Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելություն Տավուշի մարզպետարան

2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները՝ ուսումնական պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի ուղեկցությամբ, ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Տավուշի մարզպետարան՝ մարզի սերվիսային գործունեություն իրականացնող  ոլորտի ուսումնասիրության նպատակով:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելություն Տավուշի մարզպետարան

Ակնարկային դասախոսության միջոցով նախ ուսանողներին ներկայացվեց մարզի ոչ արտադրական ոլորտը և մարզպետարանի դերը այդ ոլորտի կառավարման ու վերահսկման գործում:

Ապա ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար
Սվետլանա Դավթյանը պրակտիկանտ-ուսանողներին ներկայացրեց մարզպետարանի կառուցվածքը, ստորաբաժանումների գործառույթները:  

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելություն Տավուշի մարզպետարան

Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծությունը, մարզի զարգացման ծրագրերը՝ ուշադրություն դարձնելով զբոսաշրջության զարգացման ծրագրերին և այդ ոլորտի խնդիրներին:

Այնուհետև  ուսանողները ծանոթացան ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների  գործառույթներին:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելություն Տավուշի մարզպետարան

Այցելության ընթացքում ուսանողները ակտիվ հարցադրումներով ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ամրապնդեցին մարզի սերվիսային գործունեության վերաբերյալ իրենց գիտելիքները:

Փետրվարի 20-24-ը Հայաստանում հայտարարված է կրթության որակի շաբաթ

Փետրվարի 20-24-ը Հայաստանում հայտարարված է կրթության որակի շաբաթ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարում է կրթության որակի շաբաթ:
Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող որակի շաբաթվա նպատակն է թե կրթության ոլորտի ներկայացուցիչների, թե ղեկավար օղակների և թե հասարակության ուշադրությունը հրավիրել կրթության որակի ապահովման վրա՝ քննարկելու առկա խնդիրները, կիսվելու լավագույն փորձով և ձևավորելու ապագայի ընդհանուր տեսլական:

Առաջիկա որակի շաբաթվա ընթացքում տեղի կունենան աշխատաժողովներ նվիրված ուսանողների, երիտասարդ դասախոսների, մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանության խնդիրներին, իսկ շաբաթը կամփոփվի  երկօրյա համաժողովով, որի թեման կլինի գնահատման համակարգերի բարելավումը:

Որակի շաբաթը կմեկնարկի փետրվարի 20-ին՝ ուսանողներին նվիրված աշխատաժողովով: Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթության կառավարիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կդառնա քննարկման հարթակ՝ բարձրաձայնված խնդիրների էությունը հասկանալու և լուծման ընդունելի և արդյունավետ ուղիներ որոնելու համար:

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ բուհական ռեսուրսների հասանելիությունը բոլոր ուսանողներին՝ անկախ ուսումնական հաստատությունից; աշխատաշուկայի պահանջները և բուհական կրթության համապատասխանությունը դրանց; մագիստրոսական կրթության բացերը. մագիստրոսը որպես հետազոտող մասնագետ և աշխատուժ; բուհական կրթություն. ինչի՞ համար է վճարում ուսանողը:

ՈԱԱԿ-ը, կարևորելով դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում, փետրվարի 21-ի աշխատաժողովը կնվիրի երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը:  Աշխատաժողովի ընթացքում, քննարկումների միջոցով լուծման ուղիներ դուրս բերելու նպատակով, անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ կրեդիտային համակարգի առանձնահատկությունները և կրեդիտների բաշխումը; ուսանողներին անհրաժեշտ կարողությունները, ՄԿԾ վերջնարդյունքների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, պրակտիկ և տեսական կրթության համամասնությունը; միջդիսցիպլինար համագործակցության խթանումը տարբեր բուհերի և նույն բուհի տարբեր մասնագիտությունների միջև; գնահատումը և դասավանդումը. չափորոշիչներ և մեթոդաբանություն, գնահատման համակարգի բարելավման ուղիներ; որակյալ կրթություն ապահովելու գործում ռեսուրսների նշանակությունը և առկայությունը, այլընտրանքային լուծումներ; դասախոսական կազմ. մոտիվացիա, նորեկ դասախոսի ներածական փաթեթ, դասախոսը որպես հետազոտող; որակի ապահովումը և դասախոսը, սեփական աշխատանքի շարունակական հետազոտման կարևորությունը:

Երիտասարդ դասախոսներին նվիրված միջոցառումը կդառնա նաև շահակիցների երկխոսության ու հաջողված փորձով կիսվելու հարթակ:  Միջոցառմանը կմասնակցեն երիտասարդ դասախոսներ, կրթության որակի պատասխանատուներ, կրթության կառավարիչներ, ուսանողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Որակի շաբաթվա երրորդ օրը նվիրված կլինի մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) համապատասխանությանը:  ՈԱԱԿ-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի հետ համագործակցությամբ փետրվարի 22-ին կկազմակերպի աշխատաժողով, որտեղ կներկայացվեն ALIGN ծրագրի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:

Աշխատաժողովի ընթացքում ուսանողների, դասախոսների և կրթության կառավարիչների տեսանկյունից կքննարկվի կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը: Կշեշտադրվի հատկապես գնահատման բարելավումն որպես դասավանդման արդյունավետության գործիք: Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նաև Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ծրագրի շահակից բուհերում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները, ՈԱՇ-ի և վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը, գործընթացից քաղված դասերը:
Աշխատաժողովի ավարտին տեղացի ու միջազգային փորձագետները, ուսանողները և ՈԱԱԿ ներկայացուցիչները առաջարկ կներկայացնեն կառավարությանը ազգային մակարդակում մասնագիտության կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին:

Որակի շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին:

Այս տարի մեկնարկելու է կլաստերային աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գործընթացը միտված է լինելու մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին, գնահատման համակարգի բարելավմանը և ոլորտի ընդհանուր պատկերի հստակեցմանը: ՈԱԱԿ-ը կարևորում է շահակիցների երկխոսությունը և փորձի փոխանակումը, գիտակցում գնահատման դերն որակի ապահովման գործընթացներում: Հաշվի առնելով նաև հանգամանքը, որ շահակիցների հետ քննարկումներում հատկապես շեշտվում է գնահատման համակարգի արդյունավետությունը և բարելավումը, ՈԱԱԿ-ը որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը:

Միջոցառման ընթացքում անդրադարձ կկատարվի կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին, կներկայացվի կլաստերային հավատարմագրման գործընթացը, նպատակները, չափանիշները, ոլորտները: Կլաստերային հավատարմագրման չափանիշները քննարկվեն նաև երկու աշխատաժողովների ընթացքում՝ փորձագետների և դասախոսների, դեկանների, ամբիոնների վարիչների մասնակցությամբ:
Աշխատաժողովներով անդրադարձ կկատարվի նաև «Կրթական ծրագրերի վերանայում՝ գնահատման համակարգի բարելավման համատեքստում», «Դասավանդման բարելավում՝ գնահատման համակարգերի վերանայման միջոցով», «Ուսանողի առաջընթացի պլանավորում. գնահատման դերը» թեմաներին:

Տեղի կունենա շահակիցների քննարկում «Ինչպիսի գնահատում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից» թեմայով:
Համաժողովի ընթացքում ոլորտի հեղինակավոր մասնագետները Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից կներկայացնեն կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը:
Կներկայացվեն նաև Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կազդարարվի ցանցի գործունեության մեկնարկը:

Համաժողովի ընթացքում կլինեն նաև ստենդային ներկայացումներ նվիրված կրթության ոլորտում նորարարությանը, դասավանդման և գնահատման նոր մեթոդների ներդրմանը:

Կրթության որակի շաբաթվա վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 229 145 հեռախոսահամարով կամ գրել info@anqa.am էլ. փոստին:

Աղբյուրը՝ http://www.anqa.am

Գիտական խորհրդի ընդլայնված նիստում

2017թ. փետրվարի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին  մասնակցում էին Գիտխորհրդի անդամները՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ, հրավիրված էին ամբիոնների վարիչները, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:

11-02-2017-1

Մասնաճյուղի գիտական խորհրդի նիստում ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները:

Մասնավորապես նշվեց, որ քննաշրջանին մասնակցել է 661 ուսանող (154-ը՝ անվճար, 507-ը՝ վճարովի): Մասնաճյուղի ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 84%:

Ընդ որում՝ Բնական գիտությունների ֆակուլտետում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 73%, Տնտեսագիտության ֆակուլտետում՝ 72%, Հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝  93% և Կիրառական արվեստի ֆակուլտետում՝ 89%:

Հաստատվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային ժամանակացույցը և նույն կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը:

Գիտական խորհրդի ընդլայնված նիստում

«Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր երկու կիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմություն, պատշաճ կարգապահություն և հասարարական բարձր ակտիվություն ցուցաբերած՝ «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Խառատյանի թեկնածությունը, «Վազգեն Սարգսյան» կրթաթոշակի համար՝ երեք կիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմություն, պատշաճ կարգապահություն և հասարարական բարձր ակտիվություն ցուցաբերած՝ «ԱԼԳ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Հայկ Դանիելյանի թեկնածությունը:

«Համլետ Կարայան» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր երեք կիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմություն, պատշաճ կարգապահություն և հասարարական բարձր ակտիվություն ցուցաբերած՝ «ՔԿԳ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Նառա Մնացականյանի թեկնածությունը, «Շավարշ Մարգարյան» կրթաթոշակի համար՝ չորս կիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմություն, պատշաճ կարգապահություն և հասարարական բարձր ակտիվություն ցուցաբերած՝ «ՏՏ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Քարտաշյանի թեկնածությունը:

11-02-2017

«Շառլ Ազնավուր» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր երեք կիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմություն, պատշաճ կարգապահություն և հասարարական բարձր ակտիվություն ցուցաբերած՝ «ԱԼԳ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Ռաֆայել Հարությունյանի թեկնածությունը, «Դավիթ Անհաղթ» կրթաթոշակի համար՝ երեք կիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմություն, պատշաճ կարգապահություն և հասարարական բարձր ակտիվություն ցուցաբերած՝ «ՄՀ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մինավարդ Մելիքբեկյանի թեկնածությունը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհուրդը «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ» անվանական կրթաթոշակի էր ներկայացրել հինգ կիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմություն, պատշաճ կարգապահություն և հասարարական բարձր ակտիվություն ցուցաբերած՝ «ՀԼԳ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մերի Սարգսյանի թեկնածությունը:

Մասնաճյուղի գիտական խորհրդի ընդլայնված  նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների գնահատման համակարգում ու ԵՊՀ ԻՄ-ի տարբերակված աշխատավարձի կանոնակարգում որոշակի փոփոխություններ կատարելու մասին և մի շարք ընթացիկ հարցեր:

 

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև փետրվարի 22-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:   

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից ուսանողների բավարարվածության վերաբերյալ հարցման (ֆոկուս-խմբերի միջոցով) արդյունքների շուրջ

2016թ. նոյեմբերից մինչև 2017թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բոլոր մասնագի­տությունների ավարտական կուրսերի ուսանողների (ֆոկուս-խմբերի) շրջանում ՄԿՈԱ բաժնի կողմից անց է կացվել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից ուսանողների բավարարվածության վերաբերյալ հարցում:

Այդ հարցման արդյունքների շուրջ հարցազրույց ունեցանք Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի մասնագետ, սոցիոլոգ, փ.գ.թ., դոցենտ Էդիկ Կյուրեղյանի հետ.

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումներից ներքին շահակիցների բավարարվածության վերաբերյալ հարցման (2015թ.) արդյունքների շուրջ

-Պարոն Կյուրեղյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում անցկացված հարցումը, և հատկապես ո՞ր ոլորտում են կիրառելի այդ ուսումնասիրության արդյունքները:

 -Հասարակական կարծիքի հարցումները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում աստիճանաբար ձեռք են բերում առօրյա բնույթ: Դրանք վերաբերում են բուհական կրթության կազմակերպման ամենատարբեր հիմնահարցերի՝ ստացած կրթությունից ուսանողների բավարարվածությանը, պրակտիկաների կազմակերպման արդյունավետությանը, գնահատման համակարգի օպտիմալությանը, բուհ-գործատու կապի արդյունավետությանը, առկա ռեսուրսներից ու ծառայություններից պրոֆեսորադասախոսական ու սպասարկող անձնակազմերի բավարարվածությանը և այլն:

Տվյալ խնդիրների վերաբերյալ ՄԿՈԱ բաժնի կողմից վերջին 4-5 տարիներին մասնաճյուղում անցկացված հարցումների արդյունքները հաշվետվության տեսքով ներկայացվել են ուսանողական և դասախոսական հանրությանը, ստացված հետևություններն ու կատարված առաջարկությունները քննարկվել են տարբեր մակարդակներում, նախանշվել են առօրյա աշխատանքում դրանց կիրառման հնարավորությունները:

Մասնաճյուղի ղեկավարությունը, կարևորելով բուհի՝ գիտականորեն հիմ­նա­վոր­­ված կառավարումը,  նման հարցումների պատվիրատուն է և գործնականում կիրառելի արդյունքների պահանջատերը: Մյուս կողմից՝ մասնաճյուղում ընթանում են գործընթացներ՝ «Կրթական ծրագրի պատասխանատու»-ի ինստիտուտի կայացման ուղղությամբ:

Թերևս նրա գլխավոր իմաստներից մեկն այն է, որ առկա տնտեսաքաղաքական ու սոցիալ-մշակութային իրողությունների պայմաններում ավելի արդյունավետ գործի մասնագիտական պատրաստության համակարգը,  օպտիմալացվի ուսումնական պլանների տարբեր բլոկների փոխկապակցվածությունը, ճշգրտվեն ու կատարելագործվեն առարկայական ծրագրերը, ավելի մեծ ուշադրություն դարձվի գիտելիքների գործնական կիրառության խնդիրներին և այլն:

Այս համատեքստում չափազանց կարևոր են ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ ուսանողների կարծիք-գնահատականներն ու առաջարկությունները:

 -Կարո՞ղ եք առանձնացնել մասնաճյուղում ստացած կրթությունից ուսանողների բավարարվածության մի քանի փաստարկ, որոնք մեծ տոկոս են կազմում հարցման ընդհանուր արդյունքների մեջ:

 -Փաստենք, որ ընդհանուր հետևությունները սոցիալ-վիճակագրական իմաստով լիովին համադրելի են նախորդ հարցումներից ստացված եզրակացությունների հետ: Հակիրճ դրանք հանգում են հետևյալին.

  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կայացած ու շարժուն զարգացող բարձրագույն կրթօջախ է, որը պատվով է կրում իր առաքելությունը և անկախ պետականության 25-ամյա պատմության մեջ տարածաշրջանի ազգաբնակչության ու իշխանությունների գլխավոր ձեռքբերումներից ու հպարտություններից մեկն է, մայր բուհի արժանի մասնիկն ու կրթագիտական նվաճումների ժառանգորդը, ձեռքբերում, որը հավակնում է դառնալ (եթե արդեն չի դարձել) Տավուշի մարզի գիտամշակութային հարստություն-խորհրդանիշերից:
  • Մասնաճյուղի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը աշխատում են արդյունավետորեն, կարգապահությունը թե՛ լսարաններում և թե՛ արտալսարանային համալսարանական միջավայրում պատշաճ մակարդակի է:
  • Ուսումնակազմակերպչական ստորաբաժանումները (դեկանատներ, ամբիոններ, խորհրդատվական ծառայություններ, Ուսումնամեթոդական վարչություն, մասնաճյուղի կայքէջ, գրադարան, սպասարկող անձնակազմ և այլն) հստակ իրագործում են իրենց պարտավորությունները:
  • Դասախոսների ու կրթության կազմակերպիչների կողմից ուսանողների գիտելիքները գնահատվում են արդարացիորեն:
  • Ուսումնառության ընթացքում ձեռք բերված տեսագործնական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները անհրաժեշտ որակի են:

 -Պարոն Կյուրեղյան, ի՞նչ խնդիրներ բացահայտվեցին հարցման հիման վրա:

 -«Կրթական ծրագրի պատասխանատու»-ի ինստիտուտի ներմուծումը օբյեկտիվորեն պահանջում է ուսանողության ավելի ակտիվ ու նորովի ներգրավումը ուսումնական գործընթացներում: Արդիական ու հրատապ են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մասնագիտական կողմնորոշումը, աշխատանքի տեղավորումը, դասախոսների անձնային որակներն ու միջանձնային հարաբերությունները:

Վերահաստատվեցին նախորդ հարցումներից ստացված վիճակագրական այն հետևությունները, թե կրթօջախում իրագործվող ներկայիս բարեփոխումների մեջ ավելի է կարևորվում մի շարք կառույցների գործունեությունը (Ուսանողական խորհուրդ, Շրջանավարտների և կարիերայի կենտրոն, Ուսանողների իրավունքները պաշտպանող հանձնաժողով), որի վերաբերյալ հարցման մասնակիցների մի մասը դրսևորեց լիարժեք իրազեկության պակաս:

Ուսանողության, հատկապես նրա առաջադիմող ու շահախնդիր հատվածի համար հրատապ են մնում պրակտիկաների անցկացման վայրերի, ժամանակահատվածի հարմարության ու արդյունավետության, պրակտիկայի վայրում իրենց վարժվելու ու հմտանալու հանդեպ պատասխանատուների պատշաճ վերաբերմունքի հարցերը:

Եվ, իհարկե, ուսանողների մեծ մասն այն կարծիքին է, որ գիտելիքների արդյունավետ յուրացման առումով բարոյահոգեբանական լուրջ նշանակություն ունեն դասախոսի անձնային ցանկալի որակները և ուսանողների միջանձնային ոչ պաշտոնական հարաբերությունները:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Վանյան Հասմիկ Սամվելի