Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

2016թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության  101-րդ տարելիցին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, բազում քաղաքացիներ միահամուռ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին, հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

Հուշահամալիրի մոտ մարզի հոգևոր դասի ներկայացուցիչները կատարեցին ոգեկոչման արարողություն:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ,  Երվանդ Սըրմաքեշխանլյան, Ատոմ Յարճանյան, Հովհաննես Հարությունյան և ուրիշներ: Սակայն հայ պատմագիության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով  զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները` խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ։ Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24 էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդի ավելի ուշ, զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, ԵՎրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նեիդերլանդների խորհրդարանները, Կանադայի համայնքների, Իտալիայի դեպուտատների պալատը և այլն: Ֆրանսիայում և Ուրագվայում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Սակայն առ այսօր` 2016թ. ապրիլի 24-ը, ոճրագործի` Թուրքիայի կողմից պետական մակարդակով անամոթաբար ժխտվում է ցեղասպանություն-ոճիրն այն «տրամաբանությամբ», որ քանի դեռ աշխարհն ամբողջովին չի ճանաչել ու դատապարտել իր գործած ոճիրը, ուրեմն` չկա և ոճիր, ուստի չկա նաև պատիժ:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

Այնինչ հայն ապրում է՝ հիշելով իր դարավոր ահռելի ցավը, տագնապն ու սարսափը, հիշում է` պահանջելով Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչումն ու հատուցում:

1915-ysuib

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

2016թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից 110.000 հայ որբերի փրկած դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին (նրա արձանը երկու տասնամյակից ավելի գտնվում է մասնաճյուղի բակում, նախկինում նրա անունով էր կոչվում նույն վայրում գտնվող մանկապարտեզը):

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել են Դանիայի Թագավորության հյուպատոսությունը Հայաստանում, Հայոց ցեղասպանության թանգարանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, Դանիական-հայկական բարեգործական առաքելությունը՝ Մարիա Յակոբսենի մահվան 55-րդ տարելիցի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եզրափակմանն ընդառաջ:

Այս առիթով Տավուշ էին այցելել  Դանիայի Թագավորության հյուպատոսության ներկայացուցիչներ՝ պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանի գլխավորությամբ, Դանիական-հայկական բարեգործական առաքելությունը՝ ղեկավար Նանե Խաչատրյանի գլխավորությամբ, պատվավոր հյուրեր, «Իմպրովիզ» քանոնահարների խումբը, աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, լրագրողներ և ուրիշներ:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Նախ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իրականացրեց Իջևան քաղաքում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Սուրբ նահատակաց խորանի սեղանի օծում և հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Մարիա Յակոբսենին:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Ապա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում՝ Հայաստանում Մ.Յակոբսենին նվիրված միակ հուշարձանի մոտ (հեղ.՝ Արա Շիրազ)  տեղի ունեցավ միջոցառումը:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը՝ ողջունելով հյուրերին, միջոցառման նախաձեռնողներին ու մասնակիցներին՝ ընդգծելով Մարիա Յակոբսենի մեծությունը, երախտաբար արժևորելով նրա մարդասիրական մեծ առաքելությունը, նշելով, որ նրա փրկած յուրաքանչյուր մանուկ մի երևույթ է, մի ընտանիք, մի օջախ: Պարոն Առաքելյանը խոստացավ, որ մասնաճյուղում սահմանվելու է Մարիա Յակոբսենի անվան կրթաթոշակ այն ուսանողների համար, ովքեր աչքի կընկնեն բարեգթությամբ, բարեսրտությամբ և միջավայրի նկատմամբ բարի ցանկություններով:

Միջոցառման ընթացքում հոգեթով կատարումներով հանդես եկան «Իմպրովիզ» քանոնահարների խմբի աղջիկները:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Ելույթ ունեցան պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Օձունի քահանա  Տեր Վրթանես Բաղալյանը: 

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Դանիական-հայկական բարեգործական առաքելության ղեկավար Նանե Խաչատրյանը Մարիա Յակոբսենի վերաբերյալ ներկայացրեց արժեքավոր տեղեկություններ՝ քաղված Հայոց ցեղասպանության թանգարանում պահվող արխիվային նյութերից: Նա իր ելույթը եզրափակեց Մարիա Յակոբսենի աղոթքների գլխավոր հիշատակությամբ՝ «Տե՛ր Աստված, թո՛ղ այս մանուկները փուչիկի պայթյունից ավելի ուժեղ ձայն չլսեն»:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Դանիայի թագավորության հյուպատոսությունը՝ պատվավոր հյուպատոս պարոն Գագիկ Գյուլբուդաղյանի գլխավորությամբ, Մարիա Յակոբսենի գերեզմանից հող էր բերել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որն իբրև սրբազան մասունք կպահպանվի մասնաճյուղում:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Այնուհետև մասնաճյուղի ուսանողական խորհրդի աջակցությամբ գրադարանում տեղի ունեցավ Մարիա Յակոբսենի անձնական իրերի և վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, ներկայացվեց Յակոբսենի կյանքի և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Մասնավորապես նշվեց, որ 1882 թ. ծնված Մարիա Յակոբսենը Օսմանյան կայսրության տարածքում 1890-ականներին իրագործված համիդյան ջարդերի մասին տեղեկանում է պատանի տարիքում, ինչից հետո բուժքույրության դասընթացներ ավարտելով՝ համալրում «Կանանց առաքելության աշխատողներ» (Kvindelige Missions Arbejdere (KMA)) կազմակերպության շարքերը և ուղևորվում Թուրքիա։ Նա առաջինն էր գթության քույրերից, ով հասավ Խարբերդ. դա համընկավ իր 24-ամյակի հետ։ Դեռ նոր էր անցել գործի, երբ տեղի բժիշկները նրան արդեն անվանում էին «փրկության հրեշտակ»։ Թեև նրա համար ծանր էր բարձրադիր վայրերում աշխատելն ու երկար ճանապարհ կտրելը, դա ոչինչ էր 1915-ին սկսվածի համեմատ։

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Ցեղասպանության ալիքը հազարավոր երեխաների բերեց նրա մոտ։ Նա միանձնյա ստանձնեց հիվանդանոցում տեղավորված հազարավոր որբերի խնամքը, երբ պատերազմին Միացյալ Նահանգների ներգարվման հետևանքով ամերիկյան անձնակազմն ստիպված եղավ լքել կայսրության տարածքը: Ինչ-որ մի պահի Յակոբսենը կերակուր էր տալիս օրական 4500 երեխայի։ Չափազանց դժվար է կարդալ այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,- գրում է Մարիան՝ պատմելով տեղի պակասի պատճառով մի տղայի մերժելու մասին, որին հետո գտան սովից մեռած։ «Սիրտս կտոր-կտոր էր եղել»,- պատմում է նա՝ նկարագրելով մի դեպք, երբ ոստիկանները, որոնք նաև մասնակցում էին հայերի հետապնդումներին, իր դուռն են բերում պատառոտված ոտքերով ու մերկ մի փոքրիկ աղջնակի։ Տեղեկանալով, որ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief) ձեռնարկել է 110.000 երեխաների Թուրքիայից տարհանելու գործը՝ Մարիան, վտանգը մի կողմ թողած, շտապ վերադառնում է Մերձավոր Արևելք և սկսում զբաղվել որբահավաքությամբ։ Թուրքիա մուտքի արտոնագիր չստանալով՝ նա ուղևորվում է Լիբանան և շուտով հիմնում հետագայում մոտ 200 հայ երեխա պատսպարած «Թռչնոց բույն» որբանոցը. Մարիայից մշտապես քաղցրավենիք խնդրող երեխաները նրան հիշեցնում են ձվից նոր դուրս եկած քաղցած թռչնակների։

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

«Թռչնոց բույնն» ավելի շատ դպրոց էր, քան որբանոց, անթերի մաքուր էր ու կարգապահ, երեխաները դաս էին սովորում, իսկ աղջիկները՝ նաև հմտանում ասեղնագործության նրբություններում։ Զարմանալի է, բայց հաստատությունը գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1950թ. Յակոբսենը դարձավ առաջին կինը, ով մարդասիրական աշխատանքի համար պարգևատրեց Դանիայի թագավորության ոսկե մեդալով։ Մարիան վերջին անգամ հայրենիք է այցելել 1957 թ., իսկ մահացել է 1960 թ., «Թռչնոց բույն» որբանոցում։ Իր ցանկությամբ՝ աճյունն ամփոփվել է որբանոցի բակում։

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Մասնաճյուղում ամբողջ միջոցառումն ուղեկցվում էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների՝ Մարիա Յակոբսենին նվիրված ցուցահանդես-վաճառքով:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Ամփոփելով միջոցառումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իրականցրեց արձակման կարգ:

 

 

Ջահերով երթ ու մոմավառություն՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ

2016թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ, Իջևանում տեղի ունեցավ մոմավառություն ու ջահերով երթ՝ Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակից դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Երթին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, ուսանողներ, աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ, մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ջահերով երթ ու մոմավառություն՝  Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ

Մասնակիցները վառվող ջահերով, մոմերով, դրոշներով, պաստառներով ու օդապարիկներով ուղևորվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ.  1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Ջահերով երթ ու մոմավառություն՝  Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ

Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին ազգային-հայրենասիրական խոսքեր ու արտահայտություններ, պահանջում Հայ դատի արդարացի ճանաչում:

Վերջում ուսանողները օդապարիկները բաց թողեցին երկինք:

Ջահերով երթ ու մոմավառություն՝  Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին ուսանողական հանրապետական գիտաժողովի

2016թ. ապրիլի 22-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Գիտաժողովին մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շուրջ մեկ տասնյակ ուսանողներ՝ բանասիրության, հոգեբանության, բնագիտության ու աշխարհագրության բնագավառներին վերաբերող իրենց զեկուցումներով:

Մեծ թիվ էին կազմում բանասիրական ուղղվածության զեկուցումները:

Գոհար Շահնազարյանի և Սուսաննա Մարդումյանի՝ «Բանահյուսական ժանրային տեսականին մերօրյա Տավուշում»  համահեղինակային հոդվածը նվիրված էր Տավուշում դեռևս կենսունակ բանահյուսական ժանրերին:

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովի

Իջևանի խոսվածքի քննությանն էր նվիրված Ալբինա Սարհատյանի «Իջևանի խոսվածքի բառակազմական առանձնահատկությունները» հոդվածը:

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովի

Իսկուհի Շաղբաթյանը ներկայացրեց «Անեծքների և օրհնանքների չանհետացող ազդեցությունը» թեմայով զեկուցում, որտեղ ընդգծվում էր խոսքի ուժը, անեծքների և օրհնանքների ազդեցության նկատմամբ ժողովրդի ունեցած հավատն ու վերաբերմունքը: Զեկուցողը հավաքել էր նաև մեր տարածաշրջանի անեծքներ ու օրհնանքներ, որոշ սկզբունքերով խմբավորել և տվել մեկնաբանություններ:

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովի

Վանուհի Աղինյանի զեկուցումը նվիրված էր Ղ.Աղայանի «Արություն և Մանվել» վեպում առկա ավանդություններին ու ավանդազրույցներին:

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովի

Մերի Սարգսյանի «Մամիկոնյան տոհմի հերոսները ըստ Խորենացու և Բուզանդի» հոդվածը քննության էր առնում Մամիկոնյան տոհմի ծագման, դերի և նշանակության մասին V դարի պատմագրության մեջ առկա տեսակետները:

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովի

Աղավնի Օրդինյանը հանդես եկավ կադաստրային գործի առանձնահատկությունների վերաբերյալ զեկուցումով, իսկ Ալվինա Գևորգյանը ներկայացրեց «Ամբողջ ֆունկցիաներ» թեմայով զեկուցում, որտեղ քննության էր առնված ամբողջ ֆունկցիան, նրա զրոները, մի շարք հատկություններ, բերվել էին օրինակներ ինչպես իրական հարթության վրա, այնպես էլ կոմպլեքս հարթությունում, ինչպես նաև ապացուցվեց Պիկառի՝ կոմպլեքս հարթության վրա գործող թեորեմը:

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովի

Հոգեբանության ենթաբաժնում Ալբերտ Զուրաբյանը ներկայացրեց «Հակասոցիալական վարքի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները սահմանամերձ գոտու դպրոցականների մոտ» թեմայով զեկուցում, իսկ Արմինե Բաբայանը՝ «Ամուսնաընտանեկան ճգնաժամերի հոգեբանական վերլուծությունը» թեմայով:

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովիՄեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովի   

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գիտաժողովի մասնակիցներին տրվեցին վկայագրեր:

Նախատեսվում է լավագույն աշխատանքները տպագրել:

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովի

Գիտաժողովից հետո ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մասնակցեցին պատարագի, եղան Վարպետաց փողոցում, Հովհ. Շիրազի տուն-թանգարանում:

Մեր ուսանողները Գյումրիում մասնակցեցին  ուսանողական հանրապետական գիտաժողովի