Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայերեն էլեկտրոնային գրքեր – ՅԱՎՐՈՒՀՐԱՏ հրատարակչություն

hrat-color«Յավրուհրատ»-ն առցանց նախագիծ է, մասնագիտանում է հայերեն էլեկտրոնային գրքերի հրատարակության ոլորտում։ Հիմնվել է 2012 թվականին։ Հրատարակչության գրքերը տարածվում են անվճար և վաճառվում են։

Էլեկտրոնային ֆորմատի գրքերն ընթերցելու համար անհրաժեշտ է ներբեռնել հետևյալ ծրագրերը:

Անվճար գրքեր

Լավագույն պատմվածքի մատենաշար

Գրքեր առցանց գրախանութներում

Աղբյուրը՝ http://armscoop.com

Ինֆորմատիկայի և ծրագրավորման անվճար դասընթացներ սկսնակների համար

 Ինֆորմատիկայի և ծրագրավորման անվճար դասընթացներ սկսնակների համարԶանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) գրեթե բոլոր հարթակներում աշխարհի առաջատար համալսարաններն առաջարկում են ինֆորմատիկայիծրագրավորման հիմունքների և ծրագրավորման տարբեր լեզուների վերաբերյալ դասընթացներ ու առցանց դասախոսություններ ինչպես փորձառու մասնագետների, այնպես էլ սկսնակների և նույնիսկ որևէ փորձ չունեցողների համար։ 

ArmScoop-ն ընտրել և մեկ փաթեթով ներկայացնում է սկսնակների համար նախատեսված նմանատիպ լավագույն առցանց դասընթացները։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դասընթացների մեծ մասը ամբողջովին անվճար է․ մյուսներին հնարավոր է մասնակցել երկու տարբերակով՝ անվճար եղանակով, որի դեպքում հասանելի են դասընթացի հիմնական նյութերը, և ընտրելով վճարովի փաթեթը, որը հնարավորություն է տալիս, ուսումնական տեսանյութերից բացի, ձեռք բերել գնահատվող նյութերը, ստանալ ամփոփիչ գնահատական և հավաստագիր։ Գրեթե բոլոր դասընթացները փոխներգործուն են և ներառում են «համակուրսեցիների» ֆորումները, որտեղ կարող են քննարկվել դասերի արդյունքները ու դասընթացին վերաբերող այլ հարցեր։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել համապատասխան հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։ 

Ինֆորմատիկա 101 

coursera հարթակում հասանելի է Սթենֆորդի համալսարանի կողմից պատրաստված «Ինֆորմատիկա 101» դասընթացը, որը նախատեսված է նախնական գիտելիքներ ու փորձառություն չունեցող լսարանի համար՝ սովորեցնելու ինֆորմատիկայի և համակարգչային գիտության հիմունքները։ 

Մեկնարկը․ դասընթացի նյութերը առնվազն մինչև 2016 թ․ սեպտեմբերի 1-ը հասանելի են ինքնուրույն ուսուցման համար
Տևողությունը․ 6 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 3-5 ժամ 
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Ինֆորմատիկայի ներածություն 

edX_logo հարթակում Հարվարդի համալսարանի կողմից առաջարկվող դասընթացը վերաբերում է ինֆորմատիկայի և ծրագրավորման հիմնական սկզբունքերին և նախատեսված է  ինչպես ծրագրավորման փորձ չունեցողների, այնպես էլ սկսնակների համար։ Ընդգրկում է թեմաների լայն շրջանակ՝ C, PHP, և JavaScript լեզուներ, ինչպես նաև SQL, CSS և HTML, ալգորիթմներ, տվյալների կառուցվածքներ, ծրագրային ապահովման ճարտարագիտություն, անվտանգություն, վեբ առաջխաղացում և այլն։

Մեկնարկը․  դասընթացի նյութերը մշտապես հասանելի են ինքնուրույն ուսուցման համար
Մասնակցի ներգրավվածությունը․ 9 առաջադրանք և 1 վերջնական նախագիծ
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Ծրագրավորման հիմունքներ 

edX_logo հարթակում Բոմբեյի հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի (IIT Bombey) կողմից առաջարկվող դասընթացը ներկայացնում է ինֆորմատիկայի և ծրագրավորման հիմնական հասկացությունները՝ սկսած ալգորիթմներից։ Հիմնական նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները՝ գրելու համակարգչային գործնական խնդիրներ լուծելուն ուղղված ծրագրեր։

Մեկնարկը․ դասընթացի նյութերը մշտապես հասանելի են ինքնուրույն ուսուցման համար
Տևողությունը․ 9 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 8 ժամ
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Սովորել ծրագրավորում․ հիմունքներ 

coursera հարթակում Տորոնտոյի համալսարանի մասնագետների կողմից առաջարկվող դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր նախկինում երբեք ծրագիր չեն գրել։ Դասընթացը ներկայացնում է ծրագրավորման հիմնարար տարրերն ու բաղադրիչները և սովորեցնում է գրել օգտակար ծրագրեր՝ Python լեզվի օգտագործմամբ։ 

Մեկնարկը․  դասընթացի նյութերը մշտապես հասանելի են ինքնուրույն ուսուցման համար
Տևողությունը․ 10 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 6-8 ժամ 
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Ծրագրավորում բոլորի համար․ սկսել Python լեզվից 

coursera հարթակում Միչիգանի համալսարանի մասնագետների կողմից առաջարկվող դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին՝ սովորելու ծրագրավորման հիմունքները Python լեզվի օգտագործմամբ։ Համակարգչային չափավոր հմտություններին տիրապետող յուրաքանչյուր ոք կարող է հեշտորեն մասնագիտանալ դասընթացի նյութերի միջոցով։

Մեկնարկը․ հունիսի 13-ին
Տևողությունը․ 7 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 2-4 ժամ 
Արժեքըանվճար կամ ձեռք բերելով ամբողջական փաթեթը
Լեզուն․ անգլերեն

Ինֆորմատիկայի և ծրագրավորման ներածություն․ Python 

edX_logo հարթակում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների կողմից առաջարկվող դասընթացը նախատեսված է ծրագրավորման փորձ չունեցողների համար և մասնակիցներին հնարավորություն կտա սովորել օգտակար ծրագրեր գրել, ինչպես նաև ինֆորմատիկայի ու ծրագրավորման վերաբերյալ նախնական հիմնարար գիտելիքներ ձեռք բերելով՝ հետագայում խորացնել իրենց հմտությունները։ 

Մեկնարկը․ հունիսի 7-ին (նյութերը հասանելի են նաև ավելի ուշ միանալու դեպքում)
Տևողությունը․ 9 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 15 ժամ 
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

HTML և CSS սկսնակների համար 

Համացանցում գրեթե յուրաքանչյուր կայքէջ գրված է HTML լեզվով, իսկ կայքէջի ոճավորման համար օգտագործվում է CSS-ը (Cascading Style Sheets, կասկադային ոճաթերթ)։  codeacademy հարթակի կողմից առաջարկվող այս դասընթացը մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ կտա HTML-ի և CSS-ի վերաբերյալ՝ հիմքից կայքէջեր ստեղծելու (գրելու) և դրանք ոճավորելու համար։ Դասընթացն անվճար է և մշտապես հասանելի է ինքնուրույն ուսուցման համար. լեզուն՝ անգլերեն։

JavaScript 

HTML-ը և CSS-ը բավական հարմար են ստատիկ կայքեր պատրաստելու համար, մինչդեռ JavaScript ծրագրավորման լեզուն մեծացնում է կայքէջի հնարավորությունները՝ դարձնելով այն ավելի ժամանակակից ու շարժուն, գործառական (ֆունկցիոնալ) և փոխներգործուն. codeacademy հարթակի կողմից առաջարկվող անվճար դասընթացը հնարավորության է տալիս յուրացնելու JavaScript-ը։ Դասընթացը մշտապես հասանելի է ինքնուրույն ուսուցման համար. լեզուն՝ անգլերեն։

Գծային և ամբողջ-թվային ծրագրավորում 

coursera հարթակում Կոլորադոյի համալսարանի մասնագետների կողմից առաջարկվող դասընթացը վերաբերում է մաթեմատիկական օպտիմիզացիայի (լավարկման) հիմունքներին։ Դասընթացը ներառում է գծային և ամբողջ-թվային գծային ծրագրավորման տեսության ու ալգորիթմների վերաբերյալ մի շարք հիմնարար թեմաներ։ 

Մեկնարկը․ գրանցված մասնակիցները կտեղեկացվեն դասընթացի անցկացման հաջորդ փուլի ժամկետի վերաբերյալ
Տևողությունը․ 7 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 5-7 ժամ 
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Ալգորիթմներ․ մաս 1  , մաս 2 

coursera հարթակում Փրինստոնի համալսարանի մասնագետների կողմից առաջարկվող դասընթացը նախատեսված է Java լեզվով ծրագրավորման նախնական փորձ ունեցողների համար և ներառում է Java լեզվին առնչվող ալգորիթմների և տվյալների կառուցվածքի վերաբերյալ մի շարք թեմաներ։ Դասընթացը բաղկացած է դասախոսությունների տեսանյութերից և փոխներգործուն գործնական վարժություններից։

Մեկնարկը․  դասընթացի նյութերը մշտապես հասանելի են ինքնուրույն ուսուցման համար 
Տևողությունը․ 6-ական շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 6-12 ժամ 
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Ալգորիթմներ․ նախագծում և վերլուծություն (մաս 1 , մաս 2 )

coursera հարթակում Սթենֆորդի համալսարանի կողմից առաջարկվող դասընթացը հնարավորություն կտա սովորելու ծրագրավորման ալգորիթմների նախագծման վերաբերյալ մի շարք հիմնարար սկզբունքներ ու հմտություններ։ Նախատեսված է ծրագրավորման տարրական փորձ ունեցողների համար (C, Java կամ Python լեզուներով)։ 

Մեկնարկը․  դասընթացի նյութերը մշտապես հասանելի են ինքնուրույն ուսուցման համար 
Տևողությունը․ 6-ական շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 5-7 (մաս 1) և 6-10 ժամ (մաս 2)
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Մոտարկման ալգորիթմներ․ մաս 1  , մաս 2 ⇒ 

coursera հարթակում ֆրանսիական Բարձրագույն նորմալ դպրոցի (École normale supérieure) կողմից առաջարկվող դասընթացը վերաբերում է գծային ծրագրավորման և մասնավորապես մոտարկման ալգորիթմների խնդիրներին։

Մեկնարկը․  հունիսի 20-ին
Տևողությունը․ 5 և 4 շաբաթ
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում․ Java  

Ինչպե՞ս է ստեղծված Google-ի պես հսկայական որոնողական համակարգը․ ինչպե՞ս մշակել ալգորիթմներ ու ստեղծել բարդ նախագծեր (թեկուզև ոչ Google-ի չափ բարդ)։ coursera հարթակում Կալիֆորնիայի համալսարանի (Սան Դիեգո) կողմից առաջարկվող Java լեզվով օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա ոչ միայն հասկանալու այս հարցերի պատասխանը, այլև ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ ու հմտություններ։

Մեկնարկը․ հունիսի 20-ին 
Տևողությունը․ 6 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 4-6 ժամ
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում 

edX_logo հարթակում Բոմբեյի հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի (IIT Bombey) կողմից առաջարկվող դասընթացը նվիրված է Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներին, մեթոդներին և մի շարք հասկացությունների՝ դաս, պոլիմորֆիզմ և այլն։ 

Մեկնարկը․ դասընթացի նյութերը մշտապես հասանելի են ինքնուրույն ուսուցման համար
Տևողությունը․ 4 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 8 ժամ
Արժեքըանվճար
Լեզուն․ անգլերեն

Աղբյուրը՝ harmscoop.com

Անվճար առցանց կրթության հնարավորություններ

MOOCԱրագ զարգացող աշխարհում շարունակական ինքնակրթության և մասնագիտական կատարելագործման նշանակությունն անընդհատ աճում է: Էապես կարևորվում է կրթության անդադար հոսքը՝ սեփական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները շարունակ թարմացնելու ու խորացնելու և ինքնազարգացման համար: Համացանցի ընձեռած հնարավորությունները, առավել քան երբևէ, հեշտացնում են այդ գործընթացը:

Մյուս կողմից ընդգծվում է բարձրակարգ կրթության մատչելիության, մասնավորապես աշխարհի լավագույն համալսարանների կրթական ծրագրերը լայն զանգվածների համար հասանելի դարձնելու կարևորությունը՝ ելնելով այն սկզբունքից, որ թեև ժամանակակից աշխարհում որակյալ կրթության իրավունք ունեն բոլորը, սակայն ոչ բոլորն ունեն այն ստանալու հնարավորությունները։

Հենց այդ հնարավորությունները մատչելի դարձնելու և մարդկանց շարունակական ինքնակրթության գաղափարն է զանգվածային բաց առցանց դասընթացների (Massive open online courses, MOOC) ստեղծման հիմքում։ «Կրթություն բոլորի համար»՝ 2000-ական թթ․ զարգացող և 2010-ականներին թափ առած այս նոր երևույթի կարգախոսն է։ The New York Times-ը 2012 թվականնանվանեց «MOOC-ի տարի», քանի որ հենց այդ տարի մեկնարկեցին անվճար առցանց կրթություն առաջարկող լավագույն հարթակները՝  EdX-ը, Coursera-ն, Udacity-ն: 

ArmScoop-ը հետևում և պարբերաբար ներկայացնում է նմանատիպ տարբեր հարթակների կողմից առաջարկվող դասընթացների վերաբերյալ թարմ տեղեկություններ, որոնք կարող են առավելագույնս օգտակար լինել իրենց կրթական հնարավորությունները զարգացնել ցանկացող հայաստանցիների համար։

Ներկայացնում ենք առավել խոշոր և լավագույն դասընթացներ առաջարկող 6 MOOC հարթակները։

edXառցանց ուսուցման հարթակը, որպես ոչ առևտրային կազմակերպություն, հիմնադրվել է Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից 2012 թ․ մայիսին։ Համացանցին հասանելիություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է edX-ի միջոցով մասնակցել աշխարհի ավելի քան 60 առաջատար համալսարանների կողմից առաջարկվող առցանց դասընթացներին։ Նման համալսարանների թվում են Հարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Կալիֆորնիայի համալսարանը (Բերկլի), Սորբոնի համալսարանները, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech) և այլն։

edX հարթակում առկա է շուրջ 700 առցանց դասընթաց (2016 թ․ հունիսի դրությամբ), որոնք առաջարկվում են հումանիտար, սոցիալական, բնական, տեխնիկական գիտությունների ամենատարբեր թեմաներով, ինչպես նաև լեզուների ուսուցման, մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններով։ Դասընթացների հիմնական մասը, բացի մասնագիտական կրթության դասընթացներից, անվճար է յուրաքանչյուրի համար․ դասընթացների մի մասի համար շնորհվում են վճարովի հավաստագրեր, սակայն բոլոր դասանյութերը բաց են և անվճար։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել edX հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ գործնականում բոլոր բաց առցանց դասընթացները (դասանյութերը) հասանելի են մշտապես՝ նույնիսկ դրանց փաստացի անցկացման ժամկետի ավարտից հետո։

հարթակն, ի տարբերություն edX-ի,coursera առևտրային կազմակերպություն է և ամենախոշոր MOOC-ն աշխարհում։ coursera հարթակում 28 երկրի շուրջ 150 առաջատար ուսումնական հաստատություններ առաջարկում են ավելի քան 1900 առցանց դասընթաց (2016 թ․ հունիսի դրությամբ)՝ գրեթե բոլոր գիտաճյուղերի ամենատարբեր թեմաներով, ինչպես նաև լեզուների ուսուցման, մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններով։ Հիմնվել է Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսորներ Էնդրյու Ընի և Դաֆնե Քոլերի կողմից 2012  թ․ ապրիլին։

coursera–ում առաջարկվում են ինչպես անվճար զանգվածային բաց առցանց դասընթացներ, այնպես էլ վճարովի մասնագիտական ամբողջական  դասընթացներ՝ համապատասխան հավաստագրով, որը ճանաչվում է բազմաթիվ հաստատությունների և կազմակերպությունների կողմից։ 

Բաց առցանց դասընթացներին հնարավոր է մասնակցել երկու տարբերակով՝ անվճարեղանակով, որի դեպքում հասանելի են դասընթացի հիմնական նյութերը, և ընտրելով վճարովի փաթեթը, որը հնարավորություն է տալիս, ուսումնական տեսանյութերից բացի,  ձեռք բերել գնահատվող նյութերը, ստանալ ամփոփիչ գնահատական և հավաստագիր։ Դասընթացների ավարտին սովորաբար անհրաժեշտ է հանձնել դասընթացի ընթացքում ներկայացված նյութի յուրացման առցանց թեստ-քննություն։

Khan Academy

զանգվածային բաց առցանց հարթակը նույնպես շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է բարելավել կրթության որակը և դարձնել այն հասանելի ամենուրեք և ամենքին: Հիմնադրել է բանգլադեշյան ծագմամբ ամերիկացի նորարար ձեռնարկատեր, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Սալման Խանը 2006 թ․ Կալիֆորնիայում (նախքան այդ աշխատանքները սկսել էր իր զարմիկի համար կրթական տեսահոլովակներ ստեղծելով)։ Խան ակադեմիան համագործակցում է NASA-ի, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիայի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ։

Khan Academy-ն, ի տարբերություն նախորդների, դասական իմաստով դասընթացներ չի առաջարկում։ Փոխարենն այս կազմակերպությունը ստեղծումից ի վեր պատրաստում և ներկայացնում է կրթական տեսանյութեր (YouTube–ի ձևաչափով) ու գործնական վարժություններ և սովորողներին հնարավորություն է տալիս անհատական էջերի միջոցով առանձնացնել իրենց ուսումնական ողջ դասանյութն ու յուրացնել այն նախընտրած եղանակով ու ռեժիմով։ Հարթակիհիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ ուսումնական նյութերն ու դասընթացները նախատեսված են ինչպես մեծահասակ մասնագետների և ուսանողների, այնպես էլ դպրոցականների համար։ Առանձին ուսուցողական նյութեր և կրթական գործիքներ կան նաև ուսուցիչների համար։

Khan Academy–ն ուսումնական նյութեր ու առցանց դասեր է առաջարկում մաթեմատիկայի, բնական գիտությունների, ինֆորմատիկայի, հումանիտար գիտությունների և արվեստի պատմության, տնտեսագիտության թեմաներով և մի շարք կրթական թեստերի նախապատրաստության համար։ Հարթակի հիմնական լեզուն անգլերենն է, սակայն առկա են նաև ավելի քան 30 լեզվով (այդ թվում՝հայերեն) թարգմանված տեսանյութեր։ Khan Academy-ի ամբողջ բովանդակությունն անվճար է․ օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել մասնակցային հաշիվ։

Academic_Earth

ACADEMIC EARTH առցանց հարթակը գործարկվել է 2009 թվականին՝ առաջնորդվելով այն փիլիսոփայությամբ, որ աշխարհում յուրաքանչյուր ոք ունի համաշխարհային մակարդակի առաջնակրգ կրթության իրավունք, և պետք է հաղթահարել ակադեմիական աշխարհում առկա խոչընդոտները։ Հարթակում հրապարակվում են աշխարհի մի շարք առաջատար համալսարանների տեսագրված դասախոսություններ (Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆորնիայի համալսարան (Լոս Անջելես), Սթենֆորդի համալսարան, Եյլի համալսարան և այլն)։ Հասանելի են առցանցդասախոսություններ հումանիտար, սոցիալական, բնական, տեխնիկական գիտությունների ամենատարբեր թեմաներով, ինչպես նաև լեզուների ուսուցման, մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններով։ 

futurelearnհարթակը հիմնադրվել է 2012 թ․ դեկտեմբերին՝ հեռավար և առցանց ուսուցման երկարամյա փորձ ունեցող բրիտանական Բաց համալսարանի (Միլթոն Քեյնս) կողմից և ամերիկյան MOOC հարթակների օրինակով․ Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջին նման հարթակն է։ Համագործակցում է բրիտանական և աշխարհի առաջատար այլ համալսարանների, ինչպես նաև կրթական ու մշակութային հսկայական պաշարներ ունեցող ոչ համալսարանական կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ, Բրիտանական թանգարանը, Բրիտանական խորհուրդը, Բրիտանական գրադարանը, BBC-ին և Ազգային կինոյի և հեռուստատեսության դպրոցը:

Futur Learnդասընթացներն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ՝ սկսած Մեծ Բրիտանիայի ու համաշխարհային պատմությունից, միջազգային հարաբերություններից ու քաղաքագիտությունից մինչև բնական գիտություններ և տնտեսագիտական թեմաներ։ Որոշակի դասընթացներ խմբավորված են առանձին թեմատիկ հավաքածուներում։ Բոլոր զանգվածային բաց առցանց դասընթացները հիմնականում անվճար են․ օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել մասնակցայինհաշիվ։

OpenupEdhարթակը համաեվրոպական զանգվածային բաց առցանց դասընթացների նախաձեռնություն է: Հիմնվել է 2013 թ. ապրիլին Հեռավար ուսուցման համալսարանների եվրոպական ընկերակցության (EADTU) կողմից և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ՝ Erasmus + ծրագրի շրջանակներում։ Համագործակցու է ԵՄ  անդամ 11 երկրներից, ինչպես նաև Կանադայից, Ռուսաստանից, Իսրայելից և Թուրքիայից մեկական բաց համալսարանների, կրթական կազմակերպությունների կամ MOOC նախաձեռնությունների հետ։

OpenupEd-ի նպատակն է համացանցին հասանելիություն ունեցող յուրաքանչյուր մարդու շնորհել առցանց ամբողջական անվճար դասընթացներ։ Առկա են թեմաների լայն շրջանակ ընդգրկողդասընթացներ ինչպես անգլերեն, այնպես էլ մի շարք այլ լեզուներով (ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, արաբերեն և այլն)։

Բացի վերոնշյալ հարթակներից, առկա են նաև այլ՝ հիմնականում շահույթ հետապնդող կազմակերպություններ, որոնք մասնագիտացված զանգվածային առցանց դասընթացներ են շնորհում մասամբ անվճար կամ վճարովի հիմունքներով։ Ամենահայտնիներից են, օրինակ,Udacity-ն (ինֆորմատիկայի և ծրագրավորման ոլորտներում), Kadenze-ն (տեխնոլոգիաներ և արվեստ), Eliademy-ն (հասանելի են նաև այլ լեզուներով) և այլն։

Աղբյուրը՝ armscoop.com

«Համարձակվի՛ր մտածել»․ Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն

«Համարձակվի՛ր մտածել»․ Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն

Հայաստանում և նրա շուրջ պետական և համազգային նշանակության տարամակարդակ հիմնախնդիրների ու գործընթացների հասարակական ընկալման, գնահատման և դրանց վերաբերյալ հանրային դիրքորոշումների ձևավորման հարցում շարունակ մեծանում էվերլուծական դաշտի կայացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։ Խնդիրն առավել ակնհայտ է եղածի թարմացման համատեքստում՝ հաշվի առնելով հետազոտողների երիտասարդ սերնդի նորովի և չկաղապարված մոտեցումները։  

Թեև այդ հարցում հանրային պահանջարկը անհրաժեշտ չափով ձևակերպված ու զգալի չէ, սակայն թարմ, նորովի և ասելիք ունեցող առաջարկի անհրաժեշտությունը դրանից չի նվազում։ Մասնավորապես, հայկական վերլուծական (ուղեղային) կենտրոնների բացը լրացնելու ևմտածող երիտասարդության ձայնը առկա հիմնախնդիրների հետազոտության համար լսելի դարձնելու փորձ է Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնիգործունեությունը, որի բացման պաշտոնական արարողությունը կայացավ հունիսի 6-ին Երևանում։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնն իր գործունեությունը որպես նախաձեռնություն սկսել է շուրջ 5 տարի առաջ՝ 2011 թ. մայիսին, մի խումբ երիտասարդների կողմից, իսկ վերջիններիս համագործակցության նախապատմությունն սկսվել է ավելի վաղ՝ 2008 թ․: Ներգրավելով ամենատարբեր մասնագիտությունների և աշխարահայացքների տեր մարդկանց՝ կենտրոնը փորձում է լսելի դարձնել ու վեր հանել երիտասարդների տեսակետներն ու հարցադրումները, հանրայնացնել նրանց՝ տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունները:

Այսուհետև որպես հասարակական կազմակերպություն՝ ԵՎՀԿ-ի գործունեությունն ուղղված է սեփական կայքի, սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների միջոցով երիտասարդ վերլուծաբանների վերլուծությունները, հասարակությանը հուզող հարցերի շուրջ արված դիտարկումները հասարակության սեփականությունը դարձնելուն։

 

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց կազմակերպության նախագահ Արեգ Քոչինյանը, կենտրոնի և նրա շուրջ համախմբված երիտասարդ վերլուծաբանների գործունեությունը հիմնված է մի շարք սկզբունքների վրա՝ զուգահավասարություն և չեզոքություն հայաստանյան ներքաղաքական-կուսակցական դաշտի նկատմամբ, հայաստանակենտրոնություն, անդամների մասնագիտական իրավասություն։ Գործելով «Համարձակվի՛ր մտածել» կարգախոսով՝ ԵՎՀԿ-ի հեռահար նպատակը Հայաստանում վերլուծական դաշտի առավել կայացմանն ու անկախացմանը նպաստելն է:

ԵՎՀԿ-ն երիտասարդական  հարթակ է, որտեղ կարող են ներգրավվել ՀՀ-ում բնակվող մինչև 35 տարեկան ակտիվ, նախաձեռնող և հետաքրքրված երիտասարդները, որոնք ունեն համապատասխան ակադեմիական պատրաստվածություն (հանդիսանում են բուհի ուսանող կամ շրջանավարտ), և ունեն ցանկություն ու նպատակասլացություն՝ դառնալու վերլուծաբան:

Կենտրոնին անդամակցող հիմնական և ասոցացված վերլուծաբանների (շուրջ 50 երիտասարդ)՝ սեփական հայեցողությամբ կատարված վերլուծական աշխատանքներն ու հոդվածները հրապարակվում են ԵՎՀԿ կայքի համապատասխան բաժիններում։ Հրապարակումների հիմնական մասը վերաբերում է Հայաստանի պետական-քաղաքական, հասարակական կարևոր գործընթացներին, արտաքին ու տարածաշրջանային քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգության հարցերին, Արցախյան հիմնախնդրին և հասարակագիտական ու հումանիտար այլ ոլորտների առնչվող թեմաներին։

Աղբյուրը՝ http://armscoop.com

Անգլերենի քերականություն և ոճաբանություն

Անգլերենի քերականություն և ոճաբանություն

Սոցիալական մեդիայի և համացանցի զարգացման այս դարաշրջանում աճել է անգլերենով հաղորդակցվելու անհրաժեշտությունն ու նշանակությունը։ Մյուս կողմից, լեզվական գրագիտության՝ 21-րդ դարում շարունակ աճող աննախադեպ պահանջարկի պայմաններում առավել քան կարևոր է գրագետ և ճիշտ հաղորդակցվելու ունակությունը, հետևաբար՝ անգլերենի քերականության և ոճական հարցերի վերաբերյալ հիմնական գիտելիքների ու հմտությունների տիրապետումը։

Քուինսլենդի համալսարանը (Ավստրալիա), որն անգլերենի ուսուցման լավագույն կենտրոններից մեկն է աշխարհում, edX հարթակում առաջարկում է անգլերենի քերականության և ոճաբանության (English Grammar and Style) զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC)։ Դասընթացավարները՝ Քուինսլենդի համալսարանի դասախոսներ, մասնակիցներին հնարավորություն կտան յուրացնելու անգլերենի քերականության հիմնական սկզբունքների, բառօգտագործման, շարահյուսության, կետադրության և գրավոր ոճերի վերաբերյալ առանցքային գիտելիքներ, ինչպես նաև՝ այդ ամենը ճիշտ կիրառելու, սեփական և այլոց գրավոր խոսքը գնահատելու և շտկելու (խմբագրելու) հմտություններ։ Դասընթացը փոխներգործուն է՝ բաղկացած տեսանյութ-դասախոսություններից, լեզվաբան մասնագետների հետ հարցազրույց-տեսանյութերից և տարբեր գործնական վարժություններից։

Մեկնարկը․  դասընթացն սկսվելու է հուլիսի 25-ին
Տևողությունը․  8 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 4 ժամ
Արժեքըանվճար է 
Հավաստագրի առկայություն․ տրվում է, արժեքը՝ $99 

Ինչպես մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել edX հարթակում  (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը («view course» ընտրանքը հասանելի է միայն դասընթացի մեկնարկից հետո)։ 

Աղբյուրը՝ armscoop.com