2016թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները` դասախոս Վիկտորյա Մելիքսեթյանի ղեկավարությամբ, «Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի գործնական դասն անցկացրին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում:
Գործնական դասի ընթացքում ուսանողները, բաժանվելով երեք խմբի, տարրական և միջին դասարաններում իրականացրին դասալսումներ, ապա կայացավ մանկավարժների հետ նրանց հանդիպումը:
Ուսանողները դիտարկել էին դասի ընթացքում ուսուցչի մանկավարժական գործողությունները, ուղղվածությունը և շփման ոճը:
Հանդիպման ժամանակ ակտիվորեն քննարկվեցին դասալսումների արդյունքները, կրթության համակարգչայնացման, դպրոցներում ներառական կրթության ներդրման վերաբերյալ հարցեր:
Ուսանողները ուսուցիչներին տվեցին մանկավարժական գործունեության մոտիվներից բաղկացած բլանկ, որպեսզի մոտիվները գնահատվեին ըստ կարևորության: Ուսուցիչները առաջնահերթություն տվեցին աշխատանքի արդյունքից և պրոցեսից բավարարվածության, մանկավարժական գործունեության մեջ ինքնակատարելագործման մոտիվներին:
Այնուհետև «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները ծանոթացան դպրոցի հոգեբանի աշխատանքի հետ, ով նրանց մանրամասն ներկայացրեց կրթության առանձնահատուկ պայմաններով երեխաների հետ աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները:
2016թ. նոյեմբերի 17-ին «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում կարդացին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետի ուսանողուհիներ Եվա Ավետիսյանը, Արուս Փարսադանյանը և Գեղեցիկ Գրիգորյանը:
Զեկուցման ղեկավարն էր Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Ք.Օթարյանը:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Զեկուցողները սկզբում հիմնավորեցին ընտրված թեմայի արդիականությունը, ընդգծեցին հավասարման արմատները գտնելու մոտավոր մեթոդների կարևորությունը:
Գեղեցիկ Գրիգորյանը ներկայացրեց միջակայքերի կիսման մեթոդը: Նա մեկնաբանեց, թե քանի քայլ պետք է կատարել արմատի մոտավոր արժեքը տրված ճշտությամբ ստանալու համար, նշեց միջակայքերի կիսման մեթոդի այն առանձնահատկության մասին, որ հաշվումների ընթացքում օգտագործվում են ոչ թե ֆունկցիայի արժեքը, այլ այդ արժեքի նշանը: Զեկուցողը դիտարկեց 6-րդ կարգի բազմանդամը, ներկայացրեց նրա գրաֆիկը, որ կոչվում է «Ռայսի մորուք», ընդգծեց, որ հաշվումների ընթացքում ստացվում են բացասական արժեքներ:
Եվա Ավետիսյանը ներկայացրեց «Պարզ իտերացիայի» մեթոդը: Նախ` նա շնորհանդեսի միջոցով իտերացիան մեկնաբանեց տարբեր բնագավառներում կիրառական գործընթացներով:
Ապա ներկայացրեց իր կազմած ծրագիրը, որ, ներմուծելով իտերացիաների քանակը, արտածում էր եռանկյունների քանակի թվային հաջորդականությունը: Այնուհետև մեկնաբանեց ոչ գծային հավասարման համար հաջորդական մոտարկումների ընթացքը: Քննարկեց մեթոդի զուգամիտության հարցը:
Արուս Փարսադանյանի զեկուցումը վերաբերում էր Հորների ալգորիթմին: Նա մեկնաբանեց Հորների սխեման, այնուհետև ներկայացրեց C++ լեզվով իր գրած ծրագիրը, որը հաշվում է բազմանդամի արժեքը` ներմուծված n-ի, x-ի և գործակիցների համար:
Զեկուցողների և ներկաների մասնակցությամբ վերջում ծավալվեց ակտիվ քննարկում:
2016թ. նոյեմբերի 16-ին՝ ուսանողների տոնի նախօրեին, Գոշավանքում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիների՝ Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը:
Երդման արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզի հոգևոր դասի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ուսուցիչներ, առաջին դասարանցիներ, լրագրողներ, հյուրեր:
Ներկաները նախ մոմ վառեցին 12-13-րդ դդ. Գետիկ գետի ափին կառուցված հայոց հոգևոր և կրթամշակութային նշանավոր կենտրոնում, ապա հայր Սամվել Մխիթարյանի աղոթքով սկսվեց երդման արարողությունը:
Ուսանողները՝ գիտելիքի և դպրության մեր գալիք սերմնացանները, հանդիսավոր երդվեցին պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը, իրենց ստացած գիտելիքները, ստեղծագործական ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության պատվաբեր և չափազանց պատասխանատու գործին, լինել արդարամիտ, բարի, նվիրյալ ուսուցիչներ և այդպիսին էլ դաստիարակել իրենց աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով, երկրի համար դաստիարակել բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ, բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը:
Հաղարծնի դպրոցի փոքրիկ սաներն էլ մայրենին սիրելու, այն անաղարտ պահելու հաստատուն երդում տվեցին և հանդես եկան Մաշտոցի սուրբ աջով հայրաբար ծնված հայոց նշանագրերի՝ հայ հոգու սահմանները օտար մտազավթիչներից դարեր ի վեր պահպանող այդ երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորների մասին գողտրիկ ելույթով:
ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները ներկայացրին հոգևոր երգեր:
Ուսանողներին ու աշակերտներին իր օրհնության փառահեղ խոսքն ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Անչափ ուրախ եմ այս առավոտի համար և ուզում եմ Աստծուն գոհություն հայտնելուց հետո մեր մեծագույն գնահատանքը, օրհնությունն ու շնորհակալությունը հայտնել ԻՄ համալսարանին, նրա ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին, ուսուցիչներին՝ այս ամբողջ առաքելությունը իրականացնելու և նաև այսօրվա նախաձեռնության համար:
Մեր շա՛տ սիրելի ուսանողներ, դուք մեծ առաքելության կոչված մարդիկ եք՝ այնպիսի անձինք դառնալու, որի համար այսօր ուխտեցիք և երդվեցիք այս սուրբ խորանի առջև՝ Մխիթար Գոշի հիշատակի դիմաց, որ գիտակցաբար ընտրել եք ուսուցչության ճանապարհը և այն էլ այպիսի տարիքի՝ նախակրթական կամ տարրական, որը ես միշտ համեմատում եմ Աստծո արարչագործության հետ: Աստված երբ մարդուն կավից ստեղծում էր, իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց. դուք նույն գործն եք անում կամ անելու եք. ստեղծելու եք կավից, և այդ երեխաները լինելու են ձեր պատկերով և նմանությամբ, ինչպիսին ձեր պատկերը կլինի, այնպիսին նրանք կժառանգեն, հետևաբար այդ մեծ պատասխանատվությունն է մղում ուսուցչի ձեռքը համբուրել, և ես երազում եմ ու համոզված եմ, որ ձեր այսօրվա քայլով ունենալու եք շատ աշակերտներ, ովքեր ձեր ձեռքերը կհամբուրեն: Վստահաբար դուք ուսուցչության ճանապարհի մեջ ունենալու եք չափազանց մեծ դժվարություններ, բայց ձեր մեծագույն առաքելությունը լինելու է Մարդը: Շատ եմ խնդրում ձեզ՝ մարդուն արժեք տվեք, գնահատեք նրանց, ովքեր գալու են ձեր ձեռքից հոգևոր և կրթական խնամք ստանալու, մեծացրեք նրանց և ամակարևորը՝ սիրեք նրանց…»:
Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ Ուսուցչի երդման կապակցությամբ շնորհավորելով «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ մեր առաջին ուսանողներին, ընդգծեց կրթության բնագավառի ներկայացուցիչների ամենօրյա տքնաջան ու պատասխանատու աշխատանքի կարևորությունը, նրանց ունեցած անգնահատելի դերն ու ավանդը սերունդների կյանքում, ապագա ուսուցիչներին պատգամեց գիտելիքներից բացի իրենց սաների մեջ սերմանել ազգային, բարոյական ու համամարդկային արժեքներ՝ ազնիվ հայրենասիրություն ու մարդասիրություն, բարեկրթություն, անկոտրում կամք ու լավատեսություն:
Նախաձեռնության առաքելությունն ու նպատակն ամփոփեց ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը, ով և կազմակերպել էր այս միջոցառումը: Պարոն Բրուտյանը նշեց, որ եթե մեր ուսանողները այսօր երդվեցին անմնացորդ նվիրաբերվելու մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին, դառնալու մեր հայրենիքի հզորացման, մեր պետականության ամրապնդման ամենամեծ ջատագովներն ու նվիրյալները, ապա ինքն էլ ուսանողների առջև երդվում է շուրջ 40-ամյա մանկավարժական ու գիտական իր փորձառությամբ և գիտելիքներով նրանց համար բացել դեպի մանկավարժության գաղտնիքները տանող բոլոր փակ դռները:
Նման միջոցառումները ասես մեկ անգամ ևս փաստում են, որ մենք այն մեծ ծառի ճյուղերն ենք, որի արմատները հաստատված են Իմաստության վրա և սնվում են Հավերժության ակունքներից, և պատգամում են, որ պետք է պտղաբերենք` այդ արմատներին արժանի մնալով:
Երդման արարողությունից հետո ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից «ՏՄՄ» առաջին կուրսի ուսանողներին նվիրվեց «Մեսրոպ Մաշտոց» նկարը, որպեսզի ուսումնառության ընթացքում լսարանում էլ Մաշտոցի սուրբ հայացքն ուղեկցի նրանց:
Վերջում Տավուշի թեմի առաջնորդի և ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության կողմից ձեռք բերվեց պայմանավորվածություն 2016-17 ուստարվա ավարտին՝ Սուրբ թագմանչաց տոնին ուսանողների հետ այցելելու Օշական` հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ ուսուցիչ ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին:
2016թ. նոյեմբերի 15-ին Իջևանի երաժշտական դպրոցում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանի՝ «Անվերջ կարոտը, սերը» խորագրով գրական առաջին ցերեկույթը:
Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով. հավաքվել էին մարզի կրթության, գիտության, մշակույթի և արվեստի ոլորտների ներկայացուցիչներ՝ ունկնդրելու երիտասարդ, շնորհալի ասմունքող Աննա Դավթյանին:
Աննան սիրված ասմունքող Լիաննա Զուրաբյանի սանն է. իր կիրթ ու բարեհունչ ասմունքով տարբեր միջոցառումներում արդեն հասցրել է գերել շատ ունկնդիրների:
Գրական ցերեկույթի ընթացքում Աննա Դավթյանը ներկայացրեց հայ դասականների և ժամանակակից բանաստեղծների (Համո Սահյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Լևոն Բլբուլյան, Արմեն Երիմյան և ուրիշներ) ստեղծագործություններից:
Միջոցառման վերջում իրենց հիացմունքն ու տպավորություններն արտահայտեցին ցերեկույթին ներկա ուսուցիչները, մշակույթի և արվեստի գործիչները՝ Աննային մաղթելով նոր հաջողություններ ու բարձունքներ ասմունքի ասպարեզում:
2016թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կազմակերպվել էր «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի կողմից:
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների ֆակուլտետների, Իջևանի պետական քոլեջի, վարժարանի, ավագ դպրոցի թիմերը:
Խաղը դիտելու էին եկել ոչ միայն ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ, այլև Իջևանի ուսումնական հաստատությունների սաներ, աշակերտներ:
Մրցույթն անցկացվեց 2 փուլով. նախ ներկայացվեցին խաղի կանոնները, ապա յուրաքանչյուր փուլում մասնակիցներին տրվեց 10 հարց:
Առաջին և երկրորդ փուլերի արդյունքներն ամփոփելով՝ Իջևանի պետական քոլեջի և Վարժարանի թիմերը վաստակեցին հավասար միավորներ:
Հնչեց երեք լրացուցիչ հարց:
Առաջին և երկրորդ տեղերը գրավեցին Իջևանի ավագ դպրոցի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը, երրորդ տեղը զբաղեցրեց Իջևանի վարժարանի թիմը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ակումբի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, առաջին տեղ գրաված թիմին տրվեց նաև նվեր:
Ինտելեկտուալ խաղի վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Լազր Ափինյանը՝ նշելով, որ բուհի կողմից նման ինտելեկտուալ միջոցառումների կազմակերպումը և դրանցում մարզի աշակերտներին ներգրավումը է՛լ ավելի է ամրացնում համալասարանի և մարզի ուսումնական հաստատությունների միջև կապը:
Սիրելի՛ դիմորդ, 2024 թ. ապրիլի 18-ից մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրիատի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ընտրած մասնագիտության համար սահմանված … Կարդալ ավելին →
«ԿԱԶԱ» հիմնադրամը Քաղաքացիական կրթության ոլորտի կրթական խաղերի և ոչ ֆորմալ կրթական գործիքների տարածման շաբաթվա շրջանակներում, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի քաղաքացիական … Կարդալ ավելին →
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Հայաստանում Էրազմուսի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Էրազմուս միջազգային … Կարդալ ավելին →
Հարգելի՛ համալսարանականներ, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2024 թ. ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 57 լսարանում … Կարդալ ավելին →
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 2024-2025 ուստարվա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», … Կարդալ ավելին →
2024 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն: Մասնակցելու համար … Կարդալ ավելին →
2024 թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար իրականացվեց «Մանկավարժական կրթության էկոլոգիզացիա. նոր մոտեցումներ» թեմայով առցանց դաս-քննարկումը: Այն վարեց … Կարդալ ավելին →
2024 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ աշխատակազմի անդամները և ուսանողները մարզային ու քաղաքային իշխանությունների, քաղաքացիների հետ … Կարդալ ավելին →
2024 թ. ապրիլի 20-ին ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի և Անգլերենի ռեսուրս կենտրոնի նախաձեռնությամբ մասնաճյուղում իրականացվեց «Կայուն զարգացում» թեմայով դասախոսություն-աշխատարան: … Կարդալ ավելին →
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 17-19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր Պրեշովի համալսարանի սլավոնագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պետրիկովան: Այցելությունը … Կարդալ ավելին →
2024 թ. ապրիլի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, … Կարդալ ավելին →