Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ՄԿՈԱ բաժնի նախաձեռնած հանդիպումը պրակտիկա անցած ուսանողների հետ

IMG_0086 2018թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը նախորդ (2017-18) ուստարում արտադրական կամ մանկավարժական պրակտիկա անցած ուսանողների համար կազմակերպել էր հանդիպում-քննարկում:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները, պրակտիկաների ղեկավարները, կրթական ծրագրերի պատասխանատուները և պրակտիկա անցած ուսանողները:

Հանդիպման սկզբում ՄԿՈԱ բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ ներկաների քննարկմանը ներկայացնել բաժնի կողմից 2017-18 ուստարվա ընթացքում արտաքին և ներքին շահակիցների շրջանում անցկացված պրակտիկաների կազմակերպումից բավարարվածության հարցման արդյունքները:

Մ.Ճաղարյանը, ներկայացնելով հանդիպման օրակարգը, նշեց, որ մասնաճյուղի ղեկավարությունն առանձնակի նշանակություն է տալիս արտաքին շահակիցների շրջանում պարբերաբար իրականացվող սոցիալական հարցումներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձագանքել աշխատաշուկայի պահանջների դինամիկային: Վերջին հարցումն անց է կացվել 2017-18 ուստարվա ընթացքում տարբեր մասնագիտությունների ուսանողների մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների ժամանակ: Արտաքին շահակիցները գնահատել են պրակտիկանտ-ուսանողների մասնագիտական և անձնային որակները՝ տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, մասնագիտական խոսքը, ժամանակակից մեթոդներ կիրառելու հմտությունները, վարվեցողությունը, թիմում աշխատելու հմտությունները, նշել են մեր ուսանողների՝ ուշադրության արժանի  մասնագիտական  առավելությունները և թույլ կողմերը, կատարել հետաքրքիր և կարևոր առաջարկներ: 

Նա նշեց, որ մասնակիցներին ներկայացնելով պրակտիկանտ-ուսանողներին արտաքին շահակիցների տված գնահատականները, պրակտիկայի կազմակերպումից և բովանդակությունից ուսանողների և շրջանավարտների բավարարվածության արդյունքները՝ ակնկալում է, որ այդ արդյունքների քննարկումը թույլ կտա վերհանել պրակտիկայի ընթացքում առաջացած խնդիրները, հավաքագրել պրակտիկայի իրականացման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներ:

Բաժնի մասնագետ Անահիտ Հովսեփյանը ներկայացրեց, որ  2017-18 ուստարվա ընթացքում մասնաճյուղի առկա ուսուցման 243 և հեռակա ուսուցման 357 ուսանողներ արտադրական, մանկավարժական և ուսումնական պրակտիկա են անցել ՀՀ բնական և պատմական հուշարձանների տարածքում, հնավայրերում և թանգարաններում, Տավուշի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում, մարզի հյուրանոցներում և սպասարկման ոլորտի տարբեր օբյեկտներում, սոցիալական տարբեր ծառայություններում, Անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումում, Իջևանի անտառտնտեսությունում և Դենդրոպարկում, «Քարարտ» փակ բաժնետիրական ընկերությունում, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնում, Իջևանի արվեստի դպրոցում:

Ապա նա շնորհանդեսի միջոցով մասնակիցներին ներկայացրեց մասնաճյուղի պրակտիկանտ-ուսանողների մասնագիտական ու անձնային որակների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիք-գնահատականները, նաև դրանց համեմատական վերլուծությունը:

Նշվեց, որ արտաքին շահակիցների կողմից բարձր են գնահատվել պրակտիկանտների տեսական գիտելիքների իմացությունը (հարցվողների 84.9%-ը գնահատել է գերազանց (36,4%) ու լավ (48,5%), գործնական հմտությունները՝ 87,9% (գերազանց՝ 36,4%, լավ՝ 51,5%) և մասնագիտական խոսքը՝ 81,8%  (գերազանց՝ 39,4%, լավ՝ 42,4%):  Ի լրումն նշվածին՝ փաստվեց նաև, որ բավականին շահակիցներ իրենց գրած բաց կարծիքներում վերոնշյալ հատկանիշները նույնիսկ համարել են նկատելի առավելություն:

Հաշվի առնելով կրթության և գիտության ոլորտում տեղի ունեցող պարբերական զարգացումն ու առաջընթացը և աշխատաշուկայում մրցակցային պայքարի ժամանակակից մարտահրավերը՝ առանձնապես կարևորվեցին  դասավանդման ժամանակակից մեթոդներին (հատկապես մանկավարժական պրակտիկայի տեսանկյունից) և տեղեկատվական տեխնոլոգիաներին ուսանողների տիրապետելու ունակությունները։ Ներկայացնելով արտաքին շահակիցների տված գնահատականները՝ նշվեց, որ հարցմանը մասնակցած շահակիցների 75,8%-ը պրակտիկանտների՝ դասավանդման ժամանակակից մեթոդներին տիրապետելու կարողությունները գնահատել է գերազանց (39,4%) և լավ (36,4%) գնահատականներով, իսկ  տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու մակարդակը շահակիցների 81,8%-ը գնահատել է  բարձր (գերազանց՝ 48,5%, լավ՝ 33,3%):

Ա.Հովսեփյանը, ներկայացնելով մասնագիտական գործընթացին ստեղծագործաբար մոտենալու մեր պրակտիկանտ-ուսանողների ունակություններին արտաքին շահակիցների 84%-ի տված բարձր գնահատականները, փաստեց, որ այդ հատկանիշը դրսևորվում է գործատուների հետ հենց առաջին հանդիպումների ժամանակ:

Ապա ներկայացվեցին պրակտիկանտների՝ թիմում աշխատելու հմտություններին (84,8%), վարվեցողության և էթիկայի նորմերը պահպանելու ունակություններին (93․9%) տրված գնահատականները, որոնք նույնպես բարձր էին, որակական հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են ինչպես գործատու-ուսանող հարաբերություններում, այնպես էլ հասարակության մեջ ուսանողի դերակատարության ըմբռնման համար: Պրակտիկաների կազմակերպման գործընթացը արտաքին շահակիցները գնահատել են բարձր (4.72 միջին գնահատական)։

Ներկայացված յուրաքանչյուր արդյունքի շուրջ տեղի էր ունենում բուռն քննարկում, որին ակտիվորեն մասնակցում էին նաև ուսանողները՝ ազատ արտահայտելով իրենց տեսակետները և անհամաձայնությունը արտաքին շահակիցների տված որոշ գնահատականների վերաբերյալ։

Զեկուցողը ներկայացրեց նաև ըստ արտաքին շահակիցների մասնաճյուղի պրակտիկանտների առավելություններն ու ուժեղ կողմերը՝ մասնավորապես առանձնացնելով այդ կարծիքներից մասնագիտական բարձր պատասխանատվությունը, պարտաճանաչությունը, աշխատասիրությունը, ուշադրությունը, լսելու ունակությունը, մասնագիտորեն ճիշտ ձևակերպված խոսքը, նորին ու առավելագույնին ձգտելու ցանկությունը, խորը գիտելիքները, մասնագիտական գրականությունից տեղին օգտվելու հմտությունները, ճիշտ և հետաքրքիր հարցադրումներ կատարելու ունակությունները, ստեղծագործական կարողությունները:

Վերոնշյալ դրական հատկանիշների հետ միասին արտաքին շահակիցները նշել էին նաև մեր ուսանողների որոշ մասնագիտական թերություններ և բարելավմանն ուղղված առաջարկներ (փորձ ձեռք բերելու նպատակով ավելի հաճախ ներգրավվեն տարբեր պրակտիկ աշխատանքներում, փոխեն մոտեցումները ուսման նկատմամբ և սովորեն սովորեցնելով, արդեն իսկ մտածեն լավ մանկավարժ դառնալու մասին, դրա համար ձեռք բերեն ավելի շատ գիտելիքներ ու մեթոդական հմտություններ և այլն):

Հարցման մասնակիցները կատարել էին նաև այսպիսի առաջարկներ՝ երկարացնել պրակտիկայի տևողությունը կամ դարձնել ավելի հաճախակի, ավելի հստակ պլանավորել և կազմակերպել պրակտիկայի գործընթացը, ուսանողներին նախապատրաստել նոր մեթոդներով աշխատելուն և հետո ուղարկել պրակտիկայի վայրեր, այդ գործընթացում ներգրավել մի քանի մասնագետներ։

Ապա ներկայացվեցին 2017-18 ուստարվա մայիսին բաժնի կողմից մասնաճյուղի I-III կուրսերի ուսանողների շրջանում անցկացված առցանց հարցման շրջանակներում պրակտիկայի կազմակերպման գործընթացին ուսանողների տված գնահատականները մասնաճյուղի կտրվածքով, ապա ըստ ֆակուլտետների։ Որոշ գործընթացներին տված ուսանողների գնահատականները համեմատվեցին արտաքին շահակիցների տված գնահատականների հետ, որը նույնպես դարձավ բուռն քննարկման առարկա։

Հանդիպմանը ներկա պրակտիկաների ղեկավարները որոշեցին արդյունքները քննարկել ֆակուլտետներում, վերհանել խնդիրները և պրակտիկայի գործընթացի բարելավվմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել ՄԿՈԱ բաժին։

Վերջում հանդիպմանը մասնակցող ուսանողներին բաժանվեցին հարցաթերթեր, որոնց միջոցով նրանք գնահատեցին հանդիպման արդյունավետությունը։

Ամփոփվեց համալսարանականների մասնակցությամբ ընթացող «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարը

Աղ 6 2018թ. նոյեմբերի 10-12-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 30 երիտասարդների համար նախատեսված «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի երկրորդ փուլը, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ուսանող Հրանտ Ղարագյոզյանը, շրջանավարտներ Լիլիթ Ոսկանյանը, Անահիտ Աթոյանը, Աղավնի Ղազարյանը, Լուսինե Ամիրյանը և Շուշան Խառատյանը:

Դասընթացաշարն իրականացվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար»  տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ըստ խմբերի՝ դասընթացին մասնակցում էին 16-30 տարեկան 300 երիտասարդներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

Այս անգամ մասնակիցները ստացան գիտելիքներ անձնական աճի և զարգացման կարևորության, սեփական կյանքի պլանավորման և նախաձեռնողականության, սովորելու ձևերի, քննական մտածողության, ստեղծարարության և նորարարության վերաբերյալ:

Դասընթացը վարեցին Զարուհի Լավչյանը և Արեգ Թադևոսյանը, կազմակերպչական հարցերով զբաղվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի աշխատակից Միլենա Նահապետյանը:

Առաջին օրը տեղի ունեցավ նախորդ դասընթացի արդյունքների ամփոփում, մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները և սովորածը կիրառելու հմտությունները, այնուհետև լրացրեցին ոչ ֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման հարցաշարը: Մասնակիցները նաև կատարեցին առաջադրանք և 40 րոպեում սովորեցին նոր հմտություն (նկարել, ստեղծագործել, սովորել բառեր անծանոթ լեզվով, աճպարարական հնարքներ կատարել և այլն):

Երկրորդ օրը տարբեր վարժությունների միջոցով մասնակիցները հիշեցին մանկության երազանքները, վերլուծեցին իրենց բազային կարիքները, դրանք դասակարգեցին ըստ առաջնահերթությունների, մտածեցին դրանց բավարարման մի քանի այլընտրանքներ: Սեմինարավարները ներկայացրին երիտասարդական ծրագրերի մասնակցելու և իրականացնելու վերաբերյալ համացանցային ռեսուրսներ և հարթակներ:

Երրորդ օրը նվիրված էր քննական մտածողությանը և ստեղծարարությանը: Մասնակիցները սովորեցին, որ ինֆորմացիան վերլուծելիս պետք է տալ ճիշտ հարցեր, փաստերը առանձնացնել ենթադրություններից: Ներկայացվեցին ստեղծարարության վրա ազդող գործոնները, ստեղծարար մարդկանց բնորոշ հատկանիշները: Մասնակիցները կատարեցին առաջադրանք հասարակ իրը օգտագործելու հնարավորինս շատ տարբերակներ մտածելու վերաբերյալ:

Դասընթացն անցավ քննարկումների, հետարքիր վարժությունների և ակտիվ ժամանցի մթնոլորտում:

Վերջում դասընթացի երկու փուլերին մասնակցած երիտասարդները ստացան վկայականներ:

Առաջիկայում նրանց մի մասը հնարավորություն կունենա վճարվող պրակտիկա անցնել մի շարք կազմակերպություններում:

Փոքր դրամաշնորհների մրցույթ 2018. Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

6543b438ad191861 Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը(ԿՔՆ) հայտարարում է անհատական հետազոտությունների փոքր դրամաշնորհների մրցույթ նախաձեռնության 4 թեմատիկ առաջնահերթությունների շրջանակում.

  • Կրթության իրավունք
  • Սոցիալական արդարություն
  • Մասնակցություն
  • Քննադատական մտածողություն

Ովքեր կարող են դիմել

Մրցույթը նպատակ ունի գտնելու եւ խթանելու անհատ հետազոտողների, կրթության հիմնախնդիրներով մտահոգ քաղաքացիների, որոնք ցանկանում են հետազոտության միջոցով մասնակցել կրթության քաղաքականության բարելավմանը։

Ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստելու կրթության շահակիցների ինքնակազմակերպմանը, մասնակցությանը եւ ներգրավվածությանը նախաձեռնության հետագա գործունեության մեջ:

Դրամաշնորհային մրցույթը բաց է բոլոր հետաքրքրվող անձանց համար:

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների հայտադիմումը՝ ներառյալ հետեւյալը:

  1. Խնդրի նկարագրություն /համապատասխանությունը թեմատիկ առաջնահերթություններից որեւէ մեկին/
  2. Հետազոտության մեթոդաբանություն
  3. Ակնկալվող արդյունքներ

Դրամաշնորհներին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտարարության ներքևում գտնվող առցանց հայտադիմումը։

Դիմորդներից ակնկալվում է հետազոտության հիման վրա քաղաքականության փաստաթղթերի/վերլուծականների մշակում՝ ԿՔՆ թեմատիկ առաջնահերթությունների շրջանակում: Առաջարկվող վերլուծականները կարող են անդրադառնալ այդ չորս առաջնահերթություններից (կրթության իրավունք, սոցիալական արդարություն, մասնակցություն եւ քննադատական մտածողություն) որեւէ մեկին առնչվող դեպքի, խնդրի կամ մարտահրավերի՝ հիմնվելով առկա հետազոտությունների, տեղակատվության եւ հրապարակումների վրա: Հետազոտության արդյունքում ստեղծված փաստաթուղթը պետք է ներկայացվի ԿՔՆ առաջարկած ձեւաչափով եւ անդրադառնա հետեւյալին.

  • խնդրի/իրավիճակի նկարագրություն եւ վերլուծություն,
  • առկա քաղաքականության ներկայացում եւ վերլուծություն,
  • հնարավոր այլընտրանքների քննարկում,
  • եզրակացություններ եւ առաջարկություներ:

Հետազոտությունը կարող է հիմնվել գրասենյակային աշխատանքի վրա՝ օգտվելով առկա հետազոտությունների տվյալներից կամ հետազոտողի արդեն իրականացրած դաշտային աշխատանքի տեղեկություններից: Հետազոտողները ցանկության դեպքում կարող են նաեւ նոր հարցազրույցներ իրականացնել:

Դիմորդները հայտի հաստատումից հետո 2 ամսվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջարկվող հետազոտությունը:

Հետազոտությունները հանրայնացվելու են, օգտագործվելու նախաձեռնության հետագա գործունեության մեջ, իսկ հետազոտողները ընդգրկվելու նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքներում:

Ներկայացվող առաջարկներից նախաձեռնության համակարգող խորհրդից ձեւավորված գնահատման հանձնաժողովը կընտրի 15-20 լավագույն հայտերը, որոնցից յուրաքանչյուրը կստանա 100,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

Հետազոտությունների պլանավորման, իրականցման փուլում նախաձեռնության կողմից կտրամադրվի տեղեկատվական, փորձագիտական աջակցություն:

Հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԿՔՆ Փոքր դրամաշնորհային մրցույթի պատասախանատու Միշա Թադեւոսյանին Էլ.հասցե. krtakan2017@gmail.commishavtadevosyan@gmail.com կամ հեռ. (+374) 98 82 89 06

Նյութի աղբյուրը՝ https://armacad.info

Արտադրական կամ մանկավարժական պրակտիկա անցած ուսանողների հետ հանդիպման հրավեր

 images2018թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը Տնտեսագիտության ֆակուլտետի թիվ 39 (օնլայն) լսարանում կիրականացնի հանդիպում մասնաճյուղի այն ուսանողների հետ, ովքեր նախորդ (2017-18) ուստարում անցել են արտադրական կամ մանկավարժական պրակտիկա։

Հանդիպման նպատակն է քննարկել  ուսանողների բավարարվածությունը պրակտիկայի կազմակերպումից և բովանդակությունից, վերհանել պրակտիկայի ընթացքում առաջացած խնդիրները, հավաքագրել պրակտիկայի իրականացման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներ:

Մասնակիցներին կներկայացվեն ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքները, և կքննարկվի նրանց մասնագիտական ու անձնային որակների վերաբերյալ արտաքին շահակիցների տված գնահատականների հետ պրակտիկանտ-ուսանողների համաձայնությունը և այլն։

Ակնկալում ենք կրթական ծրագրերի պատասխանատուների, պրակտիկաների ղեկավարների, ուսանողների և բոլոր շահագրգիռ կողմերի ներկայությունը և աջակցությունը մասնաճյուղում պրակտիկաների կազմկերպման գործընթացը բարելավելու գործում։

 

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին