Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՆՈՐ՝ 2015 ԹՎԱԿԱՆ

Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Ավետիս, Նավասարդ, մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, նվաճումներն ու բացթողումները և դիմավորում ենք Նոր տարին՝ նոր հույսերով ու ակնկալիքներով, իղձերով ու նպատակներով:

Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում: Սակայն տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց Նոր տարին։

Հայերը Նոր տարին սկսել են տոնել այն ժամանակվանից, երբ, ինչպես առասպելն է վկայում, Հայկ նահապետը հաղթեց Բելին: Նավասարդը համարվում էր տարվա առաջին օրը և նշվում օգոստոսին: Հետագայում հեթանոս հայերը Նոր տարին սկսեցին նշել նոյեմբերին և միայն 18-րդ դարում` հունվարի մեկից:

Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:

Տարեմուտի արարողությունները տևում էին 12 օր և սերտորեն կապված էին եկեղեցական ծիսակարգերի հետ:

Հունվարի 1-ը Կաղանդն էր, ծիսակարգի բաղկացուցիչ օրերն են նաև Խթումը, Նավակատիկը, Ճրագալույցը, Ծնունդը, Մկրտությունը, Տնօրհնեքը: Այդ 12 օրերի ընթացքում երկինքն ու երկիրը կարծես կապվում էին միմյանց:

Նոր տարվա գլխավոր անձը՝ Ձմեռ պապը, տարբեր երկրներում տարբեր նախատիպեր է ունեցել:

Մի երկրում նրանք համարվում են թզուկները, մյուսում` խաղալիքների թափառաշրջիկ վաճառականը: Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Ձմեռ պապը Զմյուռնիայի Հայրապետն է եղել, որին կոչել են Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ: Իսկ հայկական արձանագրություններում Ձմեռ պապի անունը շատ հաճախ հիշատակվում է իբրև Կաղանդ պապիկ:

Այս Նոր տարին՝ 2015 թվականը, կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի է:

Այն լինելու է խաղաղ, պտղաբեր և ուրախ տարի կենդանակերպի բոլոր նշանների համար:

Ըստ արևելյան օրացույցի` Այծի տարին սկսվում է 2015 թվականի փետրվարի 19-ին և ավարտվելու է 2016 թվականի փետրվարի 7-ին:

Այծի տարվա խորհրդանիշը կանացի սկիզբն է: Շատ կանայք այս տարի կմայրանան:

Այծի տարվա տարերքը ծառն է` գարնան, սիրո, առավոտի և ռոմանտիկայի խորհրդանիշը, կյանքի ու իմաստնության աղբյուրը:

Այծի տարվա գույնը կապույտն է կամ կանաչը:

Այծին համապատասխանում է Ին էներգիան, որը խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Այս տարի ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին:

Այծը բարի, օգտակար, հոգատար, մեծահոգի, միաժամանակ պաշտպանության կարիք ունեցող կենդանի է: Այծը նաև պասիվ և անվճռական կենդանի է ու երկար է մտածում մի բան անելուց առաջ: Այնպես որ, 2015 թվականը «մոխրագույն» կթվա այն անձանց, ովքեր հոռետես են:

Մյուս կողմից` Այծի տարին հաջողակ կլինի այն մարդկանց համար, ովքեր չեն վախենում փոփոխություններից, աներկբա գնում են դեպի իրենց նպատակների իրականացումը:

Թո՛ղ Կանաչ փայտե այծի տարին լինի մեծ հաջողության, խաղաղության, երջանկության ու բարեկեցության տարի, բոլորիս նվիրական իղձերի իրականացման տարի:

Արի՜, Նո՛ր Տարի,

Գալուստդ բարի՜,

Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով

Ուշ մնացածին,

Քնով տարվածին.

Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,

Հիասթափվածին՝ նոր մի հիացում,

Սիրասթափվածին՝ մի նոր միացում.

Ձեռքից հավատը փախուստ տվածին,

Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,

Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,

Մանկանը՝ մեծի մտքի լիացում,

Մեծին՝ մանուկի անարատություն,

Տափարակներին՝ Արարատություն,

Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,

Որ նրա վրա

Քաղցը այսուհետ

Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,

Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.

Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած

Տրվի ճախրանքի,

Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,

Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.

Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,

Ո՛չ մի ազգ ու ցեղ

Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,

Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,

Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։

Նաև հասկանա՛նք,

Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր

Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…