Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ակադեմիական ազնվության կանոնակարգի նախագծի քննարկում

ԵՊՀ ԻՄ-ի Ակադեմիական ազնվության կանոնակարգի նախագծի կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ և ուսանողներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ ԻՄ-ի ակադեմիական ազնվության կանոնակարգի նախագիծը, խնդրում ենք ուսումնասիրել այն և մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը ձեր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժին:

Կանոնակարգը կքննարկվի ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովում, իսկ վերջնական տարբերակը կհաստատվի ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նիստում:

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2015թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ֆակուլտետի գիտական խորհրդի անդամները` ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Վ.Ալեքսանյանի նախագահությամբ:

Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում քննարկվեցին 2016 թվականին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում ներդրվող «Սոցիալական աշխատանք» և «Տարրական մանկավարժություն» կրթական ծրագրերի ուսումնական պլաններին, 2015-2016 ուստարվա 1-ին միջանկյալ քննությունների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2016-2017 ուստարում Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում ներդրվող «Սոցիալական աշխատանք» և «Տարրական մանկավարժություն» կրթական ծրագրերի վերաբերյալ նշվեց, որ այդ երկու նոր մասնագիտությունները ԵՊՀ ԻՄ-ում ներդնելիս հաշվի են առնվել մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները ՀՀ-ի և հատկապես տարածաշրջանի աշխատաշուկայում դրանց ունեցած մեծ պահանջարկի վերաբերյալ:

«Տարրական մանկավարժություն» մասնագիտության հետ կապված` մասնավորապես նշվեց, որ մարզի տարրական դասարաններում առկա է դասավանդողների խիստ պակաս:

«Սոցիալական աշխատանք» մասնագիտության կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի արտաքին շահակից, «ՍՕՍ» մանկական գյուղ «Իջևան» ծրագրի տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշեց, որ այսօր նկատելի է սոցիալական աշխատողի դերի բարձրացում: Իջևանում և հարակից գյուղերում ներկայումս կա 388 երեխա, 151 ընտանիք, որոնց հետ կատարվում է սոցիալական աշխատանք:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզին անհրաժեշտ են բազային կրթություն ունեցող որակյալ կադրեր սոցիալական աշխատանքի ոլորտում:

Նշվեց նաև, որ «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագիրը կիրականացվի տեղի և ԵՊՀ-ից հրավիրված մասնագետների ուժերով:

Այսպիսով` նիստի ընթացքում հաստատվեցին 2016թ. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում ներդրվող «Սոցիալական աշխատանք» և «Տարրական մանկավարժություն» կրթական ծրագրերի ուսումնական պլանները:

2015-2016 ուստարվա 1-ին միջանկյալ քննությունների ընթացքը գնահատվեց բավարար:

 

Քարվաճառում համալսարանականները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը

2015թ. հոկտեմբերի 18-ին ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության նախագահ Ռ.Դավթյանի և փոխնախագահ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանի անմիջական նախաձեռնությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստյանի, Հաղարծնի վանքի լուսարարապետ հայր Սամվել աբեղա Մխիթարյանի ձեռամբ, մի խումբ երկրապահ կամավորականների և համալսարանականների մասնակցությամբ Քարվաճառում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն:

Համալսարանականները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը

Այն կերտված էր Նոր Ջուղայի խաչքարերի ճարտարապետական ոճով և նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին: Օծման արարղության ժամանակ Մեծ եղեռնը նորովի հառնեց ներկաների առաջ: Նոր Ջուղան և բովանդակ կորուստները հիշատակող խաչքարը տեղադրված էր նվիրական հայորդիների արյամբ ազատագրված հայրենի հողի վրա:

Համալսարանականները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը

Սուրբ Էջմիածնից բերված մեռոնի հենց առաջին կաթիլներով սրբազանը օծեց խաչքարը: Տերունական աղոթքն առ Աստված հղող ներկաները ջինջ երկնքում նկատեցին արծվի թռիչքը: Քիչ այն կողմ լսելի էին պատշարի մուրճի համաչափ թրխկոցն ու նույն բակում կանգնած փոքրիկի աշխույժ արտասանությունը: Այս ամենը հսկում էր Մռավ լեռան գագաթին խրոխտ կանգնած զինվորը:

«ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` հայտարարվել է «Լավագույն ուսանող 2015» մրցույթի անցկացման մասին:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անցկացվում է տարին մեկ անգամ: 

 Նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

 Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

 Մասնակցության (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը, սահմանված կարգի համաձայն, պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը: Հայտերը պետք է լրացվեն առցանց՝  beststudent.ysu.am էլեկտրոնային հասցեով:

 Նշված ինտերնետային գործիքի միջոցով անհրաժեշտ է ստեղծված հայտը տպել, ստորագրել, կցել պահանջվող այլ փաստաթղթեր և մինչև 2015թ. հոկտեմբերի  22-ը՝ ժամը 16:00-ը, ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ):

 «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգը տեղադրված է ԵՊՀ պորտալում:

 Մրցանակաբաշխության մասնակիցը պետք է ծանոթանա նշված կարգին, որպեսզի ապահովի համապատասխան փաստաթղթերի առկայությունը (պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր), ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահի բնութագրերը, տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր, ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան) և այլն):

«Լավագույն ուսանող 2015» մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2015թ. նոյեմբերի 17-ին կայանալիք  «Լավագույն ուսանող 2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որն այս տարի նվիրվում է Հայաստանի ազգային հերոս, ԵՊՀ շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին:

 Մրցույթին մասնակցելու հետ կապված ցանկացած հարցով ուսանողները կարող են դիմել ֆակուլտետի դեկանատ կամ «Լավագույն ուսանող 2015» ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովին (Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ):

Աղբյուրը՝   ysu.am

Անվճար բաց դասեր բարձր դասարանների աշակերտների համար

Անվճար բաց դասեր բարձր դասարանների աշակերտների համար

2015թ. հոկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ռ.Ռ.Քամալյանը բարձր դասարանների աշակերտների համար կանցկացնի «Պարամետրերով խնդիրների լուծում» թեմայով անվճար բաց դասեր:

Դասերը կսկսվեն ժամը 15:00-ին, կտևեն 90 րոպե:

Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Ռ.Քամալյանին (էլեկտրոնային հասցե` rrkamalian@yahoo.com, հեռախոս` 055-011-284):