Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընտրվեց մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նոր նախագահ

2015թ. մարտի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի ունեցավ մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն, որին առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Ալբերտ Զուրաբյանի թեկնածությունը։

Ընտրությանը մասնակցում էին ՈՒԳԸ-ի անդամները, ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների համակարգող Սլավիկ Ալավերդյանը և ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը։

Ընտրությանը քվեարկելու իրավունք ունեին միայն ՈՒԳԸ-ի անդամները:
Այն անցկացվեց կողմ կամ դեմ քվեարկությամբ։

19 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նոր նախագահ ընտրվեց Ալբերտ Զուրաբյանը։

Մասնաճյուղը շնորհավորում է ՈՒԳԸ-ի նորընտիր նախագահին` ակնկալելով ակտիվ գործունեություն և նվիրվածություն։

 

2015թ. մարտի 2-ի տնօրենության նիստում

2015թ. մարտի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2014-2015 ուսումնական տարվա` հեռակա ուսուցման համակարգի առաջին լուծարքային շրջանի և առկա ուսուցման համակարգի քննաշրջանի ամփոփման մասին հարցեր:

Ամփոփելով հեռակա ուսուցման համակարգի առաջին լուծարքային շրջանը` մասնավորապես նշվեց, որ Հեռակա ուսուցման համակարգում ընդգրկված 1008 ուսանողներից քննաշրջանին մասնակցել են 972-ը: Ընդհանուր առաջադիմությունը կազմել է 42%:

Ամենաբարձր առաջադիմությունը (100%) ունեցել են «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները:

Բարձր առաջադիմություն են ցուցաբերել նաև «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները (73,9%), նույն մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանողները (72,2%), «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները (66,7%), «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանողները (65,9%):

Նիստի ընթացքում 2014-2015 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի առաջին լուծարքային շրջանի և առկա ուսուցման համակարգի քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար:

Մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպում

2015թ. մարտի 9-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գարիկ Միրզոյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, Տավուշի մարզպետի խորհրդական, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը և ուսանողներ:

Հանդիպման առաջին մասում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ուսման վարձի փոխհատուցման մրցույթում հաղթող ճանաչված ուսանողների հավաստագրերի հանձնումը:

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը ներկայացրեց, որ կրթաթոշակ տրամադրելիս հաշվի են առնվել սոցիալապես անապահով, հեռավոր կամ սահմանամերձ գյուղերի բնակիչ, ծնողազուրկ լինելու, օրինակելի վարք, հասարակական ակտիվություն, բարձր առաջադիմություն և հաշմանդամություն ունենալու հանգամանքները:

Այնուհետև ՀԵՀ կենտրոնի համակարգողը հանձնեց հավաստագրերը կրթաթոշակի արժանացած հետևյալ ուսանողներին.

1. Մելիքբեկյան Մինավարդ Գագիկի

2. Մկրտումյան Արսեն Արթուրի

3. Սարգսյան Դիանա Արթուրի

4. Դավթյան Արինա Վաչագանի

5. Հախվերդյան Նազելի Հարությունի

6. Հարությունյան Թեհմինե Լևոնի

7. Սարուխանյան Գուրգեն Մկրտիչի

8. Բադալյան Կարինե Աշոտի

9. Սարգսյան Ալվարդ Ալեքսանի

10. Սարիբեկյան Շարմաղ Սամվելի

11. Թամրազյան Լիլիթ Սամվելի

12. Ափինյան Նարինե Արծվիկի

13. Գրիգորյան Գեղեցիկ Արմենի:

Հանդիպման երկրորդ հատվածում մասնաճյուղի տնօրենը խոսեց հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, մարզի հասարակական կարգի պահպանության գործում ուսանողության դերի մասին:

Ուսանողները Իջևանի ոստիկանապետ Կ.Հակոբյանին ուղղեցին հասարակական կարգին, երթևեկության անվտանգությանը, բնապահպանական նորմերին և ընդհանրապես ոստիկանության համակարգին վերաբերող հարցեր:

Նրանց առաջադրած խնդիրներին առավել լիարժեք պատասխան և լուծում տալու համար որոշվեց կազմակերպել եռակողմ (քաղաքապետ-ոստիկանապետ-ուսանողներ) հանդիպում:

Վերջում ոստիկանապետ Կ.Հակոբյանը հանդիպմանը ներկա բոլոր ուսանողուհիներին շնորհավորեց Կանանց տոնի կապակցությամբ, նվիրեց վարդեր:

Մասնաճյուղի կողմից Կ.Հակոբյանին նվիրվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը (վիտրաժային նկարչություն):

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

2015թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն:

Սպորտլանդիային մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» (2-րդ և 3-րդ կուրսեր), «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (2-րդ կուրս)», «Կիրառական արվեստ» (2-րդ կուրս) մասնագիտությունների ուսանողուհիներ:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական ձևով:

Եզրափակիչ դուրս եկան Բնական գիտություների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտությունների երկրորդ կուրսերի թիմերը:

4:3 հաշվով հաղթեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի թիմը:

Հաղթող թիմը տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերներով:

Զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Էրինե Ղարայանը

2015թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Էրինե Ղարայանը:

Ներկա էին ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Երկրորդ կարգի կոն: Հիպերբոլական ասիմպտոտային կոն: Էլիպտական պարաբոլոիդ: Հիպերբոլական պարաբոլոիդ: Երկրորդ կարգի գլան»:

Թեման ունի մեծ կիրառություն մաթեմատիկայի, ֆիզիկայի, տիեզերագիտության և այլ բնագավառներում:

Ներկայացվեց, թե ինչ է երկրորդ կարգի կոնը, հիպերբոլական ասիմպտոտային կոնը, էլիպտական պարաբոլոիդը, հիպերբոլական պարաբոլոիդը, երկրորդ կարգի գլանը, որոնք են նրանց հավասարումները և գրաֆիկները:

Գրաֆիկների միջոցով ցույց տրվեցին, թե ինչպես կարելի է ստանալ հիպերբոլոիդ և պարաբոլոիդ:

Այնուհետև տեղի ունեցավ քննարկում. զեկուցողը պատասխանեց ներկաների ուղղած հարցերին:

Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, բացահայտեց Էրինե Ղարայանի և նախորդ զեկուցողի` Անահիտ Հովսեփյանի զեկուցումների թեմաների ընդհանրությունը, կարևորեց ուսանողների գիտական նախաձեռնությունների դերը: