Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր նոր` 2018 թվական

Շնորհավո՛ր նոր` 2018 թվական

Սիրելի՛ համալսարանականներ, քաղաքացիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ջերմորեն շնորհավորում է բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2018 թվականը լինի խաղաղության,  երջանկության, բարօրության, արևշատության տարի, բազում հաջողությունների ու ձեռքբերումների, նվիրական իղձերի և անկատար նպատակների իրականացման տարի:

Թո՛ղ այս Ամանորին լինենք երջանիկ և այնքա՜ն բարի, որ մեզնով վառվեն լույսերն աշխարհի, լինենք գթասիրտ ու ներողամիտ, բայց և մեր ազնիվ սկզբունքներին ու գաղափարներին հավատարիմ, համայն ազգով միաբանվենք, արժանապատիվ ապրենք ու արարենք … Եվ, հիրավի, այնպե՛ս ապրենք, որ սուրբ հողը երբեք չզգա մեր ավելորդ ծանրությունը, որ մենք ինքներս էլ երբեք չզգանք մեր սեփական մանրությունը, … որ ուրիշի խինդով խնդանք, որ ուրիշի ցնծությունով ինքներս էլ ցնծանք, ինքներս էլ  թնդանք…

Ուրախ սրտով, լույս մաղթանքով դիմավորենք այս Նոր տարին՝

Թե աշխարհում փակ դռներ կան,

թո՛ղ որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թո՛ղ ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թո՛ղ լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թո՛ղ ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր

___________________________________________________________

Փոքրիկ ակնարկ` դեղին հողե շան տարվա մասին

2018-1

 Ըստ լեգենդի՝ մի անգամ Բուդդան իր մոտ է կանչել բոլոր կենդանիներին, սակայն միայն 12 ամենաքաջերն են գնացել և հասել նշանակված վայր: Որպես նվեր Բուդդան յուրաքանչյուր կենդանուն իր անվամբ տարի է նվիրել, այդտեղից էլ՝ կենդանակերպի նշանների գաղափարը՝ ըստ 12 ամիսների:

Արևելյան օրացույցի համաձայն` 2017թ. կրակե կարմիր աքաղաղին 2018թ. փետրվարի 16-ից փոխարինում է դեղին հողե շունը:

Այս կենդանին խորհրդանշում է հավատարմություն, սեր, ազնվություն, խոհեմություն և ըմբռնում, միևնույն ժամանակ, հարկ եղած դեպքում, առանց երկար մտածելու մարտի մեջ մտնելու պատրաստակամություն:

Ըստ չինական օրացույցի՝ Շունն օգնության կգա բոլոր տառապողներին, աշխարհին կբերի խաղաղություն և համաձայնություն: Շան տարին կլինի հանգիստ և հավասարակշռված: Այն իդեալական կլինի դիվանագիտական կապեր հաստատելու, պայմանագրեր կնքելու և զինադադարի համար: 2018 թվականը դրական փոփոխություններ կբերի մասնագիտական և անձնական կյանքում:

2018թ. տարերքը  հարստություն և պտղաբերություն խորհրդանշող Հողն է:

Տարվա գլխավոր գույնը  դեղինն է: Հողե շան բարեհաճությանն արժանանալու համար ցանկալի է տարին դիմավորել դեղին, ոսկեգույն կամ շագանակագույն գույների հագուստով:  

 

Գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում (https://grants.scs.am 2017 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը ներառյալ (Երևանի ժամանակով մինչև ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (113), 21-01-40 (108)):

Մրցույթի հրավերի փաթեթը

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով  https://grants.scs.am/  հասցեում)` 2018 թ. հունվարի 10-ից 2018 թ. փետրվարի 9-ը ներառյալ Երևանի ժամանակով մինչև ժամը 18:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (118):

Մրցույթի հրավերի փաթեթը:

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

2017թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` մասնաճյուղի անձնակազմի, ուսանողական կառույցների անդամների մասնակցությամբ:   

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Նիստի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն) մասին:
  2. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
  3. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:
  4. ԵՊՀ ԻՄ-ում Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի՝ 2016-2017 ուստարվա համալիր միջոցառումների կատարման արդյունքների մասին:            
  5. Ընթացիկ հարցեր:

Հատկանշվեց, որ ՀՀ հյուսիսարևելյան սահմանամերձ գոտում կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կարևոր ձեռքբերումներն են աշխատաշուկայի պահանջներին համահունչ մասնագի­տություններով ուսումնառության կազմակերպումը, կրթական վերջնարդյունքներով ձևակերպված և ներդրված 16 կրթական ծրագրերն ու դասավանդվող բոլոր դասընթացների համար փաթեթները, որակի ներքին ապահովման գործընթացը, կրեդիտային համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական «SuperVision» համակարգի լիարժեք կիրառումը:

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Ներկայացվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի մատուցած որակյալ կրթության ու տարածաշրջանում ունեցած բարձր հեղինակության մա­սին են վկայում շրջանավարտների տված գնա­հատականները: Մասնաճյուղի առկա ուսուցմամբ 165 շրջանավարտների 92,4%-ը բավարարված է բուհում իր ստացած կրթությունից, 97,5%-ը՝ պրոֆեսորա­դա­սախոսական կազմից: Շրջանավարտների 92%-ը  խորհուրդ է տալիս իր մերձա­վոր­ներին և ընկերներին ընդունվել ԵՊՀ ԻՄ: Մասնաճյուղը հպարտանում է տարածաշրջանի աշխատաշուկայում մրցունակ իր շրջանավարտներով:

2016-2017 ուստարում միջազգային չափանիշներին համապատասխան երկլեզու (հայերեն և անգլերեն) հավելվածով դիպլոմներ է հանձնվել մասնաճյուղի 416 շրջանավարտի (165-ը՝ առկա և 251-ը՝ հեռակա ուսուց­ման):

 

Իր կատարած ուսումնասիրությունների շնորհիվ մասնաճյուղն անմիջապես արձագանքում է աշխատաշուկայի պահանջներին՝ վերաբացելով կամ փոխարինելով մասնագիտություններն ավելի ժամանակակից մասնագիտություններով: Արդարա­ց­ված ներդրում է եղել առկա և հեռակա ուսուցմամբ «Քարտեզագրություն և կադաստ­րային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով ուսումնառության կազմակերպումը: «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով 2016-2017 ուստարում ընդունելության կազմակերպումը, որն ունեցել է 44 առաջին կուրսեցի, ուղղակի արձագանքն էր տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջների: Արդարացված էր նաև «Դիզայն» կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպումը:

Հաշվետու ուստարում որա­կա­վորում­ների ազգային շրջա­­նակին և  մի­ջազ­գային առարկա­յա­կան հե­նա­նիշ­երին հա­­մա­պատաս­խան` մասնաճյուղում կազմվել և հաստատվել են «Սոցիալական աշխատանք», «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերը՝ 2017-2018 ուստարում դրանցով ուսումնառություն կազմակերպելու համար:

Նշվեց, որ 20162017 ուստարում մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 10 մասնագիտությունների գծով ընդունվել է 196 դիմորդ (նախորդ ուստարվա 161-ի փոխարեն), այդ թվում 38-ը՝ անվճար, 123-ը՝ վճարովի,  իսկ հեռակա ուսուցմամբ 7 մասնագիտությունների գծով` 201 դիմորդ (նախորդ ուստարվա 217-ի փոխարեն): Նախորդ տարվա համեմատ նկատելի է դիմորդների թվի էական աճ առկա ուսուցման համակարգում: Մասնաճյուղի դիմորդների շուրջ 99%-ը (228 դիմորդից 225-ը) Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտներն են: Ընդունելության համակազմի պահպանման և ընդ­լայն­ման համար մասնաճյուղը շարունակաբար ակտիվացնում է համագոր­ծակ­ցությունը մարզի միջնակարգ և ավագ դպրոցների հետ, ապահովում մասնաճյուղի ակտիվ գովազդարշավը: Կրթօջախն ունի պայմանագրեր մարզի 4 ավագ դպրոցների ու քոլեջների հետ և հստակ կազմված ժամանակացույցով կազմակերպել է հանդիպումներ  մարզի 4 ավագ և 50 հիմնական դպրոցների, ինչպես նաև Իջևանի և Բերդի վարժարանների շուրջ 970 աշակերտների հետ:

Ընդգծվեց, որ մասնաճյուղի հարստությունն իր ուսանողներն են: 2016-2017 ուստարում մասնաճյուղն ունեցել է բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա  ուսուց­մամբ սովորող 1685 ուսանող, նրանցից 1533-ը՝ վճարովի համակարգում:

Պետության կողմից ուսման վարձի (ուսանողական նպաստի ձևով) լրիվ փոխհատուցում է ստացել 115 ուսանող (այդ թվում՝ 4-ը արտամրցութային): Պետական և ներ­բուհական կրթաթոշակներ են հատկացվել մասնաճյուղի 140 ուսանողների, որոն­ցից անվանական կրթաթոշակ է ստացել 10 ուսանող: 2016-2017 ուստարում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից օգտվել է 470 ուսանող, այդ թվում՝ 183-ը՝ առկա ուսուցման համակարգում:

Հաշվետու ուստարում ուսումնական գործընթացի բարելավման և արդյունավետ կազմակերպման համար մասնաճյուղում կատարվել են լսարանների, արվեստանոցների, լաբորատորիաների և այլ ուսումնական տարածքների վերանորոգման (շուրջ 1781 ք.մ.) աշխատանքներ, 365 ք.մ. փայտե հատակ վերանորոգվել կամ փոխարինվել է, հիմնանորոգվել է 300 ք.մ. ցեմենտբետոնե ծածկույթ, կատարվել է ուսումնական տարածքների տեխնիկական վերազինում և այլն:

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Ուսումնառության գործընթացը  կազմակերպվել է հետևյալ ռեսուրսներով՝ տեսասարքով համալրված համակարգչային 5 սրահ և 5 լսարան, ինտերակտիվ ուսուցման (On-line)  1 լսարան, լեզուների ուսուցման 2 մասնագիտական լսարան, 1 մասնագիտական լաբորա­տորիա, 8 արվեստանոց:

Մասնաճյուղում ինքնազարգացող մանկավարժական միջա­վայր է ստեղծել բուհում ներդրված և արդյունավետ գործող մասնագիտական կրթու­թյան կառավարման յուրահատուկ մոդելը՝ բակալավրի կրթա­կան ծրագրի ղեկավարի «ինստի­տուտ»-ը: Ըստ մասնաճյուղի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույցի` կրթական ծրագրերի ղեկավարները Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի մասնագետների անմիջական աջակ­ցությամբ վերանայել են գործող ծրագրերի  կրթական վերջնարդյունքները ՈԱՇ-ի պա­հանջներին և միջազգային առարկայական հենանիշերին համապատասխան, դասախոսների  և  4-րդ  կուրսի  ուսանողների  հետ կազմակերպել են քննար­կումներ: Համապատասխանեցվել են ծրագրի և նրա բաղկացուցիչ մասը կազ­մող դասընթացների կրթական վերջնարդյունքները, կազմակերպվել են դասա­վանդման, ուսում­­­­­նա­­ռու­թյան և հետազոտության փոխկապակց­ման ժամա­նա­կա­կից փոր­ձի և բակալավրի կրթական ծրա­գ­րերում դրանց կիրառման հնարա­վորության ուսում­նասիրություններ և քննարկումներ: Վերանայվել են կրթական վերջնարդյունքների ձևավորման համար ընտրված դասավանդման և ուսում­նառության մեթոդները, որ շատ կարևոր է դարի մարտահրավերներին դիմակայելու, ժամանակի պահանջներին համապատասխան բարձրորակ կրթություն ապահովելու գործում:  Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կող­մից պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում առցանց հարցման միջոցով կա­տարված ուսումնասիրությունների  արդյունքների համաձայն` դասախոսների 78%-ն իր գիտական գործունեության արդյունքները ներառում է դասախոսություն­ներում, դասընթացները կազմակերպվում են բավարար մակարդակի հետազոտական տարրի ընդգրկմամբ` դրա միջոցով ուսումնառության ընթացքում ուսանողի մեջ ձևավորելով վերլուծական և քննադատական հմտություններ:

Մասնաճյուղի կարևորագույն ներուժը և հաջո­ղու­թյան հիմ­նական գրավականը նրա բարձրակարգ գիտա­ման­կավարժական կազմն է: Հաշվետու ուստարում մասնաճյուղում դասավանդել են հիմնական և համատեղությամբ 126 դասախոսներ, այդ թվում՝ 3 պրոֆեսոր (2.4 %), 38 դոցենտ (30,1 %), 51 ասիստենտ և 34 դասախոս (67.5 %), որոնցից գիտական աստիճանով՝ 3 դոկտոր և 66 թեկնածու, ընդ որում՝  գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը 50 %-ից ավելի է: Մասնաճյուղում դասախոսների միջին տարիքը 47 է. մինչև 35 տարեկան դասախոսների թիվը 30 է (23,8%), 36-65 տարեկան՝ 87 (69,1 %), 65-ից բարձր՝ 9 (7,1 %): Կանայք կազմում են հիմնական դասախոսական կազմի 45,25 %-ը (57): 2016/2017 ուստարում մասնաճյուղն ունեցել է 1 դոկտորանտ, 2 ասպիրանտ և 9 հայցորդ: Լրիվ հաստիքային համարժեքով ուսանող-դասախոս հարաբերակցությունը կազմել է 20,6:

Դասախոսների (հատկապես երիտասարդ) գիտամանկավարժական և մասնագիտական գործունեությունը գտնվում է մասնաճյուղի տնօրենության ուշադրության կենտրոնում, որն աջակցում ու խրախուսում է նրանց ինքնակրթության և ինքնազար­գացման բոլոր դրսևորումները: Հաշվետու ուստարում անբասիր աշխատանքի համար մասնաճյուղի երկու դասախոս պարգևատրվել են ԵՊՀ-ի հուշամեդալով, 5-ը երաշխավորվել են դոցենտի գիտական կոչում ստանալու համար:

Դասախոսների գիտական գործունեությանն աջակցում է նաև մասնաճյուղի «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուն, որտեղ անվճար տպագրվում են աշխատակիցների հոդվածները: Հաշվետու ուստարում «Ակունք»-ում հրատարակվել են մասնաճյուղի դասախոսների ավելի քան 35 հոդվածներ:

Հաշվետու ուստարում հրատարակվել են նաև մասնաճյուղի դասախոսների 2 մենագրություն, 5 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկ, 63 գիտական հոդված, զեկուցման 1 թեզիս: 1 դասախոս ընդգրկված է ՀՀ ԳԿ 2 պետական դրամա­շնորհային ծրագրերում, 10 դասախոս մասնակցել է տարբեր գիտաժողովների, որից 3-ը ՀՀ-ում, 2-ը արտասահմանում և 3-ը ԱՊՀ երկրներում կայացած միջազգային գիտաժողովներ են: 6 դասախոս մասնակցել է 12 հանրապետական և 4-ը՝ մեկական միջազ­գային ցուցահենդեսների, 2 դասախոս կազմակերպել է անհատական ցուցահանդես (ՀՀ-ում, ԱՄՆ-ում): Գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել մասնաճյուղի 1 երիտասարդ դասախոս:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմի մասնագիտական կարողությունները, մանկավար­ժական հմտությունները, դասավանդման որակը և արդյունավետությունը պարբերա­բար գնահատվում են ԵՊՀ-ի կողմից իրականացվող ուսանողական հարցում­ների միջոցով: 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի հարցումների արդյունքների համաձայն՝ բոլոր մասնագիտությունների գծով միջին թվաբանական միավորն ըստ ամբիոնների բարձր է 4.65-ից: 

Որպես բացթողում ներկայացվեց  դրամաշնորհային ծրագրերում մասնաճյուղի աշխատակիցների քիչ ընդգրկվածությունը և նշվեց, որ առաջիկայում պետք է մեծ ուշադրություն դարձնել, քայլեր ձեռնարկել, որ  մասնաճյուղի դասախոսները հնարավորինս շատ ընդգրկվեն Գիտության պետական կոմիտեի կողմից առաջարկվող և այլ գիտական դրամաշնորհային ծրագրերում:

Ընդգծվեց, որ առավել հետևողական պետք է լինել միջազգային համագործակցությունը ընդլայնելու, ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերը զարգացնելու գործում: 

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Նշվեց, որ մասնաճյուղն իր հեղինակության ամրապնդման, հասարակական վարկանիշի բարձրացման նպատակով վարում է տեղեկատվության տարածման, գովազդային-լրատվական, քարոզչական համապատասխան քաղաքականություն մասնաճյուղի պաշտոնական կայքի (http://ijevan.ysu.am/), «Facebook» սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի էջի, ինչպես նաև մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների և ուսանողական կառույցների էջերի միջոցով:

Կառավարման գործընթացի թափանցիկության, աշխատակիցների և ուսանողների իրազեկվածության ապահովման, գործունեության և ուսման մեջ տեղեկույթի փոխանակման տեսանկյունից մեծ է կայքի՝ որպես աշխատանքի արդյունավետության գերժամանակակից գործոնի դերը: Ընդամենը 6 տարվա պատմություն ունեցող կայքը դարձել է ուսանողների «սիրելին»: ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 403 ուսանողներից 203-ը 2017 թ. հարցման ժամանակ պատասխանել է, որ կայքից օգտվում է «շատ հաճախ» ու «հաճախ»: 4.6-ից բարձր միջին գնահատականներով նրանք փաստել են, որ բավարարված են կայքի կառուցվածքից, նորությունների լուսաբանումից, տեղեկատվության ստացման հարմարավետությունից և լիարժեքությունից: Մասնաճյուղի պաշտոնական կայքը 2017 թ. օգոստոսի դրությամբ ունի 204 էջ (նախորդ տարվա 194 էջի փոխարեն), տեղադրված է 1825 նյութ, 7936 ֆայլ (նախորդ տարվա 6051  ֆայլի փոխարեն): Կայքի «ԶԼՄ-ները մեր մասին» էջում տեղադրված են մասնաճյուղի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների կողմից հրապարակված հոդվածներ ու տեսանյութեր: Հաշվետու ուստարում 1-ին լրատվա­կանով, “YouTube”-ով, տարբեր կայքերով լուսաբանվել են շուրջ 13 իրա­դարձություն:

Մասնաճյուղում տարեցտարի բարձրացվում է ներքին և արտաքին տեղեկատվական ռեսուրսների մատչելիությունը, որին աջակցում են անվճար ինտերնետ կապը, էլեկտրոնային ընթերցասրահը, էլեկտրոնային հարուստ պաշարները: Մասնա­ճյուղի գրադարանային ֆոնդը հաշվետու ուստարում համալրվել է շուրջ 700 միավոր գրականությամբ և ներառում է 15324 գիրք, որից  6510-ը դասագիրք է, 2921-ը ծրագրային գեղարվեստական, 3357-ը՝ ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ գրքեր են, գրադարանը համալրված է 1950 էլեկտրոնային-տեղեկատվական և 586 այլ նյութերով՝ գիտական տեղեկագրեր ու հանդեսներ, քարտեզներ և այլն: Մեծաքանակ ուսումնագիտական և մասնագիտական գրքեր է հատկացրել Մայր բուհը:

Ուսանողական և ուսումնագիտական միջավայրի ձևավորման գործում մատնանշվեց ուսանողական կառույցների անփոխարինելի դերը:  Ներկայացվեց, որ հաշվետու ուստարում Ուսանողական խորհրդի (ՈՒԽ) կողմից կազմակերպվել են տարբեր տոների, հիշատակների նվիրված մշակութային և մարզական շուրջ 39 միջոցառումներ, մրցույթներ և հանդիպումներ: ՈՒԽ-ի անդամները մասնակցել են համապետական ուսանողական եռօրյա խորհրդաժողովին, ՄԱԿ-ի ազգային ասոցիացիայի կազմակերպած եռօրյա դասընթացներին, համագործակցել են ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի, Ինֆոտանի, ՀՈՒԱԱ-ի «Կրթական ավտոբուս» ծրագրի, ՀԿ-ների և բարձրագույն կրթության կազմակերպման փորձագետների հետ՝ կազմակերպելով խաղեր, թեմատիկ դասընթացներ և այլն: Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) կողմից կազմակերպվել են զեկուցումների շարքեր ֆակուլտետներում, սեմինարներ, խորհրդա­տվական դասընթացներ: ՈՒԳԸ անդամները մասնակցել են «Երիտասարդության խնդիրները և պետության զարգացման միտումները» խորագրով հանրապետական գիտաժողովին և այլն:

Մասնաճյուղի գիտխորհրդի նիստում երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության զարգացման, Իջևանի մասնաճյուղի կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ արծաթե մեդալով պարգևատրվեց տնօրենի խորհրդական, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, մասնաճյուղի մեծ երախտավոր, նրա հիմնադրման ակունքներում կանգնած և մինչև օրս նրա բոլոր ձեռքբերումների մասնակից Անուշավան Հայկարամի Մակարյանը:

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

ՀՀ երկրապահ կամավորականների միության «5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած աշխատակիցներ, ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Սամվելի Ալավերդյանը և գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Արմենի Պողոսյանը:

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

Նիստի վերջում պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2018 թվականը լինի խաղաղության, երջանկության, անսպառ հաջողությունների ու ձեռքբերումների տարի:

Նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

 

 

 

Կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

2017թ. դեկտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված գրական-երաժշտական միջոցառում (անգլերեն), որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Ք.Հարությունյանի:

Կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

Ամանորյա միջոցառմանը մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականութուն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները:

Կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տարբեր երկրների Ամանորյա և Սուրբ Ծնդյան ավանդույթները, Ամանորը տոնելու ավանդույթի ծագումը:

Կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

Ուսանողները ներկայացրին հատվածներ Աստվածաշնչից:

Կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

Հնչեցին ամանորյա պատմվածքներ և բանաստեղծություններ:

Ուսանողները նաև երգեցին Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված երգեր:

Կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

Միջոցառման վերջում ուսանողները խաղացին ամանորյա մի խաղ`  «Գաղտնի Սանտան», որի ընթացքում փոխանակեցին նվերներ:

Կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում