` համաձայն հաստատված ժամատախտակի:

«ԼԵՍ միջազգային երիտասարդական փառատոն 2014»-ում հաղթեց մեր շրջանավարտ Նանե Դանիելյանը

2014թ. հոկտեմբերի 24-26-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ «ԼԵՍ միջազգային երիտասարդական փառատոն 2014»-ը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ` ՀՀ բոլոր մարզերից:

Փառատոնին մասնակցում էր նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Նանե Դանիելյանը:

Նա փառատոնին ներկայացավ երեք աշխատանքով` «Մայրաբերդ», «Ղողանջ Վերածննդի» և «Ծաղիկներ» գոբելեններով:

Երեք փուլով անցկացված փառատոնում հաղթող է ճանաչվել մասնաճյուղի շրջանավարտ Նանե Դանիելյանը և պարգևատրվել «ԼԵՍ միջազգային երիտասարդական փառատոն 2014»-ի գավաթով ու պատվոգրով: