Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

հեհ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ և ունենա բարձր առաջադիմություն,

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող։

Հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը,

բ/ մեկ լուսանկար /3×4/,

գ/ տեղեկանք հայտատուի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունենալու մասին,

դ/ տեղեկանք բուհից՝ ուսանողի 1-ին կուրսի առկա, վճարովի համակարգում սովորելու մասին,

ե/ տեղեկանք բուհից առաջադիմության մասին,

զ/ III-րդ խմբի հաշմանդամության կարգը հաստատող փաստաթղթի պատճենը,

է/ լրացված դիմումը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է` 13.00-14.00-ն): 

Կրթաթոշակի դիմում-հայտը կարող եք բեռնել heh.am կայքից։ 

 
Աղբյուրը՝ http://heh.am

Փետրվարի 5-ի տնօրենության ընդլայնված նիստում

2018թ. փետրվարի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները, ամբիոնների վարիչներ:

Տնօրենության ընդլայնված նիստում ամփոփվեցին 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները: Ներկայացվեց, որ քննաշրջանի ընդհանուր պատկերը գոհացուցիչ է, թեև առաջադիմությունը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է:

Փետրվարի 5-ի տնօրենության ընդլայնված նիստում

Ըստ ֆակուլտետների և կուրսերի՝ քննարկվեց ուսանողների ցուցաբերած առաջադիմությունը: Մասնավորապես նշվեց, որ տվյալ կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74%, այդ թվում` անվճար ուսուցմամբ 99%, վճարովի` 66%: Անբավարար գնահատականներ են ստացել 162 ուսանողներ, որից անվճար ուսուցմամբ 2 ուսանող,   վճարովի` 160:

ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետը: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 87% , այդ թվում` 100% անվճար, 83%  վճարովի ուսուցման համակարգերում:

Ամենացածր առաջադիմությունը գրանցել է Բնական գիտությունների ֆակուլտետը: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 57% , այդ թվում` 92% անվճար, 48%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 76%, այդ թվում՝ 100% անվճար, 67%  վճարովի ուսուցման համակարգերում:

Տնտեսագիտության  ֆակուլտետում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 59%, այդ թվում` 100% անվճար,  87%  վճարովի ուսուցման համակարգերում:

Տնօրենության նիստում 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար, քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

 2018թ. փետրվարի 3-ին Ակնաղբյուր գյուղի Սուրբ Վարդան զորավար մատուռի մոտ տեղի ունեցավ Իջևանի № զորամասի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, համալսարանականներ (ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ), զորակոչիկների հարազատները, քաղաքացիներ:

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը  ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

Զինվորական երդման արարողության համար վայրը պատահական չէր ընտրված. դարեր առաջ (450թ.) սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Խաղխաղի ճակատամարտում հաղթելով մեծաքանակ թշնամուն, ծառ էր տնկել այդ վայրում, և դարեր անց մատաղ սերնդի ներկայացուցիչները նույն վայրում երդվեցին անմնացորդ ու անձնվեր կերպով ծառայել հայրենիքին.

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը  ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

«-Ես  (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ՝

  • Անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս: 
  • Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
  • Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
  • Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»:

Երդման արարողության ժամանակ հնչեցվեց տերունական աղոթքը, Տավուշի թեմի առաջնորդ  Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն օրհնեց նորակոչիկներին:

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը  ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ Ս. Ա. Առաքելյանը՝ ողջունելով և գոտեպնդելով նորակոչիկներին ու նրանց հարազատներին, երախտիքի ու մեծարանքի խոսք հղելով սահմանապահ քաջ հայորդիներին, մաղթելով նրանց խաղաղ ու անամպ երկինք, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ:

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը  ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

Դպրոցականների օլիմպիադա – 2018

Դպրոցականների օլիմպիադա

2018թ. մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում անցկացվելու է դպրոցական օլիմպիադա:

Այն կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով.

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն,    
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

Օլիմպիադան նախատեսվում է 11-12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի մասնակիցները մարտի 3-ին՝ ժամը 1030-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վահան Աղաբաբյանին (հեռ.՝ 096-987-654, 096-557-556, էլ.հասցե՝ vahanagha@yandex.ru):

I փուլի հաղթողները կմասնակցեն II փուլին, որը տեղի կունենա մարտի 31-ին՝ ժամը 1100 -ին, Երևանի պետական համալսարանում:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 1500-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Ի գիտություն.

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

 

Տնօրենը հանդիպեց ամբիոնների վարիչների և ՄԿԾ-ների պատասխանատուների հետ

2018թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը ամբիոնների վարիչների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:

Տնօրենը հանդիպեց ամբիոնների վարիչների և ՄԿԾ-ների պատասխանատուների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը, դասախոսների գիտական աշխատանքներին, էլեկտրոնային դասախոսությունների առկայությանը, կրթական ծրագրերի վերամշակմանը վերաբերող մի շարք խնդիրներ:

ՄԿԾ-ների պատասխանատուներն ու ամբիոնների վարիչները, ներկայացնելով իրենց իրականացրած աշխատանքները, մասնավորապես նշեցին, որ արդեն պատրաստ են կրթական ծրագրերի վերջնարդյունքները, ուսումնական պլանները, և հիմա դասախոսները պատրաստում են իրենց կողմից դասավանդվող առարկաների նկարագրիչները: Նրանք հավելեցին, որ բոլոր ծրագրերը պատրաստ կլինեն սահմանված ժամկետներում:

Տնօրենը հանդիպեց ամբիոնների վարիչների և ՄԿԾ-ների պատասխանատուների հետ

Տնօրենը կրկին շեշտեց, որ այդ աշխատանքներում անհրաժեշտ է թիմային մոտեցում, ամբիոնները պետք է ակտիվ համագործակցեն կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:

Կարևորվեց նաև այն հանգամանքը, որ ուսումնական պլաններում և դասընթացների ծրագրերում շեշտադրումը պետք է դնել գործնական կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման վրա: