Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ջ.Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի շուրջ

2017թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) գրական ակումբի հերթական քննարկումը` Ջ. Դ. Սելինջերի «Ծիծաղող մարդը» (“The Laughing Man”) պատմվածքի շուրջ:

Կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ջ.Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի շուրջ

Քննարկումը վարում էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը:

«Ծիծաղող մարդը» պատմվածքի վերաբերյալ քննարկմանը մասնակցում էին մասնագիտական և ոչ մասնագիտական ամբիոններից տարբեր կուրսերի ուսանողներ և դասախոսներ:

Կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ջ.Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի շուրջ

“Booklovers” ակումբի ակտիվ մասնակիցներն են «ԱԼԳ» մասնագիտության ուսանողներ Լիլիթ Ֆարմազյանը (3-րդ կուրս), Սյուզաննա Շահնազարյանը (3-րդ կուրս), Թագուհի Սահակյանը (1-ին կուրս), մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող, Բնական գիտությունների ֆակուլտետի դասախոս Սլավիկ Ալավերդյանը՝ ակումբի հիմնադիր, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, ՄԿԾ-ի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանի գլխավորությամբ:

Կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ջ.Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի շուրջ

Ի դեպ, ակումբի քննարկումներին կարող են մասնակցել այն բոլոր ուսանողներն ու դասախոսները, ովքեր տիրապետում են անգլերենի միջին և բարձր մակարդակներին:

Այս քննարկման ընթացքում ակումբականները հիմնականում կարծիքներ արտահայտեցին Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի վիճելի կողմերի և դրանց հավանական սուբյեկտիվ մեկնաբանությունների մասին:

 

 

Միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակին

 

«Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ»-ի սկզբնական կրթության ֆակուլտետի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի, մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի, նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնները դեկտեմբերի 5-6-ը կազմակերպում են «Սկզբնական կրթության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժոով՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակին: 

Գիտաժողովի հիմնական ուղղությունները`

  1. նախադպրոցական կրթության հիմնախնդիրները. մարտահրավերներ, լուծումներ,
  2. վաղ ուսուցման հիմնախնդիրները տարրական կրթության համակարգում,
  3. մայրենիի ուսուցման արդի հիմնահարցերը տարրական դպրոցում,
  4. մաթեմատիկայի և մայրենի լեզվի առնչությունները:
    Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն և ռուսերեն: 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել՝

  1. գիտաժողովիմասնակցության հայտը / ձևը կցվում է/՝ մինչև 2017 թ-ի նոյեմբերի 1-ը,
  2. հոդվածի տեքստը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը:

Ի գիտություն

Գիտաժողովին ներկայացվող հոդվածները պիտի համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

հոդվածում գործածվող տառատեսակները`

 հայերենը՝ Sylfaen, տառաչափը՝ 11,

 ռուսերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,

 անգլերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,

  բանալի բառերը՝ հայերեն և անգլերեն:

Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացված նյութի բովանդակության և գրագիտության համար: Նյութերը կտպագրվեն գիտաժողովից հետո առանձին ժողովածուով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե (հեռ.՝ 010.59.70.62): 

Մանրամասն՝

https://aspu.am/hy/content/_mijazgayin_gitazhoghov_nvirvats_hpmh-i_himnadrman_95-amyakin/

Կայացավ ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

2017թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց ֆակուլտետների դեկանների և ուսանողների՝ կուրսերի ավագների, Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Կայացավ ուսանողների հետ տնօրենի հանդիպումըՀանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին, ուսանողներին հուզող տարբեր խնդիրներին վերաբերող հարցեր:

Առաջարկվեցին Ուսանողական խորհրդի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ուսանողական խնդիրներին առավել արագ արձագանքելու և տեղում լուծում տալու ուղիներ:

Այդ համատեքստում շեշտվեց ֆակուլտետների ղեկավարների, կուրսերի ավագների և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահների դերը:

Որպես ուսանողների ինքնադրսևորման լավագույն հարթակներ, լիդերության կերտման դարբնոցներ հատկանշվեցին բուհի ուսանողական կառույցները՝ Ուսանողական խորհուրդը, Ուսանողական գիտական ընկերությունը, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:

Կայացավ ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

 

Տնօրենը ուսանողներին դարձյալ կոչ արեց հաճախակի կազմակերպել  ու մասնակցել գիտաժողովների, բանավեճերի, ինտելեկտուալ խաղերի, կրթաթոշակային ծրագրերի, լինել ուսումնատենչ, աշխատասեր, նպատակասլաց, հեշտ ու խոտոր ուղիներ չփնտրել որակյալ կրթություն ստանալու տքնաջան ու շիտակ ճանապարհին:    

Հրավիրում ենք մասնակցելու «Ինչպե՞ս ճիշտ փնտրել համացանցում» խորագրով սեմինարին

Հրավիրում ենք մասնակցելու «Ինչպե՞ս ճիշտ փնտրել համացանցում»  խորագրով սեմինարին

Փնտրում եք գիրք կամ գիտական հոդված համացանցում և չե՞ք գտնում: Ուրեմն այս հայտարարությունը հենց Ձեզ համար է:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազմակերպում է «Ինչպե՞ս ճիշտ փնտրել համացանցում» խորագրով սեմինար, որը տեղի կունենա 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:10-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 51 լսարանում:

Այն կվարեն մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը  և ՈԻԳԸ նախագահի ԺՊ Հրանտ Ղարագյոզյանը:

Սիրով հրավիրում ենք:

Կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դասը

2017թ. հոկտեմբերի 18-ին՝ Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմավորման 25-րդ տարեդարձի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Դանիելյանի նահատակության օրվա առթիվ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դաս, որը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:

Կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դասը

Միջոցառման նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին և աշխատակիցներին ներկայացնել Արցախյան ազատամարտի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Դանիելյանի կյանքը և հայրենանվեր գործունեությունը:

Բաց դասը վարեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող, «Լեգենդար հրամանատարը» գրքույկի համահեղինակ Սլավիկ Ալավերդյանը: Նա շնորհանդեսի ուղեկցությամբ նախ ներկայացրեց լեգենդար հրամանատարի կյանքն ու գործունեությունը, ապա ցուցադրեց 1993թ. մարտի վերջին Քարվաճառի ազատագրման ժամանակ նրա տված հարցազրույցներից մեկը:

Կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դասը

Կենսագրական տվյալներից ներկայացվեց, որ Նորայր Էդուարդի Դանիելյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 1-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ (այժմ՝ Վարդաձոր) գյուղում:

Փայլուն ավարտելով հայրենի գյուղի 8-ամյա, այնուհետև հարևան Ներքին Հոռաթաղ գյուղի միջնակարգ դպրոցը՝ 1984թ. ընդունվում է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ՝ «Ընդհանուր տեխնիկական առարկաներ և ֆիզիկա» բաժինը:

1985-1987թթ. ծառայում է ԽՍՀՄ բանակում:

1990թ. գարնանը կցվում է ընդհատակյա զինված պայքարին, 1990թ. ամռանը Մարտակերտի շրջանի հարթավայրային մասում տեղակայված Ջանյաթաղի (այժմ՝ Ճանկաթաղ) դաշտային կայանը վեր է ածում ռազմականացված բնակավայրի, որը անվանակոչվում է «Քաջավան»: Գյուղի ստեղծման 100-րդ օրը` 1990թ. հոկտեմբերի 24-ին, անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում ՊԱԿ-ի հատուկ զորքերը շրջապատում են գյուղը:

Մեկ ամիս հետո Նորայր Դանիելյանին իր ընկերների հետ մեղադրանք է առաջադրվում բանտիտիզմի, իշխանության մարմիններին զինված դիմադրություն ցուցաբերելու և ազգամիջյան կրքերի բորբոքման, անօրեն զենք կրելու համար: Նրանց 4 ամիս պահում են Շուշիի բանտում, այնուհետեւ 1991թ. մարտի 19-ին ուղղաթիռով տեղափոխում են Բաքվի բանտեր: 1991թ. հոկտեմբերին Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից Նորայրը դատապարտվում է 10 տարվա, իսկ ընկերները՝ 6-10 տարվա ազատազրկման:

1992թ. ապրիլի 11-ին խմբի 6 տղաները փոխանակվում են ադրբեջանցի ռազմագերիների հետ և շարունակում Արցախի անկախության համար մղվող զինված պայքարը:

Մեկ ամիս անց՝ Ստեփանակերտից ջոկատի համար զենք տեղափոխելիս, նրա մեքենան պայթում է հակատանկային ականի վրա. նա ծանր վիրավորվում է, բայց ապաքինվելուց հետո կրկին շարունակում զինված պայքարը:

1992թ. հունիս-օգոստոս ամիսներին հակառակորդին հաջողվում է Կիրավոբադում տեղակայված խորհրդային (ռուսական) 4-րդ բանակի զորամասերի օգնությամբ զավթել Շահումյանի շրջանը, այնուհետև Մարտակերտի շրջանի տարածքի 90%-ը: Հաջողվում է հակառակոդի առաջխաղացումը կասեցնել Գանձասարի վանքից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա: Գյուլաթաղի ջոկատի հրամանատարի զոհվելուց հետո Նորայր Դանիելյանը ընտրվում է ջոկատի հրամանատար: Օգոստոսի 29-ին Նորայրը Դանիելյանը կրկին վիրավորվում է Մեհմանա գյուղի մոտ ու ծանր վիճակում տեղափոխվում Երևան:

1992թ. հոկտեմբերին որոշում է կայացվում կազմավորել Մարտակերտի պաշտպանական շրջան և առաջին հրամանատար է նշանակվում Նորայր Դանիելյանը, ով այդ ժամանակ դեռ գտնվում էր բուժման մեջ:

1993թ. փետրվարի 5-25-ը գնդի ստորաբաժանումները օգնության եկած ուժերի հետ միասին ազատագրում են Հաթերքի ենթաշրջանի 15 բնակավայրեր, hսկողության տակ են  վերցվում Մարտակերտ-Քարվաճառ ճանապարհը, Սարսանգ ՀԷԿ-ը:

Նույն թ. մարտի 27-ին սկսվում է պատմական Քարվաճառի շրջանի ազատագրման գործողությունը: Մարտակերտի, Ստեփանակերտի, Մարտունու գնդերի և մի քանի ջոկատների հաջողվում է մի քանի օրվա ընթացքում ազատագրել շրջանը:

Ապրիլի 5-ին զորամասի ստորաբաժանումները արդեն դիրքավորված էին Օմարի լեռնացքում՝ ծովի մակարդակից 3400 մետր բարձրության վրա: Նորայր Դանիելյանի հրամանատարությամբ ստորաբաժանումները մայիս-հուլիս ամիսներին ազատագրում են Մարտակերտի շրջանի հարթավայրային մասը:

Կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դասը

1993թ. Նորայր Դանիելյանն ընտրվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Օգոստոսի 1-ին 26-ամյա հրամանատար Նորայր Դանիելյանն արժանանում է փոխգնդապետի կոչման:

1993թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 6-ը գնդի 150 մարտիկներ Նորայր Դանիելյանի ղեկավարությամբ մասնակցում են նախկին Կուբաթլուի շրջանի ազատագրմանը` օգոստոսի 31-ին՝ կեսօրից հետո, առաջինը մտնելով ք.Կուբաթլու (այժմ՝ Որոտան):

1993թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ստեփանակերտից Դրմբոն վերադառնալու ճանապարհին՝ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի մոտակայքում, մինչ օրս չբացահայտված հանգամանքներում դավադրաբար սպանվում է լեգենդար հրամանատարը:

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով «Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար» Նորայր Դանիելյանը հետմահու արժանանում է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Նրա անունն են կրում ծննդավայր Վարդաձորի և իր կողմից ազատագրված Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Զուար գյուղի միջնակարգ դպրոցները, Մարտակերտ քաղաքի փողոցներից մեկը:

Բաց դասը եզրափակվեց 1993թ. մարտի վերջին՝ Քարվաճառի ազատագրման ժամանակ, լեգենդար հրամանատարի տված հարցազրույցներից մեկով: