Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սեղանի թենիսի և շախմատի մասնաճյուղային առաջնություններ

2015թ. մարտի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենասեղանի թենիսի, իսկ մարտի 26-ին` շախմատի մասնաճյուղային առաջնություններ:

Խաղերը կսկսվեն ժամը 15:00-ին:

Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Կանանց տոնին նվիրված միջոցառում

2015թ. մարտի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Կանանց տոնին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան լուսափթիթ գարնան, «կենաց ծառը մշտադալար պահող» կանանց ու մայրերի, «մայրամուտի շողից պոկված, արշալույսի ցողով օծված» չքնաղ հայուհիների մասին ներբող-բանաստեղծություններով ու երգերով («Մայր բառն ասելիս» /Մելինե Իսկանդարյան/, «Մայրիկ» /Մերի Ներսիսյան/, «Հայաստանի աղջիկները» /Գոհար Գրիգորյան/, «Պատրանքի թևով» /Լուսինե Սահակյան/, «Կգամ» /Նարինե Ամիրխանյան/, «Ես լսեցի մի անուշ ձայն» /Մերի Բարսեղյան/, «Ով սիրուն, սիրուն» /Ռուդիկ Դովլաթյան և Վանուհի Վանեսյան/, «Մի կյանք արժե մի համբույրը աղջկա» /Սոնա Ղևոնդյան/, «Շիրազի գովքը» /Ռուդիկ Դովլաթյան/):

Բեմի վրա ալիքվեց քնքշանուշ նաիրուհու հեզաճկուն պարը հայոց /Մարիամ Մարգարյան/, գալարվեց վալսը խելահեղ` իր շրջապտույտի մեջ առնելով պարող զույգերին:

Այնուհետև ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը` գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնելով Ուսանողական խորհրդի անդամներին, Կանանց տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով մեր սիրելի մայրերին և քույրերին, կին դասախոսներին և ուսանողուհիներին.
«Մարդու ամենամեծ ուրախությունը թերևս երեխայի զգացողությունը չկորցնելն է, որը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ունենք մայր. սիրե՛նք, փայփայե՛նք մեր մայրերին, որոնք մեր մեծագույն գանձն են, հույսն ու ապավենը կյանքում: Շնորհավորենք և շնորհակալություն հայտնենք մեր ա՛յն մայրերին, որոնց զավակները մեր սահմաններն են պաշտպանում, թո՛ղ նրանք երբևէ արցունք չթափեն, իսկ եթե պիտի արցունքոտվեն նրանց աչքերը, ապա այդ արցունքները լինեն միմիայն երջանկության արցունքներ:
Շնորհավորենք մեր կին դասախոսներին, ովքեր սահմանամերձ մարզում մեծ առաքելություն են կատարում. իրենց անձնական վարքագծով, մտավոր ու հոգևոր կարողություններով ջանք ու եռանդ չեն խնայում մեր սերնդի կրթության ու դաստիարակության գործում: Շնորհավորենք նաև մեր այն աղջիկներին, ուսանողուհիներին, ովքեր դեռ մեծ առաքելություն ունեն իրականացնելու կյանքում` մայրանալու, և տա Աստված, որ իսկապես մի օր էլ իրենց երեխաները մոմ վառեն իրենց համար, ինչպես իրենք` իրենց մայրերի»:

Միջոցառման վերջում մասնակիցներն այցելեցին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից կազմակերպված ցուցահանդես, որը գեղագիտական մեծ հաճույք ու բավականություն պատճառեց այցելուներին` առավել ամբողջական դարձնելով նրանց տոնական տրամադրությունը:

Միջոցառման մյուս լուսանկարները տե՛ս այստեղ:

Դպրոցական օլիմպիադան կայացավ

2015թ. մարտի 14-ին ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից հանրակրթական 15 առարկաներից կազմակերպվեց օլիմպիադա, որը վարչությունն անցկացնում է 2009 թվականից ի վեր, և որի նպատակն է շնորհալի ու ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:

Տավուշի մարզում օլիմպիադայի աշխատանքներն իրականացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը:

Տավուշի մարզի 54 միջնակարգ և 4 ավագ դպրոցներից օլիմպիադային մասնակցեց 27 միջնակարգ և 4 ավագ դպրոցների 320 աշակերտ` հանրակրթական հետևյալ առարկաների գծով.
• մաթեմատիկա,
• մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
• ֆիզիկա,
• հայոց լեզու և գրականություն,
• քիմիա,
• ռուսաց լեզու,
• ինֆորմատիկա,
• անգլերեն,
• կենսաբանություն,
• ֆրանսերեն,
• աշխարհագրություն,
• գերմաներեն,
• հայ ժողովրդի պատմություն,
• ստեղծագործական աշխատանք,
• հայ եկեղեցու պատմություն:

Օլիմպիադան տևեց 4 ժամ:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 27-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ): Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, գովասանագրեր, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով ու դիմորդի ուղեցույցներով:

Արդյունքների մասին կարող եք տեղեկանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի միջոցով

Զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը

2015թ. մարտի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Գաուսի մեթոդի ծրագրային իրականացումը» թեմայով զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը:

Ներկա էին ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ցուցուլյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողներ:

Զեկուցումը պատրաստելիս ուսանողուհուն օժանդակել են Ա.Ցուցուլյանը, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մ.Ճաղարյանը:

Նազելի Խաչատրյանի զեկուցումը բավականին հետաքրքիր էր և ուներ ուսուցողական բնույթ:
Ներկայացվեց գծային հավասարումների համակարգի լուծման Գաուսի մեթոդը, նրա ծրագրային իրականացումը C++ լեզվով, ցուցադրվեցին ծրագրի աշխատանքի արդյունքները տարբեր գծային հավասարումների համակարգերի լուծման համար:

Վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում. առաջադրված հարցերն ստացան սպառիչ պատասխաններ: