Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2016-17 ուսումնական տարին

2016թ. սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրը, «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց նոր` 2016-2017 ուսումնական տարին:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Նոր ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր հարկի տակ ընդունեց 195 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարինՆերկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, Իջևանի զորամասի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչներ և նվագախումբը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Միջոցառումը բացվեց Հայր Սամվել Մխիթարյանի օրհնության խոսք ու աղոթքով և Իջևանի զորամասի նվագախմբի կատարմամբ հնչող ՀՀ օրհներգով:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Ապա Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ համալսարանականներին շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, նորեկներին՝ առաջին կուրսեցիներին, մաղթեց հաջողություններ, որ ի կատար ածվեն ուսման հետ կապված բոլոր սպասելիքները, նրանց պատգամեց յուրացնել և պահպանել մասնաճյուղում ձևավորված լավագույն ավանդույթները,  դառնալ հասարակությանը պիտանի մարդիկ և հայրենիքի արժանավոր զավակներ: Պարոն Առաքելյանը, դիմելով մասնաճյուղի ուսանողներին, շեշտեց, որ, ի տարբերություն հանրապետության այլ բուհերի, մասնաճյուղն ունի հատուկ կարգավիճակ. «Գտնվելով սահմանամերձ գոտում՝ սահմանը մեզ համար դարձել է ապրելակերպ, ձեր ուսանող կարգավիճակին գումարվում է սահմանում ապրող հերոս երիտասարդի կարգավիճակը»:

Ուսանողներին և դասախոսներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը՝ մասնավորապես նշելով, որ ԵՊՀ ԻՄ-ը միշտ էլ լույսի առաքման աղբյուր է եղել ՀՀ-ում, որ ուսանողներով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի մեր հասարակությունը, մեր բանակը և մեր ընտանիքները, համոզմունք արտահայտեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները լինելու են լավագույն մարդիկ, մեր ապագան, մեր սերուցքը:

Առաջին կուրսեցիներին բարի գալուստ մաղթեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը, նրանց կոչ արեց լինել համառ, նպատակասլաց, ուսումնատենչ, արժանավոր ուսանող:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Գիտելիքի բանալին «Պատմություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Հրանտ Ղազումյանը հանձնեց առաջին կուրսեցի, մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ Աստղիկ Ղազարյանին, որից հետո տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Նրանք երդվեցին արժանի լինել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Տոնական միջոցառումը շարունակվեց ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողների երգ ու պարով, ասմունքով, Իջևանի զորամասի երաժշտախմբի գեղեցիկ նվագակցությամբ:

 

ՍԻՐՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, ասիստենտ Ալեքսան Մարգարյանի ծննդյան տարեդարձը, մաղթում քաջառողջություն, անձնական և մասնագիտական նորանոր հաջողություններ:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ

 ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ
Սիրելի ուսանողներ, դպրոցականներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, 
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում  այսօր տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկն ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով ու սրտի թրթիռով մտնում են հարազատ կրթօջախ: Առանձնակի խանդավառությամբ դպրոց են մտնում մեր առաջին դասարանցիները:  Նրանք  գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, ճանաչելու են զարմանահրաշ մի նոր աշխարհ: Դպրոցում ստանալու են բազմաթիվ գիտելիքներ, տարիների ընթացքում խորացնելու են դրանք, որն էլ ապագայում դառնալու է հասուն կյանք մտնելու իրենց այցեքարտն ու ուղենիշը:
 
Ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը: Այժմ բավարար չէ լինել պարզապես մասնագետ. կրթական  ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը:
 
Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է: Ակնկալում ենք, որ նոր ուսումնական տարին մեր ուսանողների համար կլինի, մասնագիտական հմտությունների խորացման, կրթության և գիտելիքի արժևորման տարի:
 
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների համար: Մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային պատասխանատու   շրջան, որի ընթացքում նրանց ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ:
Վստահ եմ այս ամենի համար ունենք և՛ բավարար ներուժ, և՛ անկոտրում կամք:
 
Շնորհավորելով բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:        
 
 Լավագույն ցանկություններով՝   ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ