Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2017»-ի 1-ին փուլի արդյունքները

Դպրոցականների օլիմպիադա

Ներկայացնում ենք «ԵՊՀ օլիմպիադա – 2017»-ի 1-ին փուլի (մարտի 4-ի) արդյունքները:

Ըստ վերոնշյալ արդյունքների՝ 2-րդ փուլ են անցել հետևյալ մասնակիցները:

 

Հիշեցնենք, որ 2-րդ փուլի մասնակիցները պետք է մարտի 18-ին՝ ժամը 10:30-ին, լինեն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ:  

Հրապարակվել են Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2011-2016թթ. ուսանողական հարցման արդյունքները և վերլուծությունը

Հրապարակվել է

Հարգելի՛ համալսարանականներ,  մասնաճյուղի պաշտոնական կայքէջի  «Որակի ապահովման գործընթացներ» բաժնի  «Հարցումների արդյունքներ» էջում տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման արդյունքները (2015-16 ուստարի 2-րդ կիսամյակ, առկա ուսուցում), իսկ «Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում՝   Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2011-2016թթ. ուսանողական հարցման արդյունքների վերլուծությունը:

 

2011-15թթ. հարցման արդյունքները ՄԿՈԱ բաժնի կողմից ենթարկվել են վերլուծու­թյան, որն վերլուծությունն ընդգրկում է 2015-16 ուստարվա երկու կիսամյակների վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքները, ամբիոնների ու ֆակուլտետ­նե­րի մակարդակներով 2011-12-ից 2015-16 ուսումնական տարիների հետազոտություն­նե­րից ստացած տվյալների ընդհանրական գնահատա­կանները:

5-բալանի սանդղա­կով (5-ը ամենաբարձր, իսկ 1-ը ամենացածր գնահատականներն են)  յուրաքանչյուր հաջորդ կիսամյակի ընթացքում ոււսանողների կողմից գնահատվում են նախորդ կի­սամյակում անցած բոլոր դասընթացների դասավանդողների մասնագիտական, անձնային ու մանկավարժական որակները: Մասնավորապես, թե դասա­խոս­ները որքանով են նյութը մատուցում մատչելի, օժանդակում դասընթացի նյութը յուրացնելուն, որքանով է լսարանում ապահովվում շահախնդիր ուսումնական կա­ր­գապահությունը, արտալսարանային ակտիվ ու նպատակաուղղված հաղորդակ­ցու­մը:­ Ուղիղ հարցադրմամբ ուսանողները գնահատել են նաև ֆակուլտետի դեկանի, դեկա­նի տեղակալի ու ֆակուլտետի գործավարի գործունեությունից իրենց բավարարվածությունը:

Մրցակցային տնտե­սության ու կր­թու­թյան պայմաններում նորովի է դրվում կրթության որակի, միջազգային կրթատա­րած­քի ու ժամանակակից գործատուների պահանջներին համարժեք մասնագետների պատ­րաստման հարցը: Մի իրողություն, որն էլ ավելի է կարևորում դասախոս-ուսա­նող և ֆակուլտետ-ուսանող հարաբերություններում հետադարձ կապը, այդ հարաբերությունների կատարելագործման ճանապարհին ուսանողների պահանջների ու նկատա­ռումների հնա­րավորինս հաշվառումը:

Հարցումների արդյունքների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքներով ընդհանրացումը նաև բուհի գործունեության արդ­յունավետության յուրովի գնահա­տա­կաններից մեկն է:

 

Կայացավ Գ. Էմին-Տերյանի գրքի շնորհանդեսը

2017թ. մարտի 11-ին Տավուշի մարզային գրադարանում կայացավ գրականագետ, բ.գ.թ., ասիստենտ, մասնաճյուղի դասախոս Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին գրադարանի աշխատակիցները, ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի անդամները, ուսանողներ, ուսուցիչներ ու աշակերտներ, հյուրեր, լրատվամիջոցների, մարզի գրասեր հասարակության ներկայացուցիչներ:

Կայացավ Գ. Էմին-Տերյանի գրքի շնորհանդեսը

Վահան Տերյանի 130-ամյակի առիթով հրատարակված այս գրքում ներկայացված է տերյանագիտության անցած ուղին, ներառված են անտիպ նամակներ, հոդվածներ, գրախոսություններ, բանաստեղծություններ և  թարգմանություն, Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերից դուրս գալու վերաբերյալ բանաստեղծի դիմում-հայտարարությունը, տասնյակից ավելի հուշեր և լուսանկարներ, ընդհանրապես Տերյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ:

Գրքի շնորհանդեսին գնահատանքի ու արժևորման խոսք ասացին հեղինակի իջևանյան գործընկերները՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտներ, բան. գիտ. թեկնածուներ Ա.Հասանյանը, Վ.Աղաբաբյանը, դոցենտ Ա.Սարհատյանը,   արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Թելման Մայիլյանը (ծագումով՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից) և ուրիշներ:

Կայացավ Գ. Էմին-Տերյանի գրքի շնորհանդեսը

Աշակերտները և ուսանողները ներկայացրին մեծ բանաստեղծ Վ.Տերյանի կյանքի ու ստեղծագործության ուշագրավ փաստերից, կատարեցին նրա նրբակերտ բանաստեղծություններից ու դրանց հիման վրա գրված հոգեթով երգերից («Իմ խաղաղ երեկոն է հիմա», «Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել»,  «Տխրություն» և այլն):  

Ելույթ ունեցավ գրքի հեղինակ, Վ. Տերյանի ծոռ Գ. Էմին-Տերյանը՝ ներկայացնելով  բանաստեղծի, հասարակական գործչի և քաղաքացու կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ գրքում զետեղված արժեքավոր ու մինչ օրս գաղտնի պահված փաստեր, ինչպես նաև հաջորդ գրքից («Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը») ազդեցիկ դրվագներ, որոնք միանգամայն նորովի բացահայտեցին Վահան Տերյանին:

Վերջում պարոն Էմին-Տերյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի անձնակազմին և բոլոր մասնակիցներին՝ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար:  

 

Բոլոր լուսանկարները՝ http://shamshyan.com/ – ում:

 

Ուսման վարձի լրացուցիչ զեղչ՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար

Երեխաներ ունեցող ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին՝ ուսման վարձի փոխհատուցման համար

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում (առկա համակարգ, բակալավրիատ) սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։

Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։

Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 24-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
 
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը 
 
• 3։4 չափսի լուսանկար 
 
• զինվորական գրքույկի պատճենը 
 
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 տոկոս զեղչից։ 
 
Հայտերն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։
 
Այլ հարցերի համար զանգահարել 010567922:
 
Աղբյուրը՝ http://heh.am

Սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Սպորտլանդիա

2017թ. մարտի 21-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա մասնաճյուղային սպորտլանդիա՝ նվիրված կանանց միամսյակին:

Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 20-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: