Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները միջազգային ուսանողական ճամբարում

2018թ. հուլիսի 6-21-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի նախաձեռնած և բարերար Ֆիլիպ Էգգերի ֆինանսավորմամբ կազմակերպված «ԱրՊՀ-2018» ամառային ուսանողական միջազգային ճամբարը, որին մասնակցում էին ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերից 70-ից ավելի ուսանողներ:

1

Ճամբարն ընթացավ 5-ական օր տևողությամբ՝ 3 փուլերով: 3-րդ փուլին մասնակցեցին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Գերասիմ Ալավերդյանը («ԻԿՄ» 2-րդ կուրս), Արգիշտի Մարգարյանը («ԻԿՄ» 2-րդ կուրս) և Շիրակ Գասպարյանը («Պատմություն» 2-րդ կուրս):

2

 

Ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱրՊՀ ղեկավար կազմը:

3 partadir

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանը աջակցած անձանց և կազմակերպություններին` նշելով, որ ճամբարի կազմակերպումը ոչ միայն ուսանողների, այլև ԱրՊՀ ղեկավարության երազանքն էր, որն այս տարի հաջողվեց իրականություն դարձնել:

4 partadir

«Իմ բուհը» խորագրով ելույթներով հանդես եկան ճամբարի մասնակից բուհերը ներկայացնող ուսանողները` հակիրճ պատմելով իրենց բուհերի ուսանողական գործունեության մասին:

6

Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության անձեռակերտ գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն ունեցան մասնակցելու պաշտոնական հանդիպումների, արցախյան պատերազմի, անվտանգության, բարոյագիտություն և տրամաբանության, համացանցի և այլ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի ու քննարկումների, Արցախի պատմամշակութային կոթողներ ճանաչողական արշավների և էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական ժամանցային այլ միջոցառումների։ Եղան բանախոսներ նաև արտերկրից, ովքեր հանդես եկան հետաքրքիր դասախոսություններով։

11

Հուլիսի 20-ին կայացավ ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱրՊՀ ղեկավարությունը:

17 partadir

Կարևորելով նման ճամբարների կազմակերպումը` ԱԺ նախագահն այսպես դիմեց ներկաներին. «Ուսանողական տարիները լավագույն տարիներն են: Մեր օրերում ժամանակը, մտածողությունը և տեղեկատվությունն ամենապահանջվածն են: Ժամանակը երիտասարդների համար միշտ կա, մտածողությունը կամ ինտելեկտը այս ժամանակահատվածում է, որ պետք է ձեռք բերեք, տեղեկատվությունն էլ այսօր հասանելի է բոլորիդ: Մնում է, որ այս ամենը ճիշտ օգտագործեք` մտածելով, որ մենք փոքր երկիր ենք, կարևոր տեղ ենք գրավում տարածաշրջանում, մենք խնդիրներ ունենք լուծելու պետականորեն և ազգովի, որ մենք շարունակում ենք սահման պահել` ազգային ինքնություն պաշտպանելով, որ սահման պահելու առաքելությունը ձեր տարիքի երիտասարդներին է վերապահված: Եվ մարդիկ, որ ամեն օր այդ ծառայությունն են իրականացնում, թիկունքում պետք է զգան ամրություն և հավատարմություն»:

19

Վերջում ճամբարի մասնակից ուսանողներն արտահայտեցին իրենց տպավորությունները, հանդես եկան ասմունքով, երաժշտական և ազգագրական պարերի կատարումներով:

14

 

Հրապարակվել է ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության՝ 2017-18 ուստարվա հարցման արդյունքների վերաբերյալ ՄԿՈԱ բաժնի հաշվետվությունը

Հրապարակվել է

Հարգելի՛ համալսարանականներ,  մասնաճյուղի պաշտոնական կայքէջի  «Որակի ապահովման գործընթացներ» բաժնի «Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում տեղադրվել է ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության՝ 2017-18 ուստարվա հարցման արդյունքների վերաբերյալ ՄԿՈԱ բաժնի հաշվետվությունը:

2018թ. մայիսին՝ ամփոփիչ ատեստավորման քննությունների ավարտից հետո, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի շրջանավարտների շրջանում անցկացվել է ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից բավարարվածության հարցում:

Համաձայն մասնաճյուղի զարգացման՝ 2016-20 թթ. ռազմավարական ծրագրի 1.3.6. գործողության՝ շրջանավարտների բավարարվածության հարցումն  առցանց իրականացվել է ԵՊՀ-ի համապատասխան ծառայության էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հարցումը նպատակ ուներ.

I. Ուսումնասիրելու ԵՊՀ ԻՄ շրջանավարտների բավարարվածությունը՝

  1. կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսուցման մեթոդաբանությունից,
  2. ուսումնական գործընթացի կազմակերպումից,
  3. ուսումնառության ռեսուրսներից,
  4. օժանդակ ծառայություններից,
  5. համալսարանական միջավայրից:

II. Բացահայտելու նրանց կարծիքը կոռուպցիայի դրսևորումների վերաբերյալ:

III.Պարզելու նրանց ընդհանուր գնահատականը ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից:

 

Հուլիսի 17-ի տնօրենության նիստում

2018թ. հուլիսի 17-ին «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների՝ 2018-2019 ուսումնական տարվա անհատական ծանրաբեռնվածություններին, մասնաճյուղի ստորաբաժանումների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի վերանայմանը, պաշտոնների անձնագրերին վերաբերող մի շարք հարցեր:

1

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների՝ 2018-2019 ուսումնական տարվա անհատական ծանրաբեռնվածությունների կազմման աշխատանքների ընթացքի մասին ֆակուլտետների դեկանների վերլուծությունները լսելով՝ Ուսումնամեթոդական վարչությանը և ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց լինել խիստ հետևողական, որպեսզի ծանրաբեռնվածությունների բաշխումն իրականացվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթների և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման ընթացակարգի համաձայն:

Հաջորդ հարցի կապակցությամբ տնօրենի օգնական Արման Եգանյանին հանձնարարվեց աշխատանքներ իրականացնել, որպեսզի մինչև նոր՝ 2018-19 ուսումնական տարվա սկիզբը մասնաճյուղի ստորաբաժանումների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի (կանոնադրություններ, կանոնակարգեր, աշխատակարգեր, ընթացակարգեր, կարգեր, քաղաքականություններ, հայեցակարգեր և այլն) վերանայման գործընթացը հասցվի ավարտին:

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնին հանձնարարվեց նույն ժամկետում՝ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, ավարտել պաշտոնների անձնագրերի հետ կապված աշխատանքները:

 

 

Մասնաճյուղում մեկնարկել է 2018թ. ընդունելության թափուր տեղերի մրցույթը

Ysuib

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 16ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` ներկայանալով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և լրացնելով նոր դիմում-հայտ:

Թափուր տեղերի համար մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին:

Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի թափուր տեղերն` ըստ մասնագիտությունների.tapur_texer_2018

 

 

 

Գործուղման հնարավորություն համալսարանականների համար

841391

Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (ԳՄՌԿ) ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին և ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Նոր սերունդ» («Новое поколение») ծրագրին:

Գործուղման հետ կապված ծախսերը կհոգա Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը: 

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. հուլիսի 19-ը լրացնել հայտը (Анкета кандидата на участие в программе «Новое поколение») և ուղարկել  gevorgmelkonyan70@gmail.com հասցեին:

Ստորև ներկայացվում է Օտարերկրյա պետությունների քաղաքական, հասարակական, գիտական և գործարար շրջանակների երիտասարդ ներկայացուցիչների պատվիրակությունների ընդունելության ժամանակացույցը (График приема делегаций молодых представителей политических, общественных, научных и деловых кругов иностранных государств):