Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր Նոր` 2017 թվական

 Շնորհավո՛ր Նոր` 2017 թվական

Սիրելի՛ համալսարանականներ, քաղաքացիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ի սրտե շնորհավորում է բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում, որ  2017 թվականը համայն հայության համար լինի խաղաղության,  երջանկության, բարօրության, բարձր նպատակների ու նվիրական իղձերի իրականացման, գիտական, ստեղծագործական ու անձնական ձեռքբերումների տարի:

Թո՛ղ ամեն այգաբացին` Աքլորի խրոխտ կանչի հետ, մեր տներում հաստատվեն, տանտեր դառնան Սերն ու Համերաշխությունը, Ջերմությունն ու Առատությունը, մեր ընտանիքներում զիլ զնգա մանկան ճիչը, կարկաչի մեծի լիաթոք ծիծաղը, մեր հոգիներում իշխի Լույսն ու Ներդաշնակությունը…

Սիրենք իրար, բարին կամենանք, լինենք ներողամիտ, գթասիրտ և ազգովին` միաբան, ծլենք, ծաղկենք, զորանանք…

Եվ երանի՜, որ, հիրավի,

Լույս գիշերին Ամանորի

Բացվեն բոլոր փակ դռները,

Սիրող սրտերն իրար փարվեն…

___________________________________________________________

 

Փոքրիկ ակնարկ` Հրեղեն աքաղաղի տարվա մասին

Շնորհավո՛ր Նոր` 2017 թվականԱյս Նոր տարին՝ 2017 թվականը, ըստ արևելյան օրացույցի, ԿՐԱԿԵ  (ԿԱՐՄԻՐ) ԱՔԱՂԱՂԻ  տարի է, որն իր իրավունքների մեջ է մտնելու 2017թ. հունվարի 28-ից և իշխելու է մինչև 2018թ. փետրվարի 16-ը։

Աքաղաղը համարվում է  նոր օրվա, լույսի, համառության և բարի գործերի խորհրդանիշ։

Այն արևելյան հորոսկոպի ամենավառ, նրբաճաշակ և շփվող նշանն է, շատ է սիրում իր անձին ուղղված ուշադրությունն ու գովեստները։ Աքաղաղն ինքը չի սիրում արտահայտել իր զգացմունքները, միաժամանակ խուսափում է միայնությունից:

Սուր մտքի, կռահողականության, գրավչության շնորհիվ նա հեշտությամբ է ծանոթանում ու կապեր հաստատում տարբեր շրջանակների մարդանց հետ։ Աքաղաղը պատրաստ է մինչև վերջ պաշտպանել սեփական կարծիքը, առանձնանում է գործնականությամբ և խնայողությամբ։

Աքաղաղը սիրում է ղեկավարել, իշխող է, բռնկվող, ասում է մարդու երեսին այն, ինչ մտածում է։ Երբեմն նման հատկանիշները խանգարում են կյանքում, սակայն պայքարել իր այդ հատկանիշների դեմ նա չի կարողանում։

Աքաղաղի հետ համատեղելի նշաններն են  Ցուլը և Օձը։

Տարվա տարերքը  կրակն է:

2017 թ.-ի հիմնական գույներն են կարմիրը, դեղինը, ոսկեգույնն ու նարնջագույնը: