Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ն հայտարարում է ընթերցանության տասնօրյակ

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ն հայտարարում է ընթերցանության տասնօրյակ

Սիրելի՛ ուսանողներ,  2016թ. հուլիսի 20-ից օգոստոսի 1-ը հայտարարում ենք ընթերցանության տասնօրյակ:

 Գաղտնիք չէ, որ բոլորս էլ ունենք նախընտրած գրքեր, որ տարվա ընթացքում ունեցած ծանրաբեռնվածության պատճառով այդպես էլ չենք հասցրել կարդալ կամ դրանց ընթերցումը թողել ենք անավարտ: Գործն ավարտին հասցնելու ճիշտ ժամանակն է:

Ավելին` ընթերցումներն առավել հաճելի կդառնան, եթե բոլորս միասին սկսենք կարդալ, դրան զուգահեռ դուրս գրենք մեր հավանած հատվածները (նշելով, հեղինակի և գրքի անունը) ու հայատառ հայերենով (բացառությամբ օտարալեզու գրքերի) գրառենք սույն միջոցառաման համար բացված էջում (https://www.facebook.com/events/1771723426410009/):

Նախատեսվում է միջոցառումը դարձնել շարունակական և անակնկալներով լի, ուստի ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողներին (առկա և հեռակա ուսուցման) կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել այս նախաձեռնությանը:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդ 

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Համաժողովի հրավեր

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը  սույն թվականի դեկտեմբերի 12-16-ը  կազմակերպում է «Որակի շաբաթ» միջոցառումների շարքը: Շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 15-16-ը տեղի կունենա Որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը:

Ուսանողակենտրոն ուսուցումը, ուսանողների բազմազան խմբերի առկայությունը և դասավանդման նոր ձևերը վերջին տարիներին կրթական համակարգում խորը փոփոխությունների շարժիչ ուժն են: Ուսումնառության ընթացքում ուսանողներից ակնկալվում է լինել առավել ինքնուրույն, իսկ դասախոսներին խրախուսվում է կիրառել դասավանդման նորարարական մեթոդաբանություն և գնահատման այնպիսի մեթոդներ, որոնք կարտացոլեն վերոնշյալ փոփոխությունները: Արդյունքում  դասախոս-ուսանող փոխհարաբերությունները փոփոխվում են, և այս պարագայում մեծանում է  հետազոտող դասախոսների դերը:

 Հատկանշական է, որ դասախոս-ուսանող-գործատու շղթայում  փոխադարձ արդյունավետ կապ ապահովելու ամենագործուն միջոցներից մեկն իր աշխատանքի արդյունքները համակարգված կերպով հետազոտող և վերլուծող  դասախոսներ ունենալն է:

Գիտակցելով խնդրի արդիականությունը հայաստանյան կրթական համակարգի համար` ՈԱԱԿ-ի շահակիցների 4-րդ համաժողովը կանդրադառնա հենց այս խնդիրների քննարկմանը և լավագույն փորձի վերհանմանը:

Կարևորելով դասավանդման և ուսումնառության հետազոտությունը, քաղաքականությունն ու պրակտիկան` համաժողովն իր պլենար (լիակազմ) և սեկցիոն (խմբական) նիստերով կդառնա փորձի փոխանակման լավագույն հարթակ և կքննարկի մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները Հայաստանում և նրա սահմաններից դուրս: 

Համաժողովի նպատակներից են.

  • արդյունավետ դասավանդման առկա առաջավոր փորձի տարածումը և խթանումը,
  • նպաստել Հայաստանում  դասախոսների շարունակական ինքնավերլուծության, ինքնագնահատման և ինքնազարգացման մշակույթի ամրապնդմանը,
  • խրախուսել ոլորտի արդիական խնդիրների  վերաբերյալ մասնագիտական քննարկումների ծավալումը և հնարավոր լուծումների դուրսբերումը:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել կրթական ծրագրերի և վերջնարդյուքնների, սահմանված նպատակների և առկա իրավիճակի համահունչությունը, տարբեր մակարդակի գիտելիքներով ուսանողներին աճի հավասար հնարավորությունների ապահովման մեթոդաբանությունը և այլն:

Համաժողովի ընթացքում կլինեն նաև վերապատրաստումներ ուղղված ուսումնառության վերջնադյունքների գնահատմանը։

 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

ՈԱԱԿ-ի ամենամյա համաժողովը քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ է բարձրագույն կրթության որակի ապահովման շահակիցների համար: Համաժողովը կհետաքրքրի բուհերի ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին, որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողներին, հետազոտողներին, որակի ապահովման գործակալությունների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են բարձրագույն ուսումնական հաստատություններում և որակի ապահովման բնագավառում:

Համաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը:

 ԶԵԿՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Համաժողովին մասնակցելու համար հրավիրում ենք բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներին, ուսանողներին և ոլորտի հետազոտողներին, որոնք հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց փորձն ու ուսումնասիրությունները, առաջադրելու և փորձարկելու նոր գաղափարներ, ինչպես նաև ստանալու արձագանքներ շահակիցներից և գործընկերներից:

Զեկույցների հիմնադրույթները հոդվածի տեսքով ներկայացնելու վերջնաժամկետը  հոկտեմբերի 13  է: Նշված ժամկետից հետո ներկայացված դիմում-հայտերը չեն ընդունվում: Հոդվածի հիմնադրույթները պետք է ներառեն հոդվածի մեթոդաբանությունը, հիմնական արդյունքներն ու եզրակացությունը: Ամբողջական հոդվածը պետք է ներկայացնել համաժողովից հետո` համաձայն  կից  ժամանակացույցի:

Խրախուսվում են.

  1. Հոդվածները, որոնք արտացոլում են, թե ինչպես են ուսումնական հաստատությունները և գործակալությունները հարմարեցնում որակի ապահովման մեխանիզմները ինստիտուցիոնալ, ծրագրային և դասընթացային մակարդակներում ուսուցման արդյունավետության խթանման համար:
  2. Տարբեր հեռանկարներ ունեցող առաջարկները (օր.`լավագույն փորձի ներկայացում` մշակված որակի արտաքին ապահովման գործակալության և համալսարանի հետ, Եվրոպական և այլ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված համատեղ զարգացումներ` հայկական գործընկեր կազմակերպությունների ներգրավմամբ):
  3. Ուսանողների հետ համագործակցությամբ ներկայացվող առաջարկները:

 Հոդվածները կներկայացվեն և կքննարկվեն սեկցիոն նիստերի ժամանակ:

Հարկ է նշել, որ համաժողովի ընթացքում մասնակիցներն ազատ են ընտրելու, թե որ սեկցիոն նիստին կցանկանան մասնակցել` հիմնվելով հոդվածների դրույթների վրա, որոնք հրապարակված են լինելու   ՈԱԱԿ-ի կայքէջում և բուկլետում: Հետևաբար, բոլոր հեղինակները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց հիմնադրույթներին, որոնք պետք է լինեն հակիրճ, համապատասխանեն հոդվածի բովանդակությանը և հետաքրքրեն համաժողովի մասնակիցներին: Կազմակերպիչներն իրավունք ունեն բարեփոխելու դրույթները, որպեսզի ապահովեն համապատասխանություն հոդվածի բովանդակությանը: Հոդվածների հակիրճ վերնագրերը հեղինակներին հնարավորություն կտան գրավելու մեծ լսարանի ուշադրությունը:

 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ

Կարող են ներկայացվել երեք տիպի հոդվածներ.

  1. Հետազոտություն. որակի ապահովման հետ առնչվող հայեցակարգերի, գաղափարների և փաստերի վերլուծություն և քննարկում` կրթության քաղաքանության և պրակտիկայի ներառմամբ:
  2. Քաղաքականություն. օրինակ՝ կրթության քաղաքականության հատուկ մոտեցման փորձ` ըստ հնարավոր գործածության կամ այլ համատեքստ փոխանցելու ակնկալիքով:
  3. Պրակտիկա. ազգային կամ միջազգային մակարդակով որակի ապահովման պրակտիկաների կոնկրետ դեպքի ուսումնասիրություն, հաջողության գործոնների, մարտահրավերների կամ հնարավոր խնդիրների վերլուծություն:

 Հոդվածներից ակնկալվում են լավագույն փորձի փոխանակման քննարկումներ և որակի ապահովման վերաբերյալ նոր գաղափարներ:

Հոդվածների հիմնադրույթները կներկայացվեն 45 րոպե տևողությամբ սեկցիոն նիստերի ժամանակ: Հոդվածի ներկայացմանը տրվում է առավելագույնը 20 րոպե, որին կհաջորդեն քննարկումները: Հոդվածի հեղինակները պետք է որոշակիացնեն նիստի ընթացքում ներկայացվող զեկույցները` հնարավորություն ընձեռելով հարցեր տալու և քննարկումներ իրականացնելու:

 ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Հոդվածում պետք է նշվեն հեղինակի կամ համահեղինակների անունները` ընդգծելով համաժողովի ժամանակ զեկուցողի անունը:
  2. Հոդվածը պետք է ներառի հեղինակների համառոտ  ինքնակենսագրականը (առավելագույնը 150 բառ):
  3. Ամբողջական հոդվածը պետք է պարունակի ոչ ավելի քան 3000 բառ (բացառությամբ մեջբերումների):
  4. Հոդվածին պետք է կցել նաև ամփոփում` առավելագույնը 150 բառ:
  5. Այն դեպքում, երբ հոդվածն  ամբողջական չի ներկայացվել զեկույցից առաջ, ապա պետք է ներկայացված լինեն հոդվածի հիմնական դրույթները ոչ ավելի քան 1000 բառով: Հոդվածի դրույթներում պետք է ներկայացվեն կիրառված մեթոդաբանությունը, արդյունքները և եզրակացությունները: Եթե ամբողջական հոդվածը ներկայացված չէ, համաժողովի խմբագրակազմն  ընտրության համար կուսումնասիրի զեկույցի համառոտագիրը:
    Այսպիսով` ամբողջական հոդվածը կարելի է ներկայացնել համաժողովից հետո` համաձայն ստորև ներկայացված ժամանակացույցի:
  6. Պետք է հստակեցնել հոդվածի տեսակը (հետազոտություն, քաղաքականություն, պրակտիկա):
  7. Հոդվածը պետք է ներառի երկու կամ երեք ուսումնառության վերջնարդյունքներ:

 ՀՈԴՎԱԾԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Հոդվածները կգնահատվեն համաժողովի խմբագրակազմի  կողմից` հիմնվելով հետևյալ չափանիշների վրա.

  1. Հոդվածը հստակ արտահայտում է մասնակցի նպատակադրումը և այն  կհետաքրքրի մասնակիցներին:
  2. Փաստարկումները, զարգացումը և կառուցվածքը տրամաբանական են, կապակցված և հասկանալի:
  3. Հոդվածն ունի գիտահանրամատչելի բովանդակություն:
  4. Հոդվածն ապահովում է հիմք շահագրգիռ քննարկումների համար:
  5. Որևէ լավագույն փորձ ներկայացնող հոդվածները վերլուծական են, արտացոլում են զեկուցողի սեփական փորձը և պարզ նշում փորձի կիրառության հաջողություններն ու խոչընդոտները:
  6. Առևտրային բնույթ կրող առաջարկները չեն ընդունվում:

 ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Բոլոր առաջարկները պետք է ներկայացվեն` ըստ այս համաժողովի հրավերին կից ձևաչափի` մինչև 2016 թ. հոկտեմբերի 13-ը: Հայտերը հարկավոր է ուղարկել  info@anqa.amէլեկտրոնային փոստի հասցեին: Խնդրում ենք հայտերը  չուղարկել PDF տարբերակով:

Բոլոր դիմում-հայտերը կուսումնասիրվեն համաժողովի խմբագրակազմի կողմից: Ընտրված հոդվածների հեղինակները համաժողովի մասնակցության համար կտեղեկացվեն մինչև նոյեմբերի 10-ը: Ընտրված զեկույցները կամ հոդվածները կարող են ստանալ որոշակի մեկնաբանություններ բարեփոխումների համար մինչև զեկույցի` համաժողովին ներկայացնելը: Սահմանափակ ռեսուրսների պատճառով մեկնաբանություններ չեն տրամադրվի այն առաջարկներին, որոնք չեն համապատասխանի ներկայացված պահանջներին:  

Ողջ նամակագրությունը կլինի էլեկտրոնային փոստի միջոցով:

 ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 13 հոկտեմբեր, 2016

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը Word ֆորմատով: Հայտի ձևաչափը կարող եք ներբեռնել www.anqa.am կայքէջից և ուղարկել info@anqa.am էլեկտրոնային փոստի հասցեին: Նշված ժամկետից հետո ուղարկված հայտերը չեն ընդունվում: Ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվում:

10 նոյեմբեր, 2016

Հայտերի ընդունման կամ մերժման մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդունված հայտերը կուղարկվեն խմբագրակազմի կողմից կատարված մեկնաբանություններով:

01 դեկտեմբեր, 2016

Ընդունված հոդվածների համառոտագրերը կտեղադրվեն ՈԱԱԿ–ի կայքէջում: Համաժողովի նիստերի օրվա և ժամի մասին տեղեկությունները կնշվեն համաժողովի օրակարգում:

15-16 դեկտեմբեր, 2016

Համաժողով (համաժողովի իրականացման վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հետագայում):

Հունվարի վերջ, 2017

Վերջնական հոդվածները և Power-Point ծրագրով ներկայացվող զեկույցները կտեղադրվեն ՈԱԱԿ-ի կայքէջում և համաժողովի նյութերի ժողովածուի մեջ:

Փետրվարի վերջ, 2017

Կներկայացվեն զեկույցների վերջնական տեքստերը: 

 Ապրիլի վերջ, 2017

Համաժողովին ներկայացված հոդվածներն ու զեկուցումները կտպագրվեն համաժողովի նյութերի ժողովածուի մեջ, իսկ լավագույն հոդվածները կտպագրվեն գրախոսվող ամսագրում:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը պատանի երկրապահների ճամբար

2016թ. հուլիսի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Սամվել Առաքելյանի գլխավորությամբ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ անդամներ՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ, պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ներսիսյանը, պ.գ.դ., պրոֆեսոր  Ռ.Նահապետյանը, փ.գ.թ., դոցենտ Է.Կյուրեղյանը, բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆմգթ., ասիստենտ Ա.Մարգարյանը, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ, Գեղանկարի սեկցիայի նախագահ Հ.Ասատրյանը և ուրիշներ, այցելեցին Գեղարքունիքի մարզ` պատանի երկրապահների ճամբար:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը  պատանի երկրապահների ճամբար

Այցելության նպատակը ռազմահայրենասիրական թեմաներով ակնարկային դասախոսություններ կարդալն էր:

Պատանի ու երիտասարդ երկրապահները հյուրերին դիմավորեցին ջերմ ողջույններով, անկեղծ խանդավառությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը  պատանի երկրապահների ճամբար

Նախ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Ս.Առաքելյանը ողջույնի խոսք ասաց  հանրապետության տարբեր վայրերից ու Արցախից ճամբարում ուսումնամարզական վարժանքներ և հրամանատարասերժանտական դասընթացներ անցնող երկրապահներին՝ մասնավորապես շեշտելով, որ հանձինս «Պատանի երկրապահներ»-ի՝ հանրապետությունում գործում է մի կրթական համալիր, որտեղ հերոսական սերունդ է դաստիարակվում. «Մենք ցանկանում ենք, որ մեր երկրի ապագան ամուր և հզոր ձեռքերում լինի, և դա մեզ ուժ ու վստահություն է տալիս և մենք պատրաստ ենք ամեն ինչ անելու, որ ձեր և մեր ցանկություններն իրականություն դառնան. դուք ապրեք ավելի բարեկեցիկ կյանքով, ավելի մեծ Հայաստանում, ավելի խաղաղ, լավ պայմաններում, քան մենք ենք ապրել: Կրկին շնորհավորում եմ ձեզ, որ դուք մասնակցում եք «Պատանի երկրապահ»-ի հրամանասերժանտական դասընթացներին…»:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը  պատանի երկրապահների ճամբար

Ապա մասնաճյուղի հմուտ ու փորձառու դասախոսները պատանի ու երիտասարդ երկրապահների համար կարդացին ակնարկային դասախոսություններ հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագների, հայոց լեզվի՝ որպես ազգապահպանման գործոնի, արվեստի պատմության, փիլիսոփայության վերաբերյալ:   

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը  պատանի երկրապահների ճամբար

Սաղարթախիտ ծառերի տակ տեղադրված վրան-լսարաններում տարահասակ դպրոցականների և դասախոսների միջև ծավալվեց անկեղծ ու անմիջական  զրույց:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը  պատանի երկրապահների ճամբար

Գնալով մեծացավ ճամբարականների  հետաքրքրությունը և՛ հայոց պատմության դասի  հանդեպ, որը հայրենասիրական բուռն ներշնչանքով  վարում էր մասնաճյուղի տնօրեն, պ.գ. թ., դոցենտ Ս.Առաքելյանը, և՛ հայ ազգագրության, որ վարում էր ազգագրագետ, պ.գ.դ., պրոֆեսոր  Ռ.Նահապետյանը, և՛  Արցախի ու արդի  քաղաքական հարցերի նկատմամբ, որ անցկացնում էր պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ներսիսյանը:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը  պատանի երկրապահների ճամբար

Անհագուրդ էր երեխաների ուշադրությունը փ.գ.թ., դոցենտ Է.Կյուրեղյանի և ՀՆՄ վարչության անդամ, Գեղանկարի սեկցիայի նախագահ, դոցենտ Հ.Ասատրյանի խոսքի ու գործնական-ուսուցողական ուշագրավ  խորհուրդների հանդեպ: Հ.Ասատրյանը երեխաներին խոստացավ, որ հաջորդ անգամ նրանց հետ հանդիպման կգա նկարչական ու քանդակագործական պարագաներով, որպեսզի նրանց առօրյան դառնա ավելի հագեցած ու հետաքրքիր:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը  պատանի երկրապահների ճամբար

Ճամբարականների մի խմբի հետ էլ պարապմունք անցկացրեց բ.գ.թ., դոցենտ  Ա.Սարհատյանը: Նա  հանդես եկավ  մեր լեզվին ու գրականությանը նվիրված սրտաբուխ ու վարակիչ  զրույց-դասախոսությամբ, որը ինքնամոռաց լսում և  առաջադրված հարցերին սիրով ու անկաշկանդ պատասխանում  էին ծառերի ստվերում նրա շուրջը բոլորած տղաներն ու աղջիկները՝ պարապմունքին գեղարվեստական շունչ հաղորդելով իրենց երգով ու ասմունքով:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը  պատանի երկրապահների ճամբար

 Հանդիպումն  ավարտվեց. պատանեկան  ջինջ հայացքներում մնաց հանդիպումից ստացած  հաճելի տպավորությունը, իսկ դասախոսները հեռացան՝ հիացած պատանի երկրապահների  հայրենասիրական ոգով ու պատրաստակամությամբ և վերադառնալու պայմանով:    

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների հերթական այցը  պատանի երկրապահների ճամբար

 

 

 

 

«CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2016». ՍՏԱՐՏԱՓ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2016». ՍՏԱՐՏԱՓ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը «Climate KIC»-ի «ClimateLaunchpad» ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկում է «ClimateLaunchpad Հայաստան 2016» ստարտափ բիզնես գաղափարների մրցույթը:

«ClimateLaunchpad»-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում են 29 երկրներ: Այն օգնում է ամենախոստումնալից ստարտափներին հասցնել իրենց գաղափարները/ նորարարությունները հաջորդ փուլ:

Բիզնես գաղափարների մրցույթի մանրամասներն՝ այստեղ:

Կազմակերպիչների նպատակն է «ClimateLaunchpad Հայաստան 2016»-ը գրանցել որպես հերթական մեծ հաջողություն:

Մրցույթին մասնակցելու հայտը պետք է լրացվի անգլերեն լեզվով հետևյալ հղումով`http://climatelaunchpad.org/application-form/:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016 թ.-ի հուլիսի 27-ը: Այլ մանրամասների համար  զանգահարել (077) 00-83-14 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ http://ysu.am

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ»

Երևանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնը Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական համայնքների բաժնի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ» խորագրով:

Գիտաժողովը տեղի կունենա 2016 թ.-ի հոկտեմբեր 13-14-ը, Երևանում:

 Գիտաժողովի անհրաժեշտությունը: Չնայած Ռուսաստանի Դաշնությունում մեծաթիվ հայկական համայնքի առկայությանը, այն ավանդական Սփյուռքի համայնքների հետ համեմատած զգալիորեն քիչ է ուսումնասիրված: Հաճախ ՌԴ հայկական համայնքը համարվում է պակաս կազմակերպված, տեղի հայերի ինքնությունը՝ ենթադրաբար ավելի վտանգված, և երբեմն նույնիսկ քննարկվում է «սփյուռք» հասկացության գործածության նպատակահարմարությունը ՌԴ հայերի պարագայում:

Այդուհանդերձ գոյություն ունեն ՌԴ գիտնականների կողմից տեղի հայությանը նվիրված ուսումնասիրություններ, որտեղ հայերը դիտարկվում են ՌԴ ազգային/էթնիկ փոքրամասնության տեսանկյունից` հաճախ համեմատելով նաև այլ ապատարածքային փորքամասնությունների հետ: Այդ ուսումնասիրություններում ՌԴ հայերը ներկայացվում են որպես լավ կազմակերպված և փոքրիշատե կայուն սփյուռքյան կառուցվածքով:  

Չնայած Ռուսաստանի հայերի մասին հետազոտությունների աճող թվին` առկա է ՌԴ հայկական սփյուռքի արդի փուլի մասին համակարգված քննարկման պակաս: Այս գիտաժողովը կհանդիսանա նման քննարկում ծավալելու հարթակ, որ կնպաստի նյութի վերաբերյալ նոր հետազոտությունների իրականացմանը և մեր պատկերացումները ընդլայնմանը:

Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփյուռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցվածքի, ազգային ինքնության պահպանության մարտահրավերների, սփյուռքայնացման արդի միտումների և Հայաստանի Հանրապետության հետ ռուսահայության կապերի վերաբերյալ քննարկումն է, առկա գիտական հետազոտությունների համախմբումը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղվող ՀՀ և արտերկրի գիտնականների միջև երկխոսության խրախուսումը:

Գիտաժողովի թեմաներն են.

  1. ՌԴ հայությունն արդի փուլում. համայնապատկեր
  2. ՌԴ հայկական համայնքների կազմակերպական կառուցվածքը
  3. «Նոր Սփյուռք» և «ավանդական սփյուռք». նմանություններ և տարբերություններ
  4. Հայաստանի Հանրապետության հետ կապեր
  5. Ռուսահայության ինքնության հարցեր
  6. ՌԴ հայկական կրթական և մշակութային կառույցներ
  7. Կրոնական կազմակերպությունների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու դերը Ռուսաստանում

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովի զեկուցումները հրատարակվելու են առանձին ժողովածուով:

Գիտաժողովին մասնակցելու համար առաջարկվող զեկուցման սեղմագիրը [զեկուցման վերնագիրը` սեղմ նկարագրությամբ (300 բառ)] և հեղինակի համառոտ կենսագրությունը պետք է ուղարկել գիտաժողովի գիտական կոմիտեին մինչև 2016 թ. հուլիսի 30-ը` YsuArmenianDiaspora@gmail.com էլ. հասցեով:

Գիտաժողովին մասնակցելու համար ընտրված զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն մինչև 2016 թ. օգոստոսի 15-ը:

Ընտրված արտասահմանյան մասնակիցների կեցության և ճամփորդության ծախսերը կարող են հոգալ գիտաժողովի կազմակերպիչները: Եթե կա ֆինանսական աջակցության կարիք, խնդրում ենք այդ մասին նշել մասնակցության հայտում:

Հարցերի համար կարող եք դիմելYsuArmenianDiaspora@gmail.com, էլ. հասցեով կամ(+374)99556665 հեռախոսահամարով, Արման Եղիազարյան/Երևանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոն: