Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր աշխատակիցները միջազգային ամառային դպրոցում

 2018թ. սեպտեմբերի 26-29-ին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն (CSIAM) անցկացրեց գիտաչափությանը նվիրված երկրորդ միջազգային ամառային դպրոցը` «Գիտության արդի մոտեցումներ. գիտաչափություն» խորագրով։

Ամառային դպ 1

Ամառային դպրոցին մասնակցում էին ՀՀ տարբեր գիտակրթական հաստատությունների 3 տասնյակից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Սիրանուշ Հովհաննիսյանը:

Ամառային դպ 2

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը: Նա նշեց, որ գիտաչափությունը համեմատաբար նոր ուղղություն է Հայաստանում, և նման միջազգային ծրագրերը կնպաստեն, որ հայկական գիտությունը ներկայանալի լինի համաշխարհային գիտական շրջանակներում:

Ամառային դպ 3

Ամառային դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես եկան գիտաչափության ոլորտի առաջատար մասնագետներ Բելգիայից, Իտալիայից, Ռուսաստանից և Հայաստանից։

Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանը ներկայացրեց կենտրոնի առաքելությունը, կառուցվածքը և գործունեությունը: Կենտրոնի հետազոտական հիմնական ուղղությունը գիտաչափությունն է, որը ներկայումս լայն տարածում ունեցող գիտության չափման քանակական մեթոդ է, որի արդյունքները կիրառվում են գիտության համակարգերի կատարողականության, արդյունավետության և մրցունակության գնահատման համար: Կենտրոնը հաշվում է ազգային ամսագրերի ազդեցության գործոնը (Impact Factor), ստեղծում և համակարգում է տարբեր գիտական շտեմարաններ, կազմակերպում է գիտաչափության մասին տեղեկատվության տարածմանն ուղված միջոցառումներ և այլն: CSIAM-ի գործունեության հասցեատերերն են՝

  • գիտական ամսագրերի խմբագիրները,
  • գիտնականները և հետազոտողները,
  • համալսարանները և գիտահետազոտական ինսիտուտները,
  • գիտության և գիտական քաղաքականության ոլորտի շահագրգիռ կազմակերպությունները:

2

Բելգիայի Լուվենի համալսարանի պրոֆեսոր, միջազգային գիտական խորհրդատու Վոլֆգանգ Գլանզելը հանդես եկավ երկու դասախոսություններով, որոնց ընթացքում ներկայացրեց մատենագիտական տվյալների շտեմարանները (Web of Science, SCOPUS, Google Scholar), վերջինների աշխատանքը տվյալների հավաքագրման և դրանց ճշգրտության տեսանկյունից, գիտաչափական տարբեր չափանիշները (միջազգային հեղինակավոր ամսագրերում որքան հոդված է հրապարակել այս կամ այն գիտնականը, որքան հղումներ են արվել դրանց, ինչպես է հաշվարկվում ամսագրի ազդեցության գործոնը և այլն), գիտության ոլորտի խնդիրները (արտատպություններ, կեղծ գիտաթեզեր և այլն), գիտության տարբեր ուղղությունների առանձնահատկությունները գիտաչափության և դրա արդյունքների կիրառման տեսանկյունից:

3

Հեռակապի միջոցով իր դասախոսությունը ներկայացրեց Իտալիայի Թուրինի պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ Դոմենիկո Ավգուստո Մայզանոն: Նա ներկայացրեց մատենագիտական շտեմարանների տվյալների բաձրորակության խնդիրները, տարբեր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրման առավել տարածված սխալները (հեղինակի անվան, հոդվածի վերնագրի, թողարկման տարեթվի, ծավալի, վերնագրի և սեղմագրի թարգմանության, հղման և ալն) և դրանց նվազեցմանն ուղղված քայլերը:

Ռուսական գիտական էլեկտրոնային գրադարանի (eLibrary.ru) փոխտնօրեն Վիկտոր Գլուխովը նշեց, որ գրադարանը, ի տարբերություն միջազգային մատենագիտական շտեմարանների, ամբողջական տեքստային բազա է, որում ներառված են աշխարհի տարբեր ամսագրերում հրատարակված ռուսաստանյան, ինչպես նաև ԱՊՀ երկրների գիտնականների հոդվածները, ատենախոսությունները, գյուտերի արտոնագրերը և դրանց վերաբերյալ տարբեր վիճակագրական տվյալներ: Գրադարանում ընդգրկված ամսագրերից լավագույնները ներառված են Գիտական հղման ռուսական ցուցիչում (РИНЦ, RSCI):

Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի գիտական խորհրդատու Ալեքսան Շահխաթունին խոսեց գիտական էթիկայի, հրապարակումների, մատենագիտության և գիտաչափության մեջ հանդիպող զեղծարարությունների մասին: Նա ներկայացրեց գիտական հետազոտության գործընթացի յուրաքանչյուր փուլում (բացահայտում, հրապարակում, տարածում, գնահատում և այլն) որոշ անձնանց և կազմակերպություների կողմից առաջարկվող հակագիտական, վճարովի ծառայությունները (կեղծ կամ կասկածելի հեղինակությամբ ամսագրեր, հոդվածի կամ գրախոսության պատրաստում և այլն), դրանց բացասական ազդեցությունը գիտնականի կարիերայի վրա և դրանցից խուսափելու ձևերը:

4

Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի գիտաչափության և վարկանիշավորման հետազոտությունների կենտրոնի տնօրեն, միջազգային գիտական խորհրդատու Վիկտոր Բլագինինը խոսեց գիտական ամսագրերի, գիտաչափության, երաշխավորությունների և միջազգային ստանդարտների մասին:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի հանրային գիտական տեխնոլոգիական գրադարանի փոխտնօրեն Դենիս Կոսյակովը անդրադարձավ գիտական հետազոտության ոլորտի զարգացման դժվարին խնդիրներին: Նա նշեց, որ անհատ գիտնականների, գիտական խմբերի, բուհերի և այլ կազմակերպությունների համար, կախված նրանց ուսումնասիրության ոլորտներից և բնույթից, պետք է լինեն տարբեր չափանիշներ, վիճակագրություն կազմելիս պետք է հաշվի առնվեն մի քանի տասնյակ չափանիշներ, իսկ գիտական քաղաքանակության որոշման ժամանակ հիմնվեն ոչ միայն թվերի, այլև փորձագետների տվյալների վրա:

Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Էդիտա Գզոյանը իր ելույթում անդրադարձով սոցիալական և հումանիտար գիտությունների ոլորտների գիտաչափությանը:

“Claritive Analytics” (նախկին “Thomson Reuters”) ընկերության փորձագետ Պավել Կասյանովը ներկայացրեց Հայաստանի գիտական հրապարակումների և հղումների վիճակագրությունը, հարևան և ԱՊՀ երկրների ցուցանիշների հետ համեմատությունը, առաջատար ոլորտները, միջազգային հետազոտական ծրագրերի քանակները ըստ համագործակցող երկրների: Նա նաև նշեց, որ ազդեցության գործոնը (Impact Factor) ոչ թե գիտնականների արդյունավետության, այլ ամսագրի որակի ցուցիչ է, ներկայացրեց նաև, թե ինչեր են ոլորտային նորմալիզացված հղման ցուցիչը (CNCI) և Հիրշի ցուցիչը (H), խորհուրդներ տվեց, թե ինչպես օգտագործել մատենագիտական տվյալները:

Ամառային դպ 4

Նույն ընկերության հիմնական հաճախորդների հետ աշխատանքի համակարգող Մարգարիտա Սիդորովան ներկայացրեց հետազոտություն կատարելու և համաշխարհային գիտությանը ինտեգրվելու համար “Claritive Analytics”-ի ընձեռած հնարավորությունները: Մասնավորապես նշեց, որ շտեմարանի 72 միլիոն գրառումների մեջ կարելի է փնտրում կատարել ըստ թեմայի, հեղինակի և այլն, այնուհետև կոնկրետացնել փնտրումը և դասակարգել ըստ տարեթվի, հղումների քանակի կամ այլ ցուցանիշի: Նա հավելեց, որ նաև հետազոտողները կարող են գրանցվել համակարգում, ստանալ նույնականացման համար (ResearcherID), որի օգնությամբ համակարգը նույն ազգանունով և անվանատառերով անձանց հոդվածներն առանձնացնելիս ավելի արդյունավետ է աշխատում:

     Ամառային դպ 5

Միջոցառման վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր:

Միջազգային դպրոցի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ http://csiamconf2018.sci.am, իսկ կենտրոնի գործունեությանը՝ http://csiam.sci.am կայքերում։

Մոմավառություն՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին

2018թ. հոկտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված մեր մեծ հայրենակցի՝ ՀՀ Ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ, մեծագույն հայ Շառլ Ազնավուրի (Շահնուր՝ Վաղինակ Ազնավուրյանի) հիշատակին:

IMG_0797

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, հայոց երկնակամարում խաղաղ հանգավ ամենամեծ և ամենալուսավոր աստղերից մեկը: Անհավատալի է: Կյանքից հեռացավ մի մարդ, որի սիրո քերականությամբ սերունդներ են դաստիարակվել, որին սիրել ենք մանկուց, հետևել նրա արվեստին ու կյանքին, հպարտացել, որ աշխարհում կա իր նման հայի տեսակ, ով ամենուր բարձր է պահել իր հայրենիքի պատիվը:

Մեծն Ազնավուրի հիշատակին նվիրված մոմավառությունը կազմակերպել էին ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը և ուսանողական խորհուրդը:

DSCN3756

Ելույթ ունեցավ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա. Մարդանյանը՝ նշելով, որ հեռացել է հայ ժողովրդի մեծ որդին, ով պատկանում է Հայաստանին, Ֆրանսիային և ողջ մարդկությանը:

Նա ընդգծեց, որ Ազնավուրը մի անհատականություն է, ով միշտ իր ժողովրդի կողքին է եղել, ով իր հանճարն ու ազդեցությունը օգտագործել է, որպեսզի ողջ աշխարհը նույնպես չմոռանա և դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Ազնավուրը մի ողջ տիեզերք է, և այժմ այդ տիեզերքը մեզ հետ է մնացել, սակայն, առանց իր կերտողի:

DSCN3755

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիները ազնավուրյան հոգեթով երգերի կախարդական հնչյունների ներքո  ներկայացրին նրա կյանքի ու ստեղծագործության մասին, արտասանեցին նրա բանաստեղծություններից:

Դեռ երեկ քսան տարեկան էի

Ու վատնում էի ժամանակը իմ,

Խաղում էի կյանքի հետ,

Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,

Ու գիշերները ցերեկ դարձնում,

Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում

Ու հալվում է այս ժամանակի մեջ:

Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում

Եվ փայփայեցի ես այնքա՜ն հույսեր – այդ պատրանքները հօդս ցնդեցին,

Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ,

Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:

Դեռ երեկ քսան տարեկան էի,

Ու մսխում էի ժամանակը իմ,

Ես հույս ունեի կանգնեցնել նրան,

Զսպե՜լ ու սանձե՜լ,

Ու առաջ անցնել նրանից անգամ,

Բայց ես վազեցի, վազեցի միայն,

Շունչս կտրվեց, և ես հևասպառ կանգնել եմ ահա:

Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,

Իմ «ես»-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,

Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,

Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:

DSCN3769

Դեռ երեկ քսան տարեկան էի,

Բայց ես կորցրի ժամանակը իմ

Հիմարություններ անելով միայն,

Որոնք իմ հոգում բնավ չթողին

Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,

Ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն,

Ու ձանձրույթի վախ:

Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած իջան գերեզման,

Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,

Մեղքը իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ է այսօր,

Ջահել օրերս ու կյանքս, ավա՜ղ, վատնեցի իզուր:

Իմ լավն ու վատը ես չհասկացա,

Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,

Ու ինձ մնացին ժպիտներս պաղ,

Ու ինձ մնացին արցունքնես քար:

Որտե՞ղ է հիմա

Ջահելությունը

Իմ քսանամյա:

DSCN3779

Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ մասնավորապես նշելով. «Հաղորդակցվելով մեր մեծերին՝ մենք մի քիչ մաքրվում ենք, ձգտում ենք դեպի զարգացման, դեպի կատարելագործման: Այն արժեքները, որոնք ստեղծեց և տվեց Շառլ Ազնավուրը, կմնան մեր բոլորիս մեջ և մեզ բոլորիս հույս և հավատ կներշնչեն է՛լ ավելի պայքարելու, է՛լ ավելի արարելու և ստեղծելու բարություն, սեր և համերաշխություն մեր շրջապատում: Շնորհակալություն բոլորիդ»:

Մեր ուսանողները Երևանում մասնակցեցին Անկախության տոնին նվիրված միջոցառումներին

2018թ. սեպտեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ Երևանում մասնակցեցին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Մեր ուսանողները նախ մասնակցեցին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած ինտելեկտուալ խաղին

IMG-f2f128b9746577f63acf38255b80065b-V

Այնուհետև համալսարանականներն այցելեցին հրապարակ, որտեղ անցկացվում էին Անկախության տոնին նվիրված տարբեր՝ գրական, երաժշտական, մշակութային միջոցառումներ:

Հրապարակում ներկայացվեցին երաժշտական կատարումներ, թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ։ 

IMG-3131f7a633ca3ff2e52873e9d7fc0ec9-V

Մեր ուսանողները Տավուշի մարզին հատկացված տաղավարում ներկայացրին իրենց աշխատանքներից:  

Միջոցառումներին մասնակցելուց հետո համալսարանականները հաճելի և հիշարժան տպավորություններով վերադարձան Իջևան։

ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

write«Արձագանք» ընկերությունը և ընկերության նախագահ, թարգմանիչ-գրականագետ Մարո Մադոյան-Ալաջաջյանը հայտարարում են պատվածքների մրցույթ:

Հեղինակների համար տարիքային և ներկայացված պատմվածքների համար բովանդակային սահմանափակում չկա:

Մրցույթին մասնակցելու համար պետք է պահպանել հետևյալ պայմանները.

  1. Պատմվածքները պետք է բաղկացած լինեն ամենաքիչը 4 էջից:
  2. Նյութի տառատեսակը sylfaen, տառաչափը՝ 11:
  3. Ներկայացված պատմվածքները նախկինում որևէ այլ տեղ չպետք է տպագրված լինեն:
  4. Հեղինակները չպետք է օգտվեն մեկ այլ աղբյուրից, այլապես նրանց աշխատանքերը կորակազրկվեն:

Անհրաժեշտ է մինչև 2019թ. հունվարի 1-ը պատմվածքներն ուղարկել gayane.eghiazaryan.75@mail.ru էլեկտրոնային հասցեին:

Էլեկտրոնային նամակում պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, զբաղվածությունը և կոնտակտային տվյալներ:

Հարցերի համար զանգահարել՝ 043-117-309 կամ 098-117-309 հեռախոսահամարներով:

Սեղանի թենիսի և մարմնամարզության պարապմունքների հրավեր

the-open-table-tennis-championships-2015

Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. հոկտեմբերի 2-ից, ամեն երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 15:00-ին, սկսվում են սեղանի թենիսի և մարմնամարզության պարապմունքները, որոնք անցկացնելու է Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Պ.Կարապետյանը (հեռ.՝ 098 69 29  39):