2017թ. ապրիլի 28-ին «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրված Զարգացում» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Քայլ առաջին. Start up-ի համար մտքի ձևավորման փուլ» ուսուցում-քննարկումը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, ՌԴ ֆինանսավորմամբ:
Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ և բարձր կուրսերի ուսանողներ, ովքեր հետաքրքրված էին մարզում զբոսաշրջության զարգացմամբ:
Ուսուցում-քննարկումը վարում էին Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Ֆրունզիկ Ոսկանյանը և էկոնոմետրիկայի մասնագետ, գույքագրման տվյալների վերլուծության խորհրդատու Իսկուհի Մկրտչյանը:
Ծրագրի օգնական Ռուզաննա Հայրապետյանը և Ծրագրի «Երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավար Լիանա Դոյդոյանը նախ ներկայացրին ծրագիրը, ուսուցում-քննարկման նպատակը, այն է` երիտասարդներին ներգրավել ծրագրում, նպաստել նրանց կողմից առաջարկվող Start-up–երի մշակմանը և իրականացնել դրանց ֆինանսական օժանդակություն:
Այնուհետև Ֆրունզիկ Ոսկանյանը խոսեց մտքի ձևավորման փուլերի մասին, թե ինչպես ձևավորել և հստակեցնել մտքերը մրցունակ բիզնես ծրագրերի համար:
Իսկուհի Մկրտչյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրի մշակման փուլերը, ՀՀ գյուղական համայնքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և գնահատման չափանիշների իրենց մեթոդաբանությունը, խոսեց խմբում տարբեր մասնագետների աշխատանքների մասին և մասնակիցներին առաջարկեց մշակել Տավուշի մարզի գյուղերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ առանձնացնելով դրանցից մեկը:
Մասնակիցները ստացան հանձնարարություն խմբային քննարկման միջոցով մշակել գյուղի համար զբոսաշրջության ծրագիր՝ հաշվի առնելով տվյալ գյուղի բնական հուշարձանները, մարդու կողմից ստեղծված օբյեկտները կամ բնակչության ապրելակերպը:
Քննարկումը տեղի ունեցավ բավականին աշխույժ, հետաքրքիր առաջարկություններով. յուրաքանչյուր խումբ առանձնացրեց նպաստավոր գործոններ ունեցող մեկ գյուղ և ուրվագծեց այդտեղ զբոսաշրջության բիզնես ծրագրի իրականացման իր գաղափարները: Քննարկման մասնակիցներից ոմանք առանձնացան իրենց ուրույն մտքերով` ներկաներին հուշելով նոր գաղափարներ ու մոտեցումներ:
Ամփոփելով խմբային քննարկումը՝ Ֆ.Ոսկանյանը խոսեց շուկային ապրանքի համապատասխանության մասին՝ զգուշացնելով, որ պահանջարկի բացակայությունը բիզնես պլանների ձախողման կարևորագույն գործոն է, և հորդորեց խմբերին հստակ տեսնել իրենց գաղափարների թերությունները:
Դասախոսներն առանձնացրին 4 Start-up, մասնակիցներին տրվեց հանձնարարություն մշակել իրենց գաղափարները և հաջորդ հանդիպմանը ներկայանալ արդեն մշակված բիզնես պլաններով: Կազմակերպիչները խոստացան, որ լավագույն ծրագրերը կխրախուսվեն: