Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ՀԼԳ» մասնագիտության առկա ուսուցման II և III, հեռակա ուսուցման V կուրսերի ուսանողներն այցելեցին Երևանի և Լոռու մարզի պատմամշակութային վայրեր ու տուն-թանգարաններ

SAM_0825 2018թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առկա ուսուցման II և III, իսկ նոյեմբերի 22-ին դարձյալ առկա ուսուցման III և հեռակա ուսուցման V կուրսերի ուսանողները 2018-19 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Երևանի և Լոռու մարզի պատմամշակութային վայրեր ու մի քանի տուն-թանգարաններ: Պրակտիկայի ղեկավարն էր բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանը:

Արտադրական պրակտիկայի հիմնական նպատակն է գործնական աշխատանքների հիման վրա ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդումը, իրենց մասնագիտության բնագավառում գործնական հմտությունների ու կարողությունների, ինքնուրույն մասնագիտական փորձի ձեռքբերումը:

Նոյեմբերի 9-ին «ՀԼԳ» մասնագիտության առկա ուսուցման II և III կուրսերի ուսանողներն այցելեցին Երևանում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Ուսանողները ծանոթացան թանգարանի կառուցվածքին, Քանաքեռի պատմությանը,  Խ.Աբովյանի կյանքին, գրական և մանկավարժական գործունեությանը, ձեռագրերին:

Այնուհետև այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան: Նրանք շրջեցին հիմնական ցուցադրության սրահներում, ծանոթացան հին ձեռագրերի պատմությանը, մանրանկարչությանը, նրանցում օգտագործված գույների ստացման եղանակներին:

Վերջում այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Նախ ծանոթացան գրողի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերին, անձնական իրերին, շրջեցին երկրորդ հարկում, որտեղ գրեթե նույնությամբ վերարտադրված է մեծ գրողի թիֆլիսյան բնակարանը: Վերջում դիտեցին «Անբան Հուռին» կարճամետրաժ մուլտֆիլմը:

Նոյեմբերի 22-ին ուսանողներն այցելեցին Լոռու մարզ: Վանաձորում նրանք այցելեցին Ստեփան Զորյանի տուն-թանգարան, որը եղել է գրողի ամառանոցը, և որտեղ գրողն ապրել է 4 տարի: Ուսանողները նախ ծանոթացան գրողի ծննդավայրի՝ հին Ղարաքիլիսայի պատմությանը, ապա Զորյանի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը: Վերջում դիտեցին Ստ. Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի հիման վրա ստեղծված համանուն ֆիլմը:

Այնուհետև ուղևորվեցին «Հանճարեղ լոռեցու» հայրենի գյուղ՝ Դսեղ, այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որը եղել է գրողի հայրական տունը, և որի բակում թաղված է գրողի սիրտը:

Ուսանողները նախ շրջեցին հացատանը, մեծ օթախում, ծանոթացան այն միջավայրին, որտեղ անցել է գրողի մանկությունը: Եղան ցուցասրահներում, ուսումնասիրեցին ներկայացվող նմուշները, գրողի և նրա հարազատների անձնական իրերը: Ուսանողներն ամրապնդեցին իրենց գիտելիքները՝ վերհիշելով գրողի կյանքը, գրական և հասարակական գործունեությունը:

Վերջում խումբն այցելեց Հաղպատի վանական համալիր, ծանոթացավ նրա պատմությանն ու ծավալած կրթամանկավարժական գործունեությանը, այցելեց Հովհաննես Սարկավագի գերեզմանին:

Մասնաճյուղում կայացավ «Միկրոպլան» բիզնես-խաղը՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի ստեղծման 25-ամյակին

dav 2018թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Անուշ Սարիբեկյանի ու Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ, բուհի ուսանողական կառույցների (ՈՒԳԸ և ՈՒԽ) աջակցությամբ կայացավ «Միկրոպլան» բիզնես-խաղը, որը նվիրված էր ՀՀ ազգային արժույթի՝ դրամի ստեղծման 25-ամյակին:

Բիզնես-խաղին մասնակցում էին Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտություն», «Սերվիս», «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ» մասնագիտությունների 15 ուսանողներ:

Խաղը վարում էին Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի աշխատակիցները:

Ուսանողները բաժանվել էին 3 թիմերի, այսպես ասած՝ «ընտանիքների», որոնց առջև դրված էր խնդիր. ունենալով նախնական սահմանափակ բյուջե՝ պլանավորել, այնուհետև կազմակերպել արտադրություն, որից ստացված շահույթը առավելագույնս մոտ լինի պլանավորվածին:

Խաղը բիզնես գործունեության պարզեցված մոդել էր, որը հնարավորություն էր տալիս պատկերացում կազմել իրական բիզնես կյանքի դժվարությունների, մարտահրավերների և հնարավորությունների մասին:

Թիմերը ստացած վարկով ձեռք էին բերում հումք, կազմակերպում արտադրություն, իրացնում շուկայում, ընդ որում՝ խոտան արտադրանքը մերժվում էր շուկայի կողմից:

Հետաքրքիր և միևնույն ժամանակ լարված խաղից հետո հաղթող ճանաչվեց այն թիմը, որի վերջնական շահույթը և արտադրության ծավալը առավելագույնս մոտ էին պլանավորվածին:

Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով, իսկ մյուս թիմերը՝ հավաստագրերով:

Կայացան ՄԿՊԿ բաժնի հերթական հանդիպումները Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

1

 2018թ. նոյեմբերի 14-ին և 22-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի մի քանի աշխատակիցներ` Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթ­յանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, ՈՒՄՎ բաժնի աշխատակից Ա.Մանուչարյանը հերթական հանդիպումներն իրականացրին Տավուշի մարզի մի շարք դպրոցներում:

Այս անգամ համալսարանականներն այցելել էին Իջևանի ավագ դպրոց, Այգեհովիտ, Ազատամուտ, Կայանավան գյուղերի միջնակարգ դպրոցներ` նպատակ ունենալով ավարտական դասարանի աշակերտներին իրազեկել մաս­նա­ճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների և կրթա­կան ծրագ­րերի վերաբերյալ, իրականացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ:

Հանդիպումներին մասնակցում էին թե՛ 12-րդ դասարանի աշակերտները, թե՛ դպրոցների տնօ­րեն­ները և ուսուցիչները:

Այցելությունների ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության կրթական ծրագրերը, նոր առաջարկություններն ու հնարավորությունները (խոսքը վերաբերում է առկա ուսուցմամբ «Բնապահ­պանություն և բնօգտա­գործում», «Կիրառական արվեստ» և «Հոգեբա­նություն» կրթական ծրագրերին), քննա­կան առարկաները, ընդունելության քննութ­յուն­ներում կատարված փոփո­խությունները:

Դպրոց-համալսարան կապն ամրապնդելու, դիմորդներին օգտակար լինելու նպատակով առաջարկվեց պարբերաբար իրականացնել ճանաչողական այցեր մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցներում կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի դասախոս­ների մասնակցությամբ թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ:

Հանդի­պումների ընթացքում աշակերտները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք վերաբերում էին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, ուսումնառողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների՝ աստղանիշով առարկաներին:

Այցելությունների վերջում դպրոցների և համալսարանի ներկայացուցիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին ավելի սերտացնելու և խորացնելու  փոխհամագործակցությունը:

Շախմատի մասնաճյուղային առաջնության հրավեր

Շ. Սիրելի՛ համալսարանականներ, 2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:40-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում մեկնարկելու է շախմատի մասնաճյուղային առաջնությունը, որին որպես մրցավար ներկա է լինելու նաև ՀՀ շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի մարզիչ Էմիլ Մատինյանը:

Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 27-ը sssysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին որպես հաղորդագրություն ուղարկել Ձեր ազգանունը, անունը, հայրանունը, մասնագիտությունը, կուրսը և հեռախոսահամարը: Որպես հաղորդագրության թեմա անհրաժեշտ է գրել «ՇԱԽՄԱՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ»:

Սիրով սպասում ենք:

 

 

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Handipum 2018թ. նոյեմբերի 22-ին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանի նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար պարոն Գասպար Կարապետյանը:

Այցելության նպատակն էր Հայ դատի, Հայոց ցեղասպանության հարցի, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ծավալած գործունեության մասին բուհում դասընթաց-քննարկում իրականացնելը:  

Քննարկմանը ներկա էին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, այլ պաշտոնյաներ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Ցուցուլյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, գլխավորապես Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ:

Դասընթաց-քննարկման ժամանակ պարոն Կարապետյանը ներկայացրեց, թե երբ, որտեղ է հիմնադրվել Եվրոպայի Հայ դատի գրասենյակը, որն է նրա առաքելությունը, որոնք են գործունեության հիմնական ոլորտները, ինչպիսի աշխատանքներ են իրականացվել առ այսօր:

Մասնավորապես նշվեց, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (European Armenian Federation for Justice and Democracy-EAFJD) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000թ. Փարիզում: 2002 թ.-ից ի վեր EAFJD-ի գրասենյակը տեղափոխվել է Բրյուսել (Բելգիա): Եվրոպայի Հայ դատի գրասենյակը Հայ դատի հանձնախմբերի՝ աշխարհում չորս տարածաշրջանային գրասենյակներից մեկն է: Այն եվրոպական կարևորագույն օրենսդիր հարթակներում և միջազգային կազմակերպությններում ծավալում է հայ դատի պաշտպանությանը, ինչպես նաև հայության արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ու շահերի հետապնդմանն ուղղված գործունեություն: Ավանդական քարոզչական գործունեությանը զուգահեռ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կազմակերպում է եվրոպական հանրությանն ուղղված բազմաթիվ իրազեկման միջոցառումներ, այդ թվում համաժողովներ՝ ականավոր միջազգային գիտնականների մասնակցությամբ, քննարկումններ, ֆոտո-ցուցահանդեսներ, կինոդիտումներ:

Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը համակարգում է Հայ դատի հանձնախմբերի գործուներությունը եվրոպական 13 երկրում: Հայ դատի հանձնախմբեր են գործում Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Ռումինիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում:

Ներկայացվեց, որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեության հիմնական ոլորտներն են`

  • Եվրոպական միությունում, ԵՄ անդամ երկրներում և միջազգային կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, ճանաչում և հատուցում Թուրքիայի կողմից:
  • Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանություն և պարտադրված մեկուսացման վերացում, Արցախի ընտրական գործընթացներում միջազգային դիտորդական առաքելությունների համակազմակերպում:
  • Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդում և խորացում:
  • Մերձավոր Արևելքի հայության խնդիրների բարձրաձայնում:
  • Ջավախքի շրջանի հայ բնակչության իրավունքների պաշտպանություն:

Ընդգծվեց, որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեության կարևոր ճյուղ է Հայաստան-Եվրոպա հարաբերությունների ամրապնդումը և ընդլայնումը: Այս առումով Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կարևոր ձեռքբերում է համարում 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և ԵՄ-ում ՀՀ առաքելության համատեղ ջանքերով 2013 թվականին Եվրոպական խորհրդարանում ձևավորվել է ԵՄ-Հայաստան բարեկամական խումբը: 2015թ.՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո, Հայաստանի հետ բարեկամության խումբը վերակազմավորվել է: Այժմ խումբը բաղկացած է 50-ից ավել պատգամավորից և նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համագործակցությունը:

Ունենալով սերտ կապեր Եվրոպական խորհրդարանում՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն աջակցում է հայկական պատվիրակություններին Եվրանեսթ և PCC խորհրդարանական ձևաչափերում: Գրասենյակը նաև ակտիվ գործունեություն է ծավալում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ համագործակցելով խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության հետ:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների խթանմանը ծառայում է նաև Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնած «Վահան Հովհաննիսյան ուսուցողական աշխատանքային ծրագիրը», որը մեկնարկել է 2018թ.: Ծրագրի շրջանակներում ընտրական փուլն անցած հայաստանաբնակ երիտասարները հնարավորություն են ստանում գործնական հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել Եվրոպայի Հայ դատի գրասենյակում և ծանոթանալ ԵՄ կառույցների՝ հատկապես Եվրոպական խորհրդարանի առօրյա աշխատանքներին:

Դասընթացավարը հավելեց, որ եվրոպահայության ձայնը լսելի դարձնելու նպատակով Եվրոպայի Հայ դատի գրասենյակը չորս տարին մեկ Բելգիայում կազմակերպում է «Եվրոպահայերի համագումար», որը հարթակ է հայ և եվրոպացի քաղաքական գործիչների, դիվանագետների, կրոնական առաջնորդների, ակադեմիական շրջանակների, ոչ կառավարական կազմակերպությունների, հայկական համայնքների ներկայացուցիչների, անհատների համար` քննարկելու ժամանակակից մարտահրավերները և դրանց դիմակայելու ուղիները: Վերջին համագումարը կայացել է 2017թ. հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը համագործակցում է նաև Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների հետ, որոնցից են` Armenian National Committee of America (АNCA), Armenian National Committee of Australia-ն, Մերձավոր Արևելքի Հայ Դատի գրասենյակը, Հարավային Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Քննարկման ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության ուսանողները Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարին ուղղեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Թուրքիայի կողմից հատուցմանը, 2008թ. հայ-թուրքական սահմանի բացմանը, մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի տարածքային խնդիրներին վերաբերող հարցեր և ստացան պատասխաններ: Հնչեցված հարցերը մեծ մասամբ դեռևս ընթացքի մեջ գտնվող և լուծման ենթակա հարցեր էին, ինչը շեշտեց թե՛ պարոն Կարապետյանը իր եզրափակիչ խոսքում, թե՛ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը դասընթացավարին ուղղված իր շնորհակալական խոսքում: