Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ

«Այս անդամակցությունը նշանակում է, որ ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրումները համապատասխանում են  եվրոպական չափանիշներին,  նույնական են եվրոպական գործընթացների հետ և  ճանաչելի են  Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի կողմից»,- ասաց ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ կառույցը դեռ 2009-ից ENQA-ի նախնական անդամ էր. «Իրենք հետևում էին մեր գործունեությանը, սակայն  մեր արդյունքները Ցանցում չէին երևում որպես ճանաչված»: Թոփչյանը նշեց, որ անցած տարիների ընթացքում ՈԱԱԿ-ը մեծածավալ աշխատանք է իրականացրել՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին ցույց տալու, որ աշխատում է նույն չափանիշներով ու սկզբունքներով, ինչ եվրոպական գործակալությունները:

Անդրադառնալով հարցին, թե ENQA անդամակցությունն ինչպես իրենց վրա կզգան արտերկրում սովորելու ցանկություն ունեցող ուսանողները, Թոփչյանն ասաց. «Երբ որևէ բուհ փորձում է պայմանագիր կնքել  եվրոպական բուհի հետ  ուսանողների փոխանակման համար, Եվրոպայում նախ և առաջ դիտարկում են՝ հավատարմագրվա՞ծ է արդյոք այդ բուհը և ո՞ւմ կողմից է հավատարմագրված: Այժմ ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված լինելը համարժեք է եվրոպական հավատարմագրմանը: Այս պարագայում պայմանագրի կնքման և արդյունքների ճանաչման հնարավորությունները մեծանում են»:

«ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված բուհը  նաև մեր միջոցով դառնում է եվրոպական բուհական ընտանիքի անդամ, ինչն էականորեն բարձրացնում է նրանց վարկանիշը որպես կրթություն մատուցող կառույց»,- ասաց Ավետիքյանը:

Պարոն Ավետիքյանը և պարոն Թոփչյանը կարևորեցին Հայաստանում ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլի հաջողությամբ իրականացումը. ներկա դրությամբ երկրում գործող բոլոր պետական բուհերը կամ արդեն հավատարմագրվել են, կամ հավատարմագրման գործընթացում են: Մասնավոր բուհերից դեռևս հավատարմագրվել են երեքը:

Նրանք կարևորեցին, որ հավատարմագրման արդյունքում ուսանողը գիտի՝ իր բուհը ոչ միայն համապատասխանում է որակի որոշակի չափանիշների, այլ նաև կամավոր պարտավորություն է ստանձնել շարունակաբար բարելավել իր կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը:

Խոսելով հավատարմագրումների և ՈԱԱԿ գործողությունների՝ բուհական համակարգի վրա ազդեցության մասին՝ պարոն Թոփչյանը նշեց, որ ներկայում բոլոր հավատարմագրված բուհերում բարեփոխումներ են իրականացվում. վերանայվում են կրթական  ծրագրերի վերջնարդյուքնները, փորձում են փոխել դասավանդման մեթոդները:

Նա նշեց, որ բուհերը  մեծ ուշադրություն են դարձնում  միջազգայնացմանը և կրեդիտների ճանաչմանը երկրի ներսում և արտերկրում: «Հաճախ մեր կարգերը, օրենքները խանգարում են ուսանողների շարժունությանը երկրի ներսում: Հավատարմագրման միջոցով բուհերը կարող են ճանաչել ու վստահել միմյանց»,- ասաց Ռ. Թոփչյանը:

«Նպատակն է հասնել  նրան, որ բուհերը միմյանց հետ համագործակցելով կարողանան ապահովել ուսանողների շարժունությունը: Այսինքն՝  ուսանողն  ուսումնառության տարիների ընթացքում կարողանա իր նախընտրած առարկաներն ուսումնասիրի ցանկացած  այլ բուհում, որը գուցե այդ ուղղությամբ է մասնագիտացած, կամ որտեղ ավելի հեղինակավոր դասախոս է դասավանդում տվյալ առարկան, և ստացած կրեդիտներն իր բուհ բերի: Հավատարմագրումը նպաստելու է, որ հասնենք այս նպատակի իրագործմանը»,– ասաց Վ. Ավետիքյանը:

Ավետիքյանը շեշտեց, որ ՈԱԱԿ նպատակն է օգնել բուհերին մշտապես բարելավվել. «Հավատարմագրումը կամ որակի ապահովումը մեկանգամյա գործընթաց չէ, սա մշտական պրոցես է: Աշխարհի լավագույն բուհերում էլ մշտապես ընթանում է բարելավման գործընթաց»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե հավատարմագրումն ինչպես է նպաստելու  շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելուն: Պարոն Թոփչյանը նշեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ դիտարկվում է բուհի համագործակցությունը գործատուների հետ: Ուսումնասիրությունների արդյուքնում նաև դուրս են բերվել ոլորտի առաջնահերթ խնդիրները, որոնց մեծ ուշադրություն կհատկացվի արդեն ծրագրային հավատարմագրման ժամանակ:

«Ուսանողներն, օրինակ, կարևորում են, որ դասախոսների մի մասը երիտասարդներ լինեն՝ համարելով, որ նրանք առավել պրակտիկ գիտելիքներ են տալիս: Այսօր շրջանավարտը  հաճախ դժվարանում է բուհում ստացած տեսական գիտելիքն աշխատավայրում կիրառել: Դրա համար այդ գիտելիքը դեռ բուհում պետք է պրակտիկի վերածվի»,- ասաց պարոն Թոփչյանը: Նա նաև նշեց, որ ներկայում գործող կարգերը խոչընդոտ են այս առումով: 

«Պահանջվում է, որ բուհի  դասախոսների 50 տոկոսը լինի մշտական աշխատող: Բայց եթե նայենք  գործատուների կողմից ճանաչված և հաջողության հասած բուհերին, այնտեղ այդ չափանիշը պահպանված չէ: Այսինքն գործատուն է, որ պետք է գա ու պրակտիկ կրթություն մատուցի՝ չլինելով բուհի մշտական աշխատակից:  Հետևաբար նորմատիվները պետք է փոխվեն»,– ասաց պարոն Թոփչյանը:

«Մեր աշխատանքը նաև միտված է դրան, որպեսզի խրախուսենք գործատու-բուհ կապը: Դրանով է պայմանավորված լինելու, թե մեր ուսանողն ավարտելիս որքանով պատրաստ կլինի աշխատաշուկայում աշխատելուն:  Դրանով է նաև պայմանավորված, որ մեր հոգաբարձուների խորհրդում կան գործատուների տարբեր միությունների անդամներ, որոնք իրենց մտահոգություններն են բարձրաձայնում  և փորձում ենք դրանց անդրադառնալ»,- ասաց պարոն Ավետիքյանը:

Աղբյուրը՝ http://www.anqa.am

ՈՒԽ-ի կողմից անցկացվեց «Ինչպե՞ս գրել ռեզյումե և ներկայանալ հարցազրույցի» թեմայով սեմինար

2017թ. ապրիլի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մասնաճյուղում կայացավ «Ինչպե՞ս գրել ռեզյումե և ներկայանալ հարցազրույցի» թեմայով սեմինար, որը վարում էր ՈՒԽ-ի անդամ, «ԱԼԳ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Արինա Պարոնյանը:

ՈՒԽ-ի կողմից անցկացվեց «Ինչպե՞ս գրել ռեզյումե և ներկայանալ հարցազրույցի» թեմայով սեմինար

Սեմինարն իր բնույթով ինտերակտիվ էր, մասնակցում էին տարբեր կուրսերի ու մասնագիտությունների ուսանողներ:

Նախ նշվեց սեմինարի նպատակը, խնդիրները, ընդգծվեց թեմայի կարևորությունը: Շեշտվեց, որ մեր ժամանականերում յուրաքանչյուր մարդ պետք է ունենա համապատասխան հմտություններ իր անձն ու մասնագիտական ունակությունները առավելագույնս ներկայացնելու համար:  

ՈՒԽ-ի կողմից անցկացվեց «Ինչպե՞ս գրել ռեզյումե և ներկայանալ հարցազրույցի» թեմայով սեմինար

Ապա ներկայացվեցին ռեզյումե կազմելու նրբությունները, թե ինչպիսի կառուցվածք ու բովանդակություն պիտի ունենա այն, ինչին ուշադրություն դարձնել և այլն:

Այնուհետև տարբերակվեցին ոչ ճիշտ կազմված ռեզյումեների տեսակները և այդ ընթացքում հաճախակի թույլ տրվող սխալները.

  • Թափթփված ու խառը ռեզյումե,
  • Ռեզյումե, որի անունն է «Ռեզյումե»,
  • Անհաջող լուսանկար,
  • Միակ ռեզյումեն տարբեր բնագավառների գործատուներին ներկայացնելու համար,
  • Սիրելի սպորտաձև, զբաղմունք, անձնական կարգավիճակ, երեխաների քանակ և այլն,
  • Հմտություններ, որոնք ունեն բոլորը,
  • Աշխատատեղերը փոխելու խոշոր դադարների մասին,
  • Սոցիալական ցանցերի հաշիվների աններդաշնակությունը ռեզյումեի հետ,
  • Չափազանց կարճ կամ չափազանց երկար ռեզյումե,
  • 15 տարվա հնեցման աշխատանքային փորձ:

Տեսական գիտելիքներին զուգահեռ՝ բերվեցին օրինակելի ռեզյումեների օրինակներ:

Սեմինարի երկրորդ մասը վերաբերում էր աշխատանքային հարցազրույցին ճիշտ ներկայանալու նորմերին:

Նշվեց, թե ինչպես պետք է պատրաստվել հարցազրույցին, ինչին պետք է ուշադրություն դարձնել, ինչ քայլեր կան, որ հնարավոր է հիասթափեցնեն գործատուին և  այլն:

ՈՒԽ-ի կողմից անցկացվեց «Ինչպե՞ս գրել ռեզյումե և ներկայանալ հարցազրույցի» թեմայով սեմինար

 

Ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով ուսանողները  դերերով խաղ խաղացին՝ փորձելով կերպարանավորել լավ ու վատ գործատուներին և գործատուներին  ճիշտ ու սխալ ներկայացողներին:

ՈՒԽ-ի կողմից անցկացվեց «Ինչպե՞ս գրել ռեզյումե և ներկայանալ հարցազրույցի» թեմայով սեմինար

Վերջում սեմինարի մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին Ուսանողական խորհրդին՝ հետաքրքիր և ուսանելի նախաձեռնության համար:

ՈՒԽ-ի կողմից անցկացվեց «Ինչպե՞ս գրել ռեզյումե և ներկայանալ հարցազրույցի» թեմայով սեմինար

Կայացավ «Բարձրագույն զգացմունքների դրսևորման հոգեբանական ձևերը» թեմայով դաս-քննարկում

 2017թ. ապրիլի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսում Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպվել էր «Բարձրագույն զգացմունքների դրսևորման հոգեբանական ձևերը» թեմայով դաս-քննարկում, որը վարեց Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի ասիստենտ, հ.գ.թ Ա. Ս. Քամալյանը:

Կայացավ «Բարձրագույն զգացմունքների դրսևորման հոգեբանական ձևերը» թեմայով դաս-քննարկում

Ներկա էին Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի վարիչ Լ.Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Կայացավ «Բարձրագույն զգացմունքների դրսևորման հոգեբանական ձևերը» թեմայով դաս-քննարկում

Դաս-քննարկման ընթացքում ներկայացվեցին սիրո հոգեբանական փուլերը և տեսակները, զգացմունքների դրսևորման առանձնահատկությունները ինտրովերտ և էքստրավերտ հոգեբանական խմբերի դեպքում, խանդի հոգեբանական առանձնահատկությունները, սիրահարվածության հոգեբանական կողմերը, հույզերի տեսակները:

Կայացավ «Բարձրագույն զգացմունքների դրսևորման հոգեբանական ձևերը» թեմայով դաս-քննարկում

Քննարկումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Ներկայացվեցին նաև փոքրիկ տեսաֆիլմեր, գեղեցիկ բանաստեղծություններ, հետաքրքիր պատմություններ և աֆորիզմներ:

Կայացավ «Բարձրագույն զգացմունքների դրսևորման հոգեբանական ձևերը» թեմայով դաս-քննարկում

 

 

«Հողերի պահպանման հիմնախնդիրները» թեմայով զեկուցում կարդաց «ՔԿԳ» III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

2017թ. մարտի 31-ին «Հողերի պահպանման հիմնախնդիրները» թեմայով զեկուցում կարդաց Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը:

«Հողերի պահպանման հիմնախնդիրները» թեմայով զեկուցում կարդաց   «ՔԿԳ» III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Զեկուցման մեջ ներկայացվեցին  հողի՝ երկրագնդի առանձնահատուկ պաշարի ստեղծման, օգտագործման և պահպանության մեթոդները:

Ընդգծվեց, որ հողը թեև վերականգնվող բնական պաշար է, սակայն այդ վերականգնումը չափազանց դանդաղ է ընթանում`1սմ-ը 100 տարում:

Որպես հողային ֆոնդի օգտագործման հետ կապված գլխավոր հիմնախնդիր՝ նշվեց գյուղատնտեսական հողերի շարունակ վատթարացումը`դեգրադացիան, որը բերում է հողի բերրիության անկման:

Նշվեց, որ հողերը քայքայվում են մարդու սխալ տնտեսական գործունեության հետևանքով և բնական ճանապարհով:

Առանձնացվեցին հողերի քայքայման հիմնական պատճառները՝ էրոզիան, աղակալումը, ճահճացումը, օգտակար հանածոների ոչ խելամիտ արդյունահանումը, քաղաքների, արդյունաբերական ձեռնարկությունների, ճանապարհների և այլ շինարարական օբյեկտների սխալ պլանավորումը, հողերի քիմիական աղտոտումը և այլն:

«Հողերի պահպանման հիմնախնդիրները» թեմայով զեկուցում կարդաց   «ՔԿԳ» III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Հիմնավորվեց, որ հողերի պահպանումը, նրա ռացիոնալ և խելացի օգտագործումն ունի մեծ նշանակություն. հողը մարդկանց կերակրող բնական տարրն է, և նրա վիճակի վատթարացումը կարող է հանգեցնել նրան, որ մարդը աստիճանաբար կզրկվի իր սննդի հայթայթման հիմնական միջոցից:

Ներկայացվեցին հիմնախնդրի վերացման գլխավոր ուղիները, որոնք են՝ հողաբարելավումը, մելիորացիան (հողի բերրիության երկարաժամկետ բարձրացման կամ տեղանքի ընդհանուր բարելավման նպատակով կիրառվող կազմակերպած, տնտեսական և տեխնիկական միջոցառումների ամբողջությունը), ագրոանտառմելիորացիան (ձորակների, լանջերի, ավազուտների անտառապատումը, տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացիան (առաջինի դեպքում կատարվում է տարածքի հատակագծում և հարթեցում, այն ծածկվում է բերրի հողի շերտով, երկրորդի ժամանակ կատարվում է քարահավաք, հարթեցում, հողի վարուցանք, պարարտացում, այնուհետև ծառատնկում), առաջավոր ագրոտեխնիկական, հողերի վերակուլտիվացիան (հողային մակերևույթի արագ վերականգնման համար պայմանների ստեղծումը), հողերի աղտոտման դեմ պայքարը և այլն:

Շեշտվեց, որ թեև բնապահպանական հիմնախնդիրները ոչ միշտ են առաջանում մարդու սխալ գործունեության հետևանքով, սակայն վերջինիս հետևանքով առաջացած հիմնախնդիրները չափազանց շատ են, ուստի անհրաժեշտ է  ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, որոնք իրականացնելն ավելի հեշտ է և մատչելի, քան հիմնախնդիրը վերացնելը:

Վերջում ծավալվեց հետաքրքիր քննարկում՝ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները՝ ուսումնական պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի ուղեկցությամբ, ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Տավուշի մարզի Մորու ձորի վանք (Ծռվիզի վանք):

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

Նրանց նախապես հանձնարարվել էր տեղեկություններ պատրաստել վանքի մասին: «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Փիրումյանը որպես էքսկուրսավար ներկայացրեց վանքի պատմությունը: Նա մասնավորապես նշեց, որ Ծռվզի Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին Աղստևի հովտի՝ 5-րդ դարից կանգուն մնացած հուշարձան է:

Այն փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-7-րդ դդ: Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ՝ դրսից ուղղանկյուն հարավային խորանի)։ Արևելյան խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր։

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

Վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։ Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Ըստ մատուռի պատերին արված արձանագրությունների՝ վրացի իշխան Գեորգին 1156-1184 թվականներին ազատել է վանքը հարկերից։

Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորու ձորի մատուռը 1980թ. ենթարկվել է վերանորոգման, այժմ գտնվում է նորմալ վիճակում։

Ուսումնական պրակտիկայի ընթացքում «Սերվիս» մասնագիտության ուսանողները ծանոթացան շինության ճարտարապետությանը, պատերի զարդաքանդակներին  և արձանագրություններին:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

Նրանք ուսումնասիրեցին տարածաշրջանի  զբոսաշրջային ներուժը, եկեղեցու շրջակա միջավայրը, վանքից ոչ հեռու գտնվող հանգստյան գոտին, որտեղ այցելուները կազմակերպում են իրենց հանգիստը, տեղեկացան, որ շնորհիվ իր նպաստավոր բնակլիմայական պայմանների և հրաշալի բնական միջավայրի՝ տեղանքը հարմար վայր է նաև վրանային արշավների համար: