Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բաց դաս բնության գրկում

2017-2018 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Լևոն Լաչիկյանի ղեկավարությամբ, «Մշակութաբանություն» դասընթացի շրջանակներում բաց դաս անցկացրին Իջևանի դենդրոպարկում:

Բաց դաս բնության գրկում

Ակնհայտ է, որ այս տարվա աշունն առանձնանում է իր առինքնող գեղեցկությամբ, գույների զգլխիչ հարստությամբ ու հաճելի ջերմությամբ, ուստի աշնանավերջի ամեն մի ակնթարթն ըմբոշխնելու ցանկությունը յուրաքանչյուրին մղում է գտնելու բնության հետ հաղորդակցվելու նորանոր միջոցներ:

Եվ ինչպես պարոն Լաչիկյանն (Լաճիկյանն) է ասում. «Մշակույթը երկրորդ բնությունն է, ուստի այն խորությամբ ըմբռնելու համար հարկ է ի մոտո ծանոթանալ առաջին բնության հետ: Դրա լավ հնարավորությունն ընձեռում է Տավուշ աշխարհը, Հայաստանն ընդհանրապես, որի ամեն մի քարը, ծերպն ու արահետը վեհացնում է մարդու հոգին, նրան համակում բանաստեղծականությամբ ու քնարական շնչով»:

Բաց դաս բնության գրկում

Չքնաղ բնության գրկում համալսարանականներն արտասանեցին Պարույր Սևակ ու Հովհաննես Շիրազ, Համո Սահյան ու Սիլվա Կապուտիկյան:

Ուսանողների միջև ակամա ծավալվեց մրցակցություն, որի հաղթող Դիանա Պողոսյանը որպես նվեր ստացավ Լևոն Լաճիկյանի կազմած «Իմ Հայաստան» բանաստեղծական ժողովածուն:

Բաց դաս բնության գրկում

Ուշագրավ էր նաև համալսարանական դասախոսի դատողությունն այն մասին, որ հայրենիքից դուրս խաբուսիկ են բոլոր դրախտները, և Հայաստան աշխարհը շարունակում է համայն հայության համար մնալ Երկիր դրախտավայր: Թերևս դա էր նման անմոռանալի դասի գլխավոր խորհուրդը: