Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ-Ն՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀ

 ԵՊՀ-Ն՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀ
Հրապարակվել են Բուհերի ազգային վարկանիշավորման 2015 թ.-ի արդյունքները:

Նախքան բուհերի վարկանիշավորում իրականացնելը Հայաստանում կատարվում է բուհերի դասակարգում (խմբավորում)՝ որոշակի հստակ չափանիշներով: Հայաստանյան բուհերի խմբավորումը իրականացվել է երեք հիմնական չափանիշների հիման վրա: Դրանք են.

  1. Բուհում առկա կրթական ծրագրերը՝ բակալավրի, մագիստրոսի, հետբուհական:
  2. Բուհում առկա մասնագիտական ոլորտների թիվը՝ մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթություն իրականացնող բուհեր և երեք ու ավելի մասնագիտական ոլորտներում կրթություն իրականացնող բուհեր:
  3. Բուհում ուսանողների թիվը՝ փոքր՝ մինչև 4000 ուսանող, միջին՝ 4001-ից 10000 ուսանող, և մեծ՝ 10001 և ավելի:

Ըստ վերոնշյալ չափանիշների՝ բուհերի խմբավորման արդյունքում հայաստանյան բուհերը ներկայացվում են 6 տարբեր խմբերով՝

  •  Երեք կրթական աստիճաններում և երեք ու ավելի մասնագիտական ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր,
  •  Երեք կրթական աստիճաններում և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր,
  •  Բակալավրական ու մագիստրոսական և երեք ու ավելի մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր,
  •  Բակալավրական ու մագիստրոսական և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր,
  •  Միայն բակալավրական մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր  իրականացնող բուհեր,
  •  Արվեստի բուհեր:

ԵՊՀ-ն ընդգրկված է առաջին խմբում և 7.43 վարկանիշային միավորով գլխավորում է Հայաստանի առաջատար բուհերի աղյուսակը: ԵՊՀ-ն առաջատար է դարձել տրված չափորոշիչներում ամենաբարձր վարկանիշային միավոր հավաքելու շնորհիվ, մասնավորապես ըստ ուսումնառության արդյունքների (8.81), գիտահետազոտական աշխատանքի (7.25), դասավանդման գործընթացի (6.47), հաստատության կարողությունների (9.30) և հանրային կապերի (7.51):

Նշենք, որ բուհերի ազգային վարկանիշավորման նպատակն է բարձրացնել բուհերի միջև մրցակցությունը և դրանց հաշվետվողականությունը, ընդլայնել բուհերի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունները, իրազեկել հասարակությանը կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնել բարձրագույն կրթության ոլորտում քաղաքականության մշակման և որոշումների ընդունման արդյունավետությունը՝ նպաստելով բարձրագույն կրթության որակի բարձրացմանը:

Հավելենք նաև, որ ԵՊՀ-ն Հայաստանի առաջատար բուհ է նաև ըստ միջազգային վարկանիշավորման կայքերի: Մասնավորապես ըստ բուհերի ազգային վարկանիշավորման ռուսական համակարգի արդյունքների (որում ներառված են նաև ԱՊՀ երկրների, Վրաստանի և Բալթյան երկրների ավելի քան 400 համալսարաններ)` ԵՊՀ-ն 11-րդ տեղն է զբաղեցնում և Հայաստանի առաջատար բուհն է: 

«Վեբոմետրիքս» միջազգային վարկանիշային համակարգում ևս  ԵՊՀ-ն Հայաստանի առաջատար բուհն է: 

Աղբյուրը` http://ysu.am/news

Շնորհավո’ր տոնդ, Հայո՛ց բանակ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը, մեր զինվորներին ցանկանում անվտանգ ծառայություն, կանաչ ճանապարհ և կապույտ երկինք:

Շնորհավո'ր տոնդ, Հայո՛ց բանակ

 

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր, իսկ 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

24 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:

Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:

Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն:

Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ՝ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:

Փառք ու պատիվ ձեզ, հայո՛ց զիվորներ, որ զօրուգիշեր մեր սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն եք պահպանում:

Շնորհակալություն ձեր նվիրումի, խիզախության, հայրենասիրության համար:

Շնորհավո’ր տոնդ, Հայո՛ց բանակ:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին 2015-2016 ուստարվա I կիսամյակի քննությունները

2016թ. հունվարի 8-25-ը ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում կայացան 2015-2016 ուստարվա I կիսամյակի եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:

ended-the-i-semester-exams-2015-16-4

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանն, ամփոփելով քննությունների արդյունքները, նշեց, քննաշրջանը կազմակերպվել է սահմանված կարգով, ըստ նախապես հաստատված ժամանակացույցների: Ֆակուլտետում իրականացվել են քննություններ 31 դասընթացներից,  մասնակցել է 88 ուսանող:

ended-the-i-semester-exams-2015-16-1

Հատկանշական է, որ ֆակուլտետում անցկացված մասնագիտական բոլոր քննությունների արդյունքները ձևավորվել են ամբիոնների կողմից հաստատված քննական հանձնաժողովների մասնակցությամբ:

ended-the-i-semester-exams-2015-16-1

«Իր անցկացման ձևով այս տարի ուշագրավ և հետաքրքրական էր հատկապես «Դիզայն» մասնագիտության երկրորդ կուրսում «Աշխատանք նյութի վրա-3» դասընթացի քննությունը, որի ժամանակ ուսանողները ներկայացան կիսամյակի ընթացքում իրենց իսկ ձեռքով պատրաստված երեքական հագուստներով»,- ընդգծեց պարոն Մարգարյանը»:   

ended-the-i-semester-exams-2015-16-1

Հարցազրույցի ընթացքում Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները նշեցին, որ քննություններն անցկացվել են պատշաճ կարգով և օբյեկտիվորեն, ուսանողների կողմից բողոքներ չեն եղել:

Նրանք շեշտեցին, որ քննությունների ընթացքում գործում էր ազատ մրցակցության սկզբունքը. վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների մի մասը քննաշրջանի ընթացքում շատ լավ հանդես եկավ և ցուցաբերեց բարձր առաջադիմություն, որը բավականին ողջունելի է:

Թեև ուսանողների ընդհանուր պատրաստվածության մակարդակը   նորմալ էր, սակայն դասավանդողներն առանձնացրին այն հանգամանքը, որ բարձր կուրսերի ուսանողներն իրենց աշխատանքներում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն ստեղծագործական մտքի, անհատականության դրսևորմանը՝ նմանակումը հասցնելով նվազագույնի:

Ուշադրություն ուսանողներին

 

Brainiest-1

«Ամենախելացին» նախագիծն աշխարհահռչակ SONY Pictures ընկերության «The Brainiest» ինտելեկտուալ խաղի հայկական տարբերակն է, որը Հայաստանում իրականացնում է Արմենիա Թիվին:

Շատերին հայտնի «Самый Умный» անվանումը կրող այս ձևաչափն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում: 

Մեկնարկել է «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի ԱՌԱՋԻՆ և ԵՐԿՐՈՐԴ կուրսի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ: 

Հայտագրվելու համար ուսանողները կարող են այցելել www.armeniatv.amկայքի «Ամենախելացին» բաժինը և լրացնել հայտադիմումի օրինակը: 

Հայտագրման փուլն ավարտվելուց հետո ուսանողները կստանան հեռախոսազանգ և կհրավիրվեք գրավոր քննության: Նշված օրը պետք է մասնակցել քննասրահում անհատական թեստի լրացմանը և 20 րոպեում պատասխանել 40 հարցի: 

Եթե անհատական թեստի արդյունքները լինեն բավարար, պետք է մասնակցել բանավոր տեսանկարահանվող քաստինգին, որի ժամանակ ուսանողն իր նախընտրած մեկ թեմայի շրջանակներում մեկ րոպեի ընթացքում պետք է պատասխանի հնարավորինս շատ հարցերի:

Այս փուլերին մասնակցելուց հետո հեռուստախաղի խմբագրական և պրոդյուսերական աձնակազմը կտա իր գնահատականը, և եթե մասնակիցն իր ունակություններով բավարարի խաղին մասնակցելու բոլոր պահանջներին, ապա կստանա հեռախոսազանգ և կդառնա «Ամենախելացին» հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի մասնակիցը:

Հարցերը և թեմաներն ուսանողներին նախապես չեն տրամադրվում, նրանք հարցերին պատասխանելու են իրենց ունեցած գիտելիքներով: Ընդգրկված կլինեն նաև հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում ակնհայտ կլինի ուսանողի ընդհանուր զարգացվածության մակարդակը: 

Մշտապես տեղեկացված լինելու համար հետևեք «Ամենախելացին» նախագծի ֆեյսբուքյան էջին, այցելեք www.armeniatv.am կայք, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 36 12 13, 091-36 12 13:

Խաղի մասնակցության հայտն ԱՆՎՃԱՐ է:

Մասնակիցների սահմանափակում չկա:

«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ»

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

«ԱՄՔՈՐ-Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր», որին կարող են մասնակցել «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպության լավագույն վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:

Տվյալ փուլը նախատեսված է 2015-2016թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:

Դիմումներն ընդունվում են 2016թ-ի հունվարի 15-ից մինչև հունվարի 31-ը:

Հարցերի դեպքում զանգել (010) 24 81 41, 28 29 77 հեռախոսահամարներով: