Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշխատանքի հրավեր

Աշխատանքի հրավեր

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի «Ազգագրություն» բաժնում աշխատելու համար ընդունվում են հայտեր:

Գիտական աշխատողի պարտականությունների շրջանակը

  • Թանգարանի գործունեության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
  • Թանգարանային առարկաների ու հավաքածուների ուսումնասիրում,
  • Թանգարանային հավաքածուների համալրման ծրագրերի, թանգարանի զարգացման, ինչպես նաև՝ ցուցադրությունների և ցուցահանդեսների հայեցակարգերի մշակում,
  • Թանգարանային առարկաներին և հավաքածուներին վերաբերող գիտահետազոտական նյութերի և կատալոգների հրատարակության նախապատրաստում:

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Հումանիտար գիտությունների (ազգագրություն, մշակութաբանություն, թանգարանագիտոություն և այլ հարակից գիտաճյուղեր) բնագավառում բարձրագույն կրթության որակավորում,
  • Գիտահետազոտական աշխատանքների կատարման հմտություններ,
  • Երկու և ավելի օտար լեզուների իմացություն,
  • Համակարգչով աշխատելու հմտություններ (Word, Power Point),
  • Թիմային աշխատանքի կարողություններ:

Դիմելու կարգը

Պահանջներին համապատասխանելու դեպքում անհրաժեշտ է armeniaethnomuseum@gmail.com էլ. հասցեին ուղարկել՝
1. ինքնակենսագրություն (CV),
2. հետաքրքրության նամակ (նամակում պետք է հստակ նշել աշխատանքին առնչվող փորձառությունն ու նպատակները։ Այն չպետք է գերազանցի 300 բառը):

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թ. մարտի 10-ն է:

Մասնաճյուղում նշվեց գիրք նվիրելու օրը

2018թ. փետրվարի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր մասնաճյուղի գրադարանի, հայոց լեզվի և գրականության ամբիոնի, ուսանողական կառույցների համատեղ ջանքերով:

Ներկա էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, գրադարանի աշխատակիցները, ՈՒԳԸ համակարգող Ս. Ալավերդյանը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

19-02-2018-2

Միջոցառումը բացվեց Գիրք նվիրելու տոնի նախապատմությամբ, թե ինչպես  փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Շեշտվեց, որ պատահական չէր գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը, Թումանյանի, ով ժամանակին (1899) հիմնադրել էր մի յուրահատուկ «գրողների միություն»՝ «Վերնատունը», և իր շուրջն էր համախմբել ոչ միայն հիմնական անդամներին (Աղայան, Իսահակյան, Շանթ, Դեմիրճյան, Աղբալյան), այլև Թիֆլիսի գրեթե բոլոր նշանավոր գրական գործիչների, հասարակական դեմքերի, նկարիչների, երաժիշտների, հյուրերի (Պ. Պռոշյան, Ալ. Շիրվանզադե, Նար-Դոս, Վ. Փափազյան, Ա. Ահարոնյան, Վ. Տերյան, Լեո, Ստ. Լիսիցյան, Մ. Թումանյան, Փ. Վարդազարյան, Ա. Զարգարյան, Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Կոմիտաս և ուրիշներ)։

19-02-2018-5

Ներկայացվեց, որ միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ էր, և լավ գիրքն ամենացանկալի ու հաճելի նվերների շարքում էր: Վերջին տարիներին այս օրը կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, մարդիկ և կազմակերպությունները (այդ թվում՝ հրատարակչությունները) գրքեր են նվիրում միմյանց, գրադարաններին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի նշանակությունը, գիրք նվիրելու մշակույթը:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ այս միջոցառումն էլ համարելով հարգանքի տուրք Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին, ներկայացրեց բանաստեղծի գրական ժառանգությունը, նրա ստեղծագործության հիմնական մոտիվները, ժողովրդականությունն ու արդիականությունը:

19-02-2018-1

Ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանը միացավ Հովհ. Թումանյանի ստեղծագործության վերաբերյալ գնահատանքին՝ ընդգծելով Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգության համամարդկային բնույթը:

19-02-2018-3

Մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող Ս.Ալավերդյանը անցկացրեց գրականության վերաբերյալ վիկտորինա, որի հարցերն ուղարկել էր «Բուկինիստ» գրախանութի աշխատակից Անի Ղազարյանը:

Գիրք նվիրելու օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ գրադարանի վարիչ Վ.Պողոսյանն ընդգծեց գրքերի անփոխարինելի դերն ու նշանակությունը սերունդների հոգևոր զարգացման գործում և միջոցառման բոլոր մասնակիցներին գրադարանի ֆոնդից նվիրեց գրքեր:   

19-02-2018-4

Ի գիտություն կրթաթոշակ ստացող ուսանողների

ardshinbank

«ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի այն ուսանողներին, ովքեր 2017-2018 ուստարվա II կիսամյակում ստանալու են կրթաթոշակ և չունեն “VISA Electron” քարտ կամ լրացել է դրա վավերականության ժամկետը,  խնդրում ենք ներկայանալ «Արդշինբանկ»-ի Իջևանի մասնաճյուղ և ստանալ քարտ:    

 

ԵՊՀ ԻՄի հաշվապահություն

Ի գիտություն մասնաճյուղի աշխատակիցների

Ի գիտություն մասնաճյուղի աշխատակիցների

«ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի այն աշխատակիցներին, ովքեր ցանկանում են աշխատավարձը ստանալ բանկի միջոցով, խնդրում ենք ներկայանալ իրենց նախընտրած բանկ:

 

ԵՊՀ ԻՄի հաշվապահություն

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի միջազգային համագործակցության ընդլայնման շուրջ

2017-2018 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի միջազգային համագործակցության, առկա խնդիրների ու ներուժի և առաջիկա ծրագրերի ու անելիքների վերաբերյալ փոքրիկ հարցազրույց ունեցանք մասնաճյուղի միջազգային կապերի բաժնի վարիչ, հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Գևորգ Մելքոնյանի հետ.

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի միջազգային համագործակցության ընդլայնման շուրջ

-Պարոն Մելքոնյան, ի՞նչ հիմնական խնդիրներ ու գործառույթներ ունի ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժինը:

-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի և մեր բաժնի նկատմամաբ ցուցաբերած հետաքրքության համար: ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժնի հիմնական խնդիրներն են արտասահմանյան (այդ թվում՝ ԱՊՀ երկրների) առաջատար բուհերի հետ համագործակցության զարգացումը, միջազգային գիտական ծրագրերին բուհի ուսանողների և գիտամանկավարժական կազմի մասնակցության խթանումը, սփյուռքահայ բարերարների, գիտնականների և շրջանավարտների հետ  կապերի հաստատումը, հայկական համայնքների հետ համագործակցության ընդլայնումը, դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի մշակումը և իրականացումը, դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը: Մեր բաժնի հիմնական գործառույթներն են արտերկրի բուհերի գիտական կենտրոնների հետ պայմանագրերի և համաձայնագրերի բանակցային գործընթացների կազմակերպումը, միջազգային համագործակցության պայմանագրերի, նամակների, գրությունների նախագծերի պատրաստումը, ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների և անհատ դասախոսների արտասահմանյան գործուղումների կազմակերպումը և վերահսկումը, բաժնի իրավասություններին վերաբերող տեղեկատվական նյութերի տպագրումը, հայտարարությունների կազմումը, թարգմանությունը և այլն:

-Այս խնդիրներից ու գործառույթներից ելնելով՝ ինչպե՞ս կգնահատեք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջազգային համագործակցության ներուժը:

 -Պետք է նշեմ, որ ներկայումս ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսկան անձակազմի, վարչական աշխատակազմի և ուսանողների բարձր պատրաստվածությունը մեզ հնարավորություն է ընձեռնում  ընդգրկվել միջազգային տարբեր կրթական ծրագրերում և դրամաշնորհներում: Իսկապես ԵՊՀ ԻՄ-ն ունի մեծ գիտական պոտենցիալ մասնակցելու միջազգային բավականին լուրջ ծրագերին, և մեր բաժնի խնդիրն է կազմակերպել  համապատասխան փաստաթղթային և այլ կազմակերպչական խնդիրները՝ նմանատիպ ծրագերին մեր մասնակցությունն ապահովելու նպատակով: Այժմ այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ ենք տանում:

-Կցանկանայի՝ համառոտ ներկայացնեք, թե որ երկրների համալսարանների ու կազմակերպությունների հետ եք արդեն ձեռք բերել միջազգային համագործակցության պայմանավորվածություն և ինչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Մենք ակտիվ համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՌԴ գիտությունների ակադեմիայի հումանիտար համալսարանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Երևանում գործող գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ինչպես նաև գերմանական կողմի հետ:

Նախատեսում ենք առաջիկայում ԵՊՀ ԻՄ-ում բացել լինգոֆոնային լսարաններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեր ուսանողներին կատարելագործել օտար լեզուների իմացությունը: Բավականին լուրջ աշխատանքներ ենք տանում, որպեսզի մեր մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և հատկապես երիտասարդ գիտնականները հնարավորություն ունենան մասնակցելու  միջազգային տարբեր  գիտաժողովներին:

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: