Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Լավագույն ուսանողական աշխատանքի մրցույթ 2014

Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, 5-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում հայտարարում է «Լավագույն ուսանողական աշխատանք» մրցույթ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է գրեն ուսանողական աշխատանք հետևյալ թեմայով «Ի՞նչպես խթանել ֆինանսական միջնորդությունը Հայաստանի Հանրապետությունում»:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները:

Երեք լավագույն աշխատանքների հեղինակներին տրամադրվելու է կրթաթոշակ:

Աշխատանքների ընդունման ժամկետներն են 01.11.2014 – 25.12.2014:

Աղբյուրը` armacad.blogspot.com

«Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 12-րդ մրցույթ

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (տպագիր և էլեկտրոնային մամուլ, հեռուստատեսություն, ֆիլմ, ռադիո և մուլտիմեդիա) ամենամյա «Արևածաղիկ» 12-րդ մրցույթը:

Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թ. նոյեմբերի 20-ից 2014թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:

Սահմանված են`

• գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար,

• 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ

• հատուկ մրցանակ,

• խրախուսական մրցանակներ:

Մրցանակ է սահմանված «Ներառական համայնք» ծրագրի կողմից, որի նպատակն է բարձրացնել վրացական և հայկական հասարակությունների իրազեկությունը՝ ներառելու խոցելի խմբերին: Հատուկ մրցանակ է սահմանել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ  լրագրողին:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել ընդամենը 1աշխատանք:

Մրցույթին չեն կարող մասնակցություն ունենալ նախորդ տարիների 1-ին տեղի մրցանակներ շահած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին):

Նյութերը պետք է ներկայացնել մասնակցության հայտի հետ միասին, մինչև 2014թ. նոյեմբերի 21-ը, ժամը 16:00, «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ Կորյունի 19ա, 2-րդհարկ:

Արդյունքները կամփոփվեն և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2014 թ. դեկտեմբերին:

Մանրամասների համար գրել հետևյալ էլ. հասցեով. info@bridgeofhope.am կամ զանգահարել` (010) 56-01-43:

Աղբյուրը` www.bridgeofhope.am

Տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում

2014թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Խ.Վարդանյանը:

Ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

Նախ ելույթ ունեցավ Խ.Վարդանյանը` ազդարարելով միջոցառման բացումը:

Խոսելով Պ.Սևակի մեծության, նրա և իր գործերի անմահության, կյանքի, ապրած տարիների ու գրչի հզորության մասին` դոցենտ Խ.Վարդանյանը պատմեց նաև իր հուշերը Պ. Սևակի կյանքի, նրա` վերջնականապես չբացահայտված մահվան մասին:

Այնուհետև ուսանողները հանդես եկան բանաստեղծություններով, որոնք ընտրված էին Պարույր Սևակի տարբեր ժողովածուներից («Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս», «Մայրամուտից առաջ», «Նորից քեզ հետ»):

Ուսանողների կողմից ներկայացված բանաստեղծություններից հատկանշական են հետևյալները` «Մարդ էլ կա, մարդ էլ», «Որդուս», «Վարք Մեծաց», «Եվ այր մի Մաշտոց», «Ղողանջ եղեռնական», «Գլխապտույտ», «Դու ես մեղավոր», «Ծերանում ենք Պարույր Սևակ» և այլն:

Միջոցառման վերջում իրենց գոհունակությունն արտահայտեցին ներկաները:

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների առաջին կուրսերի թիմը

2014թ. նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ինտելեկտուալ խաղը, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Ժյուրիի կազմում էին մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Արա Հովսեփյանը և փոխնախագահ Լիա Բլբուլյանը:

Խաղին մասնակցում էին առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները:

Ինտելեկտուալ խաղի ընթացքում հնչեց տասը հարց:

Երկու միավորի առավելությամբ հաղթեց «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների առաջին կուրսերի թիմը, որն իր ուժերը կփորձի համալսարանական խաղի ժամանակ:

Վերջում ելույթ ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը` ողջունելով և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին:

Հոկտեմբերի 22-ի տնօրենության նիստում

2014թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ուսումնական խորհրդատուները:

Տնօրենության նիստում քննարկվեցին ֆակուլտետների խորհուրդների աշխատանքների արդյունավետության բարձրացման, 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների ընթացքի մասին հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ֆակուլտետների խորհուրդները պետք է բաղկացած լինեն 11 հոգուց, որոնց 25-30%-ը պետք է լինեն ուսանողներ: Որոշվեց հանձնարարել ֆակուլտետների դեկաններին ըստ կանոնակարգի կազմել և մինչև շաբաթվա վերջը հաստատման ներկայացնել ֆակուլտետների խորհուրդների կազմերը:

Երկրորդ հարցի վերաբերյալ որոշվեց հանձնարարել ֆակուլտետների դեկաններին 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների անցկացման հարցը քննարկել ֆակուլտետների խորհուրդների նիստերում և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` կազմակերպված ու բարձր մակարդակով դրանք անցկացնելու համար: