Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց մեր լավագույն դիմորդի հետ

2015թ. հուլիսի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված («Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն») և ներբուհական («Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա») ընդունելության քննություններից վերջինը` ֆրանսերենի քննությունը: 

Քննություններում ցուցաբերված արդյունքներից հայտնի դարձավ մեր լավագույն դիմորդը` ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության դիմորդ Աստղիկ Բագրատի Սարիբեկյանը:

Հարցազրույց մեր լավագույն դիմորդի հետ

Այդ կապակցությամբ Աստղիկի հետ ունեցանք փոքրիկ հարցազրույց` բուհի և մասնագիտության ընտրության շուրջ.

-Ինչպե՞ս եք տեղեկացել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասին:

 -Մասնաճյուղի մասին տեղեկացել եմ ծանոթներիս և բուհի ներկայացուցիչների` մեր դպրոց կատարած այցելության միջոցով:

 

-Մեր բուհն ընտրելիս ի՞նչ չափանիշներ եք հաշվի առել (նրա վարկանիշը, կրթության որակը, վարձավճարը, այլ չափանիշներ):

– Ընտրել եմ   ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` հաշվի առնելով նրա տրամադրած կրթության որակը:

 

-Ձեր մասնագիտությունն ընտրելիս ի՞նչ սկզբունք եք հաշվի առել:

-Ես ընտրել եմ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը, քանի որ շատ եմ սիրում այն: Թեև դպրոցում անցել եմ անգլերեն, բայց ֆրանսերենի նկատմամբ սերը, այդ լեզվի հմայքը` նրբությունը, երաժշտականությունը, մղեց ինձ ընտրելու հենց այդ մասնագիտությունը:  

 

-Գո՞հ եք արդյոք ընդունելության քննություններից, դրանց անցկացման գործընթացից:

-Այո՛, ես շատ գոհ եմ ընդունելության քննություններից, դրանք անցկացվեցին թափանցիկ, օբյեկտիվ: Կարծում եմ, որ դիմորդները անկաշկանդ կերպով հանձնեցին քննությունները և ստացան իրենց արժանի գնահատականները:  

 

-Ի՞նչ առաջարկներ ունեք` ընդունելության քննությունների հետ կապված:

-Ես կուզենայի, որ չլինեին շտեմարաններ, քանի որ դրանք, ըստ իս, մեխանիկական վարժեցման վտանգ ունեն իրենց մեջ:

 

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ես ակնկալում եմ, որ կստանամ որակյալ կրթություն, կդառնամ պահանջված մասնագետ, հասարակությանը պիտանի մարդ և կկարողանամ իմ լուման ներդնել մեր երկրի զարգացման գործում:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը

Պամելա Ուոթքինսի նվերը մասնաճյուղին

2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակում ԱՄՆ Խաղաղության կորպուսի անգլերեն լեզվի ուսուցման կամավոր, պրոֆեսոր Պամելա Ուոթքինսը ավարտեց իր աշխատանքը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնում:

Երկու տարվա բեղմնավոր գործունեության արդյունքում մեր ուսանողները կարողացան մասնագիտական խոր գիտելիքներ ձեռք բերել և զարգացնել խոսակցական անգլերենի իրենց հմտությունները:

Պամելա Ուոթքինսի նվերը մասնաճյուղին

Նրա շնորհիվ մեր ուսանողները նաև հաղթեցին հանրապետական
և միջազգային մրցույթներում՝ անգլերեն լեզվով ներկայացնելով շարադրություններ:

2015թ. հուլիսի 7-ին` հրաժեշտի ժամանակ, պրոֆեսոր Ուոթքինսը Անգլերեն լեզվի ռեսուրս կենտրոնին նվիրեց բազմաֆունկցիոնալ տպիչ սարք:

Պամելա Ուոթքինսի նվերը մասնաճյուղին

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները իրենց երախտագիտությունն են հայտնում սիրելի դասախոսին` նրան մաղթելով նոր հաջողություններ:

 

Մասնաճյուղում ավարտվեցին 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունները

2015թ. հուլիսի 1-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված («Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն») և ներբուհական («Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա») ընդունելության քննությունները:

Կենտրոնացված քննությունների նվազագույն շեմը 57 դիմորդներից հաղթահարել է 50-ը (հայոց լեզուն և գրականությունը` 17-ից 15-ը, անգլերենը` 31-ից 27-ը, ֆրանսերենը` 9-ից 7-ը):

Մասնաճյուղում ավարտվեցին 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունները

Ներբուհական քննությունների նվազագույն շեմը 23 հանձնողներից հաղթահարել է 21-ը (գծանկարը` 23-ից 22-ը, գունանկարը` 23-ից 21-ը, կոմպոզիցիան` 23-ից 21-ը):

Կայացած քննությունների ընդհանուր համապատկերում առավել գոհացուցիչ էին ֆրանսերենի բանավոր քննության արդյունքները:

Քննական հանձնաժողովի նախագահ Մելանյա Ղազարյանը փաստեց, որ դիմորդների պատրաստվածության աստիճանը բարձր էր, քննությունները կազմակերպված էին պատշաճ մակարդակով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

2015թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Ապագա տուր» տուրիստական կազմակերպության տարածքում կայացավ «Հայաստանի բույսերը» փառատոնը, որի հիմնական խնդիրը հայկական խոտաբույսերի բազմազանությունը հանրամատչելի դարձնելն էր:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

 

«Հայաստանի բույսերը» փառատոնում գործում էին տարբեր հարթակներ` նախատեսված դեղաբույսերի տոնավաճառի, ազգային խոհանոցի, կերպարվեստի, բրդի ներկման և թաղիքագործության վարպետության դասընթացների, ազգային խաղերի համար:

 

Փառատոնին մասնակցում էր նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների բազմաժանր ստեղծագործություններով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

Այցելուները մեծ բավականություն և տեղեկատվություն ստացան մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում իրականացվող գործընթացների, ստեղծագործական աշխատանքների վերաբերյալ:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

2015թ. հուլիսին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության մի խումբ ուսանողներ` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանի և «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ, իրականացրին ամառային պրակտիկա Լուսահովիտ (նախկինում` Ծռվիզ) գյուղում։

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Կազմակերպված պրակտիկան մասնաճյուղի «Սերվիս» մասնագիտության և Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության համագործակցության շղթայի հերթական օղակն էր:

Պրակտիկայի նպատակը Լուսահովիտ գյուղի հարավ-արևմտյան ձորակի աջ ափին գտնվող Մորու ձորի վանքի զբոսաշրջային ներուժն ուսումնասիրելն էր:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Մորու ձորի վանքը (Մորո Ձորո կամ Ծռվիզի վանք) կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։

Վանքի Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով՝ կրաշաղախով։ Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև:

Մորո Ձորո վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։

Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Դրանցից առավել արժեքավորն ու պատմական նշանակություն ունեցողը Վրաստանի Գեորգի 3-րդ թագավորի՝ Թամարա թագուհու հոր արձանագրությունն է, որում ասվում է, որ 1177-78թթ. Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին վանքն ազատել է բոլոր հարկերից, իսկ այդ վճիռը հաստատել է վրաց Գեորգի թագավորը։

Կան նաև սպասալարների տոհմի ականավոր դեմքերի նվիրատվական արձանագրություններ։ 1197թ. իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են վանքը, վերականգնել Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը։

1213թ. եղբայրներ Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին։ 1980-ական թթ. վերանորոգվել են վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթն ու խորանների ծածկերը:

Լուսահովտի գյուղապետի և գյուղացիների ջերմ ընդունելությունից հետո մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք, բարեկարգեցին վանքի շրջակա տարածքը:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Այնուհետև արշավախմբի անդամները հրաշք բնության գրկում ծավալեցին ռեկրեացիոն հզոր ռեսուրսների մասին քննարկում, գնահատեցին գյուղի և վանքի զբոսաշրջային ներուժը:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Հաճելի տպավորություններով և օգտակար գիտելիքներով «զինված»` մեր ուսանողները վերադարձան Իջևան։